Կիրակի, 23 սեպտեմբերի

Նոր գյուղապետը և Յաղդանի խնդիրները



Լոռու մարզի Ագարակ- Յաղդան միջհամայնքային 4 կմ երկարությամբ  ճանապարհն անանցանելի է: Գյուղացիների հետ մեր տարբեր հարցերի շուրջ զրույցները  միշտ բերում է գյուղի ճանապարհի թեմային: Յաղդանցի Հասմիկ Արաբովան  դժգոհում է ոչ միայն Յաղդանի, այլ նաեւ այստեղից Ալավերդի տանող ճանապարհից: 

Յաղդանը ժամանակին հունաբնակ գյուղ էր:  «Խորհրդային վերջին տարիներին գյուղը մոտ 1000 բնակիչ է ունեցել,  որոնցից 4-ն են եղել հայ ընտանիքեր»,-երեկ` ընտրությունների օրը ասաց գյուղապետի միակ թեկնածու Արամ Ջանջուղազյանը:   

Յաղդանի հույները  Հունաստան են հեռացել  1991-92 թթ.: Ներկայումս գյուղում  ապրում է  220 բնակիչ, որոնցից 30-ն են հույներ:

Արամ  Ջանջուղազյանը, ով երեկ ընտրվեց Յաղդանի գյուղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանին պատկանող «Հունայկա» ՍՊԸ-ի տնօրենն է` արդեն 15 տարի: «Հունայկա» ՍՊԸ-ն վարձակալությամբ յաղդանցիների 114 հա հողերը վարձակալությամբ վերցրել, մշակում է:  

«Հողերը 1999թ. սեպտեմբերից մշակում ենք:  Ցանում ենք աշնանացան ցորեն և կարտոֆիլ, ժողովրդին բաժանում ենք իրենց հողաբաժնի չափով: Մենք ունենք հովանավոր, հենց ինքն է վերցրել: Հովանավորը Վռամ Գյուլզադյանն է»,- ասաց Արամ Ջանջուղազյանը:

Ըստ վերջինիս՝  յաղդանցիները  կամովին, պայմանագրով են իրենց հողերը տվել  «Հունայկային»:  Վարելահողերի դիմաց ամեն տուն աշնանը իր հողի  բերքից փայաբաժին է ստանում:

«Բերքը բաշխվում է հողի կարգերով եւ չափով: Երկրորդ կարգի հողերն են ամենալավը, հեկտարի դիմաց հողատիրոջը տալիս ենք 1 տոննա կարտոֆիլ, կես տոննա ցորեն: Ու մեր կողմից փակվում է հողատերերի հողի բոլոր հարկերը: Երրորդ  կարգի հողատերերը ստանում են 800 կգ կարտոֆիլ, 400 կգ ցորեն: Չորրորդ կարգը`750 կգ կարտոֆիլ, 300կգ ցորեն»,- բացատրեց գյուղապետի թեկնածուն:

Գյուղամիջյան ճանապարհաեզրին նստած յաղդանցիներն ասացին, որ  առավոտը վաղ են գնացել ընտրության: «Դե որ թեկնածուին վստահենք ոչ, ինչ պետք է անենք»,- ասաց Հասմիկ Արաբովան: «Իրեն պապին ենք ճանաչել` Վարդաբլուրից»,- ասաց Հասմիկի ամուսին Յանքոն: Վերջինս գովեց գյուղապետի թեկնածուի պապին:

«Մենք «Հունայկային» 2 հա 1000 մետր հող ենք տվել:  Տալիս են 2 տոննա կարտոֆիլ, մեկ տոննա ցորեն: Երկու հեկտարից  ուրեմն 2 տոննա կարտոֆիլ դուրս կգա՞: Հլա  ասա քանի տոննա դուրս կգա»,- համագյուղացի Պավլիկ Մամաջանյանին հարցերեց Հասմիկը:

«Դե, տենց ենք պայմանավորվել»,-կնոջը սաստեց Յանքոն: Պավլիկ Մամաջանյան ասաց, որ երկու հա-ից 40 տոննա կարտոֆիլ է հավաքվում:  Կա 60 տոննա էլ է հավաքվում  «Դրանից մեզ 2 տոննա կարտոֆիլ է տալիս, հա»,- ծիծաղելով ասաց Հասմիկը:

«Եթե ինձ իմ 2 հա 1000 մետր հողից 50 տոննա կարտոֆիլ տան` կրակը կընկնեմ: Ծախվիլ չպտի: Փթելու է` թափելու եմ»,- բացատրեց Յանքոն:

Պավլիկ Մամաջանյանն էլ ասաց, որ իր 8 հազար մետր հողն է տվել «Հունայկային»:

 «400 կգ ցորեն, 800 կգ կարտոֆիլ են տալիս: Չէ, լավ է, ընտանիքում երկու անձ ենք , հերիքում է: Երեխեքն էլ Ռուսաստանում են, նրանք էլ են օգնում»,- ասաց Պավլիկը:

Յաղդանի խանութպան Ալվարդ Փիրումյանը ասաց, որ գյուղացիները իր խանութին պարտք են մոտ 1 մլն դրամ:

Յաղդանում 166 գլուխ խոշոր եղջերավոր անուսուն է հաշվառված: Արամ Ջանջուղազյանը և  խանութպան Ալավարդը դժգոհեցին, որ յաղդանցիները  տանջվում են  անասնապահության մեջ, «սակայն  կաթի  եկամուտներց ուրիշներն են օգտվում»: Յաղդանցիները կաթը հանձնում են «Աշտարակ Կաթ»-ին:

«Գյուղում կաթը մեզանից ընդունում է 140 դրամով, Երեւանում վաճառում են 440-ով: Մեկ ամիս առաջ 180 դրամով էր կաթը գյուղացիներից ընդունում: Մեզանից խոզի միսը կգ-ը 2200 դրամով են տանում, իսկ շուկայում մինչև 3800 դրամ գին են դնում: Ճանապարհը եթե լինի, Յաղդանը կզարգանա: Գալիս են Ագարակից կարտոֆիլը գնելու,  ճանապարհի պատճառով գնորդները Յաղդան չեն մտնում, վախենում իրենց մեքենաները ջարդելուց»,-բացատրեց Արամը:

Յաղդանի համայնքային բյուջեն կազմում է 7,7 մլն դրամ: «Դրանից մոտ 3 մլն դրամը կազմում է «Հունայկա»-ի կողմից  վճարվող հողի վարձակալության հարկերը:  Արամ Ջանջուղազյանը  համայնքի բյուջեի եկամուտները անհամեմատելի նվազ համարեց  Յաղդանի առջև ծառացած խնդիրների դիմաց:  Յաղդանը արդեն 5 տարի է՝ չունի մանկապարտեզ: Գյուղը նաև խմելու ջրի խնդիր ունի: Գյուղապետի թեկնածուն, սակայն, Յաղդանի ամենամեծ խնդիրը համարեց Ագարակ- Յաղդան միջհամայնքային, գյուղի ներհամայնքային և Ստեփանավան–Օձուն -Ալավերդի  ճանապարհների  հրատապ բարեկարգումը:  Դատարկվող Յաղդանը դեռևս ունի 172 հա չմշակվող վարելահողեր, 57 հա խոտհարք, 480 հա արոտավայր: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ