HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիպրոսյան ընկերությունն ընդդեմ Վերահսկիչի. «Անճշտությունները պոտենցիալ վնաս են հասցնում մեր ընկերության համբավին»

Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերությունն արձագանքել է ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությանը և գրությամբ պահանջել ճշգրտումներ մտցնել դրանում: Ընկերության ցանցային համակարգող Մարիա Տասիուլան նամակում թվարկել է անճշտությունները և նշել, որ դրանք ոտնահարում են «Four Assist Development Consulting Limited» ըներության իրավունքները և վնաս պատճառում նրա գործարար համբավին: «Four Assist Development Consulting Limited»-ը ՎՊ-ին ուղղված նամակը տրամադրել է նաև «Հետքին»:  Ընկերության բաժնետեր Իրինա Գրիգորյանին ուղղված մեր հարցերին նույնպես պատասխանել է Մարիա Տասիուլան:  

Հիշեցնենք, որ Կիպրոսում գրանցված այս ընկերությունը 2012-13թթ. 704 հազար (ներառյալ հարկերը) դոլար է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որպեսզի իրականացնի հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: Մինչդեռ Վերահսկիչ պալատը գտել է, որ աշխատանքների ողջ ծավալն իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ հայաստանյան ընկերությունը` ենթակապալառուի պայամանագրով, իսկ «մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որևէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որ շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում և կնքել պայմանագիր: Արդյունքում՝ որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են Հանրապետությունից դուրս»:

««Four Assist Development Consulting Limited»-ը միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը գործում է 2007-ից, այսինքն՝ Հայաստանում այս ծրագրի իրականացումից դեռևս 5 տարի առաջ: Այս փաստարկն է ներկայացնում ընկերության ներկայացուցիչ Մարիա Տասիուլան մեր հարցերին պատասխանելիս:

ՎՊ-ին ուղղված նամակում էլ համակարգողը նշում է, որ ֆինանսների նախարարության պայմանագրի հայտարարությունը պահանջում էր, որ լիդեր ընկերությունը հանրային հատվածի հաշվապահության միջազգային փորձ ունենա, իսկ «Four Assist Development Consulting Limited»-ը տիրապետում է այդ փորձին՝ ի տարբերություն «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ -ի, որի փորձը սահմանափակվում է միայն Հայաստանով: Հետևաբար, աշխատանքների բաշխումով «Four Assist Development Consulting Limited»-ը լիդեր ընկերությունն էր, իսկ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ -ին հանձնարարվել էր աշխատանքների նրանց բաժինը՝ ելնելով հայաստանյան առանձնահատկությունների իրենց գիտելիքներից:

«Հարկ է նշել, որ «Four Assist Development Consulting Limited» ընկերությունը, ի թիվս այլ ծառայությունների, տրամադրել է միջազգային որակավորում ունեցող երկու հաշվապահ (ներառյալ ծրագրի ղեկավարը)՝ ծրագրի իրականացման, որակի վերահսկողության և մի շարք այլ աջակցության ծառայությունների համար»,- գրել է «Four Assist Development Consulting Limited»-ի ներկայացուցիչը: Վերջինս նշել է նաեւ, որ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ»-ը չուներ ֆինանսների նախարարության մի շարք պահանջներին համապատասխան տեխնիկական կարողություններ և միջազգային փորձ՝ այդ ծառայությունները մատուցելու համար:

Մարիա Տասիուլան «Հետքին» պատասխանելիս նշել է, որ «Four Assist Development Consulting Limited»-ի ֆինանսական առաջարկն այս ծրագրի համար գրեթե կես գինն էր՝ երկրորդ լավագույն առաջարկի համեմատությամբ, որով ծրագրի իրականացման համար պահանջվում էր 925 հազար դոլար: 

Հարցին, թե ինչու են ծրագրեր իրականացնում Կիպրոսում, այլ ոչ թե ՀՀ-ում գրանցված ընկերությամբ, «Four Assist Development Consulting Limited»-ի ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենց բիզնես շահերը գնում են ավելի հեռու, քան Հայաստանն է: Ներկայումս ընկերության ուշադրության կենտրոնում Աֆրիկան է, Ասիան և Արևելյան Եվրոպան, որտեղ, ըստ նրա, հեռանկար կա: «Մենք երբևէ չենք մտածել Հայաստանում մասնաճյուղ բացելու մասին, քանզի բիզնեսի շրջանակն այնտեղ սահմանափակ է»,- ամփոփում է ընկերության համակարգողը:

Մեր հարցին, թե ինչ առնչություն ունեն Կիպրոսում գրանցված ընկերության հայ բաժնետերերը ՀՀ պաշտոնյաների հետ, որի մասին գրվել է հայկական մամուլում, Մարիա Տասիուլան պատասխանել է. «Իրենց միջազգային պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում մեր գործընկերները աշխատել են նաև Հայաստանում բազում միջազգային հաջողված ծրագրերի միջոցով: Մեր գործընկերներից որևէ մեկը որևէ առնչություն չունի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ` բացի մասնագիտական առնչությունից: Հարկավոր է հստակեցնել, որ մեր գործընկերներից ոչ մեկը երբևէ չի աշխատել որևէ նախարարությունում՝ որպես պետական ծառայող, փոխարենը, ինչպես վերևում նշվեց, նրանք եղել են Հայաստանի կառավարության խորհրդատուներ՝ միջազգային ծրագրերի միջոցով»: 

Կիպրոսյան ընկերության ղեկավարներին Վերահսկիչ պալատի «բացահայտումները» մտահոգել են: Բացի դրանից՝ նրանց անհանգստացրել է մեր հրապարակման այն մասը, որտեղ նշել ենք, որ «Four Assist Development Consulting Limited»-ը Իշխան Զաքարյանի բացահայտումներին որևէ պարզաբանում չի տվել:

«Մեզ երբևէ չի ասվել պարզաբանումներ տալ ո́չ աուդիտի և ո́չ էլ ՎՊ-ի հաշվետվության հրապարակումից հետո: Մենք ինքներս ենք իմացել այս ամենի մասին հայկական մամուլից և մայիսի 21-ին նամակ ենք գրել Վերահսկիչ պալատին՝ նշելով բոլոր սխալ հայտարարությունները և խնդրել ենք վերանայել համապատասխան մասերը: Մենք մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել»,- գրել է Մարիա Տասիուլան:

«Four Assist Development Consulting Limited»-ը անպատասխան է թողել մեր հարցի այն մասը, թե Հայաստանում իրականացրած յուրաքանչյուր ծրագրի համար որքան ֆինանսավորում է ստացել, միայն նշել է, որ «Four Assist Development Consulting Limited»-ը սահմանափակ գործունեւություն է ծավալում Հայաստանում` համեմատած աշխարհի մյուս երկրների: Իսկ ծրագրերի իրականացումը նրանց ընձեռվել է մրցույթի միջոցով՝ մի շարք տեխնիկական և ֆինանսական չափանիշների համապատասխան մրցունակ տենդերներին մասնակցելու միջազգային դոնորների կանոններին և ընթացակարգերին համահունչ: 

Մեկնաբանություններ (1)

Մարդ
«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲ Ընկերությունը սպասարկում է _ը: Հետևությունը թողնում եմ Ձեզ......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter