HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ալեքսանդր Իրադյան. «Ամեն մեկս ունենք ինչ-որ մի լույս, որը չենք տեսնում»

Անցյալ տարվա հուլիսի 4-ին տեղի ունեցավ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմի պրեմիերան: Հուլիսի 3-ին տեղի է ունենալու երաժշտական պոեմի հիման վրա ստեղված նոր ներկայացման պրեմիերան: Բալետային այլընտրանքային փսիխոդրամայի բեմադրող ռեժիսորն է Սամվել Թադևոսյանը, խորեոգրաֆը՝ Արման Բալմանուկյանը, մենակատարներն են Էդուարդ Սարգսյանը և Վահագն Մարգարյանը:

«Հետքի» հարցերին պատասխանում է «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմի հեղինակ Ալեքսանդր Իրադյանը:

-Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ երաժշտական պոեմը դարձնել բալետային ներկայացում:

-Անցյալի տարի «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմի պրեմիերայի ժամանակ հենց բեմի վրա ես հասկացա, որ այն, ինչ ներկայացնում եմ, դեռևս բավարար չէ: Բացի այն, որ ինքս եմ այդ իրավիճակում եղել, ես նաև խոսել եմ այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին կոնկրետ քայլեր են արել: Այդ ամենը վերապրելով` ես ստեղծել եմ երաժշտական պոեմը: Հետո սկսեցի մտածել` իսկ ինչ կլինի, եթե փորձենք անել ներկայացում: Միտքը կար, բայց քանի որ այդ ընթացքում շատ զբաղված էի, որոշեցի դրան անրադառանալ ավելի ուշ: Հետո մի օր խոսում էինք Արման Բալմանուկյանի հետ, ում հետ վաղեմի ընկերներ ենք, ասաց, որ լավ գաղափար ունի և ցանկանում է այն կյանքի կոչել իմ երաժշտության միջոցով:

Այնուհետև սկսվեց հավաքվել թիմը: Միանգամից մտածեցի, որ բեմադրող ռեժիսորը պետք է լինի Սամվել Թադևոսյանը: Նա մտածում է շատ յուրովի, հետաքրքիր, նրա հետ հեշտ է աշխատել, և ամենակարևորը, որ նա երիտասարդ է: Սամվելը ներկայացման համար մտածել էր հինգ ամբողջական սցենար, որից չորսը տեխնիկապես հնարավոր չէր իրականացնել: Հինգերորդ տարբերակը հանդիսատեսը կտեսնի հուլիսի 3-ին:

-Ի՞նչ է փոխվել պրեմիերայից հետո այս մեկ տարվա ընթացքում:

-Չեմ ցանկանում շատ բացել փակագծերը, որովհետև դա բացելու է իմ անձնականը, իմ կարծիքը ներկայացման մասին: Ինքս անցել եմ դժվար փուլեր նախքան պոեմի ստեղծելը և դրանից հետո: Թե ինչ փոխեց այս ստեղածագործությունն իմ կյանքում, կարող եմ ասել միայն ներկայացումից հետո: Բայց կարող եմ ասել, որ այն փոխել է հոգեկան վիճակ. եթե նկարչի նկարի ներկը խառնվում է նրա արյան հետ, ապա այդ գործն անպայման ունենալու է իր էներգետիկան: Այն, ինչը ես արել եմ, նույնպես ունի իր էներգետիկան: Բայց ես այն չեմ արել մարդուն դեպրեսիայի մեջ գցելու համար, այլ փորձել եմ մարդուն ցույց տալ, որ կյանքում կա ապրելու հնարավորություն, որը նա չի օգտագործում, որ կա իմաստ, որը գուցե չես տեսնում ու դիմում ես ինչ-որ քայլերի: Այստեղ շատ կարևոր է կյանքի փրկության գաղափարը: Մենք չենք փորձել ցույց տալ ինքնասպանին: Մահի մասին այստեղ խոսք չկա: Մենք փորձել ենք ցույց տալ ինքնամաքրման գաղափարը. ինչ է ապրում մարդը, երբ նա հետ է վերադառնում, ինչ է տեղի ունենում նրա հետ, երբ նա, կարելի է ասել, ծնվում է երկրորդ անգամ:

-Ինչպես ես եմ հասկանում, այս թեման դեռևս անավարտ է և գուցե դեռ երկար ժամանակ արդիական լինի Ձեզ համար: Միաժամանակ, կարծես թե այն  փնտրտուքների ճանապարհ լինի Ձեզ համար: Դեպի ո՞ւր է տանում այդ ճանապարհը, ի՞նչ եք ուզում գտնել:

-Գրելիս փորձում էի գտնել մի ելք, մի լույս, որը ես տամ մարդկանց: Այդ լույսը ես գտա, բայց այդ փնտրելու գործընթացը կա ամբողջ պոեմի ընթացքում: Երբ գրում էի, ինքս ինձ համար փորձում էի գտնել մի ճանապարհ, որով շարունակելու եմ գնալ: Հնարավոր է՝ ես գտա, հնարավոր է` չգտա: Ամեն մեկս ունենք ինչ-որ մի լույս, որը չենք տեսնում: Մենք այնքան ենք զբաղված մեր սոցիալական կյանքով, որ չենք տեսնում այդ լույսը: Ցանկացած ամենավատ պահի ես ունեմ երաժշտություն, որն ինձ փրկում է: Դա այդ լույսի մի բաղադրիչն է:

-Արդյո՞ք ձեր հերոսները, որոնց զրույցների հիման վրա ստեղծվել է պոեմը, ներկա են եղել նախորդ պրեմիերային կամ գալո՞ւ են դիտելու այս ներկայացումը:

-Նրանք եղել են նախորդ պրեմիերային: Արձագանքի մասին ես այլևս չեմ իմանա, չեմ էլ ուզում դրա մասին հարցնել: Ես թողնում եմ մարդու վրա, թե նա ինչ է զգացել:

Բայց երբ գրում էի պոեմը, նպատակ կար նրանց շատ շուտ մոռանալ, որովհետև չպետք է կերպարը խանգարեր էմոցիաներին: Պետք է ներդրվեին էմոցիաները, ոչ թե կերապարը: Չնայած ներկայացման մեջ կա երկու մենակատար, բայց կա միայն մեկ կերպար:

Անցած տարի ես բոլորին խորհուրդ տվեցի երաժշտությունը լսել փակ աչքերով: Երբ մարդ լսում է այդ երաժշտությունը փակ աչքերով, նա գտնում է իր պատմությունը:  Այս անգամ ես հանդիսատեսին միայն մի բան կարող եմ առաջարկել. դահլիճ մտնել ժպիտով,  քանի որ այս ամենը արված է մարդուն լույս տալու համար, ոչ թե մռայլություն: Ուզում եմ, որ երբ հանդիսատեսը դուրս գա դահլիճից, ասի` ես կմտածեմ իմ մասին: Սեփական անձի մասին մտածելը շատ կարևոր է: Ես զգացի, որ մարդիկ այնքան են զբաղված իրենց շրջապատող տեխնիկայով, որ ժամանակ չեն ունենում մտածել իրենց մասին: Մենք գնում ենք մի իներցիայի մեջ, ու չենք զգում՝ ինչպես է մեր կյանքը անցնում: Եթե դու չզգաս որևէ փոփոխության կարիք այսօր, դու վաղը դա չես կարա անես: Կյանքի վերջում զղջալու ես, որ դա այդպես էլ չարեցիր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter