HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկասի գյուլիստանյան եվրասիականացումը եւ ղարաբաղյան խնդիրը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Հայաստանում, Ադրբեջանում եւ այլուր շատերը հակված են կարծել, թե Աստանայի «տհաճ անակնկալը» բացառապես ադրբեջանա-ղազախական պայմանավորվածությունների արդյունք էր: Իհարկե, Իլհամ Ալիեւի վարչակազմը փորձում է խոչընդոտել ԼՂՀ-ով հանդերձ Հայաստանի միացումը ԵՏՄ-ին, եւ նրան ձեռնտու է տեղի ունեցածն իր ներքին լսարանին ներկայացնել, թե հզորացած Ադրբեջանը արտաքին քաղաքականության ճակատում արձանագրում է նորանոր «հաղթանակներ»` պարտության մատնելով Հայաստանին: Ղազախստանն էլ իր հերթին Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու քայլը Բաքվին կվաճառի՝ նրա հետ շահավետ սակարկությունների մեջ մտնելով:

Սակայն, ղարաբաղյան խնդիրը, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմանի հարցը միայն այդ դուետի ջանքերով չէ, որ հայտնվել է եվրասիական սեղանին կամ թեժացել է: Ռուսաստանը ոչ միայն դրա ամենամեծ շահառուն է, այլեւ անգամ՝ հարցը բավականին նուրբ տեխնոլոգիաներով հասունացնողն ու Ղազախստանի շնորհիվ տրոյկայի նիստ մտցնողը:

Աստանան տեւական գործընթացի սոսկ մի օղակն է՝ դրվագային առկայծումը, որը տեղավորվում է Կովկասի եվրասիականացման ռուսական նոր՝ գյուլիստանյան ռազմավարության մեջ: Պարզապես, այժմ կարծես թե փոխվում են դերերը. Երեւանի հասցեին ռազմավարական սիրո դատարկ խոսքերի խորապատկերին, Մոսկվան փորձում է սիրախաղ սկսել Ադրբեջանի հետ՝ նրան եվրասիական նախագծի որեւէ ձեւաչափ ներառելու հեռահար նպատակով:

Այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանի հետ, չափազանց նման է անցած տարի եւ մասնավորապես աշնանը Հայաստանի հետ կատարվածին: Մոսկվան փորձում է հասկացնել, որ այժմ Բաքուն կարող հայտնվել նոր «սիրեցյալի» դերում, որը մեկ տարի առաջ վերապահել էր Երեւանին: Որպես խայծ նա ակնարկում է առայժմ մաքսակետով Լեռնային Ղարաբաղի «անջատումը» Հայաստանից: Բաքվի համարժեք պատասխան սիրու չափից կախված կլինի այդ «անջատումն» ավելի խորացնելը, ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղը նրան խոստանալը:

Մինչդեռ անցած տարի Հայաստանն էր իր սեպտեմբեր 3-ի որոշման շնորհիվ հայտնվել Մոսկվայի «սիրեցյալի» կարգավիճակում, ում դրա դիմաց Կրեմլը պաշտոնական շուրթերով խոստանում էր քաղաքական եւ տնտեսական բարիքներ եվրասիական նախագծից: Կիսապաշտոնական կամ մերձկրեմլյան փորձագիտական շուրթերով էլ Երեւանին ու Ստեփանակերտին ընդհուպ ակնարկվում էր, թե ԼՂՀ-ը եւս ուղղակի թե անուղղակի կհայտնվի ռազմաքաղաքական ու տնտեսական ավելի լուրջ պաշտպանվածության ներքո` տարածաշրջանում Կրեմլի նոր քաղաքականության շնորհիվ:  Այդ ժամանակ Բաքուն մերթ խանդով, մերթ հեգնանքով հետեւում էր սիրախաղին, որը քիչ անց վերածվեց լուրջ անհանգստության: Այս առումով հետաքննությունը ուսանելի է:

Կրեմլյան քաղաքագիտական միտքը եւ գյուլիստանյան խաղաղության պայմանագրի դասերը

2013թ. Ռուսաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցին 1813թ. հոկտեմբերի 12-ին (նոր տոմարով՝ 24) ստորագրված Գյուլիստանի խաղաղության պայմանագրի 200-ամյակ: Քաղաքական եւ քաղաքագիտական լուրջ ուշադրություն հատկացվեց դրա արդիականությանն ու դրանից Ռուսաստանի դասեր քաղելուն: Տարվա ընթացքում մերձկրեմլյան հետազոտական կենտրոնները հրատարակեցին զեկույցներ, կազմակերպեցին գիտաժողովներ, որոնք չափազանց ինֆորմատիվ են Մոսկվայում իշխող տրամադրությունները հասկանալու համար:

Թերեւս այդ ամենին անդրադառնալը իմաստ չէր ունենա, իսկ տեղի ունեցածն էլ կհամարեինք բացառապես գիտական նշանակության, եթե այն լայն արձագանք ունեցած չլիներ Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ զեկույցների հեղինակները, գիտաժողովների մասնակիցները անուղղակի ներգրավված չլինեին տարածաշրջանի եվրասիականացման դիսկուրսում որպես Կրեմլի տրամադրությունների, նրա կողմից գայթակղությունների եւ սարսափեցումների «հաղորդիչ» ու ոչ պաշտոնական խողովակ: 

Դրանցից Նոր պետությունների միջազգային ինստիտուտը 2013թ. մայիսին հրապարակեց «Գյուլիստանի խաղաղության պայմանագրի ժամանակակից նշանակությունը» զեկույցը, որին կցված էր նաեւ չճանաչված պետությունների մասին ՌԴ 1-ին դասի գործող խորհրդական Մոդեստ Կոլերովի 2005թ. թեզիսները: Սա «գյուլիստանյան տարվա» առաջին ծիծեռնակն էր, որին հաջորդեցին այլ՝ աղմկահարույց միջոցառումներ:

Ինչպես ինստիտուտն է իր մասին տեղեկացնում, ինքը «արտասահմանյան գործակալ չէ», այսինքն ասոցացված չէ որեւէ արեւմտյան թինք թանքի հետ եւ «զտարյուն» ռուսական է: Այն կոչված է ուսումնասիրելու ու նկարագրելու նոր պետությունների ձեւավորման ֆենոմենը, վերլուծելու համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացների վրա դրանց ազդեցության հեռանկարը, թեմայով հրատարակելու գրքեր ու վերլուծությունների, այդ պետություններում կազմակերպելու կլոր սեղաններ, գիտաժողովներ ու այլ միջոցառումներ, դիտազննելու նրանց սոցիալ-քաղաքական զարգացումներն ու ԶԼՄ-ները, եւ վերջապես՝ նախագծելու ժողովրդավարական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության ձեւավորումը:

Ինստիտուտը բաժանմունքներ ու ներկայացուցչություններ ունի Կիեւում, Վարշավայում, Սիմֆերոպոլում, Ցխինվալում, Երեւանում, Տիրասպոլում, Արեւմտյան Սահարայում, Բուխարեստում, Բելգրադում, Ստեփանակերտում եւ այլուր, ասել է թե՝ բավական ցանցավորված է, այդ թվում՝ Հայաստանում ու Արցախում:

Կայքի «փորձագետներ» բաժնի ներքո հանդիպում ենք ոչ թե ու ոչ միայն նրա հաստիքային փորձագետներին, այլ պետությունների ղեկավարների, ինչպիսիք են ՌԴ նախագահ, Բելառուսի նախագահը, Հայաստանի նախագահն ու ԱԳ նախարարը, Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը՝ իրենց հոդվածներով, ելույթներով, հրացազրույցներով: Հիշատակվում են նաեւ հայտնի լրատվական գործակալություններ, մեկնաբաններ, վերլուծաբաններ Ռուսաստանից ու այլ երկրներից,  այդ թվում հայազգի, ովքեր այս տարիներին գործուն մասնակցություն են ունեցել եվրասիական ինտեգրացիայի դիսկուրսներում, համագործակցում են ինստիտուտի հետ կամ  կարեւոր են նրա «մոնիթորինգում»:  

Գյուլիստանի խաղաղ պայմանագրի վերաբերյալ ինստիտուտի զեկույցի հիմնավորում էր բերվել այն, որ էական պատմաքաղաքական զուգահեռներ են առկա 1813 եւ 2013թթ. միջեւ, ինչը Մոսկվային հարկադրում է սերտած դասերի համատեքստում վերանայել կովկասյան քաղաքականությունը մի շարք աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Դրանց թվում առաջինը նշված է ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջան ներխուժած արտաքին դերակատարներին դուրս մղելը, որոնք Կովկասի ճանաչված ու չճանաչված պետություններին օգտագործում են մերձավորարեւելյան ուղղությամբ Ռուսաստանի անվտանգության համար վտանգներ հարուցելու նպատակով:

Մյուս զուգահեռներում նշվում է, թե որքան էլ 200 տարի առաջ ու այժմ Մոսկվայում գիտակցվում է Կովկասի կարեւորությունը որպես ռազմական-ռազմավարական պլացդարմ, Եվրոպայից դեպի միջին ու մերձավոր Արեւելք ձգվող առեւտրային ուղի, ինչպես նաեւ՝ նրա նշանակությունը կայուն սահմաններ ունենալու, նոր շուկաներ եւ հումքի աղբյուրներ ձեռքբերելու առումներով, այդուհանդերձ, թե’ 1813թ., թե’ 2008թ. (նշվում է, որ երկու անգամն էլ Կովկաս մտնելու ֆորմալ առիթ դարձավ Վրաստանը) Ռուսաստանը չկարողացավ օգտվել իր զենքի տարած հաղթանակից ու այնտեղ իրացնել ռազմավարական շահերը՝ ռազմական քանակական ու որակական ներուժով գերազանցելով Թուրքիային եւ Իրանին: 

Եւ վերջապես, եթե 200 տարի առաջ Ռուսաստանի մրցակից կայսրությունների՝ Թուրքիայի ու Իրանի կողմից մերթընդմերթ հադես էին գալիս Անգլիան, Ֆրանսիան, Ավստրոհունգարիան, ապա այսօր էլ մրցակցությունն արտաքին քաղաքական օրակարգում ակտիվ է, իհարկե՝ արտատարածաշրջանային նոր դերակատարների մասնակցությամբ:

Եւ ահա, ռուսական նոր ռազմավարությունը նպատակ է հռչակվում ոչ միայն «արտատարածաշրջանայինների» դիրքերի ամրապնդում թույլ չտալը, այլեւ «հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը, Կովկասում խնդիրները, Ռուսաստանը դատապարտված է նրան, որպեսզի հանդես գա գլխավոր դերակատարմամբ, օգտագործի ցակացած (ցանկալի է՝ դիվանագիտական) միջոցներ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար»:

Իսկ այդ գործում, ինչպես նշվում է. «իր դարն ապրած միապետության շահերը արդեն պատերազմ հայտարարելու պատշաճ առիթ չեն ընկալվում: Ռազմավարական կարեւոր բնական ռեսուրսների հարաճուն նվազող պաշարների, տնտեսական ազդեցության ոլորտների համար պայքարը թելադրում է խաղի իր կանոնները, որտեղ զենքն ու ռազմական հզորությունը արտաքին-քաղաքական պայքարի անբաժանելի մասն են»:

«Չինական վիշապը», «Բրիտանական առյուծը», «Ամերիկացի քեռի Սեմը» եւ  Մեծ գորշ արջը...

Ռուսաստանի ներկայիս աշխարհաքաղաքական շրջակայքը զեկույցը պատկերավոր նկարագրել է այսպես. «Ռուսաստանի կողնակին՝ ««Չինական վիշապը», «Բրիտանական առյուծը» մշտապես թափառում է մեր սահմանների մոտ՝ երազելով վերականգնել իր երբեմնի հզորությունը,  «Ամերիկացի քեռի Սեմը» իր գլոբալ շահերով, իսկ մենք դեռեւս Մեծ գորշ արջի դերում ենք՝ ակնհայտորեն չհասցելով ժամանակին հակազդել շրջակա իրականության այդչափ արագ փոփոխություններին»:

Կովկասում Ռուսաստանի հիմնական հակառակորդի մասին զեկույցը նշել էր. «Ո՞վ է Անդրկովկասում հակադրվում Ռուսաստանին: Նախեւառաջ՝ ամերիկացիները, ովքեր իրենց ներսում դավանում են «մեծ ընդհանուր տան գաղափարախոսությունը», որն ուղղված է միմյանց առջեւ սերունդների լուրջ պատասխանատվությանը: Իսկ արտաքին աշխարհի, հատկապես Հին Աշխարհի համար ԱՄՆ առաջարկում է «արաբական/իսլամական հեղափոխությունների» եւ «(Չ)կառավարվող քաոսի» տիրաժավորված ապրանքը: Ո՞վ է վերջին տասնամյակներում բոլորից շատ հաջողել կայացնելու այնքան ցինիկ եւ հզոր պետություն, որն ունակ կլինի ամբողջ աշխարհում ձեռնոց նետել Ամերիկային. Չինաստանի ժողովրդական հանրապետությունը, որն իր ուժերը քաղում է ոչ այնքան կոմունիստական գաղափարախոսությունից, որքան շրջակա աշխարհի ընկալման հազարամյակներով փորձարկված չինական մոդելից, գլխավորն առանձնացնելու կարողությունից, ինչպես նաեւ՝ կոնֆուցիականությունից»:

Զեկույցը ռուսական նոր քաղաքականության դիրքերից քննադատում է Արեւմուտքի որդեգրած մոտեցումը. «Անցած դարերի բուռն ժառանգությունը գործնականում բոլոր մայրցամաքներում եւ ռազմավարական կարեւոր տարածաշրջաններում ապահովել է կրիտիկական առումով կարեւոր, որպես կանոն, վիճելի տարածքային կամ ազգային գոյացություններ՝ ձեւակերպված պետականության հաստատություններով, որոնց նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս միաժամանակ ազդել այդ «գորդյան հանգույցին» պատմականորեն կապակցված ոչ թե մեկ պետության, այլ պետությունների մի ողջ խմբի արտաքին ու ներքին քաղաքականությունների վրա: Այդպիսով, նման տարածաշրջաններում սեփական շահերի իրացման խնդիրը հանգում է այդ կրիտիկական կետերում սեփական ներկայացվածության ապահովմանը եւ դրանց խաղաղ, առավել եւս՝ ռազմական եղանակով լուծումը թույլ չտալուն: Այդպիսի մոտեցումը ակտիվորեն գործադրվում է Անդրկովկասում եւ հարավ-արեւելյան Եվրոպայում ռուսական ազդեցության հակառակորդների կողմից»:

Ապա շարադրվում է դրան հակառակ ռուսական տարբերվող մոտեցումը, որը չէր/չի կարող չգայթակղել Երեւանին ու Ստեփանակերտին. «Ի տարբերութուն համաշխարհային շախմատային տախտակի այլ գլոբալ դերակատարների, Ռուսաստանը ուղղակիորեն շահագրգռված է այդ նորագույն պետությունների ինքնիշխանության քաղաքական ճանաչմամբ: Աբխազիան, Հարավային Օսիան, իսկ դրանցից հետո Լեռնային Ղարաբաղը (Արցախ) եւ Մերձդնեստրն այն ինքնիշխան նորագույն պետություններն են, որոնք պատրաստ են ամուր խարիսխով Անդրկովկասն ու հարավ-արեւելյան Եվրոպան պահել ռուսական ռազմաքաղաքական տարածության մեջ»:

Արձանագրելով, թե իբրեւ աշխարհաքաղաքական տարածության անուղղակի զավթման, բոլոր մայրցամաքները ռազմաբազաների ցանցով լցնելու եւ խամաճիկային քաղաքական գործիչների առաջադրման նոու հաու, Կոսովոն եւ Քուրդիստանն արդեն իրողություն են, զեկույցը եզրահանգում է. «ինֆորմացիոն դարաշրջանում պայքարը գնում է մարդկանց մենթալության համար», «եւ այդ առումով Ռուսաստանը դեռեւս անվիճելի առավելություն ունի մրցակիցների հանդեպ» (ի նկատի ունի ռուսական կայսրության, հետսովետական տարածքում նույնատիպ մենթալությունը), եւ «կարեւոր է գրագետ օգտվել այդ բոնուսից, որը մեզ է հասել ռուսական կայսրության մեր հիմնադիր հայրերից»:

«Ուժային կենտրոնները ձգտում են Անդրկովկասի սուբյեկտների ցանկից բացառել Ռուսաստանին եւ Թուրքիային...»

Վերը նկարգվածի համատեքստում էլ զեկույցը 2008թ. օգոստոսյան պատերազմը որակեց որպես Ռուսաստանի նահանջի (որի ուղղությամբ երկու տասնամյակ ոչ ամենեւին անարդյունք աշխատել էին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը) փոխարինում առաջխաղացմամբ: Անդրադառնալով Կովկասի քաղաքական լանդշաֆտին, մասնավորապես չճանաչված պետություններին ու առաջին հերթին Աբխազիային ու Հարավային Օսիային, նշվում է, թե նրանց անկախությունը Կոսովոյի մոդելով ճանաչելու եւ ռազմական պայմանագրեր կնքելու միջոցով Ռուսաստանը սահմանափակել է վրացական կողմի նոր ռազմական հավակնությունները եւ թուլացրել Կովկասում ու Անդրկովկասում Արեւմուտքի պրոտեժե Վրաստանի միջազգային դիրքերը:

Թերեւս արժե ղարաբաղյան խնդրին, Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող հատվածը մեջբերել ամբողջությամբ. «Էական են նաեւ Ռուսաստանի ավելի ինտենսիվ միջնորդական ջանքերը ղարաբաղյան կարգավորման գործում, մինչեւ 2044 թվականը Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պայմանականորեն լավ հարաբերությունների պահպանությամբ: Ուժերի դասավորությունը նորովի է երեւում՝ բարենպաստ Ռուսաստանի համար, քան երկու-երեք տարի առաջ էր: Ռուսաստանի համար այժմ թերեւս ամենագլխավորը նոր դիրքերում ամրապնդվելն է: Այլ կերպ ասած՝ 2008թ. իրականացնելով արագ եւ հաջող խաղաղապահ պատերազմ, նաեւ՝ խաղաղությունը հաղթելը, ինչը շատ առումներով դժվար է: Այդ ընթացքին, հարկ է նշել, որ ներկայումս բացառիկ ինքնատիպ իրավիճակ է ձեւավորվում Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունու մեջ: Ռուսաստանը չափավոր լավ հարաբերություններ ունի միմյանց հետ հակամարտող երկու պետությունների հետ: Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ են, Ադրբեջանի հետ՝ դեռեւս պահպանվում է ռազմավարական գործընկերությունը:  Ռուսաստանի համար այժմ որոշիչ գործը Անդրկովկասում կայունության եւ խաղաղության պայմաններ ապահովելն է: Միաժամանակ, այդ ուղղությամբ իրադրությունը ոչ առանց արտաքին մասնակցության շիկանում է եւ բացառված չեն իրադարձությունների զարգացման բացասական դիպաշարերը: Ըստ որում, Իրանի շուրջ ծավալվող իրադրության կապակցությամբ հարկ է ընդունել, որ հայ-ադրբեջանական հակամարտության անբարենպաստ հունով զարգացման մեջ օբյեկտիվորեն շահագրգռված է ԱՄՆ-ը, քանի որ այդ իրավիճակում կարող է առաջանալ իր խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածք մտցնելու հիմնավոր առիթ՝ ապագայում Իրանի սահմանի մոտ իր ռազմական կոնտինգենտի մշտական ներկայությունն ապահովելու նպատակով, Իրանի հանդեպ արեւմտյան կոալիցիայի հնարավոր լայնամասշտաբ ագրեսիայի նախապատրաստման շրջանակներում»:

ԱՄՆ-ի իրանական քաղաքականության նկրտումները զեկույցը կապում է նրա մերձավորարեւելյան ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի համար անվտանգություն ստեղծելու հետ, եւ ոչ պակաս կարեւոր մեկ այլ հարցի՝ էներգակիրներով հարուստ տարածաշրջանում դրանց հանույթի ու տեղափոխման նկատմամբ ԱՄՆ վերահսկողության բացակայության պատճառած անհանգստության հետ: 

Վերջապես ուշագրավ է տարածաշրջանի եկրների, նաեւ՝ չճանաչված պետությունների վերաբերյալ ամփոփ գնահատականները, որն ամբողջությամբ կմեջբերենք Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի համար:

Ադրբեջան:  Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է ընկնում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ազդեցության տակ՝ Իրանի հետ ունենալով շատ բարդ հարաբերություններ:  Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փակման պատմությունը այլ կերպ, քան Ռուսաստանին հասցված վիրավորանք չես անվանի: Հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման այդ կայանի պատասխանատվության գոտին կապված էր տեղանքի ռելիեֆին եւ ուղղված էր դեպի Պարսից ծոցի շրջան: Բաքվին, ինչպես ցույց տվեցին այդ օբյեկտի կարգավիճակի շուրջ բանակցությունները, չհետաքրքրեցին տարածքի վարձակալության համար ռուսական փողերը կամ էկոլոգիական անվտանգության մասին պատկերացումները: Նպատակ էր դրված Ադրբեջանի տարածքից վերացնել ռուսական ռազմական ներկայությունը եւ դա միանգամից իրականացվեց:

Հայաստան: Անդրկովկասում միակ պետությունն է, որը անկախ ելք չունի դեպի ծովափ եւ շրջապատված է անբարյացկամ հարեւաններով: Գաղտնիք չէ, որ Հայաստանը այն միակ անդրկովկասյան պետությունն է, որը Ռուսաստանի դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ֆորմալ հռչակել է իր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Սակայն որքանո՞վ են անկեղծ այդ հավաստիացումները: Արդյո՞ք դա Բաքվի ու Անկարայի հետ Երեւանի բարդ դիմակայության մեջ ռուսական գործոնը զսպման տարր օգտագործելու փորձ չէ:

Լեռնային Ղարաբաղի հանրապետություն (ԼՂՀ): Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (ԼՂՀ) այսօր իրապես կայացած պետություն է եւ ավելի ու ավելի է դառնում տարածաշրջանային ինքնուրույն խաղացող, չնայած այդ փաստից Երեւանի կտրուկ դժգոհությանը:  Պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքը ուժով վերադարձնելու հնարավորությունը նախկինի նման պահպանվում է: Այդ հավանականությանը սնուցում է Հայաստանի կողմից ԼՂՀ ինքնիշխանության ճանաչման բացակայությունը, դրանով իսկ կոնֆլիկտային օրակարգը պահպանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Հերթական ռազմական «Անշլյուսի» (Ավստրիայի բռանկցումը ֆաշիստական Գերմանային-Ս.Ս. ) փորձը սպառնում է գլոբալ կոնֆլիկտի գոտի դարձնել ոչ միայն Անդրկովկասը, այլեւ ռուսական Հյուսիսային Կովկասը:  Հակամարտության կարգավորման քաղաքական ուղիները սկզբունքորեն վաղուց են հայտնի, սակայն դրանց հնչեցումը կդառնա անձնական քաղաքական կարիերայի վերջին օրը ցանկացած հայ կամ ադրբեջանցի քաղաքական գործիչի համար: Այդուհանդերձ, տարածաշրջանի հետագա միլիտարիզացիան վտանգավոր կդառնա նաեւ ռուսական կողմի համար:   

Զեկույցի եզրակացությունների մեջ շեշտվել է, որ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով ռուսական կայսրության նվաճումները, որի մեջ մտնում էր նրա գերակա ազդեցությունն ու բացառիկ ներկայությունը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ողջ Կասպիականում, զրոյացվել են Կասպից ծովի ափին ինքնիշխան պետությունների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի հայտնվելով, որոնք հետապնդում են իրենք քաղաքական, տնտեսական շահերը եւ ջնջում են ռուս-իրանական, սովետաիրանական բոլոր նախկին պայմանավորվածությունները:

Տարածաշրջանի այսօրվա սուբյեկտներ թվարկելով Ռուսաստանի դաշնությանը, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, ինչպես նաեւ Աբխազիայի, Հրավային Օսիայի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հանրապետություններին, զեկույցը մտահոգություն է հայտնում՝ «Սակայն այդ երկրների մի մասի քաղաքական վերնախավերը տվյալ տարածաշրջանից հեռու աշխարհի ուժային կենտրոնների հետ միասին այժմ ակտիվորեն ձգտում են Անդրկովկասի սուբյեկտների ցանկից բացառել Ռուսաստանին եւ Թուրքիային, դրանց թվում թողնելով միայն Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին, ինչպես նաեւ՝ նրանցից վարչական առումով առանձնացված եւ ռազմական եղանակով անջատված Աբխազիային, Լեռնային Ղարաբաղին եւ Հարավային Օսիային»:  

«Ռուսաստանին, ինչպես երբեք, հարկավոր է խաղաղություն Անդրկովկասում եւ այսօր դրա բանալին հենց Ղարաբաղն է»

Զեկույցի վերջում ընդգծվում ու շեշտվում է Գյուլիստանի պայմանագրից ու ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներից սերտված հիմնական դասն ու եզրահանգումը. «Ռուսաստանին, ինչպես երբեք, հարկավոր է խաղաղություն Անդրկովկասում եւ այսօր դրա բանալին հենց Ղարաբաղն է: Ռուսաստանի կողմից սահմանափակ խաղաղապահ ռազմական ներկայությունը, տնտեսական եւ հումանիտար աջակցությունը այդ նորագույն պետությանը կհարկադրի մնացյալ խաղացողներին մի կողմ դնել զենքը եւ համատեղ փնտրել Անդրկովկասում փխրուն խաղաղության պահպանման քաղաքական մեթոդներ կամ էլ թեկուզ պահպանել status quo-ն, քանի դեռ տարածաշրջանի երկրների քաղաքական վերնախավերը իրենց քաղաքական ռեժիմները չեն համապատասխանացրել ժամանակակից չափանիշներին: Այդ դեպքում Ռուսաստանը հանդես կգա ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում  խաղաղության պահպանության երաշխավոր, ինչպես եւ պատշաճում է Ռուսական մեծ կայսրության իրավահաջորդին»:  

2012թ. հուլիսին էլ եվրասիական նախագծին Հայաստանին միացնելու առաքելությամբ Երեւան ժամանած ռուս պաշտոնական բանագնացներից Սերգեյ Նարիշկինն էր հայտարարել, թե եվրասիական ինտեգրացման համար տարածաշրջանում խաղաղության պահպանումը բխում է Ռուսաստանի շահերից, այդ կերպ ակնարկելով առնվազն status quo-ն պահպանելու անհրաժեշտության մասին:

Այդպիսով, 2013թ. Երեւանն ու Ստեփանակերտը պաշտոնական, կիսապաշտոնական ու մերձկրեմլյան փորձագիտական շուրթերից ստանում էին այնպիսի ուղերձներ (նվազագույնը՝ ներկայիս իրողությունների պահպանում, առավելագույնը՝ ԼՂՀ ճանաչում), որոնք Հայաստանի համար նաեւ անվտանգության խնդիրներով էին գյուլիստանյան սխեմայով եվրասիական ինտեգրացիային միանալու գայթակղություն ստեղծում:

Ընդդիմախոսները թերեւս կարող են այս զեկույցը համարել զուտ փորձագիտական կարծիք կամ պատկերացում: Որքան էլ դա այդպես լինի, այդուհանդերձ,

1.)  այն միանգամայն արտացոլում է անցած եւ այս տարվա ընթացքում Կովկասում Ռուսաստանի իրականացրած քաղաքականությունը. թիրախները չափազանց տեսանելի են եւ միանգամայն համահունչ զեկույցում շարադրված ռուսական նոր ռազմավարությանը. Հայաստանին ներգրավել եվրասիական ինտեգրացիայում, Ադրբեջանին նախ կտրել Արեւմուտքից, ապա նույնպես հրավիրել ԵՏՄ եւ վերջապես հասնել Ղարաբաղում ռուսական սահմանափակ ռազմական ներկայության կամ Հաաստանի/Ադրբերջանի համաձայնությամբ, կամ լոկալ պատերազմի վտանգ ու պատրվակ ստեղծելով, ինչի նշաններ երեւում են այժմ:

2.)  նոր պետությունների ճանաչման քաղաքականության գագաթնակետը մարտին Ուկրաինայից Ղրիմի «ինքնորշմամբ» անջատումն էր ու միացումը Ռուսաստանին,  որն ավելի ոգեւորեց Երեւանին ու Ստեփանակերտին՝ առաջացնելով չարդարացված սպասումներ, իսկ այժմ էլ՝ Ուկրաինայի արեւելքում անջատողական նոր գոյացությունների խրախուսումն է. ռուս պաշտոնյաների հայտարարությունները ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ճանաչելու մասին ինքնին խոսուն է:

3.) Ղարաբաղյան խնդրով Ռուսաստանի ակտիվացումն այնքան տեսանելի վտանգ էր ԱՄՆ համար, որ արդեն անցած տարվա օգոստոսից Վաշինգտոնը նախագահի մակարդակով որոշում ընդունեց Մինսկի խումբը ակտիվացնելու, երկու նախագահների հանդիպում կազմակերպելու մասին:

4.) Պարսկաստանի հետ Ռուսաստանի սահմանի թեման այնքան մտահոգիչ է ԱՄՆ-ի համար, որ Բաքվում նրա դեսպանը մայիսին բաց տեքստով ոչ միայն  հայտարարեց դրա, այլեւ Ադրբեջանի տարածք հնարավոր ներխուժման մասին, ինչպես նաեւ Ալիեւի վարչակազմին ու նրա առանձին դեմքերի մեղադրեց ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները փչացնելու, թուրք-ռուսական պահանջով իշխանությունից արեւմտամետներին չեզոքացնելու եւ քաղաքացիական դաշտում Արեւմուտքի բարեկամներին հետապնդումների ենթարկելու մեջ:

5.) Ղարաբաղի խնդրով ու տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների խնդրով Թուրքիան կրկին ակտիվություն է ցուցաբերում՝ գիտակցելով, որ դրանք կովկասյան գործերում ներգրավվելու լավագույն խողովակն են, Ռուսաստանն էլ նրան թույլ է տալիս այդ հարցերով ներգրավվե:

6.) Գյուլիստանյան թեմատիկայի ազդեցությունը տարածաշրջանի վրա չափազանց էական էր, եւ անցած աշնանը տեղի ունեցած միջոցառումները եթե չասենք ցունամի, ապա մեծ ալիքներ առաջացրին թե Երեւանում, թե Բաքվում. դրանք Երեւանին դրդեցին ավելի արագ միանալ Մաքսային միությանը, իսկ Բաքվին՝ դեպի եվրասիական միության եռյակը՝ հիմնականում դեպի Ղազախստան, մասամբ դեպի Բելառուս:

Իսկ այս մասին՝ հաջորդիվ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter