HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քարանձավային էկոհամակարգերը վտանգված են. բաց նամակ բնապահպանության և մշակույթի նախարարներին

Վերջերս ակտիվացել են դեպի Հայաստանի տարբեր քարանձավներ տուրեր կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները, նաև բազմաթիվ ծրագրեր են առաջարկվում դեպի քարանձավներ զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Սակայն շատ քչերին է անհանգստացնում այն փաստը, որ այդ այցելությունները կարող են վտանգել այդ քարանձավներում բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը:

Մեզ մասնավորապես անհանգստացնում է Վայոց ձորում գտնվող Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավների ճակատագիրը: Այս քարանձավներում իրենց ապաստանն են գտել ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում գրանցված Հարավային պայտաքիթ (Rhinolophus euryale) և Մեծ պայտաքիթ (Rhinolophus ferrumequinum), իսկ չուի ընթացքում ժամանակավոր կացարան գտած Սրականջ գիշերաչղջիկ (Myotis blythii) և Սովորական երկարաթև (Miniopterus schreibersi) տեսակները:

Վերոհիշյալ քարանձավներն արագորեն վեր են ածվում զբոսաշրջության կենտրոնների, որտեղ ամռան և աշնան  ամիսներին նկատվում է զբոսաշրջիկների այցելությունների բարձր ակտիվություն: Մագելի քարանձավի մուտքը փակվել է 2007թ-ին, սակայն զբոսաշրջիկների այցերը շարունակվում են: Տարիների ընթացքում մարդածին գործոնների նկատմամբ զգայուն տարբեր տեսակներ լքել են քարանձավը:

Զբոսաշրջիկների հաճախակի այցելությունները Մագելի քարանձավ բերեցին նրան, որ վերջին տարիների ամռան վերջին ամիսներին և հիմնականում սեպտեմբերին քարանձավում ձեռքաթևավորներ չեն հայտնաբերվում: Սեպտեմբերին քարանձավում սկսում են կուտակվել ձմեռման պատրաստվող  մեծ պայտաքթերը (գաղութում անհատների թիվը կարող է հասնել մինչև 7-8 հազարի), հարավային պայտաքթերը (մի քանի տասնյակ առանձնյակներ): Հարավային պայտաքթի ձմեռող մեծ գաղութ է հայտնի Արջերի քարանձավում:

Այդ ամիսների ընթացքում զբոսաշրջիկների մուտքն ու ելքը  բավականին վտանգում է այդ կենդանիների գաղութները: Կենդանին, անցնելով ձմեռման, քուն է մտնում: Այդ ժամանակ կենդանու օրգանիզմում դանդաղում են կենսական նշանակություն ունեցող բոլոր պրոցեսները` սրտի աշխատանքը, նյութափոխանակությունը և այլն:

Մուտք գործելով քարանձավ` զբոսաշրջիկն արթնացնում է ձմռան քուն մտած չղջիկներին, որոնք սկսում են այս ու այն կողմ թռչել: Կենդանու մոտ կենսական պրոցեսներն արագանում են, և նա փաստորեն սկսում է օգտագործել էներգիայի այն պաշարները, որոնք կուտակել էր  ամռան ամիսներին ձմռանը գոյատևելու համար: Քանի որ ձմռանը կեր չկա (մոծակներ, գիշերաթիթեռներ) և  էներգիայի պաշարները բավարար չեն ձմեռն անցկացնելու համար, կենդանին կանգնում է ոչնչացման վտանգի առջև:

Բացի վերը նշվածից հայտնի է, որ չղջիկների մոտ սթրես են առաջացնում մարդկանց բարձր ձայները, լապտերի լույսը, մի խոսքով` մարդու մուտքը դեպի քարանձավ: Այդպիսի այցելությունները բերում են չղջիկների գաղթին և վերաբնակեցմանը:

Մարդածին գործոնների կործանարար ազդեցության արդյունքում  չղջիկները լքել են Մոզրովի քարանձավը, սակայն այն հանդիսանում է նաև միլիոնավոր տարիների ընթացքում առաջացած ստալագմիտերից և ստալակտիդներից կազմված բնության յուրահատուկ հուշարձան: Այս գեղեցկությունից անմասն չմնալու համար յուրաքանչյուր զբոսաշրջիկ, մտնելով քարանձավ, իր պարտքն է համարում մի կտոր պոկել այդ ապարներից և տանել իր հետ:

Մենք դեմ չենք էկոտուրիզմի և ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում, սակայն այն չպետք է զարգանա մեր երկրի կենսաբազմազանության կորստի հաշվին: Նշված քարանձավների հարևանությամբ առկա են բազմաթիվ այլ քարանձավներ, որոնց ուղղությամբ արշավների կազմակերպումը չի բերի էկոհամակարգի կայունության խաթարմանը և տեսակների գաղթին:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքում ստացված փաստարկների վրա, ահազանգում է մեր երկրի յուրահատուկ էկոհամակարգերի` Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավները կորցնելու վտանգի մասին և աղետը կանխելու համար առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը.

1. Ճաղավանդակով արգելափակել և կողպել Մոզրովի և Արջերի քարանձավների մուտքը:

2. Չղջիկների բնականոն կենսակերպը չխաթարելու նպատակով գիտնականների, պետական և ոչ պետական սեկտորի շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել և ներդնել Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավներ այցելությունների և պահպանման կանոնակարգ, ինչպես նաև քարանձավներ այցելությունների ժամանակացույց:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն իր կողմից պատրաստ է ներգրավել երիտասարդ մասնագետների` վերոհիշյալ առաջարկների իրականացման գործում:

Հարգանքներով`
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ
Ա. Հ. Գասպարյան
18.10.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter