HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք ո՞ւմ փեշի տակ էիք պատերազմի ժամանակ»

«Ցույց տվեք անձնագրերը, նոր անցեք»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող, Արցախյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստից առաջ շարվել էին երկաթե ուղեփակոցներ  (ինչպես երեկ մեկնարկած Շանթ Հարությունյանի և մյուսների գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց):

Դատական կարգադրիչները ստուգում էին քաղաքացիների անձնագրերը, նոր միայն թույլ տալիս մտնել դահլիճ (մինչ այդ նման կարգ չէր եղել այս գործով դատավարությունների ժամանակ):

Վոլոդյա Ավետիսյանը թոռնուհի է ունեցել

Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկները հայտնեցին, որ Վոլոդյայի որդին՝ Նորիկ Ավետիսյանն աղջիկ է ունեցել: «Վոլոդյան պապիկ է դարձել»,-ասացին նրա ընկերները, իսկ Սասուն պապը համբուրեց Նորիկին՝ շնորհավորելով նրան:

Իսկ Վոլոդյային դահլիճում դիմավորեցին «Պապի՛կ, շնորհավոր» վանկարկումներով:

Հեռախոսային վերծանումներ ու սկանդալ դատարանում

Դատավոր Լևոն Ավետիսյանը նիստն սկսելուց առաջ զգուշացրեց ներկաներին չաղմկել՝ ասելով, որ ստիպված կլինի սանկցիաներ կիրառել կամ դռնփակ նիստեր անցկացնելու մասին մտածել:

Դատախազ Պապիկյանը սկսեց ընթերցել Վոլոդյայի ու վկաների միջև դեռ նախորդ օգոստոսին տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները: Երբ դատախազը մի պահ շփոթվեց, նրան օգնեց դատավորը: Ազատամարտիկներից ոմանք տեղից արձագանքեցին՝ քմծիծաղ տալով:

-Ո՞վ էր, եթե այդքան տղամարդկություն ունեք, կանգնեք, ասեք, որ Դուք եք, թե չէ կանանց փեշերի տակ թաքնվելով…,- ասաց դատավորը:

- Ո՞ւմ փեշի տակ պահ մտնենք, մենք Սերժիկի փեշի տակ պահ չենք մտնի,-ասաց քաղաքացին ու դուրս եկավ դահլիճից:

-Դուրս բերեք դրան,-ասաց դատավորը,- առնվազն էդ մարդը ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի:

Սկսվեց  խառնաշփոթ: Ազատամարտիկները, ովքեր մինչ այդ լուռ լսում էին նիստը, վրդովվեցին՝ պահանջելով, որ դատավորը ներողություն խնդրի քաղաքացուց նրան վիրավորելու համար:

«Իսկ Դուք ո՞ւմ փեշի տակ էիք պատերազմի ժամանակ»

«Դուք վիրավորում եք քաղաքացիներին», «Ո՞ւմ փեշի տակ էիք 92 թվին, «Մենք լուռ նստած էինք, Դուք սադրեցիք». ասում էին քաղաքացիները դատավորին:

«Դահլիճը ազատե՛ք, մնան միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները»,-ասաց դատավոր Ավետիսյանը: Բայց ներկաները դուրս չեկան, դուրս եկավ դատավորը: 

Դատավորը վերադարձավ ավելի ուշ ու դատական նիստը վերսկսվեց, ներկաները նորից պահանջեցին ներողություն խնդրել իրենցից: Լևոն Ավետիսյանը, սակայն, համարեց, որ ամեն բան պարկեշտության սահմաններում է եղել ու հրաժարվեց ներողություն խնդրել:

Քաղաքացիների պահանջների ներքո դատավորը կրկին հեռացել է դահլիճից՝ նիստը հետաձգելով մինչև հունիսի 23-ը, ժամը 14-ը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ Ըստ մեղադրանքի` 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու և 500 դոլար է ուզել Ալբերտ Մաթոսյանից՝ որդուն զորամասի համակարգչային օպերատոր նշանակելու հարցերը լուծելու համար։

Պահեստազորի գնդապետը պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հարց է, քանի որ ինքն ու ընկերները մեկ տարի շարունակ բարձրաձայնում էին ազատամարտիկների սոցիալական հարցերը լուծելու անհրաժեշտության մասին, ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում կազմակերպում նստացույցեր։ Վոլոդյա Ավետիսյանը 9-րդ ամիսն է՝ կալանքի տակ է:   

Մեկնաբանություններ (2)

Հակառեժիմ
Ամեն անգամ կարդալով ինչ է կատարվում Հայաստանի արդարադատության համակարգում, ամաչում եմ, որ հայ եմ և ունեմ նման ղեկավարներ։
Վեհարի
Փաստորեն Պաշտպանության նախարարությունը պատրաստ է հայտարարել թե իրենք որպես կաշառք հազարներով դոլլարներ են վերցրել, միայն թե մեր հերոսներին փակեն բանտերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter