HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թեկնածուի փոխարեն ստորագրել էին ընտրացուցակում

Սառնաղբյուրի համայնքապետի թեկնածու Սեւակ Մադաթյանի փոխարեն թիվ 36/1ընտրատեղամասի ընտրացուցակում ստորագրել էր նույն համայնքի բնակչուհի Իրինա Պողոսյանը: Իրողությունը պարզվեց, երբ համայնքապետի թեկնածուն քվեաթերթիկը ստանալուց հետո պատրաստվում էր ստորագրել ընտրացուցակում:

Նույն պահին աղմուկ բարձրացրեց համայնքապետի մյուս թեկնածու՝ Եղիկ Դավթյանի վստահված անձ Գեւորգ Շաբոյանը՝ պահանջելով ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղար Հմայակ Հակոբյանից կազմել համապատասխան արձանագրություն: «Ես նկատել եմ ընտրախախտում եւ պահանջում եմ կազմել արձանագրություն»,- պահանջում էր վստահված անձը:

Հանձնաժողովի քարտուղարը, որ այդ պահին փորձում էր ճշտել, թե ով է սխալմամբ ստորագրել Սեւակ Մադաթյանի փոխարեն, նկատեց, որ ըստ օրենքի` վստահված անձն իրավունք չունի խառնվելու իրենց աշխատանքներին, հանձնաժողովը կպարզի եղելությունը եւ կկազմի արձանագրություն, սակայն որեւէ մեկը, ով հանձանաժողովի անդամ չէ, իրավունք չունի իրենց ցուցումներ տալու:«Դուք չարաշահում եք ձեր իրավունքները,- դիմելով վստահված անձին` նկատեց Հմայակ Հակոբյանը,- Դուք կարող եք արձանագրել կատարվածը, սակայն մեր աշխատանքներին միջամտելու իրավունք չունեք: Տեղի է ունեցել թյուրիմացություն, մենք հիմա պարզում ենք, թե ով է ստորագրել, կկանչեք, կգա այդ անձը, կստորագրի ի՛ր փոխարեն, Սեւակ Մադաթյանն էլ կստորագրի ի՛ր փոխարեն»: 

Ի վերջո, աղմուկը հանդարտվեց, հանձնաժողովի նախագահը որոշում կայացրեց տալ հնարավորություն Սեւակ Մադաթյանին` մասնակցելու քվեարկությանը: Անձամբ ինքը՝ թեկնածուն, դիտավորություն չտեսավ կատարվածում, համարեց, որ թյուրիմացություն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter