HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կիսելյովի տված դասերը, կամ երբ խորհրդարանը վերածվում է «գեղի կլուբի»

Ազգային ժողովի պատգամավորներին հունից հանել են օրեր առաջ խորհրդարանում ստեղծված հայ-ռուսական բարեկամության ակումբում ռուսական կենտրոնական հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակի դերը կատարող Դմիտրի Կիսելյովի հայտարարությունները: Վերջինս, ինչպես հայտնի է, իբր վրդովված լինելով ոմն հայ տաքսիստի` իր հետ ռուսերենով հաղորդակցվել չկարողանալու փաստից, ակումբում մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե որպեսզի Ռուսաստանը ապահովի Հայաստանի անվտանգությունը, անհրաժեշտ է, որ ռուսերենը, ռուսական մշակույթը Հայաստանում երկրորդական չհամարվեն: Այս մառազմատիկ գաղափարը նա փորձել է հիմնավորել նույնքան մառամզատիկ փաստարկով, թե հնարավոր չէ անվտանգությունն ապահովել քաղաքակրթական, լեզվամտածողական ու մշակութային մեկ տարածքում, բայց ինտեգրվել բոլորովին այլ տարածքի հետ:

Սեփական երկրի հասարակության ուղեղը բռնաբարելու մեջ անգերազանցելի տաղանդ ունեցող նման մանիպուլյատորից ավելին կամ այլ բան սպասել չէր կարելի: Դեռ տխրահռչակ գրիբոյեդովյան ակումբի ստեղծման և դրա շրջանակներում հայաստանյան մտավորականության ուղեղների լվացմանը, նրանցից ռուսական ազդեցության ագենտներ ստեղծելուն ուղղված Կիսելյովի գործունեությունից էր պարզ, թե ինչու է սույն բազմազբաղ կիսապաշտոնյան Երևան-Մոսկվա չվերթը սարքել ջրի ճամփա: Բայց այդ ժամանակ ոչ ոք ու հատկապես այդ ակումբի «բոհեմական» հաճախորդները, չէին ուզում հավատալ, թե իրականում ում հետ գործ ունեն և ինչպիսի յուրատեսակ թակարդի մեջ են հայտնվել: Կիսելյովն այն ժամանակ դեռ պահպանում էր էթիկետի տարրական կանոնները, փորձում իրենց կարծիքով գավառական հայ «մտավորականության» ուղեղներին հասնել նրանց ստամոքսի միջոցով: Ժամանակները, սակայն, փոխվում են և այն բանից հետո, երբ Մոսկվայում տեսան, թե ինչպես է Հայաստանի նախագահը կուլ տալիս իրեն և իր պետությանը նվաստացնելու նազարբաևյան խայծերը, Կիսելյովն այլևս էթիկետ խաղացնելու կարիք չունի. ճակատային ասում է այն, ինչ գալիս է մտքին և այնպես, ինչպես սովոր են Կրեմլից խոսել Երևանի հետ:

Կիսելյովը պարզապես երես առավ` հասկանալով, թե ինչպիսի հորթային հրճվանքով են այստեղ հակված ընդունելու իր դարակազմիկ գաղափարները՝ նույնիսկ ոչ թե որպես դասախոսություններ, այլև՝ համարյա որպես Հիսուսի լեռան քարոզի նշխարներ: Իսկ երբ երես առածին չեն հասկացնում, որ նա իսկապես երես է առնում, մի օր դա վերածվում է լկտիության, ցինիկության, ինչը և տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում:

Բայց այս դեպքում խնդիրն առանձնապես Կիսելյովը և Հայաստան գործուղվող կիսելյովատիպ էմիսարները չեն, որոնք, իրենց գործուղած պետության նման օրինաչափորեն մնացել են 17-18-րդ դարերի մտածողության սահմաններում և փորձում են առաջնորդվել գաղութացման նախնական շրջանին բնորոշ կիսապրոպագանդիսատական-կիսաահաբեկչական մեթոդաբանությամբ: Ռուսաստանը դեռ այդքան չի հասունացել՝ ժամանակակից հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման հարցում և ժամանակի ետևից չհասնելու փաստը փորձում է կոմպենսացնել հենց նման եղանակներով: 

Խնդիրն այդ մեծ ու փոքր, արժանի ու անարժան էմիսարներին առաքյալների տեղ դնելու, նույնպես 17-18-րդ դարերին բնորոշ, բայց արդեն գաղութացվածի հոգեբանությունից ու մտածողության սահմաններից այդպես էլ դուրս չգալու մեջ է, որտեղ, որքան էլ խոստովանելն ամոթալի լինի,  դրոշակակիրը մերօրյա մշակութային, տնտեսական ու քաղաքական «էլիտա»  կոչվածն է: Վերջինիս թվացյալ առաջադիմականությունն ու մոդեռնիզմն իրականում սահմանափակվում են բովանդակայինն ռեակցիոնիզմով և կոնսերվատիզմով: Հենց դրա դրսևորումն էր ոչ միայն ինքնին գրիբոյեդովյան ակումբների հայտնության հանդուրժումը, այլև խորհրդարանում Կիսելյովին գրեթե Քրիստոսի 13-րդ առաքյալի կարգավիճակով ընդունելու և պետականության մարմնացումը հանդիսացող այդ շենքում նրա հետ ռուսերենով հաղորդակցվելու իրողությունը:   

Իրականում Կիսելյովին պարզապես թույլ տվեցին կուլտուրական թքել Հայաստանի՝ պետականության մարմնացումը հանդիսացող այդ հաստատության պատերի ներսում: Ազգային ինքնությունը սեփական միջոցներով ուրանալու այդպիսի պահանջագիր ներկայացնելով՝ նա ուղղակի հասկացրեց, որ այդպիսի պետականություն իր համար գոյություն չունի, հետևաբար նաև գոյություն չունեն ոչ օրենսդիր մարմին, ոչ էլ իրեն ընդունած երկրի ժողովրդի ներկայացուցիչ հասկացողություններ: Նա իրեն պահեց այնպես, ինչպես կպահեր ռուսական ինչ-որ «պոսյոլոկի» կլուբում, որտեղ գործ ունի ոչ թե պատգամավորների հետ, այլ լավագույն դեպքում այդ գեղի տավարածների ու կթվորուհիների: Գուցե այդպես մտածելու բարոյական իրավունքը նա ուներ,  եթե նկատի ունենանք, որ ակումբում նրա մտքի «գոհարները» վայելելու եկած պատգամավորներն իրենց պահեցին հենց այն տավարածների ու կթվորուհիների նման, որոնց ժամանակին երբեմն պատիվ էին անում ծափահարելու հրավիրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի համագումարներում:

Եվ ահա Կիսելյովի հեռանալուց հետո մերոնք հանկարծ հասկացել են, թե ում հետ են գործ ունեցել ու իրականում ինչ թիրախի էր փորձում հարվածել ռուսական պրոպագանդիսատական մեքենայի ամենակենտրոնական ոտնակներից մեկը: Դրանից ահավոր վիրավորվել են ու առյուծ կտրել. հոխորտում են, հայհոյում, մատ թափ տալիս, արդարանում: Եվ այդ ամենը… Կիսելյովի մեկնելուց հետո, երբ նրա կողմից պատասխանն ստանալու վտանգն այլևս այնպիսին չէ, ինչպես խորհրդարանական «կլուբում» դեմառդեմ շփվելիս: Որքան էլ տարօրինակ թվա, դրանում առավել ակտիվ ու ջանասեր են հատկապես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները: Այսինքն՝ նրանք, ովքեր ամեն ինչ արել ու շարունակում են անել Հայաստանի «պուտինիզացման», բոլշևիկյան արժեքները վերակենդանացնելու ուղղությամբ, ում ղեկավարները ոսկե մեդալներ են շնորհում Հայաստանը Ռուսաստանի պլացդարմի վերածող, սեփական երկիրը ինքնիշխանությունից ու ինքնահարգանքից զրկելու խնդիրը մտասևեռում դարձրած տեղական կիսելյովներին:

Բայց որքան էլ ծիծաղելի ու միաժամանակ ողբալի թվան խայտառակության խարանը սեփական ճակատներից վերացնելու այս խղճուկ փորձերը, դրանք ունեն նաև դրական կողմ: Այն էլ միանգամից երկուսը: Նախ՝ սա շառաչուն և շատ ցավոտ ապտակ էր: Եթե այն ստացողն անհուսալի հիվանդ չէ, դրա մղկտոցից ուշքի է գալիս, երբեմն նաև փորձում հակադարձել: Եվ հիմա մնում է հասկանալ՝ տեղ հասե՞լ է արդյոք այդ ապտակը: Պետք է հասկանալ` այդ հոխորտանքները ի՞նչ կոնկրետ դրսևորումներ են ունենալու: Իսկ դրսևորումը նախնականի համար ուղղակի աչքի առաջ է. վերցնել ու գրողի ծոցն ուղարկել թե այդ ակումբները և թե դրա հիմնադրին և հստակ որդեգրել, որ առնվազն երկրի ներսում, անկախ ռուսների մասնակցությամբ որևէ միջոցառման ձևաչափից, պետք է առաջնորդվել «Լեզվի մասին» օրենքով և խոսել հայերենով: Հյուրերի նկատմամբ հարգանքից ելնելով՝ կարելի է նաև թարգմանիչ ապահովել: Արդյոք գոնե այսքանը անելու քաջությունը հայաստանյան «էլիտան» կգտնի՞: Արդյոք կկարողանա՞ զսպել Կիսելյովի հետ այս կամ այն օբյելկտը փակելու և ճոխ սեղանների շուրջ «տժժալու» գայթակղությունը:

Երկրորդ՝ Կիսելյովն իր այդպիսի պահվածքով ու տոնով հասավ ցանկալիի ճիշտ հակառակ էֆեկտին: Նրա ջանքերով հիմա ռուսական պետության՝ կիսելյովներ աճեցնող իշխանությանը ավելի շատ են Հայաստանում ատում, քան մինչև նրա ու նրա ակումբի ի հայտ գալը հայաստանյան իրականությունում: Դա, իհարկե, ցանկացած պարագայում լավ չէ, բայց փաստ է, որ այս ժողովուրդն ամեն ինչ ենթագիտակցորեն անցկացնում է սիրելու և ատելու պրիզմայով: Եվ եթե ռուսները չեն ցանկանում վերջնականապես կորցնել Հայաստանի հասարակության վստահությունը, ինչը չեն կարող վերադարձնել տրանսֆերտները կրճատելով, գազը կտրելով և այլն, ապա ստիպված պետք է լինեն վերանայել ներկայիս վերաբերմունքը: Այդ վստահությունը, ինչպես նաև հայ-ռուսական արժանապատիվ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները շատ ավելի մեծ արժեք են և ավելի մեծ գին ունեն, քան ցանկացած իշխանության կամազրկությունը: Ռուսաստանը հիմա այս պարզագույն ճշմարտությունը չգիտակցելու հետևանքները լիուլի զգում է: Հիմա հերթը Հայաստանինն է… 

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅԱԶՆ
Ռուսաստանը սկսել է էմիսարներ ուղարկել իր վասալային երկիր, ամեն ինչ նորմալ է
Գեւորգ
Հոդվածը գուցե փոքր ինչ էմոցիոնալ է, սակայն միտքը ճիշտ է: Կարելի է ավելացնել սակայն որ խնդիրը մեզ համար շատ էլ նոր չէ եւ միայն ռուսների հետ չէ որ կապված է: Եթե միայն մի փոքր ուշադրություն դարձնենք մեր որոշ անունների (մի փոքր հին) եւ հատկապես որոշ ազգանունների վրա, ապա որոշ եզրակացություններ կարող ենք կատարել մեր «տիրասիրության» մասին: Յուրա, Իվան, Բորիս, Վագիֆ (Ղարաբաղցիներ), Օթար, Տարիել, Նոդար (Վրաստանի հայեր) Աղաբեկյան, Աղաբաբյան, Աղաջանյան, Ամիրխանյան, Դովլաթյան, Բեկզադյան, Ամիրբեկով, Ատարբեկով, Ավակով, Ենոկով, Անաստասով եւ այլն եւ այլն ---- Եղբայր, եկենք ասենք, որ մտնելը վաղուց է եղել սովորական ու հիմա հանգիստ մտածենք թե ոնց կամաց կամաց արժանապատվություն սովորենք: Ինչ վերաբերվում է այդ պարոնին, ապա պիտի շնորհակալ լինենք, որ ցուցադրեց մեր տեղը իրենց աչքին: Բայց ես ենթադրում եմ, որ էս գործն առանց հարկավոր լիցքավորման չէր ստացվի (Նոյակով կամ այլ բարձր մարկայի!) Փաստորեն դուք էլ էդ մարդուն էք քաշել - խմեցրել ու խոսեցրել եք! Հիմա Մոսկվայում ականջները պիտի քաշեն օրենքով: Հայեր, Հայեր! - մեզ հետ իրոք զոռ ա գործ ունենալը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter