HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընտրելու իրավունք ունեցողների ցուցակներում արձանագրվում են ավելի ու ավելի քիչ թվով հայի ազգանուններ»

Հունիսի 15-ին Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՏԻՄ ընտրությունների նախօրեին Ջավախքում տիրող իրավիճակի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է «Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը:  

Քաղաքական ինչպիսի՞ դաշտ է ձևավորվել Ջավախքում՝ կապված հունիսի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ և քաղաքական ո՞ր թևերի մեջ է հիմնական պայքարը:

Ամբողջ Վրաստանի մասշտաբով ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններից ընդամենը մի քանիսն են բացել իրենց նախընտրական շտաբները Ախալքալաքի և Նինոծմինդային շրջաններում: Դրանք են՝ իշխող կոալիցիան՝ «Վրացական երազանքը», նախկին նախագահ Սահակաշվիլու «Միասնական շարժում» կուսակցությունը, «Ոչխորհրդարանական ընդդիմություն» բլոկը և մեկ-երկու փոքր կուսակցություններ:

Մեր շրջանում, իմ կարծիքով, հիմնական պայքարն ընթանալու է «Վրացական երազանքի» և «Ոչխորհրդարանական ընդդիմության» միջև: Սահակաշվիլու կուսակցությունը, ճիշտ է, բոլոր տեղամասերում առաջադրել է իր թեկնածուներին, բայց ավելի շատ ձևական բնույթ է կրում և ասելիք ունի, որ «մենք դեռևս կանք»: Իհարկե, խոսքը մեր շրջանների մասին է, իսկ թե Վրաստանի այլ շրջաններում ինչ թեկնածուներ են առաջադրվել, տեղյակ չեմ:

Այս ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Ջավախքի բնակչությունը՝  հաշվի առնելով այն փաստը, որ առաջադրված թեկնածուները հիմնականում նախկինում և ներկայումս պաշտոններ զբաղեցնող անձինք են:

Ճիշտ եք նկատել, որ թեկնածուների մեջ նոր դեմքեր քիչ կան կամ գրեթե չկան: Ջավախքահայության ամենամեծ խնդիրներից մեկը հենց սա է, որ երիտասարդության ակտիվ հատվածը հիմնականում արտագաղթում է: Իսկ մնացողների մեջ էլ քաղաքականությամբ հետաքրքրվողները քիչ են: Այս հանգամանքից օգտվում են և՛ կենտրոնական իշխանությունները՝ առաջնորդվելով «փորձված թանը անփորձ մածունից լավն է» ասացվածքով, և՛ մի քանի այլ անձինք, ովքեր 1990-ականներից ի վեր միշտ էլ այս կամ այն ձևով ներկայացված են եղել տեղական կառույցներում: Այս իրողությունից ելնելով՝ ջավախքահայությունը մեծ ու առանձնահատուկ ակնկալիքներ չունի նաև այս ընտրություններից: Այստեղ ցավալին այն է, որ ընտրությունները գալիս-գնում են, որ պառակտեն մեր ժողովրդին, հանում են մեկին մյուսի դեմ, նախընտրական խոստումները մնում են նախընտրական խոստումներ, տնտեսական և քաղաքական խնդիրների միայն արտաքինն է փոխվում, ներքինը մնում է նույնը: Ամենասարսափելին այն է, որ տարեց տարի, ընտրությունից ընտրություն ընտրելու իրավունք ունեցողների ցուցակներում արձանագրվում են ավելի ու ավելի քիչ հայի ազգանունները: Այստեղ հայաթափությունը շարունակվում է: Տարեց տարի ավելի մեծ ազդեցությամբ ենք տեսնելու այս աղետալի իրավիճակի հետևանքները, և ամենավատը, որ սա տեղի է ունենում մեր բոլորի աչքերի առջև, և սրա համար մեղադրել միմիայն վրացական կողմին, կնշանակի չխորանալ խնդրի էության մեջ, այլ նայել մակերեսին, և կնշանակի չարձանագրել իրական պատմությունը և դրա առաջացման բուն պատճառները: Ջավախքի հայաթափման մեջ մեղավոր ենք մենք բոլորս՝ սկսած ինձանից, ավարտած Ձեզանով, այսինքն՝ մեղավոր է ողջ հայությունը, որի համար Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը ընդամենը մի քանի օրվա համընդհանուր ջանքեր էր պահանջում: Այնինչ, արդեն քանի տարի է՝ արձանագրում ենք համընդհանուր անուշադրություն, անտարբերություն և սեփականի վրա «թքած ունենալու» սինդրոմ, որը կարծես դառնում է ցուցանիշ, ազգային հատկություն: Այս ամենն ասում եմ սրտի խորը ցավով ու հոգու կսկիծով, սակայն չասելու իրավունք չունեմ: Սերունդներին վաղը պատասխան տալ է պետք:

Ջավախքը համարվում է «իշխանամետ» տարածաշրջան, որը գրեթե միշտ իշխանության թեկնածուի օգտին է քվեարկում: Արդյոք սա արդար ընտրությունների և բնակիչների ազատ կամարտահայտմա՞ն, թե՞ ճնշումներով ձայներ ստանալու հետևանք է:

Սա ավելի շատ չգրված օրենքի հետևանք է: Համաշխարհային քաղաքականության մեջ էլ գործում է այդ պրակտիկան, որ տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունները քվեարկում են իշխանության օգտին, բացառություն չէ նաև Ջավախքը: Սակայն կարևոր է նշել, որ իր նորագույն պատմության մեջ ջավախքահայությունը մեկ անգամ հակադրվել է այս «օրինաչափությանը», քանզի կենտրոնական իշխանությունները վարում էին բացահայտ հայահալած և հայաթափման քաղաքականություն, չէին թաքցնում իրենց ատելությունն ու անհանդուրժողականությունը: Խոսքը 2006թ. ՏԻՄ ընտրությունների մասին է, երբ «Միասնական Ջավախքը» 67.5 % տոկոս ձայն հավաքեց և հաղթեց իշխող կուսակցությանը (32.5 %-ի համադրությամբ): Հաջորդ տարիներին կարծես թե «վերադարձանք» համաշխարհային պրակտիկային: Սրան գումարել է պետք երկու կարևոր հանգամանք, որոնք հատուկ են Ջավախքին: Առաջինն այն է, որ  Մայր հայրենիքը սահմանակից է մեզ, և որոշումներ կայացնելիս պետք է անպայման հաշվի առնել նաև Մայր հայրենիքի կողմ և դեմ բաղադրիչները, որը որ անում ենք: Երկրորդ հանգամանքը կապված է առաջինի հետ, այն է՝ Մայր հայրենիքի արտաքին քաղաքական ծանր վիճակը, սահմանների շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, նույն այդ երկրների կողմից չհայտարարված տնտեսական շրջափակումը, որի հետևանքներն օր օրի ավելի աղետալի են դառնում: Աշխարհը լռելյայն հետևում է, որ 100 տարի հետո ճանաչի նույն ժողովրդի մեկ այլ հատվածի ցեղասպանությունը: Խոսքս սպիտակ ցեղասպանության մասին է: Եվ վերջապես, դեպի ծով ունեցած միակ ճանապարհը, որն անցնում է այն երկրի տարածքով, որի քաղաքացիները մենք ենք՝ ջավախքահայերս, և մենք մեր ամեն մի որոշումը շատ զգուշավոր ենք կայացնում, որպեսզի դժվար դրության մեջ չդնենք այդ երկրին և այնտեղ բնակվող ժողովրդին: Ճիշտ է, վերը նշվածից մենք շատ ենք տուժել, բայց ինչ արած, դա մեր իրականությունն է:

Ինչպե՞ս կգնահատեք Ջավախքի ՏԻՄ-երի գործունեությունը. արդյոք նրանք արդյունավետ և թափանցիկ են աշխատում, թե ընդամենը կատարում են Թբիլիսիի հրահանգները:    

Ինչպես կարող է խոսք լինել արդյունավետության մասին, երբ երիտասարդության արտահոսքը չի նվազում: Այնինչ՝ մի փոքր աշխատանքային ժամերից ավելի ուշ տուն գնալու դեպքում, այսինքն՝ սրտացավ մոտեցման դեպքում, կարելի էր անկյունադարձային փոխել և շտկել իրադրությունը:Թափանցիկ աշխատելու մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ կսկսեն աշխատել: Ինչ վերաբերում է Թբիլիսիի հրահանգների կատարումը, ապա դա տարածված երևույթ է և այլ կերպ պետք էլ չէր, որ լիներ: Այսպես է ցանկացած երկրամասում՝ կենտրոնական իշխանություններն են թելադրում: Ուղղակի, եթե մեր տեղական հայ իշխանավորներն էլ կարողանային անհրաժեշտության դեպքում մի փոքր հակադրվեն և համարձակվեն մատնանշել կենտրոնից եկած հրահանգների թերությունները կամ վնասակարությունները, որ հրահանգների մեջ որ դրանք կան, ապա մենք այսօր կունենայինք լրիվ այլ տարածաշրջան և լրիվ այլ իրականություն՝ աչքի ընկնող իր զարգացվածությամբ, առաջընթացով և բարեկեցությամբ, որն առաջին հերթին բխում է պետության շահերից:

ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը, համաձայն որի որոշ նշանակովի պաշտոններ դարձել են ընտրովի, որևէ դրական զարգացման կբերի՞: 

Անշուշտ, ողջունելի էր, բայց ցավոք սրտի Ախալքալաքի և որոշ այլ հայաբնակ շրջանների քաղաքապետերի ընտրովի լինել-չլինելու հետ կապված փոփոխություն մտցրեց Վրաստանի խորհրդարանը, որտեղ նշված էր, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող քաղաքների բնակիչները քաղաքապետեր չեն ընտրելու: Դա միանշանակ ճիշտ որոշում չէր, ինչ-որ չափով ուղղված էր նաև մեր դեմ՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածնքների դեմ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ դրույթը, ինչպես և օրենքի ընդունումը, դժգոհություններ հարուցեց: Որոշ վերլուծաբաններ էլ նշում էին, որ դա կարող է անջատողական տրամադրություններ առաջացնել ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում, բայց կարող եմ ասել, որ նման բան չէր կարող տեղի ունենալ, քանզի առաջին անգամ չէր, որ Ախալքալաքի քաղաքապետը ընտրովի էր լինելու: Ես հիշում եմ, որ ժամանակին այդ օրենքը կար և Ախալքալաքի քաղաքապետն ընտրովի էր:

Օրենքի փոփոխությունն ինքնին դրական էր: Վերջապես մենք այդ ձևով կարողանում ենք ընտրել շրջանի ղեկավարին: Ամենակարևորը՝ ցանկացած օրենք էլ լավ է, երբ գործող է, իսկ եթե օրենքը միայն գրված է թղթի վրա և չի գործելու, ապա դա իմաստ չունի: Կոնկրետ մեր դեպքում ժամանակը ցույց կտա:

2006թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցեցիք, այս ընտրություններում «Միասնական Ջավախքը» որևէ կերպ մասնակցո՞ւմ է, թե՞ «Միասնական Ջավախքը» որպես այդպիսին արդեն չի գործում:

Ոչ, ուղղակի ձևով «Միասնական Ջավախքը» այս ընտրությունների չի մասնակցելու: Պատճառները մի քանիսն են. առաջինն այն է, որ 2006թ. ՏԻՄ ընտրություններին մենք հասկացանք, որ ընտրությունները կարող են նաև չարի արտադրող հանդիսանալ այն էլ մեր նման փոքր տարածաշրջանի համար: Ջավախքում  ՏԻՄ ընտրությունները մինչ այժմ միշտ բերել են ավելորդ լարվածության՝ գյուղ-գյուղի, ազգություն-ազգության դեմ հանելով (նկատի ունեմ տոհմերը, ասենք՝ Չախալյանները Մաթևոսյանների դեմ), պառակտվածության և անձնական թշնամանքի: Երկրորդ պատճառը բխում է առաջինից. եթե մենք մասնակցեինք ընտրություններին, ապա մենք կդառնայինք կողմ և կզրկվեինք անաչառ լինելու այն հատկությունից, որն այսօր «Միասնական Ջավախքի» առավելություններից մեկն է: Այսօր «Միասնական Ջավախքը» ջավախքյան կողմ է, բայց ոչ երբեք ներջավախքյան: «Միասնական Ջավախքը» չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ և մասնակիցը դառնալ Ջավախքում գոյություն ունեցող պառակտվածության խորացման գործընթացներում: «Միասնական Ջավախքը» հենց միասնության ջատագով է և ինչու չէ նաև խորհրդանիշ ջավախքահայության միասնության, որի կարիքը ունենք մենք բոլորս:

Ինչ վերաբերում է «Միասնական Ջավախք»-ին՝ որպես այդպիսին գործել-չգործելուն, արդեն պատասխանեցի. այն ոչ կուսակցություն է, ոչ էլ ինչ-որ գրասենյակ, որը գորում է, այլ գաղափարախոսություն է և պահանանջատիրություն, ջավախքահայության իրավունքների պահանջատիրություն: Եվ քանի դեռ աշխարհում կա գոնե մեկ հայ և Ջավախքը կունենա քաղաքական, կրոնական, մշակութային կամ հայապահպանության խնդիր, «Միասնական Ջավախքը» միշտ էլ կգործի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել ընտրապայքարին մասկանցող բոլոր կողմերին՝ զերծ մնալ դրությունն ավելորդ լարելու փորձերից, պահպանել քաղաքակիրթ ընտրության էթիկայի նորմերը և հասկանալ, որ նեղ անձնական շահերից վեր կան նաև ավելի բարձր արժեքներ: Պատմությունը չի ներելու Ջավախքի ճակատագրի հետ խաղացող անձանց:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter