HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը նման է կիսաֆաբրիկատի, որի շվեյցարացի խոհարարը բաղադրատոմս է փնտրում

Գերմանիա-Հայաստան (6-1) խաղից հետո՝ նյութը գրելուց առաջ, երկար էի մտածում, թե ինչպես վերնագրեմ այն: Մի քանի տարբերակ կար. «Գերմանական ապտակ», «Հայաստանի հավաքականն ընկավ գերմանական գլդոնի տակ», «Պարոն Շալանդ, այսպիսի ֆուտբոլ մեզ պետք չէ» եւ այլն: Եկա այն եզրահանգման, որ ընտրված տարբերակն ամենալավն է բնութագրում մեր հավաքականում ներկայում տիրող վիճակը, որին ականատես ենք լինում վերջին, իսկ նորանշանակ մարզիչ, շվեյցարացի Շալանդի համար՝ առաջին երեք խաղերում:

1.Հավաքականի անդամներին սեփական օրհներգն է պետք սովորեցնել

Սկսենք մի բանից, որը ֆուտբոլի ֆեդերացիայի ու ազգային թիմի մարզչական կազմի համար երեւի առաջնային էլ չէ, այնինչ իրականում այդպես պիտի լինի: Երեք խաղ հատուկ հետեւում եմ օրհներգերի կատարմանը: Պարզապես տխուր է. հայ ֆուտբոլիստները լավագույն դեպքում անձայն կամ կիսաձայն բացուխուփ են անում բերանները՝ դասը վատ սովորած աշակերտի պես՝ մատնելով սեփական երկրի օրհներգը չիմանալու փաստը (վատագույն դեպքում՝ լռում են. չգիտեն, հետեւաբար էլ ի՞նչ երգեն): Հարգելի ՀՖՖ եւ հավաքականի հայազգի մարզիչներ, եթե Շալանդին այս փաստը կարող է ընդհանրապես չհետաքրքրել, դուք իրավունք չունեք այս բարձիթողի վիճակի վրա աչք փակել: Շալանդի օգնականը Արթուր Պետրոսյանն է, հավաքականի տնօրենը՝ Սարգիս Հովսեփյանը, երկուսն էլ երկար տարիներ խաղացել են ազգային թիմում: Ճիշտ է, մեր մարզիկները երբեք էլ չեն փայլել իրենց պետության խորհրդանիշներից մեկի իմացությամբ, բայց ժամանակները փոխվել են: Թիմի խաղի որակը 90-ականների կամ 2000-ականների սկզբի համեմատ կարծես թե փոխվել է, խաղի հանդեպ վերաբերմունքը՝ նույնպես, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ ներկա սերունդը հայրենասեր է… Հայրենասեր են, բայց ալարում են «Մեր հայրենիքն» անգիր սովորել: Անկախ նրանից, թե ով ինչ կրթություն է ստացել, ինչ լեզվով է հաղորդակցվում, երկիր, պետություն ներկայացնող հավաքական հրավիրվող ցանկացած ոք պետք է սովորի օրհներգը: Ու կապ չունի՝ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է, թե պահեստային: Ավելին՝ հիմնը պետք է կատարեն նաեւ մարզիչները, որոնք նույնպես ազգ են ներկայացնում: Նրանք էլ չպիտի ամաչեն երգը սովորելուց, եթե չգիտեն: Տղաներ, դուք պարտավոր եք մի մարդու պես կատարել հիմնը, ինչպես դա արել ու անում են ձեր մրցակիցները՝ կլինեն արաբները, ալժիրցիները, թե գերմանացիները: Ամոթ է…

2.Դարպասին սեղմվելով՝ գերմանացիներից դրական արդյունք չես կորզի

Հատված ՀՖՖ-ի նախախաղային հաղորդագրությունից. «Բեռնար Շալանդը նշեց, որ այս խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ: Մեր մարզիչը հավելեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ընդամենը 12 օր է, ինչ աշխատում է թիմի հետ, իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար: Մասնավորապես, մարզիչը ցանկանում է փոխել մեր հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլեւ կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ եւ պետք է կարողանալ լավ պաշտպանվել»:

Հետաքրքիր է, թե լավ պաշտպանություն ասելով, ինչ է հասկանում գլխավոր մարզիչը: Գերմանացիների հետ խաղի առաջին կեսում մեր թիմը միայն մեկ քիչ թե շատ վտանգավոր գրոհ կազմակերպեց, երբ Ղազարյանը նպաստավոր դիրքից վրիպեց: Դարպասապահ Վայդենֆելլերը, թերեւս, ձանձրանում էր: Նրա դարպասի վրա կամ ուղղությամբ առաջին 45 րոպեներին մի կարգին հարված չտեսանք: Իսկ Շալանդը մենթալիտետի փոփոխության մասին է խոսում: Այնպես չէ, թե գերմանացիները տոտալ գրոհներ էին կազմակերպել ու մեր պաշտպանները շունչ քաշել չէին կարողանում, եւ այնպես չէ, թե մերոնց խաղալ, խաղ կառուցել չէին թողնում: Առաջին կեսում մերոնց խաղը նման էր ամեն գնով չոր հաշիվ պահելու: Նախորդ երկու խաղում 3-ական գնդակ ընդունելուց հետո թիմը փորձում էր գնդակը հնարավորինս հեռու պահել իր դարպասի մատույցներից, բայց նման իրավիճակում գործում էր փութկոտ, չմտածված, հախուռն: Չորրորդ կամ հինգերորդ, երբեմն էլ երրորդ փոխանցումը ձախողվում էր, չկար միտք, ստեղծագործական խաղ: Շատ էր հուզմունքը:

Պետք էր մի բան գիտակցել. գերմանացիները նույնպես միս ու արյունից են, նրանք սատանա չեն, մենք էլ այն թիմն ենք, որ մրցակցի դաշտում 4-0 կարողացել ենք հաղթել Դանիային, Սլովակիային, 2-2 ենք խաղացել իտալացիների հետ: Գնդակից վայրկյան առաջ ազատվելը, առանց իրավիճակը գնահատելու եւ արդյունքում նվազ նպաստավոր դիրքում գտնվող խաղընկերոջը փոխանցում կատարելը, պատեհ դրվագներում հարազատ ոճով սեփական խաղը չկառուցելը չէր կարող լավ վերջաբան ունենալ:       

3.Հարոյանը՝ աջ պաշտպան. տապալված մարտավարություն

Շալանդը մինչ օրս ոչ միայն ընդհանուր պաշտպանության, այլեւ հատկապես աջ պաշտպանի լավագույն տարբերակ է փնտրում: ԱՄԷ-ի դեմ Համբարձումյանն էր, Ալժիրի դեմ՝ Ոսկանյանը, այս դեպքում՝ Հարոյանը: Մերոնց կազմում բոլորն իրենց սովորական դիրքերում էին, բացի այս մեկից, որն իսկապես զարմացրեց: Դժվար է հիշել, թե երբեւէ ազգային թիմում Հարոյանը խաղացել է աջ պաշտպանի դիրքում: Նրա օղակը կենտրոնական պաշտպանությունն է: Միայն Մկոյանն է, որ մի քանի հանդիպում է անցկացրել աջ եզրում, սակայն մեծ հաշվով չի արդարացրել իրեն: Թե Հարոյանը, թե Մկոյանը ուժային, բայց ոչ արագ խաղացողներ են, իսկ եզրերում հաջողության գրավականներից մեկը հենց արագությունն է: Այսօր համաշխարհային ֆուտբոլում առաջատար եզրային պաշտպանները սանրում են դաշտն ամբողջ երկայնքով: Մեզանում մտածում ենք՝ սեփական դիրքն էլ փակի, լավ է: Ինչու՞ Շալանդը անփորձ մածունը (Հարոյանին) նախընտրեց փորձված թանից (Մկոյանից). միայն ինքը կարող է պատասխանել: Դա նաեւ ամբողջ մարզչական շտաբի սխալն էր, քանի որ նույն Սարգիս Հովսեփյանը, ում գլխավորությամբ «Փյունիկում» խաղում է Հարոյանը, պետք է կանխատեսեր ֆուտբոլիստի կարողությունը եզրում՝ հաշվի առնելով նաեւ մրցակցի ուժի գործոնը:

52-րդ րոպեին հենց Հարոյանի եզրից Պոդոլսկին փոխանցում կատարեց Շյուռլեին: Վարազդատը թողել էր դիրքը ու հայտնվել կենտրոնում՝ գրոհի ժամանակ չնահանջելով, Մկոյանը չկարողացավ ապահովագրել ընկերոջ, Արզումանյանն էլ՝ վնասազերծել Շյուռլեին՝ 1-0: Գերմանացիների երրորդ գոլի դրվագում (73-րդ րոպե) Հարոյանը բաց թողեց թիկունքից առաջացող Հյովեդեսին, որը մեն-մենակ մնալով կրկնակի հարվածից հետո գոլ խփեց: Սա պաշտպանին փոխարինելու իրական ահազանգ էր: Բայց զարմանալիորեն նա այդպես էլ չփոխարինվեց: Դրվագում կար նաեւ Բերեզովսկու վրիպակը, որը, չնայած դժվար դիրքին, ըստ էության կարող էր այլ կողմ շեղել գնդակը եւ ոչ կենտրոն: Քլոզեի չորրորդ գոլն էլ (76) ծագեց մեր աջ եզրից, որտեղ Պոդոլսկին բզկտում էր պաշտպանությունը: Իսկ կենտրոնում Արզումանյանն էր կորցրել Քլոզեին, որը եզրից եկած գնդակները ցանցն ուղարկելու մասնագետ է: Գյոտցեի 5-րդ գոլն (82) ընդհանրապես ծաղր էր. Պոդոլսկին Հարոյանի ոտքերի արանքով գոլային փոխանցում կատարեց, իսկ Արզումանյանն ու Մկոյանը բաց թողեցին ճարպիկ Գյոտցեին: 89-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց նույն Գյոտցեն: Մեր ամբողջ պաշտպանությունը, դարպասապահով հանդերձ, քանդվել էր դեռ 71-րդ րոպեին՝ Պոդոլսկու գոլից հետո: Իսկ այս վերջին դրվագը լիակատար ֆիասկո էր. կարմիրները անհույս վազում էին գնդակի հետեւից…

4.Գեւորգ Ղազարյանը միակ լուսավոր կետն էր, իսկ որտե՞ղ էր Յուրան

Մեր ձախ եզրային կիսապաշտպանը թիմի լավագույնն էր: Նա շարունակ աշխատանքի մեջ էր, փորձում էր ինչ-որ բան ձեռնարկել: Թե որքան էր ստացվում, այլ հարց է, քանի որ ինքը միայնակ ոչինչ չէր կարող անել: Հենց Գեւորգը 11-մետրանոց վաստակեց՝ Գրոսկրոյցին ստիպելով սխալվել: Նա կատարեց խաղային դիրքից միակ վտանգավոր հարվածը, որը շեղեց Վայդենֆելլերը: Միգուցե Գեւորգը չունի Մխիթարյանի ու  Մովսիսյանի արագությունն ու երբեմն ուշ է բաժանվում գնդակից, բայց աշխատասեր է, պայքարում է, խաղի մեջ է: Այս անգամ նկատելի էր, որ աջ եզրում Մանուչարյանն առաջադրանք ուներ նահանջել ու օգնել պաշտպաններին: Երբեմն նրան ավելի խորքում էինք տեսնում, քան Հարոյանին: Բայց Մանուչարյանը, մեղմ ասած, հեռու է պաշտպանվելուց: Նա չարեց այն, ինչը տեսականորեն հենց իր գործն է: Մխիթարյանի փոխանցումից հետո, դարպասի դեմ միայնակ մնալով, օդ հարվածելը ամեն ինչ ասում է: Դա դիրք էր, որից ավելի հեշտ էր դարպասի վրա հարվածելը, քան հակառակը: Հուզմու՞նքն էր պատճառը, անփութությու՞նը:

Այդ պահին ակամա հիշեցի 2006 թ. Ֆինլանդիա-Հայաստան (1-0) խաղը, երբ Արա Հակոբյանը դատարկ դարպասը չկարողացավ գրավել:              

Չնայած Հենրիխն իր 15-րդ գոլը խփեց ազգային թիմում (69-րդ րոպեին), սակայն չտեսանք այն Հենրիխին, որին սովոր էինք: Հենց նա պետք է կառուցեր խաղը միջին գծում, բայց ամբողջ թիմի համագործակցությունն էր կաղում: Գերմանացիները «մեղավոր» չէին, որ մերոնք գրոհի եզր փոխելիս ուժեղ փոխանցում էին կատարում կամ իրարից մի քանի մետրի վրա գնդակը եզրային գծից դուրս էին ուղարկում:

Յուրան. կողքից դիտողի համար Մովսիսյանը միայն ֆիզիկապես էր դաշտում: Դաշտի միջնամասում շարունակ սպասում էր, որ իրեն պիտի փոխանցում անեն, ինքն էլ գրոհի անցնի: Այնինչ ստեղծված պարագայում հենց ինքը պիտի նահանջեր, օգներ խաղընկերներ պաշտպանության խորքում, հետո համատեղ անցնեին հարձակման: Տպավորություն էր, թե նա մտովի Լիվերպուլում է, որտեղ նրան ուղարկում է մամուլը:

5.Վերադարձ անցյալ

Տխուր էր լսել, թե ինչպես է մեկնաբանը երկու-երեք հաջող փոխանցումներին դրական գնահատական տալիս, երբ դա նորմալ պետք է դիտվեր: Թվում է, թե պիտի անցած լինեին այն ժամանակները, երբ ուրախանում էինք գերմանացիներին մեկ գոլ խփելով: Կամ երբ հաջողվում էր գրոհի մեկ-երկու փորձ ձեռնարկել: Մեկնաբանի «միայն թե մեր թիմի խաղը չքանդվի» արտահայտությունն էլ հին ու տխուր ժամանակների հիշողություն արթնացրեց ու րոպեներ անց դարձավ իրականություն: Հայաստանի հավաքականը վերջին անգամ 1997-ին Վրաստանի ու Չիլիի հետ ընկերական խաղերում էր պարտվել 0-7 հաշվով, դրանից առաջ էլ Երեւանում 1-5 հաշվով զիջել էր Գերմանիային (աշխարհի առաջնության ընտրական փուլի պատասխան խաղում՝ Դորտմունդում, մեր թիմը պարտվեց 0-4):     

6.Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի

Շալանդը հոգեբանական մեծ ծավալի աշխատանք պետք է տանի ամբողջ թիմի եւ անհատ խաղացողների հետ: Թիմում լավ կլինի պրոֆեսիոնալ հոգեբան ներգրավել: Եթե մտածում ենք «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի մասին, հավաքականն իրավունք չունի քանդվել՝ անկախ մրցակցից: Առավել եւս, որ դեռ 15 րոպե ժամանակ կա, խաղն էլ ընկերական է, չկաշկանդող: Պետք է հավատալ սեփական ուժերին, հարգել դիմացինին, բայց երբեք չվախենալ, նվիրվել ամբողջությամբ՝ անկախ խաղի բնույթից՝ երբեք չմոռանալով, որ մի ամբողջ ազգ ես ներկայացնում ու պատասխանատու ես երկրպագուներիդ առաջ:    

Գերմանիա-Հայաստան հանդիպումը բացի պաշտպանական խնդիրներից հոգեբանական եւ մարտավարական բնույթի մի շարք նոր հարցեր վերհանեց: Թրծվածության տեսակետից այս կոլեկտիվը, որքան էլ փորձենք չտեսնել, դեռ կիսահում է. մի քանի վարպետ կատարողներ ունենալով՝ «Եվրո-2016»-ի մասին մտածելը վաղ է: Բաղձալի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է թիմ, որում կա 22-23 բարձրակարգ խաղացող: Իսկ դա ոչ այնքան հավաքականի մարզչական շտաբի, որքան երկրի ֆուտբոլի, մարզական ենթակառուցվածքների, ազգային առաջնության համակարգային խնդիրն է:  

Մեկնաբանություններ (1)

Բակուր
խաղացողներ կան, թիմ չկա... իսկ ֆուտբոլը թիմային խաղ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter