
Հայտնի են Ջավախքի շրջանային վարչության ղեկավարները. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Վրաստանում երեկ կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն իսկ հրապարակում է ընտրությունների արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների՝ Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարի թեկնածուներից առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Էդուարդ Աղասարյանն է. հավաքել է 60.5 % ձայն: Մնացյալ երկու թեկնածուները՝ «Ոչխորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչ Արտաշես Փալանջյանը և «Ազգային շարժման» թեկնածու Արթուր Կիրակոսյանը հավաքել են համապատասխանաբար 36 % և 3% տոկոս քվե:
Նինոծմինդայի շրջանային ղեկավարի «Վրացական երազանքի» թեկնածու Գագիկ Կարսլյանը հավաքել է ավելի քան 80.5 % ձայն, իսկ մրցակից Սևակ Երանոսյանը՝ ավելի քան 19 %:
Ախալցխայի շրջանային վարչության ղեկավարի պաշտոնի համար առավելագույն ձայներ է հավաքել «Վրացական երազանքի» թեկնածու Զազա Մելիքեձեն՝ շուրջ 60 %: Ախալցխայի քաղաքապետ է ընտրվել «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Կոպաձեն՝ հավաքելով ավելի քան 60 % քվե: Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գելա Դեմետրաձեն՝ 31 %:
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներից առաջատարը կրկին «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Նարմանիան է:
Ողջ Վրաստանի տարածքում համամասնականով առաջատարը «Վրացական երազանքն» է. որը հավաքել է ընտրողների ձայների 51.5 %-ը: Երկրորդ տեղում Մ.Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» է՝ 21.9 %, իսկ երրորդ տեղում՝ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Միացյալ ընդդիմությունը»՝ 10.2 %:
Մեկնաբանել