HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի պատմություն ախալցխահայոց կյանքից

Վահե Սարգսյան

Կորյունի մանկությունն այնքան էլ ուրախ ու երջանիկ չէր անցել. 6-րդ դասարանում երկունքի ժամանակ մահացավ մայրը` այդպես էլ լույս աշխարհ չբերելով իր քրոջը: Իր սիրասուն մոր լուսապատկերն այդ օրից կախված էր տան ամենամեծ սենյակում, որի արթուն հայացքից Կորյունը շատ բան էր կռահում, շատ բան սովորում այնպես, ինչպես ենթադրում էր, որ կսովորեցներ մայրը, եթե լիներ կենդանի: Կորյունն այդ օրվանից դարձավ հոր միակ ու անբաժան ընկերը թե' տան առօրյա հոգսերում, թե' աշխատանքի մեջ: Կորյունի հայրն Ախալցխայում հայտնի փայտագործներից էր, Ապրանքային կայարան կամ «Տովառնիյ» թաղամասում գտնվող իր տանը կից ուներ մի մեծ շինություն, որտեղ տեղակայված էին մեծ և փոքր հաստոցներ, մի քանի սեղաններ, գործիքների երկարավուն պահարաններ, այլ իրեր: Այն ծառայում էր որպես փայտագործության արհեստանոց, որտեղ Կորյունն ու իր հայրը` ուստա Արտաշը, պատրաստում էին ամենատարբեր իրեր` սկսած տան կահ-կարասիից, վերջացրած փայտյա գործիքներով ու այն ամեն առարկաներով, ինչը հնարավոր էր պատրաստել փայտից:   

Տարիներն անցնում էին, Կորյունն արդեն մեծացել, դպրոցն ավարտել և իր վարպետությամբ գրեթե հավասարվել էր հորը: Իսկ հոր գործը որքան հեշտացել, նույնքան էլ դժվարացել էր. ինչպե՞ս կդասավորվի տղայի՝ իր սիրասուն Կորյունի՝ իր տան, իր փեշակի միակ ժառանգորդի ապագա կյանքը։ Այս միտքն էր ահա, որ մշտապես տանջում էր ուստա Արտաշին: Կորյունի հասակ առնելուն զուգահեռ մեծանում, հետզհետե ձև ու կերպարանք էր ստանում  նաև հոր մտահոգությունը: Սրտի խորքում հայրը ցանկանում էր, որ իր որդին դառնա իր գործի շարունակողը, մանավանդ, որ արդեն տիրապետում էր փայտագործության գաղտնիքներին: Եվ քանի դեռ ինքը կենդանի է, որդին հնարավորություն ունի միաժամանակ թե՛ շարունակել և թե՛ ընդլայնել հոր գործը։

Շատ էր պատահում, որ, ընկնելով մտածումների գիրկը, ուստա Արտաշի աչքին երևում էր ոչ թե հաստոցը կամ իր ձեռքի տակ նոր ձև ու բովանդակություն ստացող փայտի կտորտանքը, այլ ընդլայնված իր արհեստանոցը, ավելացված հաստոցները և դրանց շուրջ պտտվող նոր աշխատակիցները, պատվիրատուների զննող հայացքները, իսկ այդ ամենի մեջ` իր որդին, որն արդեն գրեթե չի հասցնում մոտենալ այս կամ այն աշխատակցին, անընդհատ տալիս է հրահանգներ ու ընդունում որոշումներ, խոսում է պատվիրատուների հետ, մատիտը ձեռքին թղթերի վրա արտացոլում է ապագա կահույքի կամ շինվածքի պատկերը, նա արհեստանոցի անկյունում արդեն ունի իր գրասենյակը, որտեղ կատարում է զանազան հաշվարկներ, ընդունում և ճանապարհում է մարդկանց: Այս մտքերն այնքան էին ոգևորում Արտաշին, որ հուզմունքից քիչ էր մնում գրկեր, փայփայեր Կորյունին՝ իր զավակին, որը եթե չլիներ, կնոջ մահից հետո դժվար թե նա կարողանար հաղթահարել իր վիշտն ու մենակությունը:

Օրերն անցնում էին, և ուստա Արտաշը որոշեց հարցն այլևս չհետաձգել. կանչեց տղային, նստեցրեց սեղանի մոտ և սկսեց խոսել իր մտադրությունների, այն մտքերի մասին, որոնք ինքն իր փայտերի նման տարիներով հղկել, ձև ու բովանդակություն էր հաղորդել և այժմ մեկիկ-մեկիկ ներկայացնում էր որդուն: Մեծ եղավ ուստա Արտաշի զարմանքը, երբ որդին նախ ջերմորեն չարձագանքեց իր առաջարկին, այնուհետև երկարատև լռությունից հետո խոստովանեց, որ որոշել է մեկնել Ռուսաստան և միայն հորը շատ սիրելով է այսքան ժամանակ նվիրված ու տքնաջան աշխատել արհեստանոցում…

…Մոր գերեզման հերթական այցի ժամանակ ուստա Արտաշը լուռ էր, լուռ էր և Կորյունը. նրանց սովորական և մտերմիկ խոսակցությունը, երբ կարոտով միմյանց պատմում էին մոր հետ կապված զանազան հիշողություններ, չկար այդ անգամ: Այդպիսի խոսակցություններում Արտաշը ներկայացնում էր մոր բնավորության այն գծերը, որոնք դեռ չէր հասցրել ճանաչել որդին, իսկ Կորյունը հարցերի մի շարան էր ուղղում հորը: Խոսակցությունը գրեթե միշտ ավարտվում էր ուստա Արտաշի աչքերի խոնավացմամբ, իսկ մոր առաքինությունների ու բարի գործերի մասին նոր տեղեկություններ ստանալով` Կորյունի հուզմունքն ավելի էր խորանում: Այդ օրը, սակայն, ոչ մի նման բան տեղի չունեցավ, ավելին` հայր և որդի անգամ չէին պայմանավորվել, թե երբ այցելեն գերեզման։ Կորյունը, տեսնելով, որ հայրը չի միացրել հաստոցներն ու ինչ-որ տեղ է պատրաստվում գնալ, ինքնաբերաբար միացավ նրան և ճանապարհի ողջ ընթացքում և գերեզմանի մոտ աշխատում էր չհանդիպել  հոր հայացքին:  

Ուստա Արտաշի և Կորյունի այդ վերջին խոսակցությունը հիմնովին փոխեց այս խաղաղ ու բարեբեր ընտանիքի առօրյան. վարպետը դարձավ լռակյաց, ինքնամփոփ ու գլխիկոր, իսկ Կորյունը, զգալով, որ այդ ամենի մեղավորն ինքն է, աշխատում էր քիչ հանդիպել հորը: Նա այժմ ավելի քիչ ժամանակ էր անցկացնում արհեստանոցում և հաճախակի էր դարձրել քաղաք դուրս գալը, գիշերներն ուշ վերադառնալն, ու լինում էին դեպքեր, երբ հայր ու որդի կարող էին անգամ օրերով չդանդիպել։ Եվ սա այն դեպքում, երբ նախկինում նույնիսկ մեկ ժամ Կորյունի չերևալու դեպքում, ուստա Արտաշը պարտադիր կանչում էր նրան, և, եթե անգամ որդին մոտակայքում չէր, գործը կիսատ էր թողում, մի քիչ հանգստանում և սպասում, մինչ նա կգար, և վերստին ամեն ինչ կմտներ հունի մեջ:

Արդեն մոտենում էր գարունը՝ Ախալցխայի դյութիչ ու ծաղկավետ գարունը: Քռի ու Փոցխովի ջրերը բարձրացել էին, ծեծում էին ափերն ու ուստա Արտաշի սիրտը: Ե'վ հայրը, և' որդին զգում էին, որ այսպես երկար չեն կարող շարունակել: Երկուսն էլ փոփոխություն էին ուզում՝ լավ, թե վատ, բայց ուզում էին, ավելի ճիշտ` հայրն ուզում էր իր խռովահույզ հոգու հանգստությունը, իսկ որդին` ելք անորոշ վիճակից, մի վիճակ, որի ստեղծման մեղավորն ու միակ պատճառն ինքն էր ու իր անողոք որոշումը: Նա սկսել էր արդեն հաճախակի հանդիպել Ռուսաստան մեկնող իրենից տարիքով մեծերի հետ, քննարկումներ ծավալել այն մասին, թե ինչպիսի հնարավոր աշխատանքներ կարող է գտնել այնտեղ: Այդ քննարկումները հաճախ բերում էին ամենատարբեր եզրահանգումների. մեկ Կորյունի համար բացվում էին վարդագույն հորիզոններ, երբ ինքը, մեկնելով այդ երկիր, արագ հիմնում էր իր ընկերությունը, կարճ ժամանակում ընդլայնում գործունեության ոլորտը, դառնում մեծահարուստ, մեկ-մեկ էլ ամեն ինչ խամրում էր նրա առջև, վերածվում գորշ ու ցեխոտ մի վայրի, որտեղ ինքն ապրում է զրկանքների ու անհաջողությունների մեջ:

... Ապրիլյան մի առավոտ էր, արևածագին դեռ շատ կար, իսկ գորշ ամպերի կուտակումները հուշում էին, որ նրա երևալուն կարելի է  այդ օրը չսպասել: Ողջ գիշերն անկողնում շուռումուռ գալուց Կորյունի մկանունքը ցավում էր, անքնությունից կարմրել էին աչքերը: Կորյունը վերջնականորեն որոշել էր մեկնել, և ահա եկել էր այդ օրը: Ուստա Արտաշի երկարատև հորդորները, բացատրությունները, անգամ սպառնալիքներն ու հայրական հուզմունքն ի զորու չեղան ազդելու Կորյունի վրա. Ռուսաստանի անծայրածիր հորիզոններն  ու այնտեղից ակնկալվող եկամուտների հրապույրը հաղթանակեցին: Նույն ճակատագիրն ունեցավ նաև Կորյունի կրտսեր հորեղբոր` Վարոսի միջամտությունը. Կորյունը մեկնում էր...

Իրերի ճամպրուկը գրեթե դատարկ էր, մեջն անփութորեն նետված էին մի ձեռք փոխանորդ ու ածիլվելու պարագաները: Վաղ առավոտյան վեր էր կացել նաև ուստա Արտաշը, դռանը նստել, նայում էր անորոշ մի կետի` երբեմն-երբեմն լուռ հայացքով հետևելով որդու գործողություններին: Լսվեց ավտոմեքենայի սուլոցը. Կորյունը մոտեցավ հորը` հրաժեշտ տալու: Կյանքում ամեն դժվարություն հաղթահարած հայրն այդ պահին իրեն պարտված տեսավ: Ուստա Արտաշը պատրաստ էր այդ պահին զոհաբերելու ամեն ինչ, միայն թե կարողանար փոխել իրերի նման ընթացքը: Թե՛ որդու անորոշ ճակատագիրը և թե՛ իր մեծ տանը մեն-մենակ մնալու կանխազգացումն այդ հզոր մարդուն կծկել էին, կարծես մի գիշերում ծերացրել: «Կորյունը մեկնում է...», «Կորյունն էլ իր կողքին, հաստոցի մոտ չի լինելու...», «Կորյունը թողնում է իր հայրենի տունն ու մեկնում` անդարձ, հավիտյան...» մտքում կարծես զառանցանքով կրկնում էր հայրը...

Իսկ Կորյունն իրոք մեկնում էր և ահա մոտեցել էր իրեն` ողջագուրվելու մի վերջին անգամ, սեղմելու իր կոշտացած ձեռքն ու մնաս բարով ասելու այդ ձեռքերով ստեղծած տանը, այգուն, արհեստանոցին, աղբյուրին, ցանկապատին, իրենց թաղամասին, մոր գերեզմանին, դպրոցին, քաղաքին, մանկության ու պատանեկության անմոռանալի օրերին... Ինչ էլ լիներ` սիրում էր որդուն՝ իր բոլոր օրերի միակ նեցուկին, և ատել չէր կարող: Ատում էր այդ պահին ամենքին և ամեն ինչ, բացի որդուց: Կորյունին սիրում էր նա և ատել չէր կարող...

Հոր հետ ողջագուրվելուց, երկար-երկար կրծքին սեղմելուց հետո Կորյունը մտավ սենյակ: Մոր պատկերը այդ օրը ևս սովորականի պես չէր, ամեն դեպքում Կորյունին այդպես թվաց. այն ավելի խստադեմ էր, և մոր հայացքում էլ նա զգաց այն ամենը, ինչն առկա էր հոր հոգում: Հեռացող որդին երկար նայեց մոր լուսանկարին, և այդ մի քանի րոպեում աչքերի առջևից սահեցին ու անցան իր մանկության օրերը, առաջին քայլերը, դպրոցն ու մանկական խաղավայրերը, մոր եղերական մահն ու հոր ծանր վիշտը, իր որբությունը, հոր արհեստանոցը, իր` սկսնակ փայտագործի ու հոր օգանականի եռանդուն աշխատանքը, դպրոցական ավարտական տարին, հոր հորդորներն ու իր որոշումը, և վերջապես այս վերջին վայրկյանները, որոնք պետք է բաժանեին իրեն այս ամենից: Չդիմացավ Կորյունի  խռովյալ սիրտը, և արցունքները խեղդեցին նրան, երբ նա, բացելով պահարանները, տեսավ այնտեղ իր մանկությունը՝ կարգով շարված գուլպաներ, փոքրիկ վերնաշապիկներ, բաժակներ, ափսեներ, մուրաբաների ու կոմպոտների ապակյա տարաներ, գդալներ ու զանազան այլ իրեր, որոնց բոլորին երանի էր տալիս Կորյունը, քանի որ դրանք չէին բաժանվում իր տնից, իր սիրասուն մորից, որի ձեռքը ժամանակին մեկիկ-մեկիկ կպել էր այդ բոլորին... Մի ողջ պատմություն էր թողնում իր հետևում Կորյունը և հեռանում` սկսելու մի նոր կյանք:

Ավտոմեքենայի կրկնվող սուլոցը սթափեցրեց Կորյունին, նա արագ փորձեց ընդունել սառը տեսք։ Դժվար էր: Նա դուրս եկավ տանից՝ ծածկելով ցանկապատի դուռը, և մեքենան տարավ նրան:

Որդու հեռանալուց հետո ուստա Արտաշը ամբողջովին կերպարանափոխվեց. շաբաթներ էին անցել, սակայն արհեստանոցի դուռը դեռ չէր բացել, տանն ու դրսում իր ամեն քայլափոխն որդուն էին հիշեցնում, և որքան էլ աշխատում էր վանել իր մեջ խորացող թախիծը, հակառակն էր ստացվում: Իսկ արհեստանոց մտնել ընդհանրապես չէր ցանկանում, քանի որ այնտեղ ամենաշատն էին Կորյունի հետքերը, ավելին՝ որդու հետ կապված իր հիշողությունների ծանրակշիռ մասն այնտեղ էր վերստին արթնանալու. հաստոցները, գործիքները, անգամ դռան ճռինչը նրա առաջ պատկերելու էին որդու կերպարանքը, և այդ դատարկության զնգոցների մեջ հնարավոր է խելագարվեր նա, ուստի որոշել էր առժամանակ չբացել դռները: Կարծես ամեն ինչ կրկնվում էր Արտաշի կյանքում այնպես, ինչպես տեղի էր ունեցել տարիներ առաջ, երբ կորցրեց կնոջը: Այն նույն ապրումները, այն նույն դառնությունները կարծես թե սպիանալու ճանապարհին էին, երբ խոցվեցին նորովի ու մի նոր ուժգնությամբ: Տարբերությունը այս երկու փուլերի միջև, սակայն, հսկայական էր. չնայած իր կողակցի անդառնալի կորստին՝ այնուամենայնիվ, իր կողքին կար մի սփոփանք, մի հույս ու ապագայի նկատմամբ հավատքի մի աղբյուր. դա իր որդին էր՝ իր պաշտելի Կորյունը: Այժմ, սակայն, ամեն ինչ տարբեր էր նախորդից, ամեն ինչ կարծես ուստա Արտաշի աչքում կորսնցվել էր վերջնական և պահեր էր գալիս, որ ոչ միայն աշխատելու, այլև ապրելու ցանկությունն էր մեռնում: Հավիտյան մենակ ապրելու դառն իրողությունը, որ համակել էր ողջ էությունը, սպանել էր նրա մեջ ապրելու և արարելու մղումները։ Ուստա Արտաշն այժմ ձգտում էր ապրել` կառչելով այն հույսից, որ որդին մի օր կբռնի տունդարձի ճամփան, կամուսնանա, կնվիրվի իրենց տանն ու արհեստանոցին` երջանկացնելով բոլորին: Այդ հույսը վերարթնացրեցին նաև իր շրջապատի մարդիկ` հարևաններն ու փոքր եղբայրը, որոնք իրենց հորդորներով կարծես նորից կյանք հաղորդեցին շնորհալի վարպետին ու նրա արհեստանոցին:

Հետխորհրդային խառը տարիներն էին, ամեն պահի փոխվում էր քաղաքական իրավիճակը: Ուստա Արտաշն ուշի-ուշով հետևում էր ռուս-վրացական հարաբերություններին, գնացող-եկողից հետաքրքրվում Ռուսաստանում տիրող իրավիճակից, որդու որպիսությունից և գտնվելու վայրից: Մի օր էլ լուր տարածվեց, որ հարաբերությունների կրկին սրման ու այցագրային ռեժիմի մուտք գործելուց հետո մեծ դժվարություններ կան և' գնալու, և' գալու հետ կապված: Իսկ մինչ այդ նա գիտեր, որ որդին ձգտում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և ունի փաստաթղթային մի շարք չլուծված հարցեր: Երկինքը կարծես նորից մթնեց վարպետի գլխին, հույսերի կործանման այս վիճակում այս անգամ նա էլ ոչ ոքի և ոչնչի չհավատաց...   

Կորյունն, իրոք, Ռուսաստանի հեռավոր արևելյան շրջան մեկնելուց կարճ ժամանակ անց, ցանկանալով ստանալ  ՌԴ քաղաքացիություն և անձնագիր, հանձնել էր իր փաստաթղթերը ոմն միջնորդի, որն էլ խոստացել էր շուտափույթ կերպով տալ Կորյունին նոր անձնագիր: Շաբաթներ, ամիսներ, տարիներ, անծայր սպասումներ, անվերջ ձգձգումներ... Ի վերջո մեկ օր հայտնվեց միջնորդը, որը, չնայած կրթություն չէր ստացել, ուներ ճարտար լեզու, մարդկանց համոզելու հմտությունների մեծ պաշար:

ՌԴ անձնագիր … Կորյունն արդեն իրեն համարում էր այն երջանիկներից մեկը, որոնք ՌԴ-ում հասել էին մեծ հաջողությունների, դիզել հարստություն: Նոր էր սկսել մտածել նոր, ավելի խոշոր գործեր սկսելու մասին, երբ մի օր շատ պատահականորեն առիթ ունեցավ իր նոր անձնագիրը ներկայացնելու ոստիկաններին: Պարզվեց` կեղծ էր: Դեռ նոր-նոր էին վառ գույները ներխուժել Կորյունի կյանք, երբ պատահեց դա: Կորյունի համար սկսվեց դատավարությունների ու մեղադրանքների մի մղձվանջային շրջան, որից դուրս գալու ելքեր դեռ չէին նշմարվում:

Աշնանային մի առավոտ էր, Ռուսաստանի ցրտաշունչ ու մռայլ առավոտներից մեկը, երբ ծանոթներից մեկը մի թղթածրար բերեց Կորյունի կացարան՝ մի սենյակ, որն ավելի շատ անօթևանի խուց էր հիշեցնում: Ո՞վ է հիշել իրեն: Հա՞յրը: Հազիվ թե. մեկ երկու անգամ գնացել էր մոտակա փոստատուն, կապվել Ախալցխայի փոստատուն և խնդրել կանչել հորը հեռախոսի մոտ, նա չէր կարողացել գալ: Գնացող-եկողներից լսել էր, որ նա ինչ-որ հիվանդ է և մարդկանց հետ գրեթե չի շփվում: Այժմ նա նամա՞կ է գրում կամ ի՞նչ է հարցնելու  նամակով` որդու որպիսությու՞նը, թե՞ կրկին խնդրելու կամ պարտադրելու է, որ Կորյունը վերադառնա: Երկու դեպքում էլ Կորյունի դեմքին ժպիտ սահեց, որն ավելի շատ ծամածռության էր նման: Կարծես հեգնում էր հորը, որ, ոչ մի բանից տեղյակ չլինելով, այդպես էր գրում: Այս ենթադրություններն այնքան հաստատորեն ուրվագծվեցին Կորյունի մտքում, որ մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ հորեղբոր ձեռագիրն ու անունը. «Կորյու՛ն ջան, բարև, լա՞վ ես: Մա՛նչ ջան, պապադ լավ չէ, ամեն ինչ էրե, ել շուտմ արի»:

Երկտողը կարծես ծակել էր Կորյունի սիրտը. ամեն ինչ կարող էր սպասել, բայց որ հայրը՝ այդ անկոտրում կամքի տեր մարդը, կարող է հիվանդանալ, չէր սպասում: Ավելի ճիշտ՝ չէր մտածել երբեք, որ արդեն մի քանի տարի է, ինչ ինքը հեռացել է տանից, որ հայրն, այդ ժամանակ մնալով մեն մենակ, կարող է նաև հիվանդանալ, անգամ հասնել այն վիճակին, ինչպիսին գրել էր հորեղբայրը: Կորյունին ավելի շատ տանջում էր այն գիտակցումը, որ ինքն այդ վիճակով անկարող է որևէ կերպ հասնել հորը, ի վիճակի չէր ոչ միայն փող ուղարկել, այլև տեղաշարժվելն անգամ անհնար էր: Ավելին, ամոթ էր որևէ մեկին բարձրաձայն ասել այս ամենը: Մնում էր մի բան. սեղմել ատամներն ու լռել...

Վարպետ Արտաշը չկարողացավ երկար դիմանալ հոգեկան ցավերին: Ամիսներ շարունակ փակված լինելով սեփական տան մեջ` գլուխն ափերի մեջ վերցրած ժամեր էր անցկանում կնոջ լուսանկարի, դռան առջև ֆշշացող և մերթընդմերթ օդ թքող աղբյուրի կամ փայտամշակման հաստոցների առջև: Պատահում էր, որ միացնում էր իր կյանքի անբաժան ընկեր հաստոցներից մեկը կամ մյուսը, երկար, շատ երկար նայում բարձրագոչ աղաղակող ատամնաանիվներին, մռայլ ժպիտով հիշում հին ու երջանիկ օրերը, կնոջը, որդուն, պտտվող անիվներից ծնվող դռները, պատուհաններն ու հազար ու մի այլ իրեր, մի ողջ ժառանգություն, որոնցից մասնաբաժին էր հասել Ախալցխայի գրեթե ամեն մի ընտանիքի... Երկար չտևեց սակայն այս ամենը. հոգեպես մաշված վարպետին մի օր տեսան անկողնում, ինչ-որ մտախոհություն էր պարուրել, որից դժվար էր հասկանալ, թե ինչ հիվանդություն է տանջում նրան: Հարցրել էին հարևանները, իսկ եղբայրն առաջարկել էր տեղափոխվել հիվանդանոց, բժիշկ էր կանչել, սակայն ոչ ոք չկարողացավ պոկել նրան մահճակալից. մի նախադասություն միայն` «Գործերուդ աշեցե՛ք, մե օրմ ծնվել եմ, մե օրմա մեռնիմտի»: Այդ մեկ օրն էլ չուշացավ. եղբորը հերթական անգամ այցի եկած Վարոսը նրան անշնչացած գտավ անկողնում: Վարպետ Արտաշի դեմքը սառել էր, սակայն կարծես ժպտում էր նա՝ այնպես, ինչպես կժպտար որդու վերադարձը տեսնելիս...

Վարոսը թաղեց եղբորը: Թեև մեծ դժվարությամբ, սակայն պարտքով հոգաց թաղման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Այդ ամենի ավարտին դարձյալ մի երկտող գրեց Կորյունին` ներկայացնելով ստեղծված վիճակը, կուտակված պարտքերն ու դրանք իրենց տոկոսներով պարտքատերերին վերադարձնելու անհրաժեշտությունը:

Կորյունի վիճակն առաջվանից չէր տարբերվում: Ոստիկաններից թաքուն աշխատանքը հազիվ բավականացնում էր նրա առօրյա ծախսերը: Ավելին չէր ստացվում: Հորեղբոր երկտողերին չէր էլ պատասխանում: Պատճառը ոչ թե արհամարանքն էր, այլ ստեղծված վիճակը: Առաջին նամակի առավոտի նման մի առավոտ էլ ստանալով հերթական երկտողը` կարդաց. «Կորյու՛ն, եթե էս ամիսնա բանմ չճամփեցիր, տունը ծախեմտի, պարտքերը սըղմել են, էլ հնար չկա»: Անսպասելի էր, սակայն Կորյունը կարծես անզգայացել էր այդ ամիսներին, ամեն անգամ միայն դառը, կծու մի ժպիտ էր սահում և վերջ:

Տարիներ էին անցել այն գիշերային առավոտից, երբ Կորյունը հեռացել էր տանից: Այդ ընթացքում շատ բան էր փոխվել Ախալցխայում, շատ ու շատ ջրեր էին հոսել Փոցխովով, միացել Քռին ու հեռացել քաղաքից` տանելով իրենց խառնված ուրախության ու տխրության անթիվ արցունքներ:

Կորյունը վերադառնում էր հայրենի քաղաք: Մի կերպ պատրաստել էր վերադարձի թղթերը և վերադառնում էր: Ահա Բորժոմի ճամփով մտան քաղաք, ահա իրենց թաղերը, ահա... իր հորեղբոր, իսկ հեռվում` իր հայրական, սակայն իր բացակայության օրոք անհայր դարձած տունը: Իջավ մեքենայից, նայեց շուրջն ու առաջացավ դեպի ցանկապատը. ամեն ինչ կարծես իր տեղում էր` աղբյուրը, արհեստանոցը, դռան բակի նստարանը: Այս ամենը Կորյունին նորից կտրեցին իրական կյանքից, նրան մի պահ թվաց, թե ինքը ոչ թե մեկ տասնամյակ, այլ մեկ ժամ առաջ էր դուրս եկել այնտեղից, այնպես համարձակ, այնպես վստահ մոտեցավ դռանն ու թակեց այն, որ կարծես այնտեղից պահանջում էր հոր դուրս գալը, ինչպես պահանջել էր մանկության և պատանեկության տարիներին, երբ հայրն ուշացել էր արհեստանոց գալ: Տան խորքից մեկը մոտենում էր դռանը, Կորյունի սիրտը պատրանքի և իրականության խաչուղում արագ թրթռաց. «Ո՞վ է բացելու, հա՞յրը, բայց չէ՞ որ նա..., ինչպես գրել էր հորեղբայր Վարոսը, նա...»: Հակառակի նման մոտեցողը չէր շտապում բացել դուռը` այդպիսով հնարավորություն տալով Կորյունին քիչ ավելի երկար տանջվելու, դառն իրողության գիտակցումն ու հրաշքների հանդեպ հավատքի դրսևորումների կռիվն ավելի երկար տեսնելու իր մեջ: Ի վերջո բացվեց դուռը, դուրս եկավ փափախը գլխին մի մարդ և զարմացական հայացքով ողջունեց հյուրին և հարցրեց, թե ինչ է նա կամենում: Կորյունի ծնկները ծալվեցին, որը ցույց չտալու համար առավել պինդ հենվեց բակի լվացքի սյանը. հարցը թուրքերեն էր... Հոր մահվան, հայրական տան վաճառքի մասին հորեղբոր գրությունների հաստատումն այնքան դաժան չթվաց այդ պահին Կորյունին, որքան այն իրողությունը, որ հայրական տան մեջ ապրում են օտարներ, այն էլ` թուրքեր: «Ուրեմն հորեղբայրս ճի՞շտ էր գրում, բայց... իսկ ինչու՞ պետք է խաբեր որ: Վաճառել է տունը, իսկ ի՞նչ կա դրա մեջ, մեկը պե՞տք է առներ, հա էլի, բայց... ո՞վ է այս թուրք մարդը, մի՞թե պարզ չէ` գնորդ է, ինչ-որ տեղից եկել, փողը տվել, գնել է, ի՞նչ կա որ, բայց... »: Ահա այս մտորումներով նա կիսահայերեն, կիսառուսերեն, որոշ շարժումներով հասկացրեց տանտիրոջը, որ ոչ մի բան չի ուզում, պարզապես նախկինում եղել էր այս կողմերում, հիմա ուղղակի անցնում էր... Թուրքը, բարձրաձայն ծիծաղելով և ձեռը թափ տալով, մտավ տուն` դուռը շրխկացնելով իր հետևից: Կորյունն ակամայից մնաց բակում` կրկին հայտնվելով մտքերի խաժամուժի մեջ: Շուրջբոլորը հայրն էր, մայրը, իր մանկությունն ու պատանեկությունը, ամենքը կային Կորյունի տեսադաշտում, և վերջինս, հմայված այդ մտքից, սկսեց ակամայից շրջել բակում, կրկին վստահ ու կրկին պահանջկոտի նման, ախր չէ՞ որ դա իրենցն էր, իր հոր ստեղծածը, որն, անշուշտ, բնության օրենքներով իրեն էր ժառանգվելու:

Հանկարծ կրկին ծալվեցին Կորյունի ոտքերը, մոտավորապես նույն կերպ, ինչպես տեղի ունեցավ րոպեներ առաջ թուրք տանտիրոջը բարևելիս: Դիմացը մայրն էր, որ նայում էր իրեն այնպես, ինչպես նայել էր՝ սկսած վեցերորդ դասարանից: Բայց այս անգամ մոր հայացքը մի փոքր թեքված վիճակում էր, իսկ ճակատին և կզակին կարծես արյան, թե արցունքի հետքեր լինեին: Կրկին վերագտնելով իրեն` Կորյունը ևս մի քանի քայլ մոտեցավ տան բակի հեռավոր անկյունում հոր ձեռքով շինված պետքարանին, այո՛, ինքը չէր սխալվել, մոր հայացքն անհնար էր շփոթել, մայրն էր... Չգիտես թե որտեղից հանկարծ ինչ-որ մեկը Կորյունի ականջին շշնջաց. «Էէէէ, բալա ջան, մեկի համար դա մայրական մասունք է, իսկ մյուսի համար` սովորական թուղթ, որ կարելի է մեխել պետքարանի կողքի փտած տախտակի ճեղքին...»: Կորյունը գիտակցեց կատարվածը, մեկ քայլ ևս մոտեցավ և գրեթե շոշափում էր ձեռքով մոր դեմքը. հեռվից արյուն կամ արցունք երևացող կետերը ոչ այլ ինչ էին, քան անձրևի տակ մնացած մեխերից հոսած ժանգի հետքեր: Կորյունն ամեն ինչ հասկացավ, բակի այդ ճնշող մթնոլորտում երկար չկարողանալով մնալ և նման տեսարանի կրկին չհանդիպելու վախից՝ առանց շուրջը նայելու դուրս եկավ այնտեղից: 

Արդեն մի քանի օր էր, ինչ Կորյունն ապրում էր հայրենի Ախալցխայում՝ հիմնական ժամանակը մանկության մի քանի ընկերների հետ անցկացնելով: Վերջիններս, տեղյակ լինելով Կորյունի հոգեվիճակին, աշխատում էին իրենց շրջապատում պահել նրան: Քնում էր ընկերներից որևէ մեկի տանը, որի մոտ այդ երեկո կլիներ: Հորեղբորը չէր ուզում տեսնել: Շատ - շատ էր կարոտել նրան, բայց չէր կարող նայել նրա աչքերին: Քաղաքում շրջելիս էլ այն տեղերում, որտեղ հնարավոր է լիներ հորեղբայր Վարոսը, աշխատում էր չլինել:

Այդ երեկո երկար նստեցին Կորյունն ու իր ընկերները, ամեն ինչ խոսեցին, ամեն ինչ քննարկեցին, բաժակ բարձրացրին ու կենաց խմեցին: Մանկության տարիների հիշողություններն ու պատմությունները վերջ չունեին, որոնց ամեն մի հիշատակումից Կորյունի հոգին տակն ու վրա էր լինում... «Տղա՛ք, այսի բաժակովա արիք խմենք մեր ծնողնուն կենացը», - առաջարկը դաժան էր Կորյունի համար: «Տղա՛ք, ինձի ներեք կը, ես հայմի քուքամ», - ասեց և պատասխանի չսպասելով՝ դուրս եկավ պանդոկից: Ալկոհոլից տրամադրություններն արդեն բացված ընկերներն անգամ չնկատեցին Կորյունի բացակայությունը: Իսկ վերջինս քայլում, առավել ստույգ վազում էր փողոցով, նրա քայլերը փոփոխական արագությամբ ուղղվեցին դեպի գերեզմանոց, դեպի այն վայրը, որը, վեցերորդ դասարանից սկսած, դարձել էր իր համար ուխտատեղի, իսկ այժմ Կորյունին կրկնակի ուժգնությամբ էր այդ վայրը ձգում դեպ իրեն:

Աշնան քամին խլացնում էր փողոցի ձայները, իսկ գերեզմանոցում կարծես ամեն ինչ խաղաղ էր, համենայն դեպս Կորյունին այդպես թվաց: Նա ծնկի գալով կանգ առավ երկու շիրիմների մեջտեղում, այնուհետև, դեմքի վրա պառկելով, ձեռքերը տարածեց այնպես, որ կարողանար պարփակել իրենից աջ և ձախ գտնվող տարածությունները: Համբուրեց հողը մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ... Կորյունի առջև կրկին պատկերներ վեր խոյացան՝ վաղ մանկության տեսարանները, դպրոց հաճախելը, մոր մահը, հոր ծանր վիշտն ու արհեստանոցը, իր անարդարացի որոշումը, այն ջրբաժան առավոտը, երբ ինքը մեկնեց օտար ափեր` հետևից թողնելով հոր խռովահույզ հայացքը, հոր մենակությունն ու մահը, որոնք թեև ինքը չտեսավ, բայց երևակայության մեջ վաղուց արտացոլված էին այդ ամենը, ի վերջո մոր խոցոտված լուսանկարը՝ պատկեր, որը եղել էր իր մանկության դաստիարակը…

Հետևյալ առավոտն Ախալցխայում չնայած սառը, բայց արևոտ էր: Լուսադեմի եղյամը շողշողում էր արևի լուսարձակի տակ: Քաղաքում եռուզեռը գնալով ավելանում էր, ամեն ոք շտապում էր իր գործին: Մարդաշատ էր այդ առավոտյան նաև քաղաքի գերեզմանատներից մեկը. մարդիկ հավաքվել և պատգարակով ներքև էին բերում Կորյունի` եղյամի տակ անշնչացած մարմինը... 

 

01 հունիսի, 2014 թ.
ք. Երևան 

Մեկնաբանություններ (3)

Gevorg
Հրաշալի էր գրված...
Տոնո
Ամբողջությամբ իրականություն էր և չեմ ցանկանա նորից լինեն նման ճակատագրեր
Գևորգ Թորոսյան
Առաջ հայերին աքսորում էին Սիբիր: Հիմա կամավոր են մեկնում աքսորավայր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter