HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիսադռնփակ նիստ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով (տեսանյութ)

Ամբաստանյալների հարազատներից շատերը չկարողացան մտնել դահլիճ

Այսօր Շանթ Հարությունյանի և 12 այլ քաղաքացիների գործով առաջին դատական նիստն էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ խուլիգանական գործողություններ կատարելու մեջ եւ 7 ամիս գտնվում են անազատության մեջ: Ձերբակալվածները սկզբում 14-ն էին, սակայն նրանցից Միսակ Միսակ Առաքելյանի խափանման միջոցը այս տարվա ապրիլի 1-ին փոխարինվեց ստորագրությամբ` չհեռանալու մասին:   

Դատարանի շենքի դիմաց երկաթյա ուղեփակոցներ էին տեղադրված, որոնց մի կողմում կանգնած էին ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, իսկ մյուսում` 14 ամբաստանյալների հարազատները, իրավապաշտպաններ, քաղաքացիներ, ակտիվիստներ` պաստառներով, Շանթ Հարությունյանի, մյուս կալանավորվածների, Վոլոդյա Ավետիսյանի դիմանկարներով, «Բոլորիս ազատությունը սկսվում է քաղբանտարկյալների ազատությունից» պաստառով ու եռագույն դրոշներով: Քաղաքացիներին թույլ չէին տալիս ուղեփակոցներից ներս անցնել: Ամբաստանյալների հարազատներից շատերը չկարողացան այդպես էլ ներկա գտնվել նիստին:   

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երկար ժամանակ է` դատարանի դիմաց է, սակայն այդպես էլ չի կարողանում մասնակցել նիստին:

Կարգադրիչները պատճառաբանում էին, թե դահլիճում տեղ չկա

Կարգադրիչները «Հետքի» թղթակցին ևս մոտ 10 րոպե թույլ չէին տալիս անցնել ու ներկա գտնվել նիստին` պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա: Այնուհետև 3 լրագրողի թույլատրեցին մտնել նիստերի դահլիճ, որտեղ ֆոտոխցիկով ու տեսախցիկով արձանագրեցինք, որ նիստերի դահլիճը կիսադատարկ է` ամեն կողմից 3-4 շարք ազատ նստարաններ կային, որտեղ մեն-մենակ կանգնած էր Րաֆֆի Հովհաննիսյանը:


«Հետքն» այս հարցով դիմեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին, ով քիչ անց եկավ դատարան: Տեսնելով իրավիճակը` նա նշեց, որ եթե բոլոր լրագրողները նստեն (նրանք կանգնած էին), տեղ չի մնա դահլիճում:

Նշենք, որ լրագրողները ևս չէին կարողանում աշխատել դահլիճում կարգադրիչների ու ոստիկանների մեծ թվի պատճառով: 

«Սա քաղաքական հարց է, փաստաբաններն ի՞նչ պիտի անեն»

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան չեն ներկայացել ամբաստանյալների մի մասի պաշտպանները` հայտնելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն, ամբաստանյալներից մեկի պաշտպանն էլ գտնվում էարձակուրդում, մյուսինն էլ փաստաբանի հետ կնքած պայմանագրի ժամկետն էր ավարտվել:

Շանթ Հարությունյանն առաջարկեց հրաժարվել փաստաբաններից. «Սա քաղաքական հարց է, իրավունքի հարց չի, փաստաբաններն ի՞նչ պիտի անեն: Հայաստանում արդարադատություն չկա, եթե լիներ, ինչի էի հեղափոխություն սկսում, կսպասեի 2018-ի ընտրություններին»:

Հարազատներից մի քանիսին հաջողվել էր մտնել դահլիճ

Պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանի կինը` Շողեր Հակոբյանը, կարողացել էր մտնել դահլիճ: Նա դիմեց դատարանին` ասելով, որ տղաների հարազատներին, քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին, մտնել դահլիճ. «Դռնբաց դատական նիստ է, իսկ մարդիկ դրսում են: Ո՞րն է խնդիրը»:

«Հետքի» հետ զրույցում Շողերը հայտնեց, որ ֆիզիկական ու հոգեկան ցավ են իրեն պատճառել ոստիկաններն ու կարգադրիչները` չթողնելով մտնել դահլիճ. «Ստորացուցիչ է, երբ քո պետության ներսում այսպես են վարվում քաղաքացու հետ: Ի՞նչ իրավունքով, չէ՞ որ սնվում են քաղաքացիների հարկերից»,- ասաց Շողերը:

Ազատամարտիկ Վահե Մկրտչյանի կինը` Մարգարիտա Ստեփանյանը, ասաց, որ Վահեի 80-ամյա հորաքույրը մնացել է դրսում, նրան ևս թույլ չեն տվել մտնել դատարանի շենք:

Նոր փաստաբաններ ներգրավելու նպատակով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 25-ը: Նիստի հետաձգումից հետո դատարանում լարված իրավիճակ էր. ամբաստանյալների հարազատները, քաղաքացիները երկար ժամանակ չէին հեռանում:

Հանրային խորհրդի անդամ Հայկ Հարությունյանի մայրը` Լաուրա Պետրոսյանը, դժգոհություն հայտնեց. «Ինչո՞ւ եք նիստը հետաձգում, քի՞չ եք պահել բանտում, ամեն օրն էլ իրենց համար նշանակություն ունի, իսկ դուք 10 օրից ավել հետաձգում եք, նախօրոք կազմակերպեիք փաստաբանների հարցերը»:  

Այնուհետև քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Նախախորհրդարանի գրասենյակ` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Ազատություն» բղավելով:

Մեկնաբանություններ (1)

Ankax Hayastan
Եվս մեկ անգամ ցույց տվեցին իրենց իրական դեմքը,վախկոտներ,հազար ամոթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter