Շաբաթ, 22 սեպտեմբերի

Օպերլիազոր Լեռնիկ Գիգոլյանի «բացահայտումները»



«Հետքի» մայիսի 13-ի «Ապօրինի անատառահատումներին տեղյակ են ոստիկանությունը, դատախազությունը, մարզպետը և նախարարը» հոդվածի փաստերով նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում: Բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հարությունյանի մայիսի 26-ի որոշմամբ հանցագործության բացակայությամբ հիմքով մերժվել է քրեական գործ հարուցելը:

Հիշեցնենք, որ հոդվածն ահազանգել է Մոտկորի անտառներում իրականացվող ապօրինի մասսայական անտառահատումների ու դրանց հետ կապված մոտկորցիների դժգոհությունների մասին, որում գրել էինք. «Մայիսի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Մարց գյուղի տակ՝ ճանապարհաեզրին, անտառի մեջ մխրճված կանգնած էր 81 VC 800 համարանիշով մեծ բեռնատարը: Վարորդը բացակայում էր: Ավտոմեքենայի մոտ թափված փայտի մնացորդները վկայում էին, որ տարածքը բեռնատարների փայտով բեռնվելու կայանատեղի է»:

«Հետքը» ահազանգել է նաև Լորուտ-Մարց ճանապարհահատվածում փայտով բեռնված մի բեռնատարի մասին:

Հրապարակման փաստերով նյութեր նախապատրաստելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Լեռնիկ Գիգոլյանը բացահայտել է, որ 81 VC 800 համարանիշի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը պատկանում է Մարց գյուղի բնակիչ Սեյրան Վազգենի Մկրտչյանին: Իր բացատրությամբ Սեյրան Մկրտչյանը հայտնել է, որ 2014 թ.-ի մայիսի 6-ին իր սեփական 81 VC 800 հաշվառման համարանիշի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Արմավիրում բնակվող իր ընկերոջ համար 28 խմ փայտ տեղափոխելուց 6 օր անց` մայիսի 12-ին, իր «ԿամԱԶ»-ը Մարցի «Բոբոխի աղբյուր» կոչվող տարածք է տարել` բեռնախցիկը վառելափայտի մնացած ոչ պիտանի կտորտանքներից մաքրելու համար: Սեյրան Մկրտչյանի այս բացատրությամբ էլ օպերլիազորը փորձել է հիմնավորել, որ հոդվածում նշված «ԿամԱԶ»-ը բեռնվելու համար չէ կանգնած եղել անտառում և որևէ կապ չունի ունեցել մայիսի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Լորուտ-Մարց ճանապարհով ընթացող, փայտով բեռնված ավտոմեքենայի հետ, որի մասին նշել էինք հոդվածում: Ոստիկանությունում նաև բացահայտել են, որ փայտով բեռնված ավտոմեքենայի վարորդը եղել է Մարց գյուղի բնակիչ Արտակ Սեյրանի Մկրտչյանը, իսկ փայտով բեռնված է եղել վերջինիս անձնական օգտագործման «ԳԱԶ-66» մակնիշի 31 US 146 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:

Նախապատրաստված նյութերում Արտակ Մկրտչյանը բացատրություն է տվել, որ 2014 թ.-ի մայիսի 12-ին իր տան համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղում վճարել է 28 հազար դրամ և ինքնապատրաստման եղանակով գնել է 4 խմ վառելափայտ: Այսուհանդերձ նախապատրաստած իր նյութերում Լեռնիկ Գիգոլյանը չի արձանագրել և թաքցրել է, որ Արտակ Սեյրանի Մկրտչյանը Սեյրան Վազգենի Մկրտչյանի հարզատ որդին է, իսկ 81 VC 800 համարանիշով «ԿամԱԶ»ճը և մայիսի 12-ին Լորուտ-Մարց ճանապարհահատվածը հատող, փայտով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը պատկանում են հայր և որդի Մկրտչյաններին:

Օպերլիազորը և ոստիկանապետ Արթուր Հարությունյանը թաքցրել են նաև, որ Սեյրան Մկրտչյանի «ԿամԱԶ»-ը հենց բեռնվելու համար է կանգնել ճանապարհի մոտ և սպասելիս է եղել որդու` Արտակ Մկրտչյանի կողմից «ԳԱԶ-66» ավտոմեքենայով տեղափոխվող փայտին: Նախապատրաստված նյութերով միտումնավոր չի բացահայտվել նաև, թե Դսեղի անտառտնտեսության որ անտառապետությունից է Արտակ Մկրտչյանը իր բեռնատարով տեղափոխել փայտը և օրվա ընթացքում քանի անգամ է «ԳԱԶ- 66»-ով մտել հատատեղ` իր հորը պատկանող 28 խմ տարողությամբ «ԿամԱԶ»-ը բարձելու համար: Դրա փոխարեն հոդվածում բերված ապօրինի անտառահատումների և մյուս փաստերը հերքելու դիտավորությամբ, առանց լրագրողի բացատրությունները լսելու և առանց առերեսման Լեռնիկ Գիգոլյանը ոստիկանություն է հրավիրել և հատուկ աշխատանք է կատարել ապօրինի անտառահատումների մասին ահազանգող մարցեցիներին, տաքսու վարորդին, Դսեղի անտառապետ Սամվել Վանյանին, հոդվածի հետ որևէ առնչություն չունեցող Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանին, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և էլի ուրիշ մարցեցիների ու դսեղցիների, ովքեր Լեռնիկ Գիգոլյանին հավաստիացրել են, թե Մոտկորի անտառներում ապօրինի անտառահատումներ չեն լինում:

Լեռնիկ Գիգոլյանը գնացել է նաև զավեշտալի այլ ծայրահեղությունների: «Մեր գյուղացիների ձեռքին բան չկա, անտառը մեզական չէ»,- հոդվածում հայտնել է տարեց մարցեցի տիկին Սուսաննան, ում լուսանկարը զետեղված է հոդվածում: Վերջինիցս հերքում ստանալու համար «հարցաքննվել են Մարց գյուղում բնակվող բոլոր Սուսաննա անունով անձինք` Սուսաննա Աֆիցերյանը, Սուսաննա Բրուտյանը և Սուսաննա Վարդանյանը: Նրանք բոլորն էլ հայտնել են, որ անտառահատումների մասին լրագրողի հետ չեն խոսել»,- իր պատասխանում հայտնում է Լ. Գիգոլյանը: Զավեշտալի այս նյութերը հաստատել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հարությունյանը:

Մոտկորի անտառներում ապօրինի կազմակերպված անտառահատումները շարունակվում են` ոստիկանության Թումանյանի բաժնի հովանու ներքո: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. լոռեցի 17:28 - 14 հունիսի, 2014
Փրթել ու ծախել, անտեր երկիր, էտ էլ հալալ ապրուստ. Երեւում է ոստիկանի, բանի համար էլ է եկամուտը քչություն անում
2. Հրաչյա Պապինյան22:53 - 14 հունիսի, 2014
Ես չգիտեմ Գիգոլյանը ում հանձնարարությամբա թաքցնում անտառահտման փաստերը, բայց կարծում եմ ոչ մի լոռեցու համար գաղտնիք չէ, որ անտառը թալանվում է ամեն օր առանց դադարի, առանց կիրակիի, մենակ նոր տարվա մի քանի օրնա դադարում: Մի քանի օր առաջ Ալավերդուց Երաևն էի գալիս, մոտս կար տեսախցիկ, որ տանում էի մասնագետի մոտ նորոգման: Արդեն երեկո էր, առաջիս մի փայտ բարձած մեքենա էր անցնում, կանգնեցի կամերան պատրաստեցի որ նկարեմ, ցավոք տեսաժապավեն չկար մոտս, անցա առաջ և ընդամենը մի տասը մետր անցնելուց հետո մի կապտավուն ՈՒԱԶ մեքենա էր կանգնած երբ անցա այդ մեքենան նկատեցի որ վարորդը ձեռքով է անում, ինձ թվաց ինձ է ողջունում երբ վազանցեցի, նկատեցի որ ոստիկանի զգեստով ինչ որ մեկն էր, հյաելում ետ նայեցի տեսա որ փայտի մեքենային է նշան տալիս, որ ապահով է անցի: Շահալիի մոտ բարձրացա ճանապարհի մոտի բարձունքը և կամերան պահեցի փահտի եմքենայի վրա, վարորդը դեմքը ծածակեց և անցավ , համարները ցեխոտ էին կարացի միայն 38 համարը, իսկ ՈՒԱԶ-ին սապսեցի, որ համարները գրեմ, սպասեցի մի տասը րոպե չեկավ,ք անի որ անձրև սկսվեց թողեցի և ես էլ շարժվեցի: Հիմա եթե ոստիկանությունը կրիշա է փայտի գողերին, էդ ոնց պետք է բացահայտեր գիգոլյանը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ