HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս ի՞նչ ա, արա՛: Մաֆիոզ եք, հա՞, բայց այն ատեն ապուշ մաֆիոզ եք»

Հարցազրույց «Armenian Navy Band» խմբի ղեկավար, երգիչ Արտո Թունչբոյաջյանի հետ

-Այս անգամ Հայաստան էիք եկել կոստյումով: Ասացիք՝ 30 տարի է՝ կոստյում չէիք հագել: Ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Գիտես, փոփոխությունն իմ մեջն է: Մի 5 տարի է՝ կռվում եմ, պիտի փոխվիմ, պիտի փոխվիմ, նայում եմ հարմար ժամանակը: Շարժումն ամեն վայրկյան չի լինում, կարող է՝ 10 կամ 20 տարին մեկ լինի: Ինձ ճանաչողը հասկանում է, որ շարժվում եմ, չեմ կարող մի բանի մեջ կանգնել, էդպես նավթալին կդառնաս:

-Միտքն եք կարևորում:

-Մարդեր կան, որ պառլամենտի մեջ ժամերով խոսում են, բայց մի բան չեն ասում: Ես էդպիսին չեմ, որովհետև խոսելու ժամանակ հարցում պիտի լինի, եթե չեմ կարողանում պատասխանել, չեմ խոսում: Իրենք երևի մտածում են, որ ինչ ուզեն, կարող են խոսել, և ժողովրդից մեկը մի բան չի կարող անել: Եթե ժողովուրդն էլ հավաքվի, մեկ-երկու հատ կկրակեն, կվախեցնեն: Մի գաղափար, մի միտք պիտի ունենան, որ էդտեղ նստում են ու մեզանից ալ շատ մտքեր պիտի ունենան: Երաժշտություն նվագելիս էդպես եմ մտածում, ուզում եմ բրթեմ մարդոց` մտածեն: Մտածողը, լսողը, տեսնողը ճիշտն ու սխալը գտնում է:

-Նախորդ տարի երբ խոսում էինք երկրի վիճակի մասին, շատ հուսահատ էիք: Հիմա երկրի ապագայի հարցում փոխվե՞լ է տրամադրությունը:

-Հիմա ալ էդպես եմ, բայց իմ գիծը փոխեցի: Կարող է էստեղ տեղափոխվեմ մի գաղափարի համար, որը կապված է իմ պատկերացումների հետ: Ես ազգը ներկայացնող եմ, դուն ալ էդպես ես... Բոլոր մարդերն ալ ունեն այդ հնարավորությունը, բայց բոլոր մարդերն ալ ուշադիր պիտի լինեն երկրին վնաս չտալու համար: Հիմա շատ ավելի վնաս են տալիս, քան օգուտ:

Հիմա ես պառլամենտ մտնեմ, ի՞նչ անեմ: Ապուշի տե՞ղ են դնում մարդոց: Ո՞նց ըլնում է 600 դոլար ամսականով ավտոները փոխում են, տուները շատ լավանում են. ո՞նց ըլնում է:

-Բայց մի տարի խորհրդարանի բակում «Armenian Navy Band»-ով համերգ էիք տալիս, Ազգային ժողովի նախագահին էիք շնորհակալություն հայտնում:

-Հա, նորից կերթամ, ես ամեն մարդու կասեմ շնորհակալություն: Ինձ համար Հովիկը եղել է, Սերժը եղել է, կամ Արտոն եղել է, մարդ ըլլալով՝ հարգում եմ, ես էդպես եմ սովորել: Դա իրենց պրոբլեմն է, իրենց պատասխանատվությունն է: Նայի, ապրիլի 24-ին [«Ֆեյսբուքում»] թուրքերեն էի գրել, ասացի՝ ապրիլ 24-ը ամենեն ուրախ օրերից մեկն է՝ չկարողացաք վերջացնել, չպիտի կարաք վերջացնել (ի նկատի ունի հայերին բնաջնջելը- հեղ.): Ջղայնանալը, էսի կամ էնի, թողնում եմ իրենց, բայց ինձ համար 25-ի առավոտը կարևոր է, նորից արթնանում եմ, ծառայում եմ մարդոց, մարդկությանը՝ սերով, հարգանքով, ճշմարտությամբ: Էդի է ինձ համար: Ի՞նչ պիտի անիս, որ Հայաստանը արվեստագետների կենտրոն լինի, ի՞նչ պիտի անիս, որ քո ազգը արև դառնա մարդկության համար: Ես իմ մտքով ասում եմ էդոնց, իմ երգի մեջ ասում եմ: Եթե ինձ պես հազարներով մարդիկ իրենց միտքն ասեն, մի ճիշտ գաղափար կարող ենք գտնել բոլորիս համար:

-Իսկ ո՞վ է հայը:

-Հայն ի՞նչ է նշանակում ինձ համար... Խիղճ ունեցող, մարդոց ծառայող, սիրտը, միտքը կյանքին առջև դնողը, կիսվողը մարդոց հետ: Ինձ համար դա է հայը, վերցնողը չի: 4 միլիարդ դոլար ունեցավ, շենքեր ունեցավ, 110-120 տարեկան դարձավ, մեռավ, հետո՞... Էդ շենքերն ո՞ւր պիտի տանես: Հա, քո էրեխուն թողնում ես դա, բայց կողքն էլ կեղտոտ մի բան ես թողնում: Կարող է մեկն էդ էրեխուն տեսնի փողոցում, լավ բառ պիտի չասի:

-Հիմա այդ խիղճ ունեցող տեսակը կա՞: Փոխվե՞լ է հայը:

-Անշուշտ, փոխվել է: Դուն պատկերացնո՞ւմ ես, պառալամենտին մեջ խիղճ ունե՞ն: Խիղճ ունենային, գյուղացին իրենց շորերով կլիներ, իրենք ալ գյուղացու պես կերևային, որովհետև իրենց պետք չունին, իրենց հողը չպիտի պարապ մնա, իրենք առանց գործի չեն մնա, ամսականը պիտի գա, բայց գյուղացու կամ գործ չունեցող, էկոնոմիկ պրոբլեմ ունեցող մարդու համար վաղն ի՞նչ պիտի լինի, ինքն ալ չգիտի:

Ամեն մարդ ալ ամեն ինչից ինֆորմացիա ունի, դուն, օրինակ, պրեզիդենտն ես մի երկրի, ամենեն խելացին պիտի լինես, որ քո միտքը մարդկանց օգուտ տա, բայց էստեղ հակառակ է՝ ասում են՝ ես նստեմ, դուն իմ մասին մի խոսիր, փողը կտամ քեզ, դու աշխատի, որ ես լավը երևամ: Ամոթ է, շատ ամոթ է: Խիղճ ունենան, էս ազգը, էս երկիրը որտե՞ղ են տանում, վաղը մյուս օրը շտկելու ուժ էլ կարող է չունենանք, համ էլ մարդ չպիտի մնա: Ես ինչո՞ւ եմ գալիս էստեղ. մտքեր ունեմ, ես չեմ գալիս Երևանի կամ հայաստանցիի կյանքը ապրեմ: Մտքերը երաժշտության հետ են կապված: Մտքեր ունեցող մարդիկ կան էս ազգի մեջ, եթե չլինեին, ես Տանզանիայում կապրեի: Ինձ չհասկացողին ես չեմ բացատրում: Ուզում ես փոխե՞լ ինձ, պիտի հասկանաս ինձ: Ինձ հասկացողը կարող է փոխել:

-Հայաստանն ի՞նչ կարող է ներկայացնել այսօր:

-Արվեստագետ միտք ու բնություն: Արվեստագետ միտքն ընդհանուր մարդկությանը պիտի ծառայի, բնությունը մաքուր, լավ մրգերով՝ տուրիզմին: Ծիրան ունես, կարող եմ ասել աշխարհի ամենալավ ծիրանը, բայց սահմանը չի անցնում: Ես այդ մարդերու տեղը լինեմ, էստեղ կբերեմ ծիրան ուտելու:

Սենց մարդը, որ կարդում է թղթից գրվածը՝ «Բարև, ինչպե՞ս եք ժողովուրդ», ի՞նչ կարող է անել: Հեծանիվ քշողն օդաչու է ուզում լինել, բայց էս ժողովուրդն էդքան ապո՞ւշ է:

-Ո՞ր կետից սկսեցին սխալները մեր երկրում:

- Գլխից է սկսում, որովհետև հնարավորությունն էլ չեն թողնում հանգիստ քո մտքերն անես:

-Նախաձեռնություն ունեիք՝ «1 հայ, 1 դոլար», շարունակվո՞ւմ է:

-Չէ, դա եմ ասում: Մշակույթի նախարարին ես նայում, անկապ-անկապ բաներ է անում, «Արամ Խաչատրյան» մրցանակ են անում անորակ ձևով, քո երկիրն այդ մակարդակո՞վ են տեսնում: Ես էդպես չեմ տեսնում: Լավ, շատ հետաքրքիր մարդեր կան, բայց վախենում են, որովհետև եթե բերանը բացեն, զենքով ոտքին կխփեն, պիտի սպանեն:

-Մանկությունի՞ց եք երգում:

-Զուգարանում՝ այո՛ (ծիծաղում է,- հեղ.), երգիչ ըլլալով՝ չէ (նկատի ունի այն, որ պրոֆեսիոնալ երգարվեստով ուշ է զբաղվել- հեղ.): Առաջ ուրիշ ձևով մի ձայն ունեի, գլխի ձայն չէր, հետո ողնաշարիս հետ պրոբլեմ ունեցա, էդ ձայնը կորավ: Մեկը չէր ասում ինձ երգի: Երգելու ժամանակ թրոմբոն էի նվագում, ձայնս գործածում էի, բայց կենդանի երգել սկսեցի 80-ականների սկզբից:

-Ձեր եղբայրը՝ Թուրքիայում հայտնի կոմպոզիտոր Օննոն, ազդեցություն թողե՞լ է Ձեր երգելու որոշման վրա:

-Անշուշտ: Ընդհանուր կյանքս կապված է, միլիոն բաներ թողել է: Դուռը բացողն ինքն էր, այլապես ես ուրիշ դուռ կբացեի: Թուրքիայում շաբաթ-կիրակի օրերին ցերեկները երիտասարդները նվագում էին (իրիկունները երիտասարդներին արգելում էին քլաբներում նվագել): Մի օր ինձ համար շորեր առավ, մամայիս ասաց, որ ինձ լողացնի, մաքրի, հագցնի ու ինձ ասաց՝ գնդակից ուրիշ մի հատ էլ կյանք կա: Շատ էի սիրում ֆուտբոլ: Ինձ տարավ քլաբ: Էդ ժամանակ երկու խումբ կար, DJ-ի պես մի բան չկար, մի խումբը նվագում էր, նստում էր, հետո մյուսն էր նվագում: Էդպես հանգստանում էին: Շաբաթ օր էր, էդ օրն էլ խաղ կար: Քլաբը ստադիոնի վերևն էր, որ կանաչը տեսնում էի, մի կտոր ուրախանում էի, նայում էի, նայում էի: Էդ խմբի ղեկավարն ինձ բրթեց բեմ ու սկսեցի նվագել: Հետո 50 դոլար տվեցին ինձ, ասացի, որ էդտեղից ալ չեմ գնա: Իրենք ասացին, որ գնամ ֆուտբոլ նայեմ, ասացի՝ չեմ գնա, որովհետև 20 դոլարի համար ընդհանուր ամիսն էի աշխատում (հեռախոսի մեջ փնտրում է մանկության լուսանկարներից, ցույց է տալիս, հետո Երևանում արված լուսանկարներից ենք նայում, ասում է՝ առավոտները՝ ժամը 05:30-ի կողմերը, սիրում է Մաշտոցի պողոտայի մեջտեղը նստել, նախաճաշել- հեղ.):

-Դեռ չունե՞ք Ձեր սեփական տունը Հայաստանում:

-Դա սերիալ-կինո պիտի սարքեն: Ուրիշ մեկը կգրե («Հետքը» գրել է Արտոյի հայաստանյան տան ոդիսականի մասին- հեղ.): Դա իրենց ամոթն է, մարդն իր կյանքն է տալիս, դու իրեն խաբում ես: Ինձ համար շատ անորակ սերիալներ կան, հեռուստատեսությունը նայում ես՝ անորակ մտքեր: 5-6 ալիք կա՝ 5-ը մի մարդունն է, ժողովրդի կողմը եղող մի հեռուստաընկերություն չկա: Բոլորն էլ իրենց միսիան ունեն: Մենք աշխատում ենք, հարկ ենք տալիս, բայց մարդերը հարկ էլ չեն տալիս: Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանի եղբայրը հարկ պիտի վճարե, մարդը կամերայի առջև ժողովրդից մեկի մամային հայհոյում է: «Յութուբում» տեսա: Պիտի ամաչի հայ ըլալով:

Անցյալ անգամ էլ ասացի, հիմա ալ նորից տեսնում եմ. Ռիտա Սարգսյանի մակարդակը ազգային մակարդակ են ներկայացնում: Էդպիսի բան չի կարող լինել: Օբամայի կինն էլ միլիոն հատ բան անում է, բայց քիթը չի մտցնում մի բանի մեջ: Ես քիթս չեմ մտցնում պառլամենտ, ես ժողովուրդ եմ, իրավունք ունեմ խոսելու: Ես ժողովրդի ձայնն եմ ներկայացնում: Ինձ մեկ-մեկ ասում են՝ քար քարի վրա չես դրել, ինչո՞ւ ես խոսում: Ասում եմ՝ դու քար քարի վրա ես դրել, ի՞նչ է եղել. փլվեց:

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը համերգ էին կազմակերպել, հեռուստատեսությամբ նայեցի: Հիմա դա է մոդա: Գիտես, երեխաներին փչացնում են էդպես: Դու իրավունք չունես էդ տիպի անորակ, կեղտոտ հաղորդումներ ժողովրդին ներկայացնես, հետո ասես` պատճառը ժողովուրդն է: Ի՞նչ, ժողովուրդն է այդ ալիքը գործածո՞ւմ: Դու ես գործածում: Ժողովուրդը կարո՞ղ է լսել օրը կես կամ մի ժամ Տիգրան Մանսուրյանի մտքերը հեռուստացույցով: Չէ, «Դժվար կյանք»...  «Դժվար կյանք»... Ինչո՞ւ եք դժվար սարքում կյանքը: Դերասաններին էլ փչացնում են, իսկ որքան տաղանդավոր մարդիկ կան:

-Մտքի ճգնաժա՞մ են ստեղծում:

-Որովհետև պրեզիդենտը պիտի խելացի լինի: Դա պիտի զգա, ինքը պիտի ասի՝ մի վայրկյան, էս ի՞նչ եք անում, էդտեղից մի լավ բան չկա ժողովրդի, մարդոց համար: Բայց ի՞նչ են արել. իր տղեն էդտեղ դրել է, մյուսին ախպերն էդտեղ նստում է, քույրն էդտեղ է, մյուսի աղջիկն էդտեղ է: Էս ի՞նչ ա, արա՛: Մաֆիոզ եք, հա՞, բայց այն ատեն ապուշ մաֆիոզ եք: Խելացի մաֆիոզներ ալ կան. մասնագետին տալիս են պատասխանատվությունը, տանը նստում են, 3-4 անգամ ալ ավել են ստանում: Ճանաչո՞ւմ ես Ռոքֆելլերին: Ինքն ալ մաֆիոզ էր, բայց ի՞նչ է արել. 10.000 հա հողամաս է վերցրել ու նվիրել ժողովրդին: Բայց իրենք 10 դրամ ալ չեն նվիրել ժողովրդին: Հա, կարող է 10.000 տան, 20.000 հետ ուզեն, բայց ամոթ է, ամոթ է, չեն նայում հայելիին…

600 դոլարով ո՞նց են թանկ-թանկ մեքենաներ առնում, թանկ-թանկ շորերով... Մեկ ալ չեն ամաչում: Բոլորս ալ անում ենք սխալներ՝ դերասանները, բժիշկները, ժուռնալիստները, ուսուցիչները... Բայց բոլորն ալ պիտի ասեն, որ մենք այս մակարդակին չենք: Եվրոպացիների մոտ ես էրթում, ասում ես՝ ստորագրենք, քայլենք, հետո միանգամից էրթում ես ռուսների մոտ (նկատի ունի եվրաինտեգրումն ու Մաքսային միություն մտնելը- հեղ.): Սա հայ ազգը չէ: Հայ ազգը երկու երես չէ, բայց իրենք փողի համար ամեն ինչ կարող են անել: Իրենց ազգն ալ կծախեն: Ժամանակ պիտի գա երեսներին պիտի թքենք, որ դուք եք մեղավոր, էսքան տաղանդավոր միտք ունեցող երեխաներ փախան էստեղից: Ալ կբավե, էս ի՞նչ է, ամոթ է, 22 տարի սենց առաջ էրթում ենք: Որտե՞ղ առաջ էրթում ենք՝ ավտոնե՞րը շատանում են:

-Արտո, ի՞նչ քայլ պիտի անի հասարակությունը: Իշխանություններից այլևս սպասելի չէ որևէ քայլ:

-Ինձի համար ամենեն կարևորը հիմա ժողովրդին իր հացը հանգիստ ձևով աշխատելն է: Էս 22 տարին պիտի այդ մտքով աշխատեին, բայց 22 տարի է՝ ուտում են, ուտում են, ուտում են, չի վերջանում:

Մեկնաբանություններ (1)

Սեդա
Համաձայն եմ Արտո Ձեզ հետ: Բրավո!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter