HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիսադռնփակ նիստ` Վոլոդյա Ավետիսյանի գործով

«Նման որոշում գոյություն չունի, դատավորի որոշումները պիտի հրապարակվեն դատական նիստում» 

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով (մեղադրվում է խարդախության մեջ) այսօրվա դատական նիստն անցավ կիսադռնփակ: Նիստերի դահլիճը բացվեց միայն լրագրողների առաջ: Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը որևէ կերպ չանդրադարձավ, թե ինչու են դահլիճում միայն լրագրողները:

«Հետքի» հարցին, թե ինչու են Վոլոդյային սատարող քաղաքացիները դրսում, նրանք պատասխանեցին, որ սեփական նախաձեռնությամբ են բոյկոտել դատական նիստերը. «Խեղկատակություն է, դատական նիստ չէ, ազատամարտիկի, պայքարող մարդու գլխին գործ են սարքում, մենք էլ պիտի խելոք, գլուխներս կախ տանե՞նք էդ ամենը»,-ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: 


Երկաթե ուղեփակոցների մոտ ծառայության կանգնած դատական կարգադրիչները, սակայն, տեղեկացրեցին, որ դատավոր Լևոն Ավետիսյանը որոշում է կայացրել` Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստերն անցկացնել բացառապես լրագրողների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ նախորդ նիստին ազատամարտիկներին վիրավորելու պատճառով դատական նիստն ընդմիջվել էր: Այն, որ դատավորը նման որոշում է կայացրել, վրդովեցրեց ներկաներին. ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն ու Վոլոդյային սատարողները պահանջեցին կարգադրիչներից ներս թողնել իրենց կամ ցույց տալ դատավորի որոշումը:

«Նման որոշում գոյություն չունի, դատավորի որոշումները պիտի հրապարակվեն դատական նիստում: Նման որոշում չի հրապարակվել: Չկա նման բան»,- «Հետքի» հարցին պատասխանելով` ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը: 

«Վովա Գասպարյանը եվրոպական փողերով «բարեփոխված» ոստիկանութան մասին թող գնա ուրիշ երկրներում խոսի»

Ֆելիքս Հայրապետյանը, ով Վոլոդյա Ավետիսյանի նիստին մասնակցելու համար եկել էր էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ ակցիայից, վիրակապով էր: Պատմեց, որ 8-րդ հիվանդանոցում են թևի վիրակապը դրել. «Վովա Գասպարյանը եվրոպական փողերով «բարեփոխված» ոստիկանութան մասին թող գնա ուրիշ երկրներում խոսի, բայց ոչ երկրի ներսում: Այսօր ոստիկանության գործողություններն ահավոր բռի ու հիմար էին: Չէին նայում` կին է, լրագրող է, մեծահասակ է, բոլորին ամենավերջին բռիությամբ հրում էին: Մեկի սիրտը վատացավ: Իմ ձեռքից այնպես քաշեցին, որ նման արյունազեղումներ ու վերք առաջացավ: Չեմ դիմել դատաբժշկին, չեմ էլ դիմելու, առաջինը`չեմ հավատում, որ համարժեք պատասխանատվություն կկրեն ոստիկանները, երկրորդ` ժամանակ չունեմ, համարում եմ անհեռանկարային գործ»: 

«2 պաչկա կոֆե կբերես» 


Դատական նիստի ժամանակ ավարտվեց ապացույցների հրապարակումը, զննվեցին իրեղեն ապացույցները` ԱԱԾ-ի կողմից դատարանի համապատասխան որոշմամբ կատարված տեսաձայնագրություները (որոնցից մեկը տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ դիտել): Մյուս տեսագրությունը արված էր թաքնված տեսախցիկով` հեռվից, չկար նույնիսկ ձայն: Երևում էր, թե ինչպես է Վոլոդյա Ավետիսյանը հանդիպում Հենրիկ Զաքարյանի ու նրա թոռան հետ: Ըստ մեղադրանքի, հենց Հենրիկ Զաքարյանից է Վոլոդյա Ավետիսյանը ստացել 2000 ԱՄՆ դոլար թոռանը զինվարական ծառայությունից ազատելու դիմաց: Սակայն Հենրիկը նույնիսկ տուժող չի ճանաչվել, այլ անցել է գործով վկա: Ավելին` նրա դեմ քրեական գործ չի հարուցվել կաշառք տալու մեղադրանքով (ինչպես նախատեսում է քրեական օրենսգիրքը), փոխարենը` Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո Հենրիկ Հարոյանի թոռնիկը ազատվել է զինվորական ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու պատճառով:   

Մյուս ապացույցները Վոլոդյայի մուտքային ու ելքային հեռախոսազանգերն էին գործով վկա ճանաչված մի քանի քաղաքացիների հետ` արված դեռևս անցյալ տարվա հունիսից: Այսինքն` պահեստազորի գնդապետի բջջային հեռախոսը ԱԱԾ-ի կողմից գաղտնալսվել է նրան ձերբակալելուց 3-4 ամիս առաջ: Հեռախոսային խոսակցությունները սկավառակներով լսելուց պարզ դարձավ, որ ոչ մի անգամ չի օգտագործվել 2000 դոլար բառը, ընդամենը 1-2 հեռախոսազրույցում Վոլոդյան ասում է, որ պետք է կոդերով խոսեն ու Հենրիկ Հարոյանին ասում, թե «2 պաչկա կոֆե կբերես»: Մյուս կոդավորված բառերն, ըստ նախաքննության, որոնք վկայում են կաշառքի մասին, «բերքատվություն», «հողագործություն», «անձրև» բառերն են. «Սաղ սուտ ա, պիտի հողագործությամբ զբաղվենք»,-ասում է Վոլոդյան հեռախոսազրույցներից հետո: Նախաքննությունն էլ այս արտահայտությունների հիման վրա իրեղեն ապացույցներ է ձևակերպում:

Մեկնաբանություններ (1)

Կարեն
ԱԱԾ փոխանակ ադրբեջանցիներով ու թուրքերով զբաղվի, ինչով ա զբաղվում: Հանրապետության հրապարակում լիքը ազերի կա իրանական անձնագրերով, որոնք խոսում են..նախիջևանի ազերների բարբառով, դրանցով զբաղվեք այ հոգնածներ: Իսկ էդ մարդու թոռների հեռախոսները լսել են, հետաքրքիր ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter