Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Բաղրամյան գյուղում արհեստների թաղամաս հիմնելը երազանքից վերածվում է իրականության



Հոկտեմբերի 15-ին Բաղրամյան գյուղի այգեգործական թաղամասում արհեստների եւ արվեստի երկրպագուների բավականին հոծ մի բազմություն մասնակից դարձավ արհեստների թաղամասի հիմնադրմանը, որի հիմքը դրվել էր հինգ տարի առաջ՝ «Լեւոն Գալչյան արվեստի կենտրոն»-ի ստեղծումով: Հիմնադիրները որոշել էին կենտրոնի հինգ ամյակի տոնակատարությամբ ձեւավորել մի ավանդույթ՝ ամեն տարի այնտեղ հավաքել արհեստ եւ արվեստ արարողներին՝ իրենց աշխատանքները ցուցադրելու  եւ ոլորտի խնդիրները քննարկելու համար: Մտահղացմանն արձագանքել էին 8 վարպետներ՝ իրենց աշխատանքների ցուցահանդես-վաճառքով ներկայանալով տոնակատարության մասնակիցներին:

Վարպետների ստեղծագործությունների կողքին իրենց աշխատանքներն էին ցուցադրում նաեւ կենտրոնի սաները եւ նրանց աշխատանքների լավագույն գնահատականը միայն հյուրերի հիացական արտահայտությունները չէին, արարողության ավարտին նրանցից շատերը հեռացան երեխաների ստեղծագործություններից մեկական նմուշ ձեռքներին: 

Ռուբեն եւ Մարիետ Գալչյան ամուսինները Բաղրամյան գյուղում արվեստի դպրոց հիմնելով իրագործված էին համարում իրենց վառամեռիկ որդու` արվեստագետ Լեւոն Գալչյանի ցանկությունը: Ինչպես ներկայացրեց անգլիաբնակ Ռուբեն Գալչյանը՝ որդին տարիներ առաջ մի քանի անգամ այցելել էր Հայաստան եւ այստեղ աշխատանքներ իրականացնելու ցանկություն ուներ:

«Որդիս` Լեւոն Գալչյանը, մանկուց հետաքրքրված էր արվեստով, 5 տարեկանից սկսած գրքեր էր թերթում եւ նրա ամենասիրած գրքերը` հանրահայտ նկարիչների ալբոմներն էին»,- պատմեց Ռուբեն Գալչյանը: Պարսկաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ընտանիքը տեղափոխվում է Անգլիա: Դպրոցում որդու ընդունակություններն ավելի ընդգծված են եղել լեզուների իմացության եւ մաթեմատիկայի ասպարեզում, սակայն նա նախընտրել է արվեստը: Անգլիայի Բրայթոն քաղաքի արվեստի համալսարանն  ավարտելուց հետո մեկնել է Իտալիա` ուսումը շարունակելու եւ աշխատելու: «Այդտեղից սկսեց իր աշխատանքը, մի քանի հազարի են հասնում կտորների վրա արված նրա դիզայներական աշխատանքները: Այնուհետեւ ընկերոջ հետ ուլունքներով ու պղնձի լարերով ջահեր էր պատրաստում եւ նրանց աշխատանքը Իտալիայում մեծ պահանջարկ ուներ: Բավականին մեծ թվով վաճառեցին այնտեղ, իսկ հետո իտալական գործարանները կրկնօրինակեցին նրա ստեղծած մոդելները: Լեւոնն այնուհետեւ անցավ բրոնզի աշխատանքներին, ամեն մեկից մեկ օրինակ էր պատրաստում՝ մոմակալներ, լույսեր, ջահեր, դիմակներ, որոնք հիմականում լույսերի համար էր օգտագործում: Աշխատանքները պատրաստում էր Անգլիայում, հետո փոխադրում էր Իտալիա եւ այնտեղ ձուլում էր բրոնզից: Նրա աշխատանքներն սկսեցին գնել «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» եւ այլ հայտնի նորաձեւության տները: Իր աշխատանքներից մեկը զարդարում է Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցը»,- պատմում է հայրը: Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է իր գործունեության ամենծաղկուն շրջանում՝ 39 տարեկան հասակում:

«Տղայիս մահվանից հետո, երբ առաջին անգամ եկանք Հայաստան` ցանկացանք մեր մտահղացումը անպայման իրականացնել որեւէ գյուղում, քանի որ գյուղերում արհեստների ունակ ավելի տաղանդավոր երեխաներ կան, քան քաղաքներում»,- հայտնեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը (hայաստանյան հանրությունը նրան ծանոթ է իր  «Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքով): Նա պատահաբար այդ մասին խոսել է քարի փորագրության վարպետ Միքայել Մկրտչյանի հետ: Վերջինս հայտնել է, որ ինքն էլ նման ցանկություն ունի, սակայն դժվարանում է իրականացնել: «Մեր ընկերների եւ Միքայել Մկրտչյանի աջակցությամբ կառուցեցինք այս կենտրոնը, իսկ Միքայելը դարձավ կենտրոնի տնօրենը»,- պատմեց Ռ. Գալչյանը:

Ամեն տարի 15-20 դպրոցականներ են ընդունվում դպրոց եւ վարպետության դասերից բացի արվեստի պատմություն են ուսանում: Եռահարկ շինության տարբեր հարկաբաժիններում տեղադրված արհեստանոցներն ու դազգահները կենտրոն հաճախող 9-16 տարեկան երեխաներին արվեստի ու արհեստի տարբեր ճյուղերում հմտանալու հնարավորություն են ընձեռում: Կենտրոնում դասավանդելու են հրավիրվել իրենց գործին հմուտ ու փորձառու վարպետներ՝ նկարչություն, քանդակ, բրուտագործություն, քարի վրա փորագրություն, արծաթագործություն, ասեղնագործություն ուսուցանելու համար: Մեկ տարի առաջ Լեւոն Գալչյան կենտրոնին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերել «Հայաստանի մանուկներին» հիմնադրամը, որի հետ համագործակցության արդյունքում ավելացել է ե՛ւ արհեստանոցների, ե՛ւ աշակերտների թիվը. այս տարի կենտրոնը 30 աշակերտ է ընդունել: Վարպետներ ներգրավելու դեպքում երեխաները հնարավորություն կունենան նաեւ գորգագործություն եւ փայտի փորագրություն սովորել: Մեկ տարի առաջ կենտրոնում ուսուցանվող ավանդական արհեստներին ավելացել է դարբնությունը, եւ երիտասարդ վարպետ Խաչիկը հույս ունի, որ իր 5 աշակերտները դարբնությունը կսիրեն այնպես, ինչպես ինքն է սիրում: Իքնուս վարպետին ոչ միայն հաջողվել է կրակի մեջ տաքացվող երկաթից ինտերերի հիասքանչ նմուշներ ստանալ, այլեւ վարպետության դասեր մշակել ու այն փոխանցել երեխաներին:

«Լեւոն Գալչյան արվեստի կենտրոն»-ի տնօրեն Միքայել Մկրտչյանն ասում է, որ իրենց երազանքն այստեղ արհեստների թաղամաս հիմնելն է եւ ցանկանում են այդ թաղամասում տեսնել տարբեր արհեստների կենտրոններ, որոնք իրենց շուրջը կհավաքեն աշակերտների:

Նախաձեռնությունը հաջողված էր. հանդիսության մասնակիցները հիացան շուրջ բոլորը սփռված ժողովրդական արհեստների ու արվեստի կատարյալ նմուշների գեղեցկությամբ, վայելեցին թոնրում թխվող տաք լավաշը, շուրջպար բռնեցին բակը թնդացնող զուռնա-դհոլի հարազատ հնչյունների տակ: Հանդիսությունը վերածվեց ազգագրական փոքրիկ տոնակատարության՝ դժվարացնելով մի քանի ժամ գյուղական կոլորիտում ստեղծված անկեղծ ու անկաշկանդ միջավայրից բաժանումը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ