HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոցը» կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից (լուսանկարներ)

Հունիսի 14-ին մեկ օրով վարձակալվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը, որը տրամադրվել էր ինչ-որ փակ միջոցառման համար: Դրանից մեկ օր առաջ «Ֆեյսբուքում» զբոսավարներից մեկը տարածել էր լուսանկարներ՝ «կորպորատիվ փարթիի» պատրաստության մասին: Միջոցառման համար օգտագործվել է ոչ միայն խոտածածկ տարածությունը, այլև Զվարթնոցի տաճարի ավերակների՝ սյուների հետին հատվածը, որտեղ տեղադրվել են մետաղական հարմարանքներ՝ էկրանն ամրացնելու համար:

Սյուների հարևանությամբ էլ՝ գետնին, դրվել են տարբեր սարքավորումներ: Խոտածածկին կրկին մետաղական կոնստրուկցիաներով մեծ վրան է պատրաստվել: Ինչպես երեւում է լուսանկարներում, տարբեր տեղերում առկա է ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերության անունը՝ նույնիսկ մեծ գրությամբ:


«Փարթին» փակ է եղել, որին միայն մասնակցել են հրավիրված անձինք: Այդ օրը զբոսաշրջիկների խմբեր են գնացել արգելոց-թանգարան, սակայն բոլորն էլ ստիպված են եղել հեռանալ դարպասների մոտից:

Խնջույք տաճարում՝ զուգարանները վերանորոգելու դիմաց

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ասում է, թե տեղյակ չէր՝ ով է եղել խնջույքի կազմակերպիչը: Նշում է, որ կառավարության կողմից է եղել, հայ և ռուս բարեգործներ էին: Փոխարենը գիտի, որ այդ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: «Էս ամբողջ տարածքում երկու հավաքարար ունենք, որ ամեն մի գնացողի հետևից վեդրոն վերցրած վազում էին՝ ինձանից բռնած: Հո մենք կրակը չե՞նք ընկել: Էս ո՞րերորդ դարն է»,- ասում է նա: Հետո ավելացնում է, որ 29 տարի աշխատում է այդտեղ, չի թողնում, որ մի ծիտ «թռվռա», ինքն է մշակում ծառերը, հսկում տեղանքը, ու վստահեցնում է, որ այդ միջոցառումից հետո ոչ մի քար չի վնասվել: Նաև զարմանում է, թե ինչու է այդպիսի աղմուկ բարձրացել: Ասում է՝ դրա փոխարեն թող աղմկողները գնան իրեն օգնեն հուշարձան պահպանելու գործում: «Էսօր մեկը սանհանգույցն է արել, մյուսն էլ ցանկապատը կանի»,- ասում է Վ. Գրիգորյանը:

Նախարարությունը հայտնում է

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մայիսի 27-ին «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր: Այն ստորագրել է ընկերության տնօրեն Էդգար Մանուկյանը: «Պայմանագրի առարկան հետևյալն է. ընկերությունը՝ «Քեմփ Վենչուրս»-ը, պարտավորվում է կատարել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող զբոսաշրջիկների այցելության սրահի սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ, իսկ մենք պարտավորվում ենք դրա դիմաց տարածքը տրամադրել՝ միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու համար»,- նշում է Վլ. Պողոսյանը:

Միջոցառումն, ըստ նրա, հայ և ռուս գործարարներին էր նվիրված: Ասում է՝ կազմակերպիչներն էին նախատեսել Զվարթնոցում միջոցառում անցկացնել: Դիտարկմանը, թե Զվարթնոցն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, նախարարության աշխատակիցը նշում է. «Զվարթնոցի հնավայրը, այո, Դուք ճիշտ եք, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ցանկում, բայց բուն միջոցառումը տեղի է ունեցել, եթե ֆիքսել եք, ստեղծագործողի տան դիմացի հարթակում՝ վրանների մեջ»: Իսկ մեր հավելմանը, թե էկրան էին փակցրել սյուների հետևում, նա պատասխանում է. «Հա, հիմնականում 3D-ով նախատեսվում էր տաճարին բնորոշ պատկերներ ցուցադրել և այլն, և այլն»:

Պողոսյանի փոխանցմամբ՝ տարածքի վարձակալման մեկ օրվա գինը 700.000 դրամ է: Իսկ սանհանգույցների (ներքևի նկարում) վերանորոգման համար, ՊՈԱԿ-ի տնօրենի հավաստիացմամբ, ավելին է ծախսվել:

Վերջինս նաեւ թվարկում է պայմանագրով նախատեսված կետերը, ըստ որոնց՝ վարձակալը տարածքը պետք է պահի մաքուր վիճակում, իր գործողություններով չպետք է խանգարի արգելոց-թանգարանի բնականոն աշխատանքը, տարածքի հուշարձաններին պատճառած վնասի դեպքում փոխհատուցում պիտի կատարի և այլն: Խնդրեցինք մանրամասնել, թե ինչ է ենթադրում «բնականոն աշխատանքը», Պողոսյանն ասաց. «Տարածքի բանվորը, եթե աշխատանք է իրականացնում, ծառերի ջրման կամ բարեկարգման աշխատանք, [վարձակալը] չասի, թե դուք ինչի եք էդտեղ»:

Սակայն շեշտենք, որ, ըստ մեր տեղեկությունների, տարածքը փակ է եղել ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հենց արգելոց-թանգարանի աշխատակիցների համար: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասացին աշխատակիցներից երեքը, որոնց շահերից ելնելով՝ անունները չենք նշում:

Ներկայացնենք նրանից մեկի հետ «Հետքի» կարճ զրույցը.

-Միջոցառում ա եղել այստեղ, իրանց տոնն էր, ինչ էր, մեզ ստեղ չեն թողել, կողմնակի մարդ չի եղել, մենակ իրանք են եղել:
-Հայեր չե՞ն եղել:
-Չէ, չէ, ոչ մեկ:
-Դե, հայերից ներկայացուցիչ…
-Հա, նախարարությունից մարդ է եղել:
-Մշակույթի՞:
-Հա, ընենց կողմնակի մարդ չի եղել:
-Իսկ ինչի ձեզ չեն թողել, իրանց ի՞նչ պիտի անեիք:
-Ոչ մի բան, իրանք հանգիստ… ճաշկերույթ են արել:

Ամսի 16-ին՝ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում բողոքի մեծ ալիք բարձրացավ այս «կորպորատիվ փարթիի» շուրջ, ՊՈԱԿ-ի կայքում, այսպես կոչված, պարզաբանող ինֆորմացիա հայտնվեց: Դրանում նշվում է, թե ՊՈԱԿ-ն իր կանոնադրությամբ հաստատված հուշարձանի հանրահռչակման գործառույթն իրականացնում է նաև բաց և փակ միջոցառումների միջոցով: Դրանք, ըստ հայտարարության, իրականացվում են ՊՈԱԿ-ի մյուս արգելոց-թանգարաններում նույնպես, իսկ միջոցառումների քաղաքականությունը որոշում է ՊՈԱԿ-ը՝ համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Նշվել է նաև, որ Զվարթնոցում փակ միջոցառում է եղել նաև հունիսի 7-ին: Ըստ կայքի՝ «փակ» օրերի փոխարեն արգելոց-թանգարանն աշխատել է այլ օրեր, ինչի մասին նախապես իրազակել են էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանը, ինչպես նաև հայտնել համացանցով:  


«Քեմփ Վենչուրս»-ը հերքում է

«Քեմփ Վենչուրս»-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրականությանը չի համապատասխանում Վլ. Պողոսյանի ասածը, թե կազմակերպիչը եղել է իրենց ընկերությունը: ««Քեմփ Վենչուրս»-ը հանդիսացել է տեխնիկական կապալառու, և իր պարտականությունը կայացել է միջոցառման վրանը մոնտաժելը, և դա տեղի է ունեցել «Զվարթնոցի» տաճարի հարակից տարածքում՝ հուշարձանի կողքը, բայց ոչ հուշարձանի տարածքում»,- նշում է նա: Իսկ հարցին, թե ինչու է նախարարության աշխատակիցը նշել իրենց ընկերության անունը՝ որպես պայմանագիր ստորագրող կողմի, Անուշ Բեղլոյանն ասաց. «Կամ ինքն ապատեղեկացված է, կամ ես չեմ կարող մեկնաբանել նման հայտարարությունը: Ես՝ որպես ընկերության աշխատակից, կարող եմ ասել, որ «Քեմփ Վենչուրսը» վարձվել է արտասահմանյան ընկերության կողմից որպես վրան մոնտաժող: «Քեմփ Վենչուրս»-ի աշխատակիցները ներառված չեն եղել միջոցառման կազմակերպմանը և միջոցառմանը»:

Նա, սակայն, հրաժարվեց ասել, թե ով է միջոցառման կազմակերպիչը՝ համարելով, որ իրավասու չէ, չի կարող բացել պատվիրատուների գաղտնիքը:

Նշենք, որ «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ. և «Սքուլ Վենչուրս» ՓԲԸ-ի իրավահաջորդն է: «Քեմփ Վենչուրս»-ը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացնողներից մեկն է, իսկ վերջինիս հեղինակն ու գլխավոր հովանավորը, ինչպես հայտնի է, գործարար «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանն է:

Զվարթնոցը համաշխարհային ժառանգություն է

Զվարթնոցի տաճարը կառուցվել է կաթողիկոս Ներսես Տայեցի Երրորդի օրոք՝ 643-652 թթ.: 2000 թ. այն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1011 համարի ներքո. այս համարով գրանցվել են նաև Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները՝ իբրեւ մեկ ընդհանուր արժեք): Այստեղ չափանիշներից մեկը համարվում է այն, որ տվյալ օբյեկտը մարդկային ստեղծագործ մտքի գլուխգործոց է: Մինչդեռ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է ընդամենը 700.000 դրամով սրբավայր-արգելոցը տրամադրել միջոցառումների համար, այդ թվում՝ հարսանյաց արարողությունների (խոսքը ոչ միայն ծիսակարգային արարողությունների, այլև կերուխումի մասին է): Փաստորեն, մշակույթի նախարությունը սրբավայրը հավասարեցնում է ռեստորանի մակարդակի (ընդ որում՝ բարձրակարգ ռեստորաններն ավելի թանկ են) և դրա տարածքը դիտարկում իբրև կերուխում-փարթիներից փող աշխատելու լավ միջոց:

Հայաստանում՝ ԱԳՆ-ի կազմում, գործում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողով, որի նախագահը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը Վահրամ Կաժոյանն է: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ առանց թույլտվության չի կարող պատասխանել հարցերին և խորհուրդ տվեց հարցերն ուղարկել գրավոր:  

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ՅՈւՆԵՍԿՕ-ն իմանա նման միջոցառման մասին, ապա առանց վարանելու հուշարձան-արժեքը կհանի համաշխարհային ժառանգության ցանկից: Իսկ դրա համար մշակույթի նախարարությունը ջանք ու եռանդ չի թափում իր գործելաոճով, ավելին՝ նախարարուհին երևի նույնիսկ բնական կընդունի դա: Գուցե այդ դեպքում հնարավորություններն ավելի շատանան այդ տարածքում, ասենք, մի լավ «քլաբ» բացելու համար:

ՀԳ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսօր հասցրել է «ավետել», որ վաղը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն աշխատելու է մինչև 17:00-ն: Բանն այն է, որ նախատեսված է փակ միջոցառում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերի համար:

Լուսանկարները՝ Կատար Թասլաքյանի, Նարեկ Ալեքսանյանի, Վահե Սարուխանյանի

Մեկնաբանություններ (14)

մկո
Ճարպից կատաղել են: Մինչ այդ Ռ. Վարդանյանի մասին դրական պատկերացումներ ունեի, հիմա կասկածում եմ: Էդ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը թող հիշի, որ Լենինգրադում սովից առնետներ էին ուտում, բայց պահեստավորված բարձր որակի սերմացու ցորենը պահպանում էին իր նպատակի համար:
haykUS
First of all, this Russians and russian-armenians got too far with our nation, culture and heritage. Shame on Ruben and Troika Dialog for this. Our county’s government are ready to kiss anyone's butt who give them a little money. Ruben gives them a lot of Putin’s money and they kiss their butt. I am ashamed from all these people and what they do to our country and culture. We should ban all Russian based investments in Armenia they are not good for our future. It is better to be hungry for few years and then be independent and prosper than accept “charities” from Russian Armenians. They are all Putin’s people and they work against us.
Աննա
Որտեղ բիզնես, էնտեղ մշակույթի ու արժեքների մասին խոսք անգամ լինել չի կարող: Ի՞նչ է Ռ. Վարդանանն արել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂԱՎՐԴԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ համար:
Արուսյակ
Խեղճ Զվարթնոց, խեղճ պատմամշակութային կոթողներ, խեղճ հայրենիք, հայրենիքս պղծող տականքն իր տարերքի մեջ է: Պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները բարբարոս, պիղծ, ճղճիմ, նողկալի որկրամոլ խոզեր են /բառիս բուն իմաստով/, բնական է` մեր հայրենիքն էլ վերածում են խոզանոցի: Հայի այդ նողկալի, որկրամոլ պղծարարները բարբարոսաբար, անդառնալի պղծեցին Գառնիի կիրճում` Ազատ գետի վրա 11-րդ կառուցված գեղահրաշ կամուրջը: Ջանադրաբար ուզում են պղծել Գառնիի հեթանոսական տաճարն ու ամրոցը: Հայի բարբարոսը նողկալիների նողկալին է, որ պղծում է սեփական պատմամշակութային արժեքները, սեփական հայրենիքը: Հայի տականքը ուրիշ տականք է, թուրքի տականքից էլ վատն է, նմանը չկա աշխարհում:
Berge Jololian
The Ministry of Culture is comprised of scum thugs just like the rest of the minsters. No conscience, no respect to cultural treasures; no shame. Turning away tourists is outrageous. The other dirt-bag is the environmental minister.
Ժասմեն
Հրանտ Մաթևոսյանի` Տիրոջ խոսքերով` Ես ձեր անհայրենիք հերն եմ անիծել...
Արմինե
Ուղակի պետք է ասել Բարոյական Օրենքներից Զուրկ, առանց արժանապատվության, արանց արժեքային համակարգի, անգրագետ մարդիկ են, եվ սա բավական է գնահատելու տվյալ նախարարության պաշտոնյաներին, արդեն չափ ու սահման կորցրել են եվ կարծում եմ, որ պետք է պայքարել ազգովի այս երևույթների նկատմամբ
Vlad
To haykUS: As I can see, you are from the US. Why don't you invest your (Obama's or whoever's in the US, if you haven't managed to earn your own) money in reconstruction of Zvartnots and other Armenian heritage sites??? Shame on you blaming Ruben as investing's Putin's money - it's his own earned money, time, energy and life that he has given and continues to give for improving the life of Armenians, which fact the people living in Armenia know well. And the type of people like you, especially ones leaving abroad, only shout (out of envy and hate for success of others, I suppose) and do nothing real for Armenians.
Անժելա Ներսիսյան
Տաճարի տարածքում քեֆ անելու իմաստը որն է, ինչ հաճույք են ստացել մասնակիցները: Գառնիում կամ Զվարթնոցում նույնիսկ մի կտոր հաց ու պանիր ուտելու ցանկություն չի առաջանում, քանի որ ստամոքսային ու տաշիտուշիների զգացողությունն այնտեղ նորմալ մարդկանց համար առնվազն տարօրինակ է: Մնում է միայն եզրակացնել, որ այնտեղ միայն երկու ոտք ունեցող անասուններ են ներկա եղել:
ara
It's almost funny, if it wasn't so sad. It's things like this that makes armenians not want to live in Armenia. Corrupt pompous jerks running the show.
Ռուզան
Մարդ-ինչ ես ասում, բազմակարծության մասին չէ խոսքը, այլ հարգանքի, արժեքային չափանիշների մասին է խոսքը: Եվ ճիշտ է Արթուրը.ամոթ մեզ, որ հանդուրժում ենք այսչափ բարոյալքություն:
մարդ
Հարգելիներս, որպես իվենթ մենեջեր կարող եմ պնդել, որ նորմալ պրակտիկա է, երբ մշակութային վայրերում կազմակերպվում են կորպորատիվ կամ այլ նմանատիպ միջոցառումներ: Ու դա պետք չի դարձնել ազգային սկանդալ, նման բաներ եղել են ու կան ինչպես ՀՀ-ում, այնպես էլ շատերի համար շատ սիրված եվրոպաներում: Ժողովուրդը էնքան պարապ ա մնացել, որ թեթև կայծի պատճառով կարող է սկանդալ դարձնել: Նույն հաջողությամբ Կասկադն է համարվում է մշակութային տարածք, բայց այնտեղ ևս կազմակերպվում են կորպորատիվ միջոցառումներ. չեմ տեսնում ձեր ձեռքերը: Պետք չի սենց պարապ լինել ու աջ ու ձախ կլյաուզա անել: Eduard L. Levanyan ........................................................................ Ընդհանուր առմամաբ կիսում եմ այս երիտասարդի կարծիքը: Ուրիշ հարց է, որ կազմակերպչական հարցերում կա փնթիություն ու անպատասխանատվություն, բայց կսովորենք, հո այդպես չենք մնա: Ոչ մի երկիր կամ հասարակություն մեկ օրում բարեկեցիկ ու ներկայանալի չի դառձել: Բոլորիս համբերություն, լավ կլինի:
Արթուր
Ամոթ Մեզ
whisteblower
Հարուստները զվարճանում են, իսկ ողորմելիները փող են շինում... Ողբամ զձեզ մշակույթի անփառունակ կարիքավոր սպասավորներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter