HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցեցերի «թակարդային մոնիթորինգ»՝ Արարատի և Արմավիրի մարզերում

Արարատի եւ Արմավիրի մարզերում ցեցերը դարձյալ գլուխ են բարձրացրել: Եթե ժամանակին դրանց դեմ պայքարի միջոցառումներ չիրականացվեն, գյուղացիական տնտեսությունը զգալի վնասներ կկրեն, ինչպես եղավ նախորդ տարիներին: Նշված մարզերի գրեթե բոլոր համայնքապետարանների շենքերի պատերին փակցված են՝ «Պայքարենք ցեցերի դեմ» գրությունը: Գյուղացիական տնտեսությունները հույս ունեն, որ այս տարի կառավարությունը պայքարի արդյունավետ միջոցներ կիրականացնի եւ ցեցերից վնասներ չեն կրի:

Կառավարությունը կարեւորում է կարտոֆիլի ցեց եւ լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման տարածությունների ճշտման եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների որոշման նպատակով ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի անցկացումը: 2014թ. ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգ կիրականացվի 9300-9500 հա վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, տաքդեղի, սմբուկի ցանքատարածություններում եւ դրանց հարակից՝ մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում:

Այս տարվա ապրիլի 3-ի որոշմամբ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել կարտոֆիլի ցեց եւ լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագրում: Որոշվել է ծրագրի իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից այս տարվա առաջին կիսամյակում հատկացնել 27 միլիոն 460 հազար դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ մայիսի 8-ին արդեն կնքվել է  «Ծառայությունների գնման պայմանագիր»: Վերը նշված գումարի շրջանակում ՊՈԱԿ-ը Արարատի եւ Արմավիրի մարզերի շուրջ 2000 հա կարտոֆիլի ցանքերում  պետք է տեղադրի 400 կարտոֆիլի ցեցի ֆերոմոնային թակարդ (5 հեկտարի հաշվով՝ մեկ թակարդ), լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլանոցներում, դաշտերում եւ դրանց հարակից՝ մորմազգի մոլախոտերով վարակված շուրջ 7500 հա տարածքներում` 2500 լոլիկի ականող ցեցի թակարդ (3 հեկտարի հաշվով՝ մեկ թակարդ): Մոնիտորինգը պետք է իրականացվի 6-7 օր պարբերականությամբ:

Նշենք, որ ցեցերը սնվում են մշակաբույսերի տերեւներով, պալարներով եւ պտուղներով, թիթեռների թռիչքն սկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջ: Կառավարությունը հույս ունի, որ ծրագրի իրականացման եւ հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում բերքի կորուստը կկանխվի մինչեւ 70 տոկոսով, իսկ բույսերի պաշտպանության միջոցների ծախսը կկրճատվի առնվազն 50 տոկոսով:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզի Էջմիածնի եւ Արմավիրի տարածքների գյուղերում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից արդեն մեկ շաբաթ է՝ տեղադրվում են ֆերոմոնային թակարդներ եւ 1-2 օրից տեղադրման աշխատանքները կավարտվեն:

Վարչության պետի խոսքերով՝ թակարդները ոչ թե պայքարի, այլ վնասատուի վնաս հասցնելու, տարածվածության աստիճանը որոշելու համար է: «Դիտարկումները ցույց են տալիս, որ կարտոֆիլի վարակվածության աստիճանն ավելի թույլ է, համեմատաբար ավելի  ինտենսիվ է լոլիկի ցեցի ակտիվությունը: Դրա համար մենք հայտարարություն կանենք, որ գյուղացիական տնտեսությունները բուժանյութերով պայքարի աշխատանքներ իրականացնեն»,-ասում է Արթուր Այվազյանը:

Վաղը Արմավիրի մարզխորհրդի նիստի ժամանակ, Ա. Այվազյանը կհրապարակի նաեւ այն թունաքիմիկատների ցանկը, որով գյուղացիները պետք է պայքարեն ցեցերի դեմ:

Մարզպետարանի պաշտոնյան դժվարացավ ասել, թե նախորդ տարվա համեմատ ցեցերն ինչ ակտիվություն են դրսեւորում: «Հիմա հստակ չեմ կարող ասել, մի քանի օրից պատկերը պարզ կլինի»,-ասում է Արթուր Այվազյանը:

Վերջին երկու տարիների ընթացքում Արարատի մարզի Դարակերտ համայնքը ցեցերի գրոհի «զոհ» է դարձել: Դարակերտի համայնքապետ Սիմոն Ղուկասյանն ասաց, որ իրենց համայնքում այս տարի թակարդներ են տեղադրվել եւ հույս ունի, որ պայքարի այս մեթոդը արդյունավետ կլինի եւ գյուղացին վնասներ չի ունենա:

Թե որքանով արդյունավետ կլինի «թակարդային մոնիթորինգը» պարզ կլինի առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter