HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ...

Լևոն Ներսիսյան, Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների 
պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

Հանրապետության հասարակական կյանքում տեղի ունեցող էական փոփոխությունները նպաստում են բնակչության տարբեր շերտերի բողոքի շարժումների ծագմանն ու զարգացմանն ընդդեմ երկրի կառավարման պետական համակարգի սոցիալ-տնտեսական քաղաքականության:

Քաղաքացիական շարժման տարաբնույթ բողոքի ցույցերը («Թռչկան», «Մաշտոցի պուրակ» «Դեմ եմ», գյուղացիների ելույթները մարզերում, անկանոն կառուցապատման դեմ շարժումները Երևանում և այլն), առանց քաղաքական պահանջներ առաջ քաշելու, հիմնականում, առանձնանալով ընդդիմադիր քաղաքական ուժերից, բողոքում են կառավարման այն համակարգի դեմ, որի ներկայացուցիչներն իրենց անտեղյակությամբ, օգտվելով ամենաթողության սկզբունքից, լուծում են իրենց կորպորատիվ-շահախնդրական հարցերը երկրի բնակչության ճնշող մեծամասնության համընդհանուր աղքատացման խորացման հաշվին:

Այս կամ այն չինովնիկի պարբերական ռոտացիան (տեղափոխությունը) որևէ կերպ չի կարող հանգեցնել երկրի գործող կառավարման ոճի որակական փոփոխության, քանի որ  «իշխող կուսակցության» փիլիսոփայությունը և պրակտիկան մնում են անփոփոխ:

Ինչքան էլ ցավալի է, սակայն ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժերը իշխանության համար պայքարում հիմնականում ղեկավարվում են միևնույն գաղափարախոսությամբ, ինչպես «իշխող կուսակցությունը»:

Քաղաքական մշակույթը` երկրի վերնախավի հասարակական-քաղաքական մակարդակում, «մնացել» է անցյալ դարի 90-ական թվականների սահմաններում, այսինքն լյումպեն մտավորականի աշխարհայացքի շրջանակներում, երբ գավառական փառասիրության ամբոխահաճո լոզունգների ալիքի վրա բավարարվում են ընտանեկան, կլանային և կորպորատիվ կարիքները:

 «Իշխանության համար պայքարի» խաղի հաստատված կանոնները միանգամայն ընդունելի են Հանրապետության հասարակական-քաղաքական վերնախավի համար, որը պարբերաբար ակտիվանում է նախընտրական ժամանակաշրջանում, իսկ «իշխող կուսակցության» կողմից որոշակի «զիջումներ» ստանալուց հետո անհետանում:

«Իշխող կուսակցությունը» ի դեմս իր ավանգարդի` «իշխանության ղեկին» եղած ժամանակաշրջանում կարողացավ արժեզրկել «ընդդիմություն» հասկացությունը, որն առավել ողբերգական է հայ հասարակության համար, քանի որ վերացված է «հակակշիռը» երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

«Իշխող կուսակցությունը» ամբողջովին «բռնագրավելով» կառավարման պետական համակարգի հիմնական էշելոնները, բացառել է ժողովրդավարական պետության հիմնական սկզբունքներից մեկը՝ երկրի պետական կառավարման անկախ ճյուղերի առկայությունը (անգամ ՀՀ Սահմանադրական դատարանը դարձել է «իշխող կուսակցության» կցորդը՝ թույլատրելով կուսակցական և վարչական համակարգի ներկայացուցիչներին իրենց հայեցողությամբ մեկնաբանել Դատարանի որոշումը (պարտադիր կուտակային բաղադրիչի մասին)):

Երկրում հաստատված հասարակական-քաղաքական իրավիճակում իշխանության ճյուղերից և ոչ մեկը (այդ թվում նաև գործադիր) չի կարող անկախ լինել, քանի որ կուսակցական կարգապահությունը պահանջում է շահերի անշեղորեն պաշտպանություն երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ոլորտներում: Կուսակցության ղեկավարության անձեռնմխելիության այս հիմնարար սկզբունքը հենվում է այն կադրային քաղաքականության վրա, որի դեպքում, առաջին հերթին, հաշվի է առնվում անձի՝ վերադասի հանդեպ ունեցած անձնական նվիրվածությունը: Այստեղից էլ  կադրերի ընտրության կլանային, ընտանեկան, կորպորատիվ, հայրենակցական և այլ ցուցանիշները, որոնք երկրի կառավարման համակարգում ապահովում են «համերաշխիք» (խմբական երաշխավորություն):

Քաղաքացիական անկախ շարժումների զանգվածային ելույթները` երկրի բնակչության համապատասխան շերտերի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար, իրենց հաստատակամությամբ և հետևողականությամբ ցույց են տալիս, որ բողոքավոր զանգվածը ձեռք է բերել նոր հատկանիշներ, դարձել է իրավաբանորեն գրագետ, նպատակասլաց և անզիջում, որի ձևավորման հիմքում ընկած է վստահության բացակայությունը իշխանության տարբեր կառույցների հանդեպ:

Այս պայմաններում, մեր Հայրենիքում ուկրաինական Մայդան թույլ չտալու համար «իշխող կուսակցությունը» պետք է հասկանա, որ կոսմետիկ կադրային տեղափոխություններով, առանց փոխելու կառավարման մեթոդոլոգիան և տեխնոլոգիան, առանց կուսակցական չինովնիկական շերտերի վրա իրապես գործող հանրային վերահսկողության, և ամենագլխավորը, առանց Օրենքի գերակայության, անհնարին է արժանանալ Հանրապետության բնակչության լայն շերտերի վստահությանը:

Որպես վերոնշյալի հաստատում կարելի է բազում իրական օրինակներ բերել, որոնցով այնքան հարուստ է մեր իրականությունը վերջին, թեկուզ, տասը տարիների ընթացքում: Սակայն հարցի էությունը բացասական օրինակներ թվարկելու մեջ չէ (ո՞վ և ե՞րբ քանդեց երկիրը, ո՞վ և ինչպե՞ս հարստացավ հասարակ աշխատավորների հաշվին, ո՞վ և ինչպե՞ս է հեռանում Օրենքի «տառից», ո՞վ է մեղավոր մեր երիտասարդության դեգրադացման և շատ այլ բաների համար): Նպատակն այն է, որ հայրենական քաղաքական վերնախավը և մենք՝ երկրի հասարակ քաղաքացիներս, գիտակցենք մեր իրականության ողբերգությունը և անելանելիությունը, եթե իշխանությունը չփոխի իր վերաբերմունքը ժողովրդի կարիքների նկատմամբ և արդյունավետ միջոցներ չձեռնարկի երկիրը ժամանակակից քաղաքակրթության հետնախորշերից դուրս բերելու ուղղությամբ:

Պարոնա՛յք, սթափվեք, քանի դեռ ժամանակ կա, և շտապ զբաղվեք պետության վերակառուցմամբ՝ ժողովրդի «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ» շահելու համար: Աշխարհը շատ արագ է փոխվում, և հնարավոր է «չհասնեք» մինչև նոր ընտրություններ:

Մեկնաբանություններ (1)

պատմագետ
Պարզ, հասկանալի ու ազնիվ կոչ է: Սակայն ի վիճակի են այս մարդիկ իրենք իրենց գլխի վրայով թռչելու? Ֆանտաստիկ երեւույթ կլինի եթե մի օր մեր պրեզիդենտը հրաժարական տա, իսկ ազգային ժողովն ինքնալուծարվի՝ ընդունելով իրենց անընդունակությունն ու ամբողջ արատավոր գործնեությունը ժողովրդի հանդեպ: Պատմության մեջ նման դեպքեր դժվար է հայտնաբերել: Ցավոք՝ այսպիսի խորացած դեպքերում փոփոխությունները միայն բռնությամբ ու արյունով են կատարվում, եթե տվյալ երկրում անհրաժեշտ ներուժ գոյություն ունի: Հակառակ դեպքում այն պարզապես ինքնաոչնչանում է, ավար դառնալով հարեւաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter