HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անպատժելիների ինկուբատորը

Ոստիկանությունն օրերս հաստատեց, որ ազատ է արձակվել Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում ատրճանակով կրակոցներ արձակած և դրա համար ձերբակալված Սամվել Քոթանջյանը: Վերջինս Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է: Նա ազատ է արձակվել ԱԺ երկու պատգամավորների` քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին հանդիսացող Ռոբերտ Սարգսյանի և Գագիկ Մելիքյանի երաշխավորությամբ: Դրանից առաջ, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, Սամվել Քոթանջյանը, իբր, տարված բացատրական աշխատանքից հետո ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը: Ըստ երևույթին` քաղաքապետի խորհրդականի որդու հետ տարված բացատրական աշխատանքի ողջ էությունը եղել է նրան խեքի բերելը, որ եթե ինքնակամ ներկայանա ոստիկանության բաժանմունք, հոր կապերի միջոցով ավելի հեշտ կլինի երաշխավորագիր ներկայացնելով նրան դուրս բերել այնտեղից:

Ոչ պատգամավորները, ոչ էլ ոստիկանությունը չեն բացատրել, թե ինչու են երաշխավորել փողոցում կրակոցներ արձակող երիտասարդի համար, և ինչու է նա առանձնահատուկ մյուսներից: Դրանից ընդամենը մեկ շաբաթ անց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ նույնպես փողոցում կրակոցներ արձակեց նաև Հայկ Կյուրեղյան անունով մի երիտասարդ: Ի տարբերություն Սամվելի, որը կրակել էր մարտական փամփուշտներով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակից, Հայկը կրակել էր օդամղիչ ատրճանակով: Բայց Ռոբերտ Սարգսյանը և Գագիկ Մելիքյանը Հայկի նկատմամբ նման սրտացավություն հանդես չեն բերել, նրա համար երաշխավորագիր չեն ներկայացրել: Իսկ պատճառն այն է, որ Հայկը ոչ Տարոն Մարգարյանի, ոչ էլ իրենց «կռուգի» որևէ անդամի զավակը չէ: Հետևաբար ոչ լավություն անելու, ոչ էլ պաշտոնական դիրքն օգտագործելու կարիքը չկա: Առավելևս, որ Հայկը կրակել է` այսպես ասած` քաղաքական կամ գաղափարական մոտիվներով, որն ուղղված է  իրենց` անհրաժեշտության դեպքում սեփական լկտիացած զավակներին օրենքից և պատժից ազատելու լիակատար իրավունքներ տվող իշխանության դեմ: Նման ոտնձգությունը ենթակա չէ ներողամտության և հանդուրժողականության: Մինչդեռ Սամվելի կրակոցից կարող էր տուժել Հայաստանի ինչ-որ շարքային քաղաքացի կամ քաղաքացիներ, որոնք ըստ այդ կաստայական մտածողության, ոչ թե պաշտպանության ենթակա սուբյեկտ են, այլ թիրախ: Իսկ թիրախին չեն պաշտպանում: Նրա վրա կրակում են ըստ անհրաժեշտության, ցանկության և տրամադրության: Կրակում ենք` քիլլերի փորձ ձեռք բերելու համար: Լավագույն դեպքում նման թիրախներին կարելի է ծեծել, կտտանքների ենթարկել, նվաստացնել մարդկային արժանապատվությունը, ինչպես արել է նույն կաստայի կարկառուն ներկայացուցիչներից մեկի`  Լիսկայի եղբոր` ողջ Գորիսի համար իսկական պատուհաս դարձած եղբորորդին:  

Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, օրեր առաջ չպատժվելու արտոնագիր ունեցող այս արտոնյալ երիտասարդն իր բանդայով մտել էր ինչ-որ մեկի տուն, դաժանաբար ծեծել տանտիրոջ տղաներին, նրանց մորը, ապա առևանգել տղաներից մեկին: Եվ չնայած կատարվածին փորձել են միջամտել այդ ընտանիքի հարևանները, դեպքի մասին տեղյակ է ողջ Գորիսը, Լիսկայի եղբորորդիները չեն կալանավորվել: Ոստիկանությունը մայիսի վերջին պաշտոնապես հաստատել էր տեղի ունեցածը` նշելով, որ կատարվում է հետաքննություն: Իսկ արդեն հունիսի սկզբին մերժեց դեպքի կապակցությամբ քրեական գործի հարցումը` պատճառաբանեռլով, թե հանցակազմ չկա: Արդյունքում ոստիկանությունը Լիսկայի ընտանիքին ղասաբի իրենց գործունեությունը շարունակելու, անպատիժ կերպով մարդկանց լլկելու հերթական քվոտան տվեց` Գորիսը «զոնայի» վերածելով:

Որևէ տարբերություն չկա` պատգամավորնե՞րն են երաշխավորագրով կալանքից ազատում իրենց «ախպոր տղին», թե՞ ոստիկանությունն է իր կողմից հաստատված` խմբակային ծեծի փաստի մեջ ինչ-որ աճպարարությամբ հանցակազմ չտեսնելով ազատում հանցագործին: Եթե ոստիկանությունը դա չաներ, երաշխավորագիր ներկայացնելուն պատրաստ մի պատգամավոր բոլոր դեպքերում Լիսկան կգտներ:

Գորիսում կատարվածը հնարավոր եղավ կոծկել` բողոքող, տուժող կողմ ի հայտ չգալու պատճառով: Իսկ բողոքող չէր եղել, քանի որ բոլորը մտածել են իրենց և իրենց ընտանիքի անդամների կյանքի մասին: Բայց յուրայիններին փրկելու, ինչ-որ ձևով օգնելու եղանակները  հայաստանյան իրականությունում միայն սրանցով չեն սահմանափակվում: Կարելի է, օրինակ, տուժողին վերածել հանցագործի, կորցնել հանցանշանները ու իրեղեն ապացույցները և այլն: Հենց նման եղանակներով գործելու կասկածներ է հարուցում մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ օրը ցերեկով կատարված փոխհրաձգության գործը, որի շրջանակում մի քանի շարքային քաղաքացի էին վիրավորվել: Դեպքից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն հարուցված քրեական գործի շրջանակում առայժմ միայն տարօրինակություններ են նկատվում: Արդեն որերորդ անգամ է այդ կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարում, որ նախաքննական մարմինը հրաժարվում է իր պաշտպանյալին տուժող ճանաչել: Իսկ մեքենան, որում նա ստացել է այդ հրազենային վնասվածքները, կորել է, և ոչ մի կերպ այն չեն գտնում: Այս տարօրինակությունները, գուցե չլինեին, գործն էլ կայծակնային արագությամբ բացահայտվեր, եթե հանցագործությունը կատարելու մեջ չմեղադրվեր մեկ այլ պատգամավորի` Յուվեցի Կարոյի փեսան:

Որքան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ավելի մեծ պաթոսով է խոսում ոստիկանության կողմից հասարակական կարգի պահպանության, հանցավորության դեմ պայքարում իր պարտականությունները բարձր մակարդակով կատարելու և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու մասին, այնքան սովորական քաղաքացիներն ավելի շատ են դառնում նման արտոնյալների իրական զոհերը, հանցագործություններն այնքան ավելի ավելի բացահայտ և լկտի են դառնում: Խիստ խորհրդանշական է, որ վերոնշյալ բոլոր դեպքերը տեղի են ուենցել մոտավորապես մեկ ամսվա ընթացքում: Դրանց ներքին, բովանդակային նմանությունը, ձեռագրի ու մեխանիզմների ընդհանրությունը ուղղակի աղաղակում են դրանց ծնունդ տվող բարքերի մասին: Եվ դա օրինաչափ է, որովհետև հնարավոր չէ նվազեցնել հանցավորության մակարդակը` համակարգը իրական կամ պոտենցիալ հանցագործների անպատժելիության դարբնոցի, ինչ-որ իմաստով ինկուբատորի վերածելու պարագայում: Որովհետև հասարակական կարգն ու քաղաքացու անվտանգությունը պաթետիկ ելույթներով չէ, որ պետք է ապահովել:

Մինչդեռ Կառավարության ծրագրում չգիտես ում համար նոր կառավարությունը հպարտությամբ ամրագրել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակում է ՀՀ քաղաքացու ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը»: Հետաքրքիր է` ինչ են զգում Լիսկան, Յուվեցի Կարոն, Արայիկ Քոթանջյանը, մյուսները, երբ կարդում են այս տողերը: Եթե, իհարկե, ընդհանրապես կարդում են...

Մեկնաբանություններ (2)

Hay mard
Կրակում է ՀՀԿ-ն, ասված է ինչ կա:
Zartnir Lao!
Հայտնի է որ, չպատժված հանցագործները վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Իսկ եթե նրանք ամենաբարձր պոստերում են եւ հասարակությանը հայտնի են նրանց բոլոր հանցանքները, ինչ տեղի կունենա այդ դեպքում? Միթե պարզ չէ, որ պիտի ձգտեն տրորել - ոչնչացնել, գլխատել, ստորացնել, զրոյացնել, արդարություն ու պատիժ պահանջող այդ ժողովուրդին, եւ ընդհակառակը՝ մեծացնելու հանցագործ բանակը, որպիսզի ապահով զգան իրենց, թե հիմա թե ապագայում: Այստեղից հեշտ է հասկանալ թե ինչու է խրախուսվում ֆանտաստիկ թալանն ու պետության նպատակաուղղված սննկացումը, ինչու է տեղի ունենում հաղթանակած երկրի ամայացումն ու խրախուսվում արտագաղթը: Ինչ ազգ, ինչ Արցախ՝ սեփական մորթու դիմաց! Ականջը կանչած տիգրանը մի անգամ բերանից թռցրեց իրականությունը: ԶԱՐԹՆԻՐ ԼԱՈ, ԵՐԿԻՐՆ Է ՄՈՐԹՎՈՒՄ - ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter