HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը – 2

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբը

Ներկայիս հակամարտությունների ու լարվածության մեջ գտնվող տարածաշրջանների լանդշաֆտն աչքի առաջ ունենալով` նկատելի է, որ աշխարհաքաղաքական բախումների առանցքը սկսվում է Բալթիկ ծովում ու ավարտվում Պարսից ծոցում: Հազարավոր կիլոմետրեր ձգվող այդ շղթայի վրա այսօր տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, որոնք կարծես թե հարյուր տարի առաջ նույն այդ առանցքի վրա տեղ գտած Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքների շարունակությունը լինեն: Մեր աչքի առաջ խաթարվում ու առոչինչ է դառնում միջազգային իրավապայմանագրային դաշտը, տեղի են ունենում ռազմական մեծամասշտաբ գործողություններ, խաղաղ բնակչության համատարած կոտորածներ, էթնիկ կամ կոնֆեսիոնալ զտումներ, կայացվում են ռազմավարական կամ մարտավարական պայմանավորվածություններ, կնքվում իրավիճակային նոր պայմանագրեր, փլուզվում կամ փլուզման առջեւ են կանգնում մեծ պետություններ, նվաճվում տարածքներ: Այս ամենն, իհարկե, նշված գլոբալ վերափոխման դրսեւորումներն են:

Որքան էլ սոցիումի զարգացման ու խաթարման բնական օրինաչափությունները տեղ գտնեն վերեւում նկարագրված դիպաշարում, նման հսկայածավալ ու փոխկապակցված իրադարձություններն, անշուշտ, պետք է ունենան նաեւ հեղինակներ կամ` սոցիալական պայթյուններն իրենց ցանկալի հունով տանելուն միտված ծրագրավորողներ: Ըստ էության, այնպիսի ծանրագույն խնդիրներ, ինչպիսիք են փոխկապակցված լոկալ հակամարտությունների ու սոցիալ-քաղաքական պայթյունների ծրագրավորումը ու պատերազմող այս կամ այն կողմին ֆինանսապես, տեխնոլոգիապես, տեղեկատվությամբ, ռազմուժով օժանդակելու միջոցով պատերազմի ընթացքի վերահսկումը, կարող են լուծել միայն իրապես համաշխարհային մասշտաբի ուժերը: Դրա հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ խաղասեղանին էլ պետք է դրված լինեն նույնքան մասշտաբային շահեր:

Այսօր աշխարհում կան ընդամենը երկու ուժեր, որոնք կարող են միմյանց հետ պայքարել կամ ներգրավվել մրցակության մեջ հսկայածավալ այդպիսի տարածքներում: Մի կողմից դա Արեւմուտքն է իր բացարձակ առաջնորդի` ԱՄՆ-ի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից` Չինաստանը: Ընդ որում, եթե Արեւմուտքի ուժը հիմնվում է նրա ֆինանսական, տնտեսական ու ռազմական բաղադրիչների` դոլլարի հեգեմոնիայի, վերազգային միջազգային կորպորացիաների եւ ՆԱՏՕ-ի` համաշխարհային գործընթացների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու վրա, ապա Չինաստանի հզորության գրավականը նրա անսպառ մարդկային (կադրային) ռեսուրսն է, ինքնաբավ տնտեսությունը եւ արտաքին շուկաները խաղաղ, համաչափ ու հիմնավորապես նվաճելու քաղաքականությունը: Աշխարհաքաղաքական այս երկու տիտանների հաջողությունը նաեւ պայմանավորված է կարեւոր մեկ այլ հանգամանքով` սեփական կենսական տարածքները նորագույն տեխնոլոգիաներով ու տեխնիկայով շարունակաբար վերազինելու ռազմավարությամբ:

Առաջին հայացքից ներկայացված երկու ուժերից մեկը` Չինաստանը, աշխարհաքաղաքական բախումների ներկայիս առանցքի վրա կարծես թե դերակատարություն չունի: Սակայն իբրեւ մրցակցային հիմնական կողմի վերջնական հասցեատեր ռազմաքաղաքական գործընթացներում նրա ներկայությունն առավել ուրվագծվում է, երբ ուշադրություն ենք դարձնում, որ բախման ներկայացված առանցքի հիմքում ընկած են Եւրասիայի քաղաքակրթական այն բնագծերը, որոնք չինական աշխարհի կոնտինենտալ տարածման միակ ելքերն են ապահովում: Խոսքը արաբական, թուրքական, իրանական եւ ռուսական քաղաքակրթական բնագծերի մասին է:

Արաբական գարնան հիմնական արդյունքներից մեկը Եւրոպայի հենց պռնկին նստած Լիբիայի, որպես ինքնուրույն, հզոր ու անկանխատեսելի խաղացողի չեզոքացումն էր: Դա հնարավորություն տվեց ոչ միայն իրականացնել աֆրիկյան էներգակիրների ազատ ու անկաշկանդ փոխադրում Արեւմուտք, այլ նաեւ Եւրոպային ընձեռեց ապահով թիկունքի զգացում` դրա տակ պատկերացնելով, սակայն, լիբիական պատրոնաժությունից ձերբազատված ողջ Մաղրիբը: Կենտրոնանալով ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Եւրոպան ռուսական նավթագազային դիկտատից ու խաթարումներից ազատելու Արեւմուտքի ներկայիս ցանկության վրա` հարկ է նկատել, որ նա, անշուշտ, Լիբիային որպես ծրագրավորման ու նվաճման առաջնային նպատակակետ պետք է դիտարկեր` ելնելով մերձավորարեւելյան այլընտրանքային էներգակիրները դեպի Եւրոպա փոխադրելու աշխարհաքաղաքական հենց ներկայիս վերափոխումների անհրաժեշտությունից:

Արաբական քաղաքակրթական բնագծերի վրա Արեւմուտքի մյուս էական հաջողությունը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի եւ Իրաքի դիրքերի նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանումն էր կամ անգամ` ոչնչացումը: Այսօր «Մուսուլման եղբայրներ» ռազմաքաղաքական խմբավորման ակտիվ գործունեության շնորհիվ Եգիպտոսն ու Սիրիան ամբողջովին զրկված են Արաբական թերակղզու երկրների ու նրա հեգեմոնի` Սաուդյան Արաբիայի, ինչպես նաեւ Թուրքիայի հետ բնականոն ու հաշվենկատ հարաբերություններ զարգացնելու հնարավորությունից: Բացի այդ Եգիպտոսի նոր վարչախմբին հարկ կլինի դեռեւս տարիներ ծախսել հեղափոխական ու անցումային վերջին երեք տարիների հետեւանքները հաղթահարելու համար: Իսկ ավիրված Սիրիան մղձավանջից դուրս բերելու համար Ասադի վարչակազմին միգուցեեւ տասնամյակներ են հարկավոր:

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային ու Իրաքին, ապա նրանց ճակատագրերը վաղուց կախման մեջ են գտնվում ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից: Առաջինն իր դերակատարությամբ վաղուց ապացուցել է հավատարմությունն Արեւմուտքին` դրա դիմաց ստանալով ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, կայունություն երկրի ներսում, էներգակիրների արտահանման մշտական շուկաներ, քաղաքական պատրոնաժություն Արաբական թերակղզում եւ գաղափարական պատրոնաժություն սուննի մահմեդականության շրջանում: Սակայն, չնայած կանխատեսելի արտաքին քաղաքականությանը, հանձին Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի, Իրանի ակտիվ հակազդման, Սաուդյան Արաբիայի մանեւրելու հնարավորությունները նսեմացված են հենց ԱՄՆ կողմից` հակազդման այդ նախագծերը ծրագրավորելու ու բարեհաջող գործադրելու շնորհիվ:

Իսկ Իրաքի դեպքում, հատկապես հաշվի առնելով երկրում տարբեր ահաբեկչական խմբավորումների ու իսլամիստ գրոհայինների գործունեությունը, գրեթե լիարժեք ինքնիշխան քրդական ինքնավարության գոյությունը, շիա եւ սուննի բնակչության արդեն երկար տարիներ տեւող հակամարտությունը, Ալ-Մալիքիի կառավարության Իրանից կախման մեջ գտնվելու փաստը, Բաղդադում ԱՄՆ ռազմուժի տեւապես ու նշանակալից ներկայությունը, իրաքյան պատերազմի հետեւանքների ծանր բեռը այս երկիրը դարձրել են կառավարելի քաոսի հիմնական օջախներից մեկը աշխարհում: Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում այն կդառնա մանրադրամ եւ կմասնատվի ըստ տարածաշրջանային խաղացողների (Իրան, Սաուդյան Արաբիա) եւ ԱՄՆ միջեւ կայացված պայմանավորվածությունների:

Այս ամենը միանշանակ վկայությունն են այն բանի, որ Պարսից ծոցից մինչեւ Ջիբրալթար ձգվող արաբական երկրների աղեղը իր մասնատվածության, ներարաբական պառակտվածության, ինքնիշխան պետությունների դիրքերի կորստի կամ ոչնչացման շնորհիվ այսօր ամբողջությամբ ծառայեցված է Արեւմուտքի շահերին: Աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա այն Արեւմուտքի համար դարձել է թե՛ չինական վիշապից պաշտպանվող երկաթյա մի նոր վարագույր (Պարսից ծոցի շրջանում) եւ թե՛ կառավարելի քաոս ներմուծելու համար` ահաբեկչության արտահանվող ապրանքանիշ (առանցքի վրա գտնվող տարածաշրջաններում` Սիրիայում, Ուկրաինայում): Դրա հետ մեկտեղ այն Եւրոպայի առջեւ ռուսական նավթագազային խցանվող խողովակներին իբրեւ այլընտրանքային ծորակ է ծառայում:

(շարունակություն)

Մեկնաբանություններ (3)

Ashot
Խորհուրդ եմ տալիս չընթերցել հոդվածը, քանի որ համոզիչ չէ, ծայրաստճան վատ է շարադրած, և փաստեր չկան: Հարգելի Հեղիանկ, Ես կարդացի Ձեր հոդվածը ամբողջությամբ ու մի քանի անգամ: Ցանկանում եմ իմ համեստ կարծիքը կիսել ձեր հետ: Նախ եթե չեմ սխալվում քաղաքական վերլուծությունը, դա գիտական գործ է համարվում, այլ ոչ թե պոեմ կամ բանաստեղծություն: Մի քանի կետ ձեր հոդվածներից >>, լիբիական պատրոնաժությունից ձերբազատված >>մեկը Եւրոպայի հենց պռնկին նստած Հաջորդը, բազմաթիվ անորոշ նախադասություններ, որոնք եթե չլինեին, ապա ավելի հասկանալի ու կարճ կլիներ հոդվածը: >>Կարելի է հուսալ, որ ռազմաքաղաքական,… >>Այսօր գրեթե բոլորի համար պարզ է, -- իսկապես բոլորին պարզ է?? >>Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում քաոսն իր թեւերը կսփռի նաեւ նորանոր տարածքների վրա: >> Այնուամենայնիվ, այսօր իսկ մի շարք հանգամանքներ ցույց են տալիս – գոնե մեկ հատը նշեք Իսկ դուք որևէ գրականությունից օգտվել եք հոդվածը գրելիս, թե օգտագործել եք միայն ձեր տաղանդը? Եթե այո, ապա պետք է նշվեր հակառակ դեպքում դա գրագողություն կհամարվի: Իսկ եթե ոչ մի գրականությունից չեք օգտվել, ապա ես որպես ընթերցող բոլոր ձեր գրածներին անվստահություն եմ հայտնում:
Ashot
Հարգելի Վարազ Սյունի, Խնդրում եմ նշեք երեք կետ, որ դուք գտնում եք լավն է և ճիշտ: Կարծում եմ առանց գրականությունը ուսումնասիրելու, կամայական մարդ էլ կարող է իրեն քաղաքական վերլուծաբան համարել: Հարգանքներով,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լավ ու ճիշտ վերլուծություն: ՀԳ. (1) - Քաղաքական վերլուծությունը գիտական աշխատություն չէ, որ օգտագործված գրականության ցանկ նշվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter