
«Կտանեն պադվալում ոտերիցդ կկախեն, էնքան կտան թոքերիդ, կտրաքացնեն»
«Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի դատապարտյալ Հարություն Խաչատրյանը նամակով դիմել է «Հետքի» խմբագրություն՝ գրելով, թե ինչպես է 2004թ. դատապարտվել ցմահ ազատազրկման ու թե ինչպես է բանտում պատիժ կրում 10 տարի: Նամակը ներկայացնում ենք հատվածաբար.
«Ինձ 2004թ. անհիմն մեղադրել են սպանությունների մեջ՝ շառ ու շանտաժով: Ինձ դաժան ծեծի ենթարկելով սարքել են հաշմանդամ, ստիպում էին, որ գրեմ՝ իբր ես ներկա եմ եղել, եթե չէ, ինձ կմեղադրեն սպանությունների մեջ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ոչ մի հոդվածով: Քննիչը ոնց ուզել ա, գրել ա և ինձ չի ծանոթացրել, ինչն անել պարտավոր էր: Ինձ տարան ք.Մասիսի առաջին ատյանի դատարան առանց մեղադրականը տալու, որ գոնե ծանոթանամ, թե ինչում են ինձ մեղադրում: Հացադուլ արեցի, կարեցի աչքերս և բերանս, 5 օր ինձ պահեցին կարցերում: Ինձ, դուբինկաներով ծեծելով, էլեկտրաշոկի տալով քարշ տալով մայկայով, ոտաբոբիկ տարան դատարան, գցեցին ՑՄԱՀ՝ առանց վերջին խոսքի իրավունքի: Չէի կարող խոսել ու իրավունք չունեին դատեին, քանի որ հացադուլի մեջ էի: Այդ ամենը արեցին բռնի ուժով ու խուլիգանավարի… Դա անում էր դատախազ Փիլոյանի «բանդան»: Ինձ ճնշում էին, որ Վերաքննիչ ու Վճռաբեկ չդիմեմ, դիմումս հետ վերցնեմ: Երբ հացադուլ էի անում, ինձ բոքսերում ծեծում էին քացիներով, բռունցքներով, դուբիկաներով, ճղեցին շորերս, թափվեցին ատամներս: Էս ամենի մասին գրել եմ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, էն ժամանակվա արդարադատության նախարարին, վարչապետին, բայց մինչ օրս պատասխան չեմ ստացել: Կասկածում եմ, որ դիմումներս տեղ չեն հասել: Դատախազ Փիլոյանն եկավ իմ մոտ, երբ հացադուլի մեջ էի, դիմումներս նրա մոտ էին: Ասեց. «Ինչ էլ գրում ես, ինձ ա գալիս: Էլ մի գրի, թե չէ, կմտնեն մեկուսարան, քեզ կտանեն, կկորես, կեթաս: Կտանեն պադվալում ոտերիցդ կկախեն, էնքան կտան թոքերիդ, կտրաքացնեն: Կամ կսրսկեն, կամ ճաշիդ մեջ դեղ կլցնեն, տարբեր հիվանդություններ կբռնես, կմեռնես: Քանի ես սաղ եմ, քո գործը հետ քննության չի ուղարկվի: Հանգիստ նստի մի 20 տարի»:
Պատասխանեցի՝ խի՞, ո՞ւմ տեղը նստեմ, բեր մարդասպանին, թող նստի: Ասեց՝ նա 50.000 դոլար փող ա տվել, դու ի՞նչ ունես, որ տաս… Ինձ արհեստական սարքել են մարդասպան: Ես չգիտեմ, թե 2004 թ.-ից ում տեղն եմ նստած բանտում: Խնդրում ու պահանջում եմ, որ իմ գործով նորից քննություն լինի: Ես նաև հիվանդ եմ, ունեմ տարբեր հիվանդություններ, բայց էստեղ բուժում չկա: Ուզում եմ շնորհակալություն ասեմ դիտորդական խմբից, ՄԻՊ գրասենյակից, քանի որ տարբեր դիմումներ նրանց միջոցով են դուրս եկել»:
Հարություն Խաչատրյան
«Նուբարաշեն» ՔԿՀ պատժի առավելագույն չափի դատապարտյալ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել