HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարական Ալպերից՝ Հայկական լեռնաշխարհ. որտեղ են «հատվում» զուգահեռները

Շվեյցարիան լեռնային, ցամաքով շրջապատված երկիր է, Հայաստանի նման չունի ելք դեպի ծով: Ավելի քան 41 հազար քկմ է զբաղեցնում և շուրջ 8 մլն բնակչություն ունի:  Քանի որ լեռնային երկիր է, Շվեյցարիան բնական աղետների, այդ թվում ջրհեղեղների, երկրաշարժերի և ձնակույտերի դեմ պայքարի փորձված և մշակված ավանդույթներ ունի: Մոնտրո քաղաքում ԵԱՀԿ 22-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին ընդառաջ երկրորդ նախապատրաստական հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ շվեյցարական առաքելությունը նախաձեռնել էր այցեր կոնկրետ վայրեր՝ իրենց փորձը տեղում ցույց տալու նպատակով:

Շվեյցարիան 26 կանտոնների (շրջանների) է բաժանված: Իտալիային սահմանակից շվեյցարական շրջանը՝ Վալեն (Canton of Valais), որտեղ կազմակերպված էին այցելությունները, առավելապես արդյունաբերական  է. ՀՆԱ-ն ձևավորվում է քիմիական և ալյումինի արտադրության հիման վրա, մնացյալ մասն էլ՝ տուրիզմով: Էնեիգիայի արտադրությունը ապահովում է տնտեսության 10 %-ը, գյուղատնտեսությունը՝ 7%:

Կլիմայի փոփոխությունը նկատելիորեն ազդում է Շվեյցարիայի շրջակա միջավայրի վրա, փոխում Ալպերի կենսաբազմազանությունը: Չորային ամառները երկարում են, ջերմաստիճանը՝ բարձրանում տարեցտարի: Բնական աղետների հաճախականությունն աճում է: Չնայած Շվեյցարիայի՝ աղետների դեմ պայքարի բազմամյա փորձին, ձեռնարկվող միջոցառումների կոնցեպտները տարիների ընթացքում փոփոխվել են, նոր առաջնայնություններ մշակվել: Եթե նախկինում պաշտպանական միջոցների կառուցումն ու կիրառումն էր առաջնային, այժմ Շվեյցարիայի կառավարությունը կարևորում է կանխարգելման միջոցառումները և այդ ոլորտում կատարված ներդրումները՝ առաջնորդվելով «կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը» կարգախոսով:

Ամեն ինչ այստեղ զուտ թվաբանական հաշվարկների վրա է հիմնված. հաշվարկվում է, թե, օրինակ, տվյալ տարածքում քանի տարին մեկ է բնական աղետ տեղի ունենում, որքան զոհեր կամ տուժողներ են գրանցվում, որքան վնաս է հասցվում տարածքին և տնտեսությանը: Մարդկային կյանքը հստակ գումարային արժեք ունի: Եթե պարզվի, որ տվյալ տարածքում վնասները մեծ են, քան կանխարգելիչ միջոցառումները, ապա կառավարությունը միջոցներ կձեռնարկի տվյալ տարածքը ձնակույտերից կամ բնական այլ աղետներից պաշտպանելու և ռիսկերը նվազեցնելու համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տարերային աղետների բաժնի պետ, գնդապետ Արթուր Մուրադյանն ասում է, որ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասները գնահատելու և հետագայում փոխհատուցելու համար կառավարության որոշմամբ հանձնաժողովներ են ստեղծվել առանձին դեպքերի համար, որից հետո վնասը գնահատվում և ներկայացվում է ստեղծված հանձնաժողովին:  Սակայն ոլորտներում չկան վնասի գնահատման հստակ չափորոշիչներ ու մեթոդիկա: «Այսօր մենք վնասի գնահատման մասին տարաբնույթ ինֆորմացիա ենք ստանում: Մի մասը՝ ֆիզիկական չափ ենք ստանում, մյուս դեպքում՝ ֆինանսական կորուստների մասին տեղեկատվություն, այն էլ որևիցե փաստաթղթով հիմնավորված չէ»,- ասում է Ա. Մուրադյանը: Ոչ գյուղատնտեսության, ոչ տրանսպորտի բնագավառում այդ հաշվարկները չեն արվում: Հարցը բարձրացվել է, որպեսզի բոլոր ոլորտներում մշակվեն վնասի գնահատման չափորոշիչներ, որից հետո ամբողջ հանրապետությունում վնասի գնահատումը կլինի միարժեք, կբացառի կոռուպցիոն ռիսկերը և մարդկային ֆակտորը: Դա ավելի օպերատիվ կդարձնի հետևանքների վերացումը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի բյուջեում վնասի չափերը հստակ ամրագրելու, հաջորդ տարի փոխհատուցում և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Ալպերի՝ ձնակույտերի նկատմամբ զգայուն տարածքներից մեկը «Ամենակարող» փրկարար մեքենան՝ հագեցված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով

Ալպերի վտանգները

Շվեյցարական Ալպերից ձմռան ամիսներին մեծ ձնակույտեր են գահավիժում, փակում են ճանապարհները, երբեմն նաև զոհեր են գրանցվում: Իտալական սահման հասնելու ողջ ճանապարհին ձնակույտերից պաշտպանվելու տարբեր կիսաբաց թունելատիպ շինություններ են կառուցված: Ալպերի փեշերին ձնակույտի սահքը խոչընդոտող երկաթյա կոնստրուկցիաներ, իսկ ճանապարհի երկայնքով՝ երկու կողմն էլ հիմնականում անտառապատ է, որը մեծ մասամբ տնկվել է բնական աղետների վնասները նվազեցնելու նպատակով:

Օդանավից նայելիս Շվեյցարիան կանաչ անապատի է նման, որտեղ բնակավայրերը սպիտակ օազիսներ են թվում

Շվեյցարիան գիտակցել է, որ աղետների դեմ պայքարի հիմնաքարը նաև անտառածածակ տարածքներն են ու տարեցտարի ավելացրել դրանք: Համաշխարհային բանկի տվյալներով1990-ականներին Շվեյցարիայի տարածքի 28.9 %-ն էր անտառածածկ: 2000-ին անտառածածկ տարածքներն ավելացրել են՝ հասցնելով 29.9 %, իսկ 2010թ.՝ 31 %-ի: Մինչդեռ Հայաստանը հակառակ մարտավարությամբ է առաջնորդվում: Հայաստանը, ըստ պաշտոնական վիճակագրության, 11.2 % անտառածածկ տարածք ունի: Այս տվյալներն արժանահավատ չեն, քանի որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի 8-9 տոկոս է մնացել անտառածածկ: Բնապահպաններն ավելի վատթար վիճակագրություն են ներկայացնում՝ 5-6 %:

Շվեյցարաիտալական սահման. թունելի հսկիչ կայանը

Վալե շրջանով է անցնում Շվեյցարիան և Իտալիան կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը: 50 տարի առաջ կառուցված շվեցարաիտալական թունելով հյուսիսային եվրոպան կապվում է հարավայինին: Great St Bernard կոչված թունելը Ալպերի ծալքերով անցնող միակ միջերկրային թունելն է: Շվեյցարացիներն այն ներկայացնում են որպես շվեյցարաիտալական համագործակցության լավագույն օրինակներից մեկը, որի պահպանության համար երկու կողմն էլ պարտավորություններ ունի. պարտավորությունները սահմանվում և կարգավորվում են հատուկ այդ թունելի գործունեության համար մշակված կոնվենցիայով:  Երկու կողմից թունելը խիստ վերահսկվում է: Տեսախցիկներն ու ռադարները արձանագրում են յուրաքանչյուր վտանգը, իսկ արագ արձագանքման խումբն անմիջապես դեպքի վայր է մեկնում:

Որպեսզի 10 մլրդ ֆրանկի վնաս չկրեն. հեղեղների դեմ պայքար

Լրացուցից ջրանցք.
Լուսանկարը՝ Է. Սաֆարյանի 

Երկրորդ այցելությունը Ռոն գետի հովիտ էր՝ Մոնտե քաղաքի շրջակա տարածք: Մոնտեն շրջանի քիմիական արդյունաբերական կենտրոններից է, որի արտադրամասերում աշխատում է շուրջ 2000 մարդ: Զգայուն տարածք է հեղեղների և երկրաշարժերի նկատմամբ: Վալե կանտոնը և հարակից որոշ տարածքներ՝ շուրջ 13 հազար հեկտար, հեղեղների վտանգի տակ են, իսկ տարածքի 63 %-ը գյուղատնտնեսական է, բնակեցված 30 % տարածքին ևս հեղեղվելու վտանգ է սպառնում: Ավելի քան 10 մլրդ շվեյցարական ֆրանկ է հաշվարկվում հեղեղների պոտենցիալ վնասը: Հեղեղների վնասը կանխարգելու նպատակով թափամեղմիչ արգելակներ և հարակից ուղիներ են կառուցվել ջրհոսքերը թեթևացնելու նպատակով, ջրի ավելցուկ հոսքերը կառավարելու համար 25 մետր երկարությամբ հատուկ ջրանցքատիպ ուղիներ են կառուցվել, որը լիցքաթափում է գետի հունը: Հատուկ նախատեսված փոսեր կան, որը  կլանում է այդ ջուրը, իսկ այդ փոսերը կառավարվող փականներ ունեն: Ավելի ուշ Շվեյցարայի համապատասխան մարմինները սկսել են գետերի հուները լայնացնել, որը համարվում է հեղեղների վտանգը նվազեցնելու արդյունավետ միջոցներից մեկը:

Աղետները հստակ քարտեզգրում ունեն 2D մոդելով: Երեք գույնով նշվում են վտանգավոր գոտիները: Կարմիր գոտին ցույց է տալիս, որ տարածքը խիստ վտանգավոր է, և որևէ շինություն անելն անթույլատրելի է: Կապույտ գոտում, որը համեմատաբար քիչ վտանգավոր է, շինություն կարելի է կառուցել, սակայն խիստ պայմաններ են առաջադրվում, իսկ քիչ վտանգավոր՝ դեղին գոտում թույլատրվում է կառուցապատում՝ հարկադիր որոշ պայմանների պահպանությամբ:  

Ուշագրավ իրազեկման համակարգ է գործում այստեղ. կարճ հաղորդագրություններ են ստանում ոչ թե բոլոր բնակիչները, այլ ղեկավար անձինք՝ քաղաքապետը, տեղակալները, փրկարար ծառայության ղեկավարները, ոստիկանությունը և այլն: Հաշվի առնելով կանխատեսումները՝ ոստիկանները փոքր համայնքներում դուռ առ դուռ մտնելով, մարդկանց հետ խոսելով, իրազեկում են նրանց: Եթե մարդկանց տարհանելու անհրաժեշտություն է առաջանում, ապա դրա համար հատուկ անվտանգ շինություններ են նախատեսված:

Հայաստանը նույնպես զերծ չէ հեղեղներից: Հեղեղավտանգ տեղամասերում այստեղ գույքագրում է իրականացվում, անհրաժեշտ աշխատանքների ծավալի հաշվարկ, և այդ տվյալները ներկայացվում է պատասխանատու մարմնին՝ այս դեպքում գյուղնախարարությանը: Անհրաժեշտ աշխատանքները միշտ չէ, որ ամբողջ ծավալով են իրականացվում, քանզի գումարները չեն բավականացնում: Ըստ առաջնահերթության՝ իրականացվում են գործողություններ հրատապ լուծում պահանջող տեղամասերում: Հայաստանում ևս կլիմայի փոփոխությունը նկատելի ազդեցություն է ունենում: 2007 թվականից այս կողմ տարածքների ջրածածկումները, ըստ ԱԻՆ գնդապետ Մուրադյանի, բավականին նվազել են: Մինչդեռ նախկինում հեղեղումները Հայաստանի համար ևս լուրջ խնդիր էին, քանի որ Հայաստանը 6000-ից ավելի փոքր և միջին գետեր ունի: Ափապաշտպան կառույցների անմխիթար վիճակի պատճառով վնասներ են լինում: Այս ոլորտում կանխարգելման միջոցառումները հենց ափապաշտպան կառույցների պահպամանն են ուղղված: Արթուր Մուրադյանն ասում է, որ հավելյալ ջրանցքների կարիք չի զգացվում, քանզի Հայաստանում գետերը հիմնականում լեռնային են, այլ ոչ թե հարթավայրային: 2007թ.հետո հեղեղների հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել, միայն գույքի և անասունների վնաս է արձանագրվել:  

Սեյսմակայունության պարտադիր պայման. երկրաշարժեր

Մոնտեն սեյսմիկ բարձր ռիսկայնության գոտում է: Այստեղ յուրաքանչոյւր 100 տարին մեկ սպասվում է  6-բանալոց երկրաշարժեր: Երկրաշարժերի պոտենցիալ վնասը շրջանում գնահատվում է 3-5 միլիարդ ֆրանկ: Սեյսմիկ ռիսկերի նվազեցման առանցքում դիմացկուն շինարարությունն է, որի համար պարտադիր նախադրյալ է 6 բալանոց սեյսմակայուն շենք-շինություններ կառուցելը: Սա կարգավորվում է Շրջանային կառուցապատման ակտով, որն ընդունվել է 2004թ.: Նման շինությունները, սակայն, 20 տոկոս են կազմում համայնքում:

Զորօրինակ, 400 աշակերտի համար նախատեսված համայնքային դպրոցը (College de I’Europe), որը կառուցվել է 1960-ականներին՝ մինչև 2004թ. ներդրված ստանդարտները, սեյսմակայուն չէ: Անգամ թույլ ցնցումը կարող է փլուզման պատճառ դառնալ: Մոնտեյի համայնքային ղեկավարությունը որոշել է երկաթյա հենասյուներով ամրացնել գլխավոր պատերը: Պատնեշները շենքը երկու կողմից սեղմում են և տատանման դեպքում թույլ չեն տա, որ այն փլուզվի: Այն շենքերը, որոնք մինչ 2004թ. են կառուցվել, ամրացվում են: Հաշվարկվում է ընդհանուր գույքի արժեքը, և եթե ամրացումը այդ արժեքի 20 տոկոսը չի գերազանցում, ապա ամրացումը կատարվում է:  

Էդվարդ Սաֆարյան

ԵԱՀԿ «Շրջակա միջավայր և անվտանգություն» ծրագրի պատասխանատու Էդվարդ Սաֆարյանը, ով մասնակցում էր այս վայրերի էքսկուրսիային, կարծում է, որ երկրաշարժերի դեպքերի ժամանակ շվեյցարացիների փորձը կարող է արժեքավոր լինել նաև Հայաստանի համար:

Կարելի է մեր ստանդարտները հարմոնիզացնել միջազգային չափանիշներին: Բնականաբար, պետք է ապահովել, որպեսզի նոր շինությունները համապատասխանեն գոյություն ունեցող չափանիշներին: «Ենթադրում եմ, որ ֆինանսական խնդիրների պարագայում դժվար կլինի արագ տեմպերով իրականացնել շինությունների հզորացում կամ ամրապնդում, բայց բնակչությունը գոնե պետք է պատրաստված լինի»,-ասում է Է.Սաֆարյանը: 

Ավելի հետաքրքիր է համարում տարբեր գերատեսչությունների, դպրոցահասակ երեխաների համար վարժանքներ կազմակերպելը և արտակարգ իրավիճակներին նրանց նախապատրաստելը:  «Մենք սեյսմիկ գոտում ենք, և ցանկալի է, որ բոլորը պատրաստված լինեն»,- կարծում է Սաֆարյանը և նշում, որ շենքերի և սեյմակայունության համապատասխանացնելու գործընթացները դանդաղ են ընթանում, սակայն բնակչության պատրաստվածությունն ու ապագա կառուցվող շենքերի պատրադիր սեյսմակայունության ապահովումը հնարավոր է բարելավել: 

Դասեր հարևաններից. քիմիական արտադրություններ

Շվեյցարացիները նույնպես ուրիշների փորձից դասեր են քաղում: 1976թ. Իտալիայի Սևեսոյի աղետը, որը տեղի էր ունեցել Միլանից 15 կմ դեպի հյուս գտնվող քմիական արտադրությունում, ստիպեց Շվեյցարայի կառավարությանը համապատասխան կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Շուրջ 2477 վտանգավոր կառույց կա Շվեյցարիայում, որոնց մեջ մտնում են քիմիական և մետաղ արդյունահանող ընկերությունները, հեղուկ գազի պահեստները, սահադաշտերը, լողավազանները, ջրի մաքրման կայանները, ագրոքիմիական պահեստները, դիզելային վառելանյութերի կոնտեյներների կայանատեղիները և այլ արտադրություններ:

Մոնտեն 4 նման ձեռնարկություն ունի, այդ թվում` օպտիկական սպիտակեցնող հեղուկների արտադրություն, պոլիմերի արտադրություն, բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն: Բացի նրանից, որ տեխածին աղետի ռիսկ կա Մոնտեի այս արտադրություններում, մեծ է նաև բնական աղետների ռիսկը, որոնք կարող են բերել միաժամանակ նաև քիմիական արտադրության աղետի:

Այն գործարանները, որոնք պոտենցիալ աղետի վտանգ են ներկայացնում, պարտավորվում են պատասխանատվություն ստանձնել նաև անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու գործում և նվազեցնել աղետների ռիսկերը, որոնք կարող են մարդկանց ու շրջակա միջավայրին վնասներ հասցնել: Ընկերությունը պետք է գնահատի ռիսկերը և ներկայացնի պետական վերահսկող մարմիններին, որոնք կուսումնասիրեն այն, և եթե գտնեն, որ ընկերությունը ճիշտ չի ներկայացրել իրավիճակը կամ ոչ արդյունավետ միջոցառումներ է իրականացնում, կարող է ստիպել կրկին անվտանգության ռիսկերի ծրագիր մշակել, հակառակ պարագայում գործը կհասնի մինչև իսկ ընկերության գործունեության սահմանափակմանը կամ արգելմանը: Արտադրությունները պարտավոր են ներդրումներ կատարել վթարների կանխարգելման միջոցառումների համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում մասնակցել նաև համայնքային փրկարարական աշխատանքներին:

Արթուր Մուրադյանը վստահեցնում է, որ Հայաստանի ԱԻՆ-ն թե տեխնածին, թե տարերային աղետների համար առանձին պլաններ ունի մշակած՝ սկած ատոմակայանից, վերջացրած ջրամբարի պատվարի փլուզումով: «Ամեն մեկի համար կա անվտանգության վկայագիր և գործողությունների պլան՝ համաձայնեցված և ուսումնավարժությունների ընթացքում եփված, ծեծված տեղական կառվարման մարմինների հետ»,- ասում է Ա. Մուրադյանը:

Հայաստանի սպառնալիքը սողանքներն են

Հայաստանին սպառնում են երկրաշարժերը, սողանքներն ու քարաթափումները: Այնուհանդերձ, առաջնահերթ վտանգավոր երևույթը սողանքններն են, որոնց կառավարման գործընթացը բավականին բարդ է՝ հաշվի առնելով, որ սողանքների թե առաջացման պատճառները, թե դրանց հետևանքների վերացման գործընթացները բազմաբնույթ և թանկարժեք են: Հայաստանում 230 համայնք սողանքավտանգ տեղամասերում է, որից 131-ը՝ ակտիվ գոտիներում: Որոշ բնակավայրեր Սյունիքի պոչանքների հարակից տարածքներում են:

Արթուր Մուրադյան

Գնդապետ Մուրադյանն ասում է, որ ձեռնարկվող միջոցառումները սողանքների մասով բավարար չեն: Սողանքների զսպմանն ուղղված ինժեներապաշտպանական միջոցառումներ երկար ժամանակ չեն իրականացվել, որովհետև հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք բյուջեով չեն նախատեսվում: Դրանից ելնելով՝ ԱԻՆ-ն մշտապես, որպես առաջնահերթ կանխարգելիչ միջոցառում, եղած գումարների սահմաններում իրականացնում է խիստ վթարային բնակելի տներից մարդկանց վերաբնակեցում, տեղափոխում ժամանակավոր կացարաններ:

2013թ. կառավարությունը հավանության է տվել «Սողանքային աղետի կառավարման հայեցակարգին»:  Իսկ այս տարի Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության հետ կմեկնարկի 3 մլն դոլար բյուջե ունեցող «Սողանքային աղետի կառավարում» ծրագիրը, որը ենթադրում է  ուսուցում, վերապատրաստում, իրազեկում, ինժեներապաշտպանական միջոցառումների իրականացում 2-3 համայնքներում: Ծրագրի շրջանակներում սողանքային տեղամասերում կկազմակերպվի ջրահեռացում, որը կզսպի հետագա ակտիվացումները: Ճապոնական կողմը կտրամադրի գույք, սարքավորումներ, հորիզոնական հորատման համար ինժեներական տեխնիկա:  Տեղադրվելու են էլեկտրոնային տվիչներ, որոնք սողանքի ցանկացած տեղաշարժի ու ակտիվացման մասին տեղեկատվությունը փոխանցում են ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն: Ունենալով զարգացման նախկին դինամիկան և տվիչների տվյալները՝ պարզ կդառնա, թե ինչպես կարող են զսպվել սողանքները: Արթուր Մուրադյանն ասում է, որ սողանքային գոտիներում իրազեկման խնդիր ևս կա: Գյուղացիները շարունակում են առատ ոռոգումները և կառուցապատումները, որոնք պետք է ընդահնրապես արգելվեն: Արթուր Մուրադյանը գիտակցում է, որ ցանկացած կանխարգելման միջոցառում 10-15 անգամ ավելի էժան է, քան հետևանքների վերացումը: Սակայն Հայաստանի բյուջեն սուղ է և լայնամաստշաբ կանխարգելիչ միջոցառումների համար գումարներ տրամադրելու հնարավորություն չունի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter