HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համեցե’ք Մաքսային Հայաստան ու ՄՄ շուկա» ռուս-հայկական քաղաքականությունը. իսկ հաճախորդները չեն շտապում-1

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Վերջին ամիսների պաշտոնական հանդիպումներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում տեղ է գտնում մի թեմա, որն այլ կերպ, քան «համեցե’ք Մաքսային Հայաստան եւ ՄՄ շուկա» չես անվանի: Իսկ դա, որպես քաղաքականություն, պարզվում է, ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ծագումնաբանություն ունի:

Մայիսի 12-ին հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ժամանակ Գործատուների ֆրանսիական միության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Գոթիեն Սերժ Սարգսյանին հարց ուղղեց այն մասին, թե Հայաստանն ի՞նչ է անելու ֆրանսիական ընկերություններին գրավելու ուղղությամբ, երբ միանա Մաքսային միությանը՝ իր ընկերություններին հնարավորություն ընձեռելով ավելի դյուրացված կարգով մուտք գործել 200 միլիոն սպառող ունեցող շուկա, եւ ինչպիսի՞ առավելություններ կունենան ֆրանսիական ընկերությունները Հայաստանի միջոցով այդ շուկայի հետ համագործակցելիս:

Սերժ Սարգսյանը հարցին պատասխանեց, թե իր կարծիքով Մաքսային միությանը հնարավոր անդամակցությունը Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանը՝ որպես ներդրումային միջավայր, ավելի գրավիչ է դարձնում: Այդ համատեքստում ՀՀ նախագահը կարեւոր հանգամանք համարեց այն, որ. «այսօր Հայաստանը օգտվում է նաեւ արտոնությունների ընդհանուր համակարգից՝ GSP+-ը, եւ ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանն օգտվելու 700 միլիոնանոց շուկայից»:  

Այնուհետեւ, Սերժ Սարգսյանը մանրամասնեց, թե Մաքսային միության ընձեռած ի՞նչ արտոնություններից ու հնարավորութուններից կօգտվեն օտարերկրյա ընկերութունները, եթե որոշեն գործ դնել Հայաստանում. «Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներմուծել Հանրապետություն, ինչը բավականաչափ մեծ խթան է հանդիսանում: Փաստորեն, Մաքսային միության անդամներին այդ կազմակերպությունը 30 տոկոսանոց զեղչ է կատարում վառելիքի, գազի, բենզինի եւ այլնի վրա: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել ու նաեւ մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: Մաքսային միությանն անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում»:

Քննադատելով իր քաղաքականության այն ընդդիմախոսներին, ովքեր հայտարարում են, թե Մաքսային միությանն անդամակցելը կարող է խոչընդոտել ներդրումային գործընթացին, որովհետեւ որոշակի ապրանքատեսակների, այդ թվում նաեւ հումքերի վրա պետք է կիրառվի լրացուցիչ մաքսային տուրք, նա հայտարարեց. «Ուզում եմ ասել, որ նախ՝ հիմնական հումքերի եւ ապրանքատեսակների մասով մենք արդեն բանակցային գործընթացում ունենք պայմանավորվածություններ. սա՝ մեկ, եւ երկրորդը՝ Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինեն՝ կապված հումքի ներմուծման հետ: Ուզում եմ ասել, որ այստեղ էլ շատ հանգիստ կարելի է լինել: Հայաստանն առաջարկում է օտարերկրյա եւ առաջին հերթին՝ ֆրանսիացի գործարարներին 30 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություն, արագ գտնել մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ մասնագետների եւ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աշխատավարձը բարձր չէ՝ միջին աշխատավարձը կազմում է 300 եվրո, ապա կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, կարելի է լավ բիզնես անել»:

Ասվածից հետո Սերժ Սարգսյանը փորձեց ֆրանսիացի գործարարներին շահագրգռել նոր պղնձաձուլարան կառուցելու «մեծ ծրագրով», քանի որ սեպտեմբերից Հայաստանը արտադրելու է 80-100 հազ. տոննա պղնձի խտանյութ, ինչը որպես մեծ քանակություն  վերամշակման կարիք ունի, ինչպես նաեւ՝  ջերմոցաշինության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության «փոքր ծրագրերով»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Կարֆուր ընկերության՝ Հայաստան մուտքն ազդարարելն էլ համարենք մեկ այլ ներդրումային ծրագիր, թեպետ այն Մաքսային միության 200 միլիոնանոց շուկա մուտքի հետ դեռեւս տեսանելի աղերսներ չունի: Ակնհայտորեն Սերժ Սարգսյանի առաջարկը խելամիտ էր թվացել Օլանդին, ով Երեւանում հայտարարեց , թե «ասոցացման բացառիկ մոդելով» «Հայաստանը կարող է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ առեւտրային միությունը»:

Սակայն, դառնանք Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությանը, հատկապես երբ հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա անդրադարձավ Մաքսային միությանը անդամակցելուց Հայաստանի օգուտներին, մտահոգություններին ու հնարավորություններին. «Մենք Մաքսային միությանը ցանկություն ենք հայտնել անդամակցել` ունենալով ոչ միայն այլ խնդիրների հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, այլ նաեւ խորը տնտեսական վերլուծություններ: Եվ ակնհայտ է, որ արդեն իսկ դրա որոշ արդյունքներից մենք օգտվում ենք: Եթե այսօր մենք 1000 խորանարդ մետր գազը մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուքային նյութերի համար ունենք համապատասխան զեղչեր, եթե այսօր բնական ալմաստի ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ, դա Մաքսային միությանն անդամակցելու, այսպես ասած, նախապատրաստական ժամանակահատվածն է»: Ասվածում որեւէ նորութուն չկա, քանի որ դրա մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր թե նախկինում, թե նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում:

Մինչդեռ, նորություն էին նրա այն ասածները, որոնք վերաբերում էին անդամակցելուց հետո մի շարք ապրանքատեսակների մաքսադրույքների, հետեւաբար նաեւ գների բարձրացման խնդրին, որը ամիսներով չէր լուծվում՝ ի թիվս այս գործոնների իր հերթին կասեցնելով ՄՄ-ին Հայաստանի միանալը (Բելառուսը պնդում էր «ճանապարհային քարտեզով» ստանձնած պարտավորությունների ամբողջական ու փաթեթային կատարում):

Եւ ահա Սերժ Սարգսյանը ներկայացրեց «ոչ միայն տնտեսագետներին, այլ նաեւ հանրությանն, այդ թվում` իրեն անհանգստություն պատճառած» այդ «լուծելի մարտահրավերների» շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը.

«Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ` այդ տարբերությունները հսկայական չեն, երկրորդը` զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք, եթե կարելի է այդպես ասել, մուտքի շղթաներ, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Ենթադրենք` մեքենաների ներմուծման մասով: Ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավտոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք` ավելի քիչ, բայց այդ դրույքների կիրառումը Հայաստանի հանրապետության համար, անպայման, հետաձգվելու է` 5-ից 10 տարով: Ինչու՞ եմ ասում 5-ից 10 տարով, որովհետեւ սա այն խնդիրներից մեկն է, որոնց մասին ես ասում էի` մնացել է 2-3 խնդիր: Այսինքն`ավտոմեքենաների ներմուծումը զգայուն հարց է մեզ համար, դրա համար մենք խնդրել ենք տալ մեզ ժամանակ: Մեր խնդրանքը հարգվել է, եւ մենք ունենալու ենք նվազագույնը, վստահ եմ, որ այդպես կլինի, 5 տարի ժամանակ: Այդ 5 տարվա ընթացքում մենք կադապտացվենք, այդ 5 տարին բավարար է: Իսկ եթե լինի 7 տարի, ավելի լավ: Եվ այդպես` բոլոր զգայուն ապրանքատեսակների համար»

Հիշեցնենք, որ ՄՄ-ին միանալու պայմանագրի «առեւտրային բլոկում» մնացած չհամաձայնեցված այդ երկու-երեք հարցերի ու դրանց կապակցութամբ առաջիկա երկու օրերին պատասխաններ ստանալու ցանկալիության մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Աստանայում՝ մայիսի 29-ի տրոյկայի նիստում:

Այդպիսով, եթե անցած ամիսներին Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը չէին համարձակվում օրենսդրական փոփոխություններ կատարել ու ներմուծվող ապրանքատեսակների դրույքաչափերը հավասարեցնել ՄՄ տարածքի ստանդարտներին, եւ դրա համար ակնկալում էին կա’մ արտոնություններ, կա’մ Ռուսաստանի «լրացուցիչ ֆինանսական աջակցությունը», ապա խնդիրը կարծես լուծում է ստացել. ՄՄ-ը փող չի տալիս, Ռուսաստանը չի փոխհատուցում Հայաստանի տնտեսությանը պատճառվելիք վնասները, սակայն «մուտքի շղթաների» տեսքով նրան տրամադրվում է անցումային շրջան, որի ընթացքում Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մաքսադրույքները չեն բարձրանում:

Այսինքն, Սերժ Սարգսյանը համակերպվել է Ռուսաստանից փող չստանալու մտքի հետ, սակայն դեռեւս պարզ չէ՝ Բելառուսն ու Ղազախստանը արդյո՞ք կհամաձայնվեն Հայաստանին տրվող արտոնությունների հետ, հատկապես երբ նախկինում իրենք էին պնդում, թե ՄՄ նախկին ռեժիմի կողմերին տարբեր ապրանքատեսակների գծով տրված արտոնությունները պետք է հանվեն:

Հայատանը փորձում է ճեղքե՞լ Ռուսաստանի եւ իր հնարավոր տնտեսական շրջափակումը

Հայաստանին տրամադրվող անցումային շրջանը՝ Վ.Պուտինի ասած «անվտանգության բարձիկը» կամ Սերժ Սարգսյանի ասած «մուտքի շղթաները», որ ենթադրում են ՄՄ տարածքից ցածր մաքսադրույքների ռեժիմի պահպանում 5 կամ առավելագունը 7 տարի ժամանակով, կարեւոր են «Մաքսային Հայաստանի գրավչության» ֆենոմենը հասականալու համար: Եվրասիական եռյակի հետ ենթադրաբար այս պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո արդեն որերորդ անգամ է, ինչ Սերժ Սարգյանը ընդգծում է դա:

Այսպես, հունիսի 16-ին այցելելով Ավստրիա ու մասնակցելով հայ-ավստրիական տնտեսական համաժողովին, Սերժ Սարգսյանը հղում կատարեց Հայաստանի համար միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակած վարկանիշներին,  «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի այն գնահատականին թե «Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով»:

Ապա, Սերժ Սարգսյանը ձեւակերպեց կոչը. «Ձեզ հայտնի է, որ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին: Դա որեւէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու մեր ձգտումը: Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաեւ Եվրոպական ներդրողների համար. օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող Եվրասիական շուկա»:

Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել Հայաստան օտարերկրյա ներդրումներ բերելու խնդիրը: Նրա նախկին կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի կաբինետը մեղադրվում ու քննադատվում էր նաեւ նրանում, որ այս տարիներին Հայաստան մտնող ներդրումները էապես նվազել են՝ ազդելով տնտեսական աճի ցուցանիշների վրա: Վիեննայում Սերժ Սարգսյանն անգամ հրապարակավ համաձայնեց Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այն գնահատականին, որ հայ-ավստրիական առեւտրատնտեսական համագործակցության համար «մինչեւ 2008թ. մենք ունեինք շատ ավելի լավ ծավալներ եւ ցուցանիշներ, քան այսօր, բայց, փառք Աստծո, երկու տարի առաջ նորից սկսվեց աճ»: 

Սակայն, Հայաստանի տնտեսության համար կարեւոր մնացող օտարերկրյա ներդրումների հարցը լուծելուց զատ Սերժ Սարգսյանի «համեցեք Մաքսային Հայաստան եւ ՄՄ շուկա» քաղաքականությունը այլ՝ չերեւացող ասպեկտ էլ ունի. դա կապված է Ռուսաստանի հանդեպ սաստկացող տնտեսական պատժամիջոցների եւ մեկուսացման իրական հեռանկարի հետ:

Կարծես թե ուրվագծվում է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին համաձայնությունը Աստանայի նիստին հաջորդած երկու օրերին՝ ՄՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի առեւտրային բլոկի երկու-երեք հարցերի կապակցությամբ: Հայաստանին տրամադվում են մուտքի շղթաները, մաքսադրույքները առնվազ 5 տարի չեն փոխվում ու օտարեկրյա ներդրումների համար գրավիչ են դարձնում այն, իսկ Երեւանն էլ ՄՄ-ի տրամադրած բարիքներն ու արտոնությունները որպես խայծ է օգտագործում ոչ միայն իր կարիքների համար  օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, այլեւ ծառայություններն ու արտադրված ապրանք ՄՄ, առաջին հերթին՝ ռուսական շուկա մտցնելու համար:

Այլապես դժվար է պատկերացնել, որ առանց ՌԴ նախագահի համաձայնությունն ունենալու, ՄՄ-ին դեռեւս չանդամակցած Հայաստանի նախագահը կկարողանար հանդես գալ որպես մուտքի երաշխավոր դեպի 200 միլիոնանոց շուկա, որը պրոտեկցիոնիստական է, երկրների քաղաքական ռեժիմները ավտորիտար, ինչը նշանակում է՝ առանց նրանց բարձրագույն իշխանության ցանկության անգամ փոքր ընկերությունը կկարողանա մուտք գործել վերջիններիս շուկա:

Ավստրիայում տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ նախագահը կոչ արեց օգտագործել «Հայաստանի շահավետ հարթակը» սննդի վերամշակմամբ զբաղվող ավստրիական հանրաճանաչ «Սպից», «Դ՛Արբո» ընկերությունների համար՝ առաջարկելով առողջ եւ համեղ գյուղատնտեսական հումք, ոսկերչության ոլորտում աշխարհահռչակ «Ֆրեյ Վիլ» ընկերության համար՝ առաջարկելով բարձրորակ ոսկերիչներ եւ առանձնահատուկ պայմաններ ոսկերչական ազատ տնտեսական գոտում, հանքարդյունաբերական հումքի վերամշակող «Ասամեր Բազալտիկ Ֆայբեր» ընկերության համար՝ առաջարկելով բնական քարերի լայն տեսականի, դեղագործական «Ջ.Լ. Ֆարմա», «Ջեներիկոն Ֆարմա» եւ այլ ավստրիական ընկերությունների համար, որոնք կարող են օգտվել ազատ տնտեսական գոտիներում ստեղծված հնարավորություններից:  

Նկատելի է, որ առաջարկվող ոլորտներում ծրագրերն այնպիսին են, որտեղ հիմնական հումքերը ռուսական (ոսկերչության հետ կապված ադամանդի հումքը, որի համար Ռուսաստանի տրամադրած զեղջի մասին Սերժ Սարգսյանը հայտարարում է) են կամ շահագործվում են (հանքարդյունաբերություն՝ ոսկի եւ այլն) ռուսական, ռուս-վրացական կամ հայ-ռուսական ընկերությունների կողմից:  

Սակայն «համեցեք Մաքսային Հայաստան ու ՄՄ շուկա» ռուս-հայկական համատեղ քաղաքականության նպատակներն այսքանով չեն ավարտվում: Դրա վրա լույս են սփռում Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի որոշ դրվագներն ու դրան նախորդած իրադարձությունները:

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter