HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Բրենդը» գյուղում տոննաներով փչանում է, որովհետև շուկայում եռակի թանկ են վաճառում

«Գնացեք, հարցրեք նրանց՝ գազարը ծառի՞ վրա է աճում, թե՞ հողի մեջ, կասեն՝ ծառի վրա»,- վրդովված ասում է Արամուսի համայնքապետ Հրայր Նիկողոսյանը: Խոսքը  երևանցի վերավաճառողների մասին է: Համայնքապետը փորձում է բացատրել, թե որքան հեռու են նրանք հողագործությունից, բայց գյուղացու փոխարեն հենց նրանք են եկամուտ ստանում: Վերավաճառողները, Հրայր Նիկողոսյանի ասելով, «բրենդ» դարձած գազարը շուկայում վաճառում են 250-300 դրամով, բայց գյուղից գնում են 100 դրամից ոչ ավել գնով:

«Նման եկամուտ աշխարհում չկա: Գոյություն ունի շուկայական արժեք, առնում ես 100 դրամով, վաճառի 120 դրամով, եղբա’յր, 20% եկամուտ ունեցիր, էդ դեպքում էլ առնողը կառնի ոչ թե կես կիլոգրամ, այլ 1-2 կիլոգրամ: Ինքնըստինքյան գյուղացու արտադրածի արժեքը կմեծանա»,-  ասում է համայնքապետը:

Նա հաշվարկում է գազարը մշակելու ընթացքում գյուղացու ծախսերը՝ հողի հարկ, ջրի վարձ, իսկ եկամուտը ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց մեկ ընտանիքի դեպքում չի գերազանցում 600 հազար դրամը 6 տոննա գազարի բերքի դեպքում: Վերավաճառողներն ընդամենը շուկայում վերցրած տեղի փողն են տալիս` առավելագույնը 100 դրամով գնած բերքը վաճառելով առնվազն 300 դրամով:

«Ո՞վ թույլ կտա արամուսցուն տանել, իր արտադրածը Երևանում վաճառել: Երևանցին էնտեղ նստած, թո՞ւյլ կտա` գազար տանես, վաճառես: Ես միշտ էլ ասել եմ` աշխախատեղ է ստեղծվել երևանցիներ համար: Երևանցին էնքան եկամուտ ունի, ինչքան որ գյուղացին չունի»,- ասում է Հ. Նիկողոսյանը:

Ժամանակին գյուղից չորս ավտոբուս շուկա գնացողներին տարել է Երևան՝ բերքը վաճառելու: Հիմա ոչ մի ավտոբուս չի գնում: Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները, որոնք, ըստ գյուղնախարարի, գյուղում «աղքատներ» չպետք է թողնեին, համայնքապետ Հրայր Նիկողոսյանի կարծիքով` ձևական բնույթ են կրում: «Դրանից կարողանում է օգտվել մեկ-երկու արամուսցի,- նշեց համայնքապետը,- գյուղում մարդ կա, որ վեց տոննա բերք ուներ, երեք տոննան չի կարողացել վաճառել: Փչացավ, հանեց թափեց»:

Ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չեն արձագանքում հողերի աճուրդ-վաճառքների վերաբերյալ համայնքապետարանի հայտարարություններին: Մեր այցելության օրը պետք է կայանար գյուղատնտեսական նշանակության 3 լոտ հողի աճուրդ-վաճառք: Հայտ էր ներկայացրել միայն արամուսցի Աշոտ Սարգսյանը: Սակայն, ըստ աճուրդի կանոնակարգի, աճուրդը կայանում է միայն այն դեպքում, երբ առնվազն երկու հայտ կա ներկայացրած: Այդ օրվա աճուրդը համարվեց չկայացած:

Հողը, եթե եկամուտ չի ապահովում, պահանջարկ չի կարող ունենալ՝ պատճառաբանում է համայնքապետը: Ժամանակին՝ 1990-ական թթ.-ին, գյուղում բոլորը սեփականշնորհման արդյունքում ջրովի վարելահողեր են ստացել, որոնցում հիմա գազար են մշակում: Երեք անդամ ունեցող ընտանիքն ստացել է մեկ բաժին՝ 630 քմ, չորս անդամ ունեցողը՝ 2 բաժին, 6 անդամ ունեցողը՝ 3 բաժին, և այլն: Հիմա այդ ընտանիքները թեև մեծացել են, սակայն, ինչպես նշում է համայնքապետը, համայնքի հողային հաշվեկշռում մնացած վարելահողերը ձեռք բերել չեն ցանկանում:

Չնայած այս հանգամանքին` բոլոր արամուսցիները բարեխիղճ մուծում են հողի հարկը: Համայնքի բյուջե միայն հողի հարկից 2013թ. 6 մլն 735 հազար դրամ է մուտք եղել: «Ես շատ շնորհակալ եմ: Մեկը կար, եկավ վարձ տալու, ընդամենը 3600 դրամ էր, ասեցի պետք չի, ինքը իրոք աղքատ էր, ասեց` չէ, ես կմուծեմ, որովհետեւ էս հողից ես եկամուտ եմ ստանում»,- ասաց համայնքապետը՝ ավելացնելով, որ մնում է` շուկան վերադարձնեն գյուղացուն:

«Էդ որ ասում են՝ օգնեցինք սիլիտրայով, պարարտանյութ տվեցինք, պարարտանյութը օգնություն չի: Լավ, ասենք՝ մի երկու պարկ պարարտանյութ է պետք, մի երկու հազար դրամ է տարբերությունը, 4000 դրամով, ենթադրենք, օգնեցիր, գյուղացու հարցը լուծեցիր, պրծա՞ր: Ջուրն էլ կրկնակի թանկացնում ես: Մենակ մի բան հաշվեք՝ 1,8-2 մլն խմ ջուր է օգտագործվում Արամուսում: Էս շրջանի հինգ գյուղ՝  Նոր Գյուղը, Ակունքը, Կոտայքը, Կաթնաղբյուրը, Կամարիսը, միասին էդքան ջուր չեն օգտագործում, ինչքան Արամուսն է վերցնում: Էս գյուղը մինչև 10 հազար տոննա գազար է արտադրում: Գյուղացուն օգնելն էն է, որ ես արտադրել եմ, ես էլ վաճառեմ»,- ասում է Հրայր Նիկողոսյանը: 

Մեկնաբանություններ (1)

Herepta
A classic example of how greed destroys.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter