HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»

Սասուն Միքայելյանը նայում է Ղարաբաղի պատերազմի ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարները: Ներկայի ու անցյալի սահմանագիծն անցնում է դրանց միջով: Ծխախոտի մոխիրը հանկարծ թափվում է նրա սև տաբատի վրա, թեթևակի մաքրում է այն, բայց հայացքը չի կտրում լուսանկարներից: Ոմանք ծերացել են, ոմանք էլ Եռաբլուրում են:

«Սասունի» Սասունը

1988 թ. նոյեմբերին Շամխորի շրջանի Բադաքենդ, Չարդախլու գյուղեր ավտոշարասյուն էր տարել՝ բնակիչներին Սպիտակում վերաբնակեցնելու նպատակով: Մի գիշեր էլ բնակիչներին արդեն պատրաստել էին տեղափոխության համար, երբ ադրբեջանցիները հարձակվեցին գյուղի վրա, դռները ջարդեցին, ով ինչ տուն կարողանում էր վերցնել՝ իրենն էր: Դա համարում է իր կյանքում այն դրվագներից, որն անընդհատ աչքի առաջ է: Տեսարանը չի ուզում նկարագրել, փոխարենը խորասուզվում է մտքերի մեջ:

1989 թ. արդեն կազմավորել էր «Սասուն» ջոկատը: Ինքը Հրազդանի Վանատուր գյուղից է (նախկին Աթարբերկյան, ներկայում՝ Հրազդանի թաղամաս), բայց ջոկատում ոչ միայն հրազդանցիներ, այլև տավուշցիներ, ախալքալաքցիներ, ղարաբաղցիներ կային: Ընտանիքն աստիճանաբար հարմարվեց նրա՝ պատերազմի մասնակցելուն: 7 երեխա են, դժվարությունները շատ էին: 18 տարեկանում կորցրել էր հորը, իր քաղաքապետ ընտրվելու օրն էլ՝ մորը: Սա պատմելուն պես ծխախոտի ծուխը մի լավ ներս է քաշում: Հայացքը թափառում է սենյակում:

«Պատերազմի ժամանակ էր: Մի օր մայրս քրոջս ասել էր, թե լավ կլինի, որ Սասունը զոհվի, ոչ թե գերի ընկնի: Ասում էի՝ էս մերս գժվել ա, ի՞նչ ա խոսում: Հետո հասկացա էդ խոսքերի իմաստը»,- աչքերում նուրբ կարմիր բծեր են հայտնվում՝ հուզմունքից է, հետո արագ մաքրում է խոնավ աչքերը: Հիշում է, երբ 1991 թ. նոյեմբերին Ոսկեպարում շրջափակման մեջ էին: «Մտա մանկապարտեզ, տեսա էրեխեքի նկարները լրիվ թափվել են հատակին, ասի՝ հավաքեք: Նայեցի խաղալիքներին, տեսա՝ խաղալիքները ոնց որ տխուր էին»,- սա իր հիշողություններում դաջված էպիզոդներից է:

28 կտոր շաքարն ու պատերազմը

«Էն ժամանակ ո՞վ էր պատկերացնում, որ պատերազմ է: Հայը հայի հանդեպ ուրիշ էր»,- նշում է Սասուն Միքայելյանը: Պատերազմն սկսեց առանց զենք ունենալու: Ինքնաշեն նռնակներ էին պատրաստում, տանում էին իրենց գյուղի չորանոցը, ականների փոխարեն օգտագործում էին 60 կգ-անոց ամունալներ (պայթուցիկ նյութ):

1992 թ.-ից արդեն Հաթերքում էին, մնում էին խոզանոցում: Պետք է աննկատ մնային նույնիսկ գյուղացիներից: Նշում է, որ այդ ժամանակ 3 անգամ հարձակվել էին խորհրդային բանակի վրա: 32 գերի էին վերցրել: Պատմում է, որ մի երեկո շաքար պիտի տային գերիներին. 28 կտոր շաքար կար, բաժանեց, իսկ մնացած չորսի համար շաքարի փոշին լցրեց ձեռքի մեջ ու պարզեց նրանց: Գերիների վիճակից տեղեկանալու համար էլ անտառ էին գնացել Գերագույն խորհրդի 3 պատգամավոր և Մոսկվայի Մայրական զինվորական կոմիտեի նախագահը: Դրան նախորդող գիշերն իրենց մոտ էր եկել սպարապետ Վազգեն Սարգսյանը: «Գիշերը նստած էինք, ասացինք՝ ոչ ծխել, ոչ լույս վառել: Դա մենակ կարաս նայես Հայրենականի ֆիլմերում: Մեկ էլ գիշերը տեսանք լույս ա վառվում, էլ քֆուր-քյաֆար: Եկանք, տեսանք սպարապետ Վազգենն ա՝ երկու մեշոկ հաց ձեռքին»:

«Կաստիլներով»՝ սահմանին

Առաջին լայնածավալ մարտական գործողությունը Սասուն Միքայելյանը համարում է Խոջալուում կատարվածը: Խոջալուի վրա հարձակումը ծրագրել էին 1992 թ. փետրվարի 19-ին, այնուհետ որոշեցին տեղափոխել փետրվարի 25-ին՝ զորավար Անդրանիկի ծննդյան օրը: Կատարվածը ձևակերպում է կարճ՝ հարձակվեցին, կռվեցին, ազատագրեցին:

Թեժ կռիվներից մեկն, ասում է, տեղի ունեցավ Շուշիի ազատագրման ժամանակ: «Շուշիի ազատագրումը առեղծված էր շատերի համար, դա նույնն է, որ բարձրանաս շշի վրա ու գրավես այն»,- ասում է նա: Մարտը տևեց 6 ժամ, որի ընթացքում, նրա խոսքով, 107 տեղից վիրավորվեց: «Սետկա էի դառել: Մինչև հիմա էլ ասկոլկեք կան ներսումս»,- նշում է «Սասուն» ջոկատի հրամանատարը: Նրան տեղափոխել էին Ստեփանակերտի, այնուհետ՝ Երևանի Նոր Նորքի հիվանդանոց: Վիրավորվելուց հետո ոտքը չէր աշխատում, ֆիքսացիա էին արել, «կաստիլներով» գնացել էր Մարտակերտ: Իսկ ներսում «հայտնված» բեկորներից չի բողոքում: «Բեկորներն էսօրվա իշխանություններից հարազատ են»,- ասում է նա:

«Տղերքը լսում էին Խեչոյանին»

Սասուն Միքայելանի ջոկատում էր նաև գրող Լևոն Խեչոյանը: Այդպիսի գրողները, ըստ հրամանատար Միքայելյանի, հազվադեպ են. նրանք «պատմականորեն» գրող են:

«Մեր ջոկատի ուսուցիչն էր, տղերքը լսում էին նրան»,- ասում է նա: Զինվորները հաճախ էին խնդրում Լևոն Խեչոյանին «պոստեր» չբարձրանալ, բայց նեղանում էր, չէր ընդունում դա, ասում էր, ինչո՞ւ են նման բաներ ասում: «Ուզում էինք, որ նա միշտ կենդանի մնար: Մեծ դեր է ունեցել նա»,- նշում է Սասուն Միքայելյանը, քիչ անց ավելացնում. «Վերջին անգամ, որ գնացի իր մոտ, ասաց՝ էս աշխարհում չհանդիպենք, էն աշխարհում կհանդիպենք: Դրանից 4-5 օր հետո մահացավ»:

Կորցրածն ու ձեռքբերածը

Նրա՝ սև քարով ու սպիտակ խաչով մատանուն է ընկնում հայացքս: Ասում է՝ 37 տարի է՝ այդ մատանին իր հետ է, թալիսմանն է: Մինչ հիմա ոչ մի ոսկերիչ չի հասկանում, թե դա ինչ մետաղից է պատրաստված: «Մի օր գիշերը բան էի գրում, մեկ էլ տեսա մատանու խաչը պոկվել ա, նայում եմ՝ խաչն ընկել է մատիս վրա: Էս մատանին մեծ պատմություն ունի»,- ասում է նա:

Կորուստների մասին խոսելիս մեջբերում է Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ես պատերազմին տվել եմ ամեն ինչ, իսկ ձեռք եմ բերել հպարտություն»:

«Առաջին անգամ երկիր ենք ազատագրել, իսկ էսօր, պատկերացրեք, տղերքը հացի փող չունեն»,- նշում է նա:

Հրազդանի քաղաքապետի թեկնածություն առաջադրելու առաջարկը ստացել էր Վազգեն Սարգսյանից: Երբ վերջինս հարցրել էր, թե կկարողանա քաղաքապետ աշխատել, պատասխանել էր. «Ինչի՞, վախենում ես աթոռից ընկնե՞մ»: Այս մասին ծիծաղով է պատմում, հետո հանկարծ լրջանում է:  Ասում է՝ քաղաքապետ լինելու ժամանակ էլ սիրտն սկսել էր վատանալ: «Մի դեպք պատմեմ. մի օր մոտս մի մարդ եկավ, ասաց, պարոն Միքայելյան, աղջիկս 28 տարեկան ա, մահացել ա, դագաղի փող չեմ ունեցել, նիսյա բերել ենք, որ հարևաններով հավաքվենք, դզենք գումարը, բայց չենք կարողացել, եկել-ասում են՝ դագաղը հետ տվեք»,- վերհիշում է նա:

Պատերազմի վտանգն ամեն րոպե էլ կա: «Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»,- ասում է «Սասուն» ջոկատի հրամանատարը, հետո հայացքը նորից կախում սև-սպիտակ լուսանկարներին:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter