HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համեցեք Մաքսային Հայաստան ու ՄՄ շուկա» ռուս-հայկական քաղաքականությունը. իսկ հաճախորդները չեն շտապում-2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբ

Սերժ Սարգսյանի «Համեցեք Մաքսային Հայաստան եւ ՄՄ շուկա» քաղաքականությունը շարունակություն ստացավ նաեւ Վրաստան կատարած այցի ժամանակ: Սակայն մինչեւ դրա համապատասխան դրվագներին անցնելը, անխուսափելիորեն պետք է անդրադառնանք այցին նախորդած մի քանի կարեւոր իրադարձությունների, որոնք կապ ունեն թե’ ՄՄ-ին Հայաստանի միանալու խոչընդոտները հաղթահարելու, թե’ նաեւ Հայաստանի միջոցով Կրեմլի շահերը հետապնդելու դիտվող փաստի հետ: 

Մայիսի 13-ին Երեւանում հանդիպեցին ՀՀ ֆինանսների նախարարը, Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձեւակերպումների առանձնահատկություններին առնչվող հարցեր: Աստանայի նիստի նախաշեմին ուղղակիորեն ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող այդ հանդիպումը կարեւոր էր, քանի որ ամիսներով լուծում չստանող խնդիրներից մեկը ՄՄ երկրների հետ Հայաստանի ընդհանուր սահման չունենալն ու դրա պատճառով ապրանքների տարանցիկ մաքսազերծման սխեմաների անորոշությունն է:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վրացի պաշտոնյային հրավիրելու անհրաժեշտությունը բացատրեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից ակնկալվող ապրանքաշրջանառության ծավալների աճով, որի արդյունքում վրացական սահմանին կարող են ի հայտ գալ տարանցիկ բեռնափոխադրումներին առնչվող հարցեր. «Պայմանավորվեցինք շատ կարեւոր` տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման եւ նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումը»: Սակայն, տեղեկատվության փոխանակումը գլխավորը հարցը չէ:

Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն էլ ընդգծելով, որ «Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ», «այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենք» եւ «չկա ոչ մի խոչընդոտ», առաջարկել էր մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները, եւ վստահություն հայտնել, թե Հայաստանը, Ռուսաստանը եւ Վրաստանը ունեն ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համապատասխան ներուժ: Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ վկայակոչված չէ, թե ի՞նչ է եղել Վրաստանի մաքսային ծառայության ղեկավարի դիրքորոշումը քննարկված հարցերով:

Երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ եւ առանց բարդությունների կազմակերպելու նպատակով կողմերը որոշում էին կայացրել «սահմանահատման ընթացակարգերի հստակեցման եւ պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու եւ համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով ձեւավորել աշխատանքային մասնագիտացված խմբեր եւ երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկման»: Դատելով հանդիպման արդյունքների մասին հաղորդագրության այսպիսի բովանդակությունից, պետք էր սպասել, որ վրացական կողմի պատասխանը Հայաստանի համար կարեւոր անմաքս բեռնափոխադրումների վերաբերյալ պետք է հնչեր մեկ ամիս անց՝ երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարարի ուղեկցությամբ կայցելեր Թբիլիսի:

Հիշյալ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարն ու ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը նաեւ ստորագրեցին փոխգործակցության մի կարգ, որով պետք է հստակեցվի Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը եւ ընդունվեն տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: Գագիկ Խաչատրյանն այդ փաստաթուղթը բնորոշեց կանխարգելիչ բնույթի. «Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք հստակեցնելու գործառույթները` կապված տարբեր ապրանքախմբերի հետ, քանի որ ոլորտում ռիսկեր ենք տեսնում, բացի այդ, այժմ բանակցում ենք ՌԴ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի ՀՀ-ում համապատասխան ձեռնարկությունը հնարավորություն ունենա, անհրաժեշտ տուրք վճարելով, արտահանում կատարել նաեւ երրորդ երկրներ, ինչը կնպաստի, որ ադամանդագործությունը լայն թափով զարգանա Հայաստանում»:

Արձանագրենք, որ կարգը վերաբերում է Ռուսաստանի կողմից 7 տոկոսանոց զեղջով Հայաստանին տրվող ադամանդի հումքը պարզեցված տուրքով երրորդ երկիր արտահանելուն, որը կարող է լինել Վրաստանը, Ավստրիան եւ այլք: Աստանայից հետո կարծեք թե լուծվել է նաեւ այս խնդիրը: Այլապես Վիեննայում Սերժ Սարգսյանը ոսկեգործության բնագավառում ներդրումներ կատարելու համարձակ առաջարկներ չէր անի ավստրիացի գործարարներին: Դա ապացուցելու է գալիս նաեւ ադամանդի հումքի վերաբերյալ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Հետեւաբար, ՄՄ-ին միանալու ճանապարհին լուծման կարոտ կարեւոր խնդիրները, որ պաշտոնական Երեւանը պետք է ակնկալեր Թբիլիսիից, հետեւյալներն էին. ՄՄ-Հայաստան բեռնափոխադրումները կազմակերպելու եւ դրանց ինքնարժեքը նվազեցնելու համար աբխազական երկաթուղու վերաբացումը, Վրաստանի տարածքում այդ բեռների անմաքս ձեւակերպման խնդրի լուծումը, Հայաստանը ԵՄ-ԵՏՄ կամուրջ դարձնելու ու «Համեցեք Մաքսային Հայաստան եւ ՄՄ շուկա» կոչը:

Ի դեպ, մինչեւ Աստանայի նիստը, Մոսկվան սկզբից ագրեսիվ արձագանքեց Հայաստանին տրամադրած ՄՄ բարիքները իր ախոյան Արեւմուտքին առաջարկելու Սերժ Սարգսյանի կոչին, որ նա արեց հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ժամանակ: Կրեմլյան փորձագետ Մոդեստ Կոլերովի` Երեւանին մեղադրող հոդվածը, որի ուղերձները եւ տողատակերը պատշաճ ուշադրության արժանացան Հայաստանում, հենց սկսվում էին դրանով:

Երեւանին մեղադրելով ղարաբաղյան խնդրով ԵՏՄ անդամակցությունից ետնահանջի մեջ, ինչին հանգամանորեն անդրադարձել ենք, նա մյուս պատճառ էր համարել սատկացող պատժամիջոցների թիրախ դարձած Ռուսաստանի հետ այլեւս ճանապարհ չգնալու մտադրությունը եւ աստիճանաբար Արեւմուտքի հովանոցի տակ անցնելու հեռահար նպատակը, սակայն դրա հետ մեկտեղ հանդուգն կերպով Ռուսաստանի տրամադրած արտոնությունները Արեւմուտքին առաջարկելով: Վստահաբար, Աստանայից հետո այս մի խնդիրը նույնպես լուծվել է, եւ Երեւանը Մոսկվային բացատրել է, որ դա բխում է նաեւ իր շահերից:     

Աբխազական երկաթուղին, Մաքսային Հայաստան-Եվրաասոցացված Վրաստան տնտեսական հաղորդակցությունը Սերժ Սարգսյանի վրաստանյան օրակարգում

Վրաստանի տարածքով դեպի ՄՄ շուկաներ եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձեւակերպումը միակ խնդիր չէր, որի պատասխանները պետք է ստացվեին Թբիլիսիում: Կարեւոր հարցերից մյուսը աբխազական երկաթուղու վերագործարկման խնդիրն է: Այս առումով, Վրաստան մեկնելուց անմիջապես առաջ, հունիսի 18-ին, Սերժ Սարգսյանը ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:

Եթե նրանց քննարկած հարցերից մեկը այդ ոլորտում Ռուսաստանի խոստացած, բայց չկատարած ներդրումային պարտավորությունների ընթացքն է եղել, ապա մյուսը վերաբերել է «ընդհանուր առմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին, զարգացման ծրագրերին ու երկուստեք փոխշահավետ համատեղ ծրագրերին»: Այս երկրորդը ուղղակիորեն առնչվել է աբխազական երկաթուղու վերագործարկմանը, ինչի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը ժլատ է եւ ընդամենը բավարարվել է անուղղակի ակնարկով: Թե կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Յակունինը, որ ՀՀ նախագահը որպես առաջարկ իր հետ պետք է տաներ Թբիլիսի, կարելի է միայն կռահել այցի ընթացքում հնչած մտքերից:

Արժե հիշել, որ 2012-ի դեկտեմբերին պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր աբխազական երկաթուղին վերագործարկելու իր շահագրգռության եւ նպատակադրման մասին: Իսկ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին էր հայտարարել, որ աբխազական երկաթուղու բացման հարցը կոնկրետ քննարկման փուլում չէ, թեեւ մոտ ապագայում այն կարող է քննարկման առարկա դառնալ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով: Թերեւս, սա կարող էր Կրեմլին շահագրգռել Սերժ Սարգսյանի միջոցով Թբիլիսին ուղերձ փոխանցելու համար, ինչի համար էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը շտապել էր այցից առաջ հանդիպել ՀՀ նախագահի հետ:

Վրաստանում «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը հանդես է գալիս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Աբխազիայի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման օգտին. «Այդ թեմայի շուրջ դեռ լուրջ խոսակցություն չկա, բայց մենք ուզում ենք, որ այդ ճանապարհը սկսի գործել: Դա մեզ համար կենսական նշանակություն ունի: Երկաթուղու բացումը կախված է ոչ միայն Հայաստանից եւ Ռուսաստանից, այլեւ այլ կողմերից, ուստի մենք ակտիվորեն աշխատում ենք դրա ուղղությամբ» (պատահական չէ, որ վրացական մերժումը զգացած Regnum գործակալությունը այս նույն հղման մեջ Ռուսաստանի փոխարեն գործածել է Վրաստան բառը, եւ արդյունքում միտքը դարձել է այնպիսին, թե Երեւանն ու Թբիլիսին այն լուծելու համար պետք է խնդիրը քննարկեն «այլ կողմի»՝ Ռուսաստանի հետ):

Այս համատեքստում հատկանշական է, որ մայիսի վերջին Աբխազիայում տեղի ունեցած իշխանափոխությունը նույնպես կապվում է աբխազական երկաթուղու բացման հետ: Մոսկվայում համարում էին, թե Սուխումիի նախկին ղեկավարությունը շահագրգռված չէ Վրաստանի հետ երկաթուղին հաղորդակցությունը վերականգնելու մեջ՝ լավ հարմարվելով Կրեմլից ստացվող դոտացիաների ու ռուս զբոսաշրջիկների հաշվին ապրելուն: Եւ ահա, Մոսկվան բավական հեռահար քայլի դիմեց. նա ոչ միայն իշխանության բերեց այդ հարցում ավելի շահագրգիռ անձերի, այլեւ Աբխազիային տրամադրվող սուբսիդիան 4 միլիարդ ռուբլուց կրճատեց մինչեւ 1 մլրդ՝ Սուխումիին դրդելով մտածել այլ աղբյուրներից, այդ թվում՝ տարանցիկ ապրանքափոխադրումներից եկամուտ ստանալու մասին:

Ակնհայտ է, որ Թբիլիսիում Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահին է փոխանցել ռուսական կողմի հավաստիացումը, թե վերջինս պատրաստ է աբխազական կողմից բացել տալ երկաթգիծը: Սերժ Սարգսյանի հայտարությունը դրա բացման՝ «այլ կողմերից» կախված լինելու մասին նշանակում է, որ այդ հարցում մնում է վրացական կողմի որոշումը, որը թերեւս բացասական է եղել: Ուստի Սերժ Սարգսյանին ոչինչ չէր մնում, քան հեռուստաընկերությամբ դա որպես ցանկություն ներկայացնելը:

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվարիկաշվիլին եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն շտապեցին նույն օրը լրագրողներին հայտնել, թե Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկման առարկա չի եղել. «Դա շատ բարդ հարց է  ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական տեսակետից, այդ իսկ պատճառով այդ մասին այսօրվա հանդիպման ընթացքում խոսակցություն չի եղել»,- հայտարարել է Կվարիկաշվիլին: Իսկ Փանջիկիձեն էլ հայտնել է, որ 1,5 ժամանոց հանդիպման ընթացքում երկութուղու մասին ոչ մի խոսք չի հնչել: Կասկածից վեր է, որ այն քննարկման առարկա է եղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ առանձազրույցի ժամանակ: 

Այսպիսով, Թբիլիսիում Սերժ Սարգսյանի հայտարարության բովանդակությունը եւ դրան արձագանքները վկայում են, որ Վրաստանը չի շտապում, ինչը լավ նորություն չէ ո’չ Երեւանի, ո’չ Մոսկվայի համար: Եթե Վրաստանի կառավարության անդամները ընդգծում են, թե այն տեխնիկապես ու քաղաքականապես բարդ հարց է, նշանակում է, այն Մոսկվայի հետ քննարկելու ցանկութուն Թբիլիսին առայժմ չունի:  

Վրացական կողմը նաեւ չի բավարարել Երեւանի շահերը տարանցիկ բեռների մաքսային ձեւակերպումների հարցում: Այս առումով Սերժ Սարգսյանի անորոշ խոստովանությունը դրա վկայությունն է. «Մենք կարեւորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի եւ տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումները: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները եւ, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ»: Ասվածը նաեւ վերաբերում է մաքսային հարցերով ձեւավորված աշխատանքային խմբի արդյունքների բացակայությանը, որոնք պետք է առկա լինեին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Մինչ Բաղրամյան 26-ից Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի վերաբերյալ հաղորդագրություն տարածելը հայկական ԶԼՄ-ներում արդեն տեղեկատվություն հայտնվեց, որ Երեւանը ստացել է Թբիլիսիի մերժումը այդ երկրի տարածքով բեռնափոխադրումների անմաքս ձեւակերպման կապակցությամբ, եւ «Վրաստանը մտադիր չէ թույլ տալ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ապրանքների անմաքս տեղափոխումը»:  

Մեկ այլ լրատվամիջոցի համաձայն էլ Թբիլիսիի մերժումը վերաբերել է ոչ միայն ՄՄ երկրներ/Ռուսաստան-Հայաստան անմաքս բեռնափոխադրումների առաջարկին, այլեւ շատ ավելի լայն գաղափարի. այն է՝ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելուն հունիսի 27-ից հետո ԵՄ մաքսային միությանը անդամակցող Վրաստանի եւ առաջիկայում ԵՏՄ մաքսային միությանը անդամակցել պատրաստվող Հայաստանի միջեւ: Դրա մասին պաշտոնապես եւ հրապարակավ չի խոսվում, քանի որ այն ի սկզբանե տապալված գաղափար է, թեպետ  մերձնախագահական շրջանակները անցած ամիսներին այն հարցի ձեւով երբեմն բարձրացրել են վրացական կողմի առջեւ:

Դժվար չէ նկատել, որ այդ գաղափարը վերաբերում է երկու հսկայական տնտեսական տարածքների եւ հսկայական շուկաների ՝ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի կամրջմանը: Կարելի է սա եւս վերագրել պաշտոնական Երեւանին որպես դրանք կամրջելու եւ այդ կերպ իր կենսական խնդիրները լուծելու միջոց: Բայց, արժե հիշել, թե ինչպես մարտին՝ ուկրաինական ճգնաժամի շրջանում, ՌԴ նախագահ Վ.Պուտինը հրապարակավ սրտնեղեց, թե Բրյուսելը բազմիցս մերժել է եվրոպական ու եվրասիական տնտեսական տարածքների միջեւ պայմանագրային հարաբարերություններ հաստատելու իր առաջարկը: Վերջին հաշվով այդ հեռահար նպատակը ի սկզբանե եղել է Վ.Պուտինի հաշվարկների մեջ, երբ նա 2011թ. գերմանական թերթում շարադրեց Եվրասիական միություն ստեղծելու իր գաղափարը:

Հետեւաբար, այն, ինչ փորձում էր անել Թբիլիսիում Սերժ Սարգսյանը, գաղափարի ծագումնաբանության տեսանկյունից ամենեւին հայաստանյան չէ, այլ ռուսական է: Այլ բան է, որ դրա կյանքի կոչումը նաեւ բխում է այս պահին փակուղիների առջեւ հայտնված Հայաստանի շահերից:

 (շարունակելի)

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Հայաստանի միակ ռեսուրսը և հարստությունը դա Մարդիկ են Տեսնես երբևէ իշխանությունը կհասկանա դա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter