HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզի աղբավայրերը սանիտարական չափորոշիչներին չեն համապատասխանում

Արփինե Մինասյան 

Կառավարության 2011թ.-ի Սեւանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի համաձայն` Գեղարքունիքի մարզի 92 համայնքից միայն 27-ն ունի աղբավայր, որից 5-ը գտնվում է Սեւանի, 5-ը Գավառի, 12-ը Մարտունու, 2-ը Վարդենիսի, 3-ը Ճամբարակի տարածաշրջանում: Վերոնշյալ փաստաթղթի համաձայն` գործող ու չգործող աղբավայրերը չեն համապատասխանում սանիտարական նորմերին, բաց են, աղբը չի հողածածկվում ու տոփանվում, քամին աղբը տարածում է շրջակայքում:

Սեւանի տարածաշրջանի Չկալովկա գյուղական համայնքի աղբավայրն սպասարկում է Սեւան քաղաքին, Լճաշեն եւ Վարսեր գյուղական համայնքներին: «Աղբավայրը գտնվում է Չկալովկայից դեպի հարավ-արեւելք, Երեւան-Սեւան մայրուղու աջ հատվածում: Աղբավայրը ցանկապատված չէ, չի համապատասխանում սանիտարական նորմերին: Չկալովկայի, Վարսերի, Զովաբերի եւ Լճաշենի աղբավայրերը ենթակա են լիկվիդացման:

Ծովագյուղ համայնքի աղբավայրը գտնվում է Սեմյոնովկա տանող ավտոմայրուղու ձախ կողմում: Բնական փոսորակ է: Կարելի է գործարկել` համապատասխանեցնելով գործող սանիտարական նորմերին: Աղբամշակման գործարանի կառուցումից հետո ենթակա է լիկվիդացման»,- նշված է «Սեւանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծում»:

Նույն կարգավիճակում են նաեւ Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջանների աղբավայրերը:   

Գեղարքունիքի մարզի Գավառի բնապահպանության տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի ուսումնասիրության համաձայն` կենցաղային աղբով բեռնված են մարզի գրեթե բոլոր համայնքների ճանապարհաեզրերը, գետերի հուները, միջհամայնքային ճանապարհները, դաշտամիջյան տարածքները, առանձին անտառային հատվածներ եւ այլ վայրեր: «Կենցաղային աղբն ուղիղ ճանապարհով աղտոտում է նաեւ Սեւանա լիճը, որի պահպանության համար հսկայական գումարներ են ծախսվում պետական բյուջեից: Շրջակա միջավայրը կենցաղային աղբի թափոններից մաքրելու եւ աղբահեռացումը բնականոն հունի մեջ դնելու համար խնդրում ենք ձեր հանձնարարականը համապատասխան իրավասու մարմիններին»,- ասվում է Գեղարքունիքի մարզպետին ուղղված նամակում:

Պատասխան գրությամբ մարզպետարանը կիսել է «Օրհուս» կենտրոնի ներկայացրած մտահոգությունները աղբահանության վիճակի վերաբերյալ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ 2013թ. ապրիլի 5-ին մարզպետարանում հրավիրվել է ընդլայնված խորհրդակցություն` մարզի համայնքների ղեկավարների եւ ճանապարհաշինական կազմակերպությունների մասնակցությամբ: Նրանց հանձնարարվել է իրենց համայնքներում եւ հարակից տարածքներում, միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին պատշաճ սանիտարական մաքրություն իրականացնել:  

Գեղարքունիքի մարզի աղբահանության եւ աղբավայրերի վիճակի, դրանց սանիտարական նորմերի համապատասխանության, թափոնների կառավարման գործընթացի, աղբավերամշակման գործարանի կառուցման հարցով գրավոր դիմեցինք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը գրավոր տեղեկացրեց, որ ՀՀ Կառավարության տարբեր որոշումներով մարզի 24 համայնքներին հատկացվել են աղբաթափման տարածքներ, իսկ մնացած համայնքներում կուտակված աղբը տեղափոխվում է ժամանակավոր քարտեզներով նախատեսված վայրեր: Համայնքներում աղբահանությունը կատարվում է հիմնականում ամենօրյա հաճախականությամբ:

Ս. Խլղաթյանի տեղեկացմամբ` շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրվում է Երեւան-Սեւան ավտոմայրուղու Գեղարքունիքի մարզի` մարզը հայտարարող ցուցանակից մինչեւ ք. Սեւան, այնուհետեւ Սեւան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհների հարակից տարածնքների աղբահանության վիճակը: Նախազգուշացվել են ճանապարհամերձ համայնքների ղեկավարները: Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղու ճանապարհամերձ հատվածներից դուրս են բերվել  մեծ քանակությամբ կենցաղային եւ շինարարական աղբակույտեր: Համայնքների ղեկավարներին վարչական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ նախազգուշացումից հետո նրանք մաքրել եւ շարունակում են մաքուր պահել իրենց տարածքները:

«Վերջերս մարզպետի մոտ հրավիրված նիստում մի շարք թերություններ եւ բացթողումներ են վեր հանվել: Արձանագրվել է, որ մարզի ճանապարհների եզրերին եւ դրանց հարակից տարածքներում դեռեւս նկատելի են աղբի կուտակումներ, քամիների հետեւանքով աղբավայրերից առավել թեթեւ աղբը (պոլիէթիլենային տոպրակներ, թուղթ եւ այլն) տարածվել է` ընդգրկելով ավելի մեծ տարածքներ»,- նշված էր պատասխան գրությունում:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը` Գեղարքունիքի մարզի աղբավայրերի սանիտարական վիճակի եւ մարզում աղբավերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մարզում գործող աղբավայերի սանիտարական վիճակը բավարար է: «Սեւանա լճի ափին գործող աղբավայրեր չկան, սակայն գոյություն ունեն տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղադրված հարթակներ թափոնների համար, որոնք սպասարկվում են հարակից համայնքի կոմունալ-սպասարկման եւ բարեկարգման ծառայությունների կողմից»,- տեղեկացրել էր Է. Փիրումյանը: Վերջինս հավելել էր նաեւ, որ Գեղարքունիքի մարզի աղբավայր շահագործող կազմակերպություններից է միայն «Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ը:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Խլղաթյանի` մարզի 2012-2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով Գագարին ավանում նախատեսվում է կառուցել աղբավերամշակման գործարան: Այդ ուղղությամբ մարզպետարանում կազմակերպվել են քննարկումներ, շահագրգիռ կազմակերպությունների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները փաթեթի տեսքով ներկայացվել են պատկան մարմիններին` իրականացման համար:

Այնինչ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի տեղեկացմամբ` «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ներկայացրած «Սեւանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագիծ» ծրագրային փաստաթղթին 2011թ.-ին տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ԲՓ-15 դրական եզրակացություն, իսկ Գեղարքունիքի մարզի աղբավերամշակման գործարանն առայսօր փաստաթղթեր չի ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- նշված էր նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter