HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու մինչև հիմա բանտում չեն Արմեն Մովսիսյանը և Վահան Մելքոնյանը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները երեկ հայտարարություն են տարածել, որում իշխանություններին ներկայացրել են 12 պահանջներ՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը: Քառյակի 12 առաջարկներից մեկը՝ 6-րդը, վերաբերում է «Նաիրիտ գործարան»-ին:

Այն այսպես է ձևակերպված. «Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով»:

16 տարի նախարար աշխատած Արմեն Մովսիսյանը «Նաիրիտ գործարանի» 180 մլն դոլար վարկային միջոցների մսխման և փոշիացման հիմնական դերակատարն է: Նա այժմ նախագահի խորհրդականն է: Արմեն Մովսիսյանը մինչև հիմա հասարակությանը և նույնիսկ կառավարությանը չի տեղեկացրել, որ նախկինում «Նաիրիտ գործարանի» բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդի» բաժնետերն այժմ նույն «Նաիրիտ գործարանն» է: Եւ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդի» ունեցած բոլոր պարտքերն այժմ փոխանցվել են «Նաիրիտին»: Իսկ այդ պարտքերը մեծ գումարներ են: Հիշեցնենք` Մոսկվայի արբիտրաժային դատարանը այս տարի երկու անգամ բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի՝ «Նաիրիտ գործարանից» 25,2 մլն դոլար և  Rhinoville Property Limited ընկերությունից 107 մլն դոլար բռնագանձելու պահանջով հայցերը:

Արմեն Մովսիսյանն աժմ ստիպված է խոստովանել, որ այդ պարտքերի մի մասը Ռուսաստանինն է, և Հայաստանը ստիպված է այն վճարել կամ նորից ինչ-որ բան զիջել, եթե, իհարկե, մնացել է ինչ-որ բան մեր երկրում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «Հետքի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն էր սկսել և նախապատրաստված նյութերն այնուհետև ուղարկել ոստիկանություն` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն): Ամիսներ շարունակ որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո (մի քանի անգամ հարցաքննվել է Միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը) 6-րդ վարչությունն այն փոխանցեց Քննչական գլխավոր վարչություն:

2013թ. օգոստոսին «Նաիրիտի» գործի քննության վերաբերյալ մեր հարցմանը ոստիկանությունը պատասխանել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»: Այս հոդվածով, որ նշանակում է՝ հանցակազմ չկա, Վլադիմիր Գասպարյանը փակել է «Նաիրտի» գործը:  

Սրանով ոստիկանությունը՝ ի դեմս Վլադիմիր Գասպարյանի, դարձավ «Նաիրիտի» ապօրինությունների մասնակիցը: Իսկ այս գործում ակնհայտ էին փողերի լվացման, փոշիացման և յուրացման փաստերը: 

Այնպես որ քառյակն իր պահանջը սխալ է ձևակերպել. պետք է պահանջի դատախազությունից քննություն սկսել՝ պարզելու, թե ոստիկանությունը ինչու է փակել այս գործը, և ինչու մինչև հիմա ազատազրկված չեն էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը և Միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը:

Մեկնաբանություններ (4)

String
Այս ամբողջի գլխավոր նպատակը Հայկական պետականության վերացումն է, իսկ թալանը դա երկրորդական խնդիր է: Այս բոլոր պատմություններին իհարկե տեղյակ է սերժ սարգսյանը, նա է գլխավոր դերակատարը և պատասխանատուն այս վիճակի: Իսկ թե ինչու է նա ցանկանում հայկական պետականության վերացումը դա արդել լրիվ ուրիշ հարց է:
մկո
Ինչու՜ - որովհետեւ բոլոր հիմնական թելերը մի տեղ են կապված: Բայց ժամանակը կգա:
ashot
Իսկապես, ինչու?? Ինչու Տիգրան Սարգսյանը դեռ բանտում չէ? Ինչ է քիչ հանցանք է կատարել?
Կարո
Բանտում լինելու փոխարեն՝նրանք իրենց թալանի տեխնոլոգիաներն էն փոխանցում, խորհուրդների տեսքով,թայֆայի ավելի երիտասարդ սերունդներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter