HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

850 կգ թմրանյութ փոխադրող վարորդն իրեն մեղավոր չի ճանաչում

Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 1 տոննա թմրայութի տեղափոխող վարորդ, Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում:

Նրա պաշտպան Գուրգեն Մադոյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցնում է, որ գործում առկա բոլոր ապացույցները հաստատում են, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին կապ չի ունեցել թմրանյութերի հետ: «Ավթանդիլ Մարտիաշվիլու միակ մեղքն այն է եղել, որ ինքը ոչ պատշաճ պահի անպատշաճ տեղում է գտնվել»,- նշում է պաշտպանը:

Նախաքննական շահերից և գաղտնիությունից ելնելով՝ Գ. Մադոյանը գործում առկա ապացույցներին անդրադառնալ չցանկացավ: Սակայն նշեց, որ գործը եզրափակիչ փուլում է և շուտով կմտնի դատարան:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել են 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն): Բեռնատարի  վարորդ 1953թ-ին ծնված Ավթանդիլ Մարտիաշվիլին  ձերբակալվել է: Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել էր նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպման մեջ մեղադրվող, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:

Վարորդ Մարտիաշվիլուն մեղադրում են մաքսանենգության և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղաափոխելու մեջ (ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մաս և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Խափանման միջոց ընտրված կալանավորումը երկու անգամ երկարացվել է: Գուրգեն Մադոյանն ասում է, որ հենց սկզբից էլ վարորդ Մարտիաշվիլին հերքել է իր առնչությունը թմրամիջոցների տեղափոխման գործին: Նշել է, որ ինքն օգտագործվել է այլ անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կատարելու նպատակով, իսկ ինքը եղել է ընդամենը ավտոմեքենայի վարորդը՝ աշխատելով տրանսպորտային ընկերությունում:  

Ավթանդիլ Մարտիաշվիլին, ինչպես պատմել էր կինը, բոլորովին վերջերս էր աշխատանքի անցել վրացական բեռնափոխադրող “Hovo Logistic” ընկերությունում, որի ղեկավարը ձերբակալված թուրք Օսման Ուգուրլուն է:

Տրանսպորտային միջոցն իր անունով չէ, գրանցված է բեռնափոխադրող ընկերության անվամբ: Պաշտպան Գուրգեն Մադոյանն ասում է, որ թաքստոցի և թմրամիջոցի հայտնաբերումը անակնկալ է եղել իր պաշտպանյալի համար:

«Այդ ամենը նա հայտնել է հենց թմրամիջոցի հայտնաբերման պահից սկսած: Թմրամիջոցները հայտնաբերելու պահից մինչև այսօր իր տված ցուցմունքները նույնն են, ու քրեական գործի քննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական, օպերատիվ հետախուզական այլ գործողությունների արդյունքում էլ իր տված ցուցմունքների արժանահավատությունը հաստատվել է նախաքննական մարմնի կողմից»,- ասում է Գ. Մադոյանը:

Պաշտպանը նշում է, որ այս դեպքում գործ ունեն ոչ թե անմեղության կանխավարկածի պահպանման հետ, որի դեպքում չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ վերջինիս, այլ հակառակը, բոլոր ապացույցները հաստատում են նրա ցուցմունքների արժանահավատությունը:

Հանրային պաշտպան Գ. Մադոյանը համոզված է, որ եթե գործը գնա դատարան, այնտեղ էլ նույն ապացույցները կհետազոտվեն և կհամոզվեն, որ քրեական գործում վարորդի խոսքերը հերքող որևէ փաստական տվյալ չկա: Ընդհակառակը, բազմաթիվ ապացույցներ կան, որոնք թե առանձին-առանձին, թե համակցությամբ հաստատում են նրա ցուցմունքների հավաստիությունը:

«Այդ ամենը վկայում է այն մասին, որ իր արարքում բացակայում է իրեն մեղսագրվող հանցագործության հանցակազմի պարտադիր տարր հանդիսացող մեղքը: Այսինքն՝ իր կատարած արարքում հանցագործություն չկա»,- նշում է պաշտպանը:

Նման պարագայում, ըստ փաստաբանի, քրեական հետապնդում իրականացնող մարմինը այլ անելիք չուներ, քան որոշում կայացներ Ա. Մարտիաշվիլու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և նրան ազատ արձակեր: Մինչդեռ նախաքննական մարմինը վարորդ Մարտիաշվիլուն կալանքից ազատելու պաշտպանի միջնորդությունը մերժել է և որոշում է կայացվել նրա նկատմամբ մեղադրանքը փոփոխելու մասին:

Մեղադրանքը փոփոխվել է ոչ թե հոդվածների, այլ բովանդակային առումով: Դատաքիմիական փորձաքննության տարված թմրանյութը, պարզվել է, ոչ թե 927 կգ է, այլ 850:

Պաշտպանության կողմը մտավախություն ունի, որ հաշվի առնելով հայկական իրականությունը և գործի հնչեղությունը՝ չի բացառվում, որ այս քրեական գործը Ա. Մարտիաշվիլու մասով մեղադրական եզրակացությամբ գնա դատարան, ինչը այս պայմաններում Քրեական դատավարության օրենսգրքի և միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում է:

Փաստաբան Մադոյանը կարծում է, որ քրեական հետապնդում իրականացնող  մարմինն այս կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից և գործն ուղարկում է դատարան, որպեսզի վերջինս որոշի վարորդի մեղքը կամ անմեղությունը:

«Չեն ուզում պատասխանատվության բեռն իրենց վրա լինի: Այնպես չլինի, որ բաց թողնեն, հետո դատարանում այլ բան պարզվի, վարորդն էլ Վրաստանի քաղաքացի է, խնդիր կունենան»,-կարծում է փաստաբանը: Նա, սակայն, հավելում է, որ  դա հիմք չի կարող լինել վարորդին անազատության մեջ պահելու համար:

Հանրային պաշտպանը փորձում է հասնել նրան, որ նախաքննական մարմինը քրեական գործով մեղադրական եզրակացությամբ դատարան չուղարկի ու վարորդ Մարտիաշվիլու վերաբերյալ վարույթը կարճի հանցակազմի բացակայության հիմքով: Եվ մեկ միջնորդություն է ներկայացնելու առաջիկայում:

«Այս գործը, աշխարհի ամենաուժեղ մեղադրողն էլ կարդա, կգա այն եզրակացության, որ վարորդը մեղավոր չէ»,- ասում է Գ. Մադոյանը և նշում, որ սա ոչ թե որպես պաշտպանի դիրքորոշում է հայտնում, այլ ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը:

Ձերբակալումից մեկ ամիս անց Մեղրիի մաքսակետի պետ Ս. Հայրապետյանը Ավթանդիլ Մարտիաշվիլուն ավելի քան 2 մլն դրամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացրել, քանի որ վերջինս «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով է մտել Հայաստյան, որի դեպքում մեքենան 15 օր կարող է գտնվել Հայաստանում: Ձերբակալվելուց հետո մեքենան սահմանված ժամկետում չի վերահայտարարագրվել: Մաքսայինի պետ Հայրապետյանն էլ որոշել է տուգանել վարորդին: ՊԵԿ-ի տուգանքի որոշումը, ըստ փաստաբանի, չի կարող հետևանք առաջացնել: Ըստ ամենայնի՝ այդ որոշումը կվերացվի, քանզի գործով ապացուցված է, որ այդ ավտոմեքենան արգելանքի տակ է, իսկ վարորդը՝ կալանքի տակ:

«Մի մարմինը մյուս մարմնի գործողություններին տեղյակ չլինելու արդյունք է եղել»,- կարծում է Գ. Մադոյանը: 

Մեկնաբանություններ (3)

nika123
avtandil martiashvili didnot know about druggg and he is inocent georgian goverment must help him
Վ. Առաքելյան
Թուրքը վրացուն է քաշել, վաղը թուրքիան վրաստանին է խաբելու:
avo
Հէտաքրքիր հիմա ուր է այդ 927 կգ հերոին տեսակի թմրամիջոցը???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter