HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանիկ Ասլանյան. հաղթանակը մեխողներից մեկը

Հովհաննես Ասլանյանին բոլորը Վանիկ են դիմում, թե ինչու, նա կատակով պատասխանում է. «Դե, որ տանը գլխի չընկնեն»: Ապրում է Աբովյան քաղաքի ծայրամասային շենքերից մեկում: Հյուրասենյակում դեղին լույսի շողքն ընկնում է նրա դեմքին: Բառերի հետ շատ զգույշ է վարվում: Պատերազմը լեզվի բան չէ, որ դնես երկար-բարակ բառեր հորինես, հղկես, մի սիրուն պատմություն դարձնես: Մոտավորապես այսպիսի մոտեցմամբ սկսեցինք մեր զրույցը: «Կռիվ էր, պիտի գնայինք»,- կարճ պատասխանում է, հետո նայում է հյուրասենյակի հեռավոր կետերին: Ասում է` հորաքրոջ տղան` Վազգեն Առուստամյանն էր իրեն առաջարկել կամավորագրվել, նա Շահեն Մեղրյանի ջոկատում էր, ինքն էլ մի վայրկյան չի մտածել, չնայած հայրն ասել էր` «լավ մտածի»: Անմիջապես պատասխանել էր, թե «մեծ հաճույքով կգամ»: Սկզբից Վահան գյուղում է եղել, հետո տեղափոխվել է «Եղնիկներ»:

Նշում է` տղերքով հավաքվելիս շատ բան են հիշում, իսկ մենակ հեշտ չէ անցյալի որոշ կետերը հանել, բերել դնել մեր առջև: Նրա դեմքի խիստ արտահայտությունը, կարծես, հարցնում է, թե հետո ինչ պիտի արվի այդ կետերի հետ, եթե այսօր մեր երկրում կռված տղերքը տեղ չունեն: Ասում է` 14 տարեկան մայոր է, պաշտպանության նախարարությունում այդպիսի բան չկա: Մի քանի ամիս առաջ է վերականգնվել աշխատանքի: Մինչ այդ հիվանդության պատճառով 5 տարի չէր աշխատում` թոքաբորբով հիվանդ էր:

Ցաքուցրիվ պատասխանները, հանկարծ, կանգնում են մի գծի վրա: Հյուրասենյակ մտած դպրոցական որդուն` Մհերին, խնդրում է ծխախոտը բերել: Վառում է առաջին սիգարետն ու խիստ հայացքը, կարծես, կորում է կապույտ ծխի մեջ: Հիշողությունները կամաց-կամաց գլուխ են բարձրացնում: 20 տարի առաջ ինքը 24 տարեկան էր, իսկ հիմա նույնիսկ զարմանում է իր արածների վրա: Պատերազմի ժամանակ քաջությունն անգիտակցաբար էր ծնվում: Իհարկե, վախենում էին, սրտները մինչև կոկորդ էին հասնում, ասում է նա, բայց կռվի դաշտում վախը մոռացվում էր: Իսկ նրանք, ովքեր ասում են` իբր չեն վախեցել, ստում են. վստահեցնում է ազատամարտիկը:

«Եղնիկները», կամ արծվի բնում

«Եղնիկներում» առավելագույնը 35-40 զինվոր էին: Դա էլ «շքեղ» թիվ էր պարտիզանական ջոկատի համար: Դիվերսիոն աշխատանքներն իրականացնում էին հիմնականում 8-հոգանոց խմբով: Իրենց խմբի անունը «Մոլլա» էր: Շահեն Մեղրյանն էր այդպես կնքել: «Վազգենին դպրոցում տերտեր էին ասում: Մեղրյանը Վազգենին ասաց` բա քեզ ի՞նչ պազիվնոյով կանչեմ, ասեց` դե, շատ իմանամ, դպրոցում տերտեր էին ասում: Մեղրյանն էլ թե` տերտեր էլ չէ, մոլլա կասեմ»: 8-հոգանոց խմբի առջև Մեղրյանը մի վաշտի առաջադրանք էր դնում. հիշում է Վանիկը: Իրենք չէին էլ մտածում, թե ոնց պիտի կատարեն: «Մեր տղերքից ամեն մեկը մի արծիվ էր, մեր ջոկատն արծվի բույն էր»,- նշում է նա: 35-40-կիլոգրամանոց բեռով էլ անընդհատ շարժման մեջ էին` և ականներն էին շալակում, և հացը, և զենքը: Մի կետում չէին մնում:

«Մարտակերտի ճակատին իրենց հրամանատարին, շտաբով բանով խփել էինք… Մոշնի դիվերսիա էինք արել: Էդ օպերացիան մի կոմեդիա էր: Վահեն ասաց՝ «Ռեմբո, Ռեմբո, ի՞նչ Ռեմբո, Ռեմբոն էս ա»,- ասում է նա: Անցյալը հանկարծ հասնում է մինչև հյուրասենյակի կենտրոն, ծխախոտի ծուխը տարածվում է սենյակում:

Առաջին անհայտ կորածը

1993 թ. փետրվարի 17-ն էր: Սարսանգի ջրամբարի մոտ էր: Վանիկն ասում է, որ ճանապարհն արդեն ականապատել էին և սպասում էին ադրբեջանական մեքենաներին: Քանի որ ճանապարհին շատ մոտ էին կանգնել, խմբի ղեկավարը` Վազգենը, տղաներին ասաց, թե գնան մի դիրք ընտրեն, ինքն էլ քիչ հետո կմիանա իրենց: Դրանից հետո 3 «ԶԻԼ» մեքենա էր մոտեցել, ադրբեջանցիները մեքենաներից դուրս էին եկել և սկսել կրակել: Կրակից հետո պատմության մնացած մասն արդեն իրենց ենթադրություններն են, իսկ փաստն այն է, որ այդտեղից գտան նռնակի երկու օղակ, Վազգենի ավտոմատը, պահեստատուփը, փամփշտակալը, ակնոցը, գրիչն ու նոթատետրը: Դրանք թափվել էին տարբեր տեղերում: Իրենց ենթադրություններից մեկն այն էր, որ Վազգենը, հավանաբար, իրեն նետել էր վառվող մեքենայի մեջ:

Ադրբեջանցիները անտառ չմտան, որովհետև, ըստ Վանիկի, վախենում էին: Իրենք մտածում էին, թե հայերը մեծ թիվ են կազմում անտառում: Նույնիսկ եղել են դեպքեր, որ երբ հայերի հետքը նշմարվում էր, և դրանով կարող էին գտնել հայերին, 10 մետրից ավելի անտառին չէին մոտենում:

Այդ նույն օրն էլ` փետրվարի 17-ին, Նաթիկ անունով ադրբեջանցի մի վարորդի էին գերի վերցրել: «Կանիստրով բենզին տվինք ձեռը, ասինք՝ «Ռուկի վերխ, վպերյոդ»: Էսի մի 100 մետր բարձրացավ, ասաց՝ «Ինձի գյուլլեք, էլ չեմ գալիս»: Ռուսերեն էլ խոսում էր, Ուկրաինայում էր ծառայել էր: Էդ էլ իմ թայ էր՝ 24 տարեկան: Վերջը կանիստրը վերցրինք ձեռից, մենք տարանք»,- սա պատմելուն պես սկսում է ծիծաղել: Հետո պատմությունն ավելի է կենդանանում և հասնում կորուստներին: Վազգենի անհայտ կորելուց հետո մոտ 8 ամիս Վանիկը տուն չի գնացել: Ասում է` չգիտեր, թե տնեցիներին ինչ պատասխան պիտի տար: Վազգենը նրա հորաքրոջ որդին էր:

«Նապաստակների» որսը

Ամենաթեժ պահերից մեկը 1993-ի հունիսին էր. գործողությունների ճակատը ձգվում էր Սարսանգի ջրամբարից մինչեւ Մատաղիս: Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը 475 հոգի ուներ, մի հոգի էլ ռուս դիպուկահար կար: Հայկական կողմում 25 գրոհային կար, 3 հոգի եղել են Խդրյան Հակոբի հետ, 8 հոգի էլ իր հետ են եղել ճակատային գրոհին. պատմում է Վանիկը: Ասում է` իրենք կողքից իմիտացիա էին արել, թե գրոհում են, որպեսզի գրոհայինները կողքից մտնեին ադրբեջանցիների խրամատներ: Մարտը տևեց 7 ժամ 15 րոպե:

«Առաջին բլինդաժը-բանը վերցնելուց հետո Նովիկը կապ տվեց, թե շուտ հասի էստեղ, զոհ ու վիրավոր ունենք: Էդ վախտ Թաթուլը, Կամոն վիարվորվել էին, Վահեն զոհվել էր: Հասա իր մոտ: Հետո մի պահ զգացինք, որ թուրքերը խուճապի մեջ են, կանգնելը հանցագործություն էր, պիտի չկանգնեինք, ու էդպես սարի լանջով սկսեցինք քշել թուրքերին` ո՞նց ես նապաստակներին քշում, այ էդպես: Հասանք չորրորդ բլինդաժ, Գյուլումյանը 2 հատ սնարյադ տվեց, երևի թե օսմանցի թուրք էր, բլինդաժից պուլեմյոտով կասեցնում էր տղերքի գրոհը, վերցրեցի սնարյադները, գնացինք Հակոբին, Դիկաբրազին՝ Արկադին (մազերը բիզ-բիզ էին, դրա համար էինք Դիկաբրազ ասում), ճարեցինք, Արամը խփեց էդ բլինդաժին: Մենք էդտեղից կախվեցինք, «Վահե-1»-ի մոստը որ կա, հիմա դա երկաթի մոստ է, էն ժամանակ կախովի մոստ էր, СВД-ն (դիպուկահար հրացան- հեղ.) մոտս էր, կախվեցի էդտեղից, սկսեցի որս անել:

Էդտեղից սաղ փախան Մատաղիս: Հետ գալուց արդեն Արամը հետևիցս բրթեց, թե նայի, թուրքը դեմներս ա կանգնած`2 մետրի վրա: Ես էլ, սովորությանս համաձայն, ավտոմատիս պրեդախրանիտելը փակ էի պահել (ապահովիչի փակ վիճակում զենքը չի կրակում- հեղ.), կանգնել իրեն էի նայում, թուրքն էլ՝ ավտոմատը ձեռը, պրեդախրանիտելը բացած: Տղերքն էնտեղից գոռացին, թե զգույշ եղեք, ոնց որ էլի կան էդ նապաստակներից: Դե հիմի չասի, թե հա, հեն է դեմս կանգնած: Սկսեցի սրա հետ ռուսերեն խոսել, ասացի՝ դե, իմ ախպերը ձեզ մոտ պլեն ա ընկել, արի դու զենքդ գցի, գերիներ փոխանակենք: Արամն էլ չէր կարում ոչ մի ձև կրակեր, նեղ տեղ էր: Վեշմեշոկս գցեցի, ձեռս տարա դեպի ավտոմատս, որ պրեդախրանիտելը բացեմ, դա ավտոմատը պահեց, ասի՝ Արամ, փախի, ու էլ առանց նայելու սկսեցի կրակել, ինձ գցեցի մի մասուրի թփի վրա ու կրակում էի: Արամը եկավ ձեռիցս բռնեց, ասեց՝ արի: Տեսանք թուրք չկա: 4 հատ դոշին էի կպել: Թուրքի ավտոմատը վերցրինք,  տեսանք՝ մագազինը լիքն էր, բայց ավտոմատի մեջ պատրոն չկար: Ինքը սեղմելուց ա եղել, բայց պատրոն չկար մեջը: Եթե ինձ չէ, Արամին կհասցներ, մի հատ էլ ինձ կհասցներ»,- մահվանից փրկվելու մասին պատմում է Վանիկը:

Արամի զոհվելը

«Արամի զոհվելը վաաբշե ստրաշնի բան էր: Առաջին զախոդ պիտի տուն գնայի, վերջը համոզեցին, որ ես պիտի գնամ: Ֆրոնտն արդեն ընդհանուր ճակատի մեջ էր: Աբովյանցի տղերքն եկան՝ դե, թրաշվեք, որ գնանք: Արամը չէր եկել, հրազդանցի Սևանը զոհվել էր, դիպուկահար հրացանի մասնագետ չկար: Ասի, գնամ Արամին բերեմ: Կարենն ասաց՝ տենց բան մի ասա, գնա, Արամի հետ եկեք: Էդ ճամփեն մի 27-28 կմ էր, կարճ ճանապարհներով  եղնիկի պես շվվցնելով մի ժամում հասա:

Տղերքն ասացին՝ բա Արամը հեսա պոստը պրծնում ա, կգա: Ասեցի՝ արա, բա Արամին ինչի՞ եք պոստ կանգնեցրել: Վազելով գնացի, էրքեջեցի Վանիկը ոտիցս քաշեց, թե ուր ես գնում, չես տեսնում, թրաշում ա գյուլլեքը... Վազեցի, հասա խրամատ, տեսա Արամը խրամատում պպզած ա՝ դեմքով ցած: Արամին շուռ տվի, մեջքը չէր երևում, աչքերը բացեց, ժպտաց... Նոր տեսա՝ ձեռս լրիվ արյուն ա... Պուլյան տվել էր ուսից, խփել, դուրս եկել... Արամին գցեցի ուսիս, ավտոմատները քարշ տալով տարա: Ընենց կրակ էր, որ պատկերացնում ես, թե գրոհում են»,- ասում է նա: Վանիկն ընկերոջը ձիու վրա դրած հասցրել էր Սպիտակ աղբյուր, որտեղից էլ աբովյանցի տղաներն իջել ու վերցրել էին Արամի դին:

«Սենց բան պիտի չլիներ»

Երկրի վիճակի մասին խոսելիս ասում է, նոր զարգացող երկիր է, բայց «սենց բան պիտի չլիներ, էլի, ինչ ստեղծել ենք, էն էլ ուտում ենք»: Իրեն գնահատել կամ շքանշաններ տալ պետք չէ, ուղղակի առողջություն է ուզում, որ երեխեքին մեծացնի: Հաղթանակի մասին չի սիրում խոսել: Պատասխանում է, որ շարքային զինվոր է եղել, իսկ հաղթանակների մասին կարող են խոսել գեներալները: «Յուրաքանչյուրս էլ մի մեխ մեխել ենք էս հաղթանակի մեջ»,- նշում է նա:

Ասում է` շատ է ուզում, որ կառավարությունը մի «կարգին կոմիսիա» կազմի, «սուտի-մուտի ֆիդայիներին սանրի, մաքրի»: «Լրիվ ճակատում 6000 տղուց ավել մարդ չի եղել, էսօրվա դրությամբ 40.000 ֆիդայի կա: Էդ ձա՞գ են բերել, չեմ հասկանում: Մի օպերացիա կազմակերպելու մարդ չէիր ճարում, երկու հոգու մի վաշտի առաջադրանք էիր տալիս, որ ոնց ուզում եք գնացեք արեք, բայց էսօրվա դրությամբ ցելի մի դիվիզիա ֆիդայի ունես, էդ որտեղի՞ց... Շքաննշաններ են ստանում կառավարական, մարտական, ովքեր որ պատերազմի ժամանակ եղել են 8 տարեկան: Չի կարելի: Մեր արածի գինը գցում ես, սարքում ես զիբիլ»,- նշում է նա:

Հետո նայում է որդուն` Մհերին: Եթե պատերազմը պիտի սկսի, թող հիմա լինի, որպեսզի երեխեքին «փայ չհասնի»: Ասում է` պատերազմը կավարտվեր այն դեպքում, երբ այս 20 տարիներին երկիրը հզոր դառնար, այլ ոչ թե այսօրվա պես կրիայի տեմպերով շարժվեր:

Ձայնագրիչն անջատում եմ: Վանիկը խորը հոգոց է հանում: Դստեր հետ մեզ ճանապարհում է: Փողոցով քայլում ենք: Ասում է` շատ կուզեր, որ նորից գնար իր կռված տեղերը տեսներ: Հետո զանգեց ընկերոջը, ով տաքսի է վարում: Նրա գնալուց հետո էլ պարզեցինք, որ զինվորական ծառայությունից դուրս գալու 5 տարիներին՝ բուժմանը զուգահեռ, նույնիսկ տաքսի է վարել` ընտանիքը պահելու համար: Իսկ պետությունը ծափահարում է հիմնականում նրանց, ովքեր կռվի դաշտում կամ չեն եղել, կամ էլ հետևել են հեռվից: Այդպիսին են մեր այսօրվա «հերոսները»: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Ashot
Ի՞նչ կարելի է ասել: Հերոսը երբեք իր սխրանքներից չի խոսում և գին չի ուզում իր արածի համար: Ստահակը հիմա իրեն հերոս է ներկայացնում և լափում է ամեն ինչ իր շրջապատում և հայրենիքը օր օրի տկարացնում: Սրա վերջը պետք է տրվի: Ներքին թշնամին շատ ավելի նենգ ու վտանգավոր է, որովհետև կրում է հայի ազգանուն և հայերեն է խոսում և դժվար է անփորձ մարդու համար ջոկել նրան: Բայց պետք է լրիվ հիմար լինել, որպեսզի չտեսնել նրան իր կատարած գործերով նա արդեն քսան տարի իրեն ցուցադրում է և գտնվում է իշխանությունների տարբեր օղակներում համարյա թե հոծ բազմություն կազմելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter