HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անցել է 7 տարի, որ աղջիկս չկա, բայց ես չեմ հավատում, որ նա վթարից է մահացել»

Սկիզբը

Սաթենիկ Գևորգյանի (լուսանկարում՝ աջից) հետագա կյանքի ողջ նպատակը դարձել է պարզել միակ դստեր՝ 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանի մահվան պատճառը:

Հիշեցնենք, որ 7 տարի առաջ` մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է:

2007-ի մարտի 9-ից հետո Սուսաննայի մայրը՝ Սաթենիկը դեռ ուշքի չի եկել. «Ապրում էինք երեքով. մենակ պահում էի ծեր մորս ու միակ երեխայիս, ուզում էի նրան լավ ուսում տալ, ապրում էինք վարձով, մինչ օրս էլ ապրում եմ վարձով Մասիսում, բայց արդեն մենակ: Անցել է 7 տարի, որ աղջիկս չկա, բայց ես այդպես էլ չեմ հավատում, որ տեղի ունեցածը վթար է եղել: Եղած փաստերը բռնության մասին էին խոսում: Իսկ իրավապահները ոչինչ չարեցին, որ իմ կասկածներն անհետանան:  Դեպքից հետո ինձ կորցրած վիճակում էի, փաստաբանները մեծ գումարներ էին ուզում, որ իմ շահերը ներկայացնեն նախաքննության ժամանակ ու դատարանում: Բայց ես գումար չունեի: Այդպես էլ չկարողացա փաստաբան վարձել: Մենակ արեցի այն, ինչ կարող էի, բայց քննիչը, դատարանը ակնհայտ պաշտպանում էին Արարատի շահերը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց աղջկան կորցրած մայրը՝ տիկին Սաթենիկը:

Աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ Սաթենիկ Գևորգյանի մոտ կասկած է առաջացել, որ ամենևին էլ վթարի հետևանքով չէ դուստրը զոհվել, որ վթարը պարզապես բեմադրվել է, որպեսզի բռնաբարության ու սպանության հոդվածներից խուսափի Արարատ Կաֆյանը: Ըստ 19-ամյա Սուսաննայի դիակի դատաբժշկական փորձաքննության, աղջկա մարմնի վրա, բացի գլխի ջնջխունից, եղել են տարբեր վնասվածքներ, կապտուկներ, արյունազեղումներ՝ ծնկի, քթի, մատների ու դաստակների շրջանում:

Մահացած աղջկա մայրը միջնորդել է, որպեսզի քննություն սկսվի նաև բռնաբարության մասով՝ քր. օրենսգրքի 138-րդ հոդվածի հատկանիշներով:

Սակայն քննիչ Կ.Թադևոսյանն, առանց ծեծի ու բռնաբարության հանգամանքները հերքող ապացույցներ հավաքելու, մերժել է բռնաբարության հատկանիշներով  հետապնդում իրականացել Արարատ Կաֆյանի նկատմամբ: Քննիչը դա արել է առանց համապատասխան փորձաքննության ուղարկվելու աղջկա հագին եղած հագուստը, ներքնաշորերը: Ավելին՝ դրանք չեն ճանաչվել որպես իրեղեն ապացույց: Իսկ երբ Սաթենիկը պահանջել է աղջկա շորերը, նրան ասել են, որ ներքնաշորերը ոչնչացվել են: Դեպքից 1,5 տարի անց աղջկան կորցրած մորը նոր վերադարձրել են հագուստի մի մասը միայն: Այս ամենն էլ հիմք է տալիս Սաթենիկին կասկածելու, որ ամենակարևոր ապացույց հանդիսացող ներքնաշորերը միտումնավոր են ոչնչացվել, քանի որ դրանք շատ բան կարող էին պատմել հնարավոր բռնության մասին:

Քրեական գործում առկա է տրանսպորտային միջոցի զննության արձանագրությանը, որին  քննիչը կցել է 4 լուսանկար: Պարզ երևում է, որ մեքենան վնասված է թե՛ առջևի մասից, թե՛ հետևի: Այդ լուսանկարներից և որևէ մեկում չկա ավտոմեքենայի պետհամարանիշը: Երևում է նաև, որ որևէ դուռ բաց չէ, այնինչ գործի նյութերով Սուսաննան դուրս է ընկել մեքենայից (դին հայտնաբերվել է ասֆալտի վրա, իսկ մեքենան՝ դաշտի մեջ):

Այս հարցով «Հետքը» դիմեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՃՏՊ-ների գործերով բազմաթիվ վարույթներում ներգրավված Նիկոլայ Բաղդասարյանին, ով պարզաբանեց, որ պետհամարանիշերը հնարավոր է ընկած լինեն վթարի հետևանքով. «Այդպիսի գործեր եղել են, այլ բան է, որ պետհամարանիշերը պիտի հայտնաբերվեն, կցվեն գործին: Իսկ այն, թե իսկապես վթար է տեղի ունեցածը, թե բեմադրված է վթարը, ներկայիս արտասահմանյան տեխնոլոգիաները թույլ են տալիս բացահայտել:

Այո՛, եղել են դեպքեր, երբ մարդու դին բերել-գցել են մեքենայի տակ, որպեսզի բեմադրեն, թե վթարի հետևանքով է նա մահացել, բայց նշածս փորձաքննությունը ապացուցել է, որ վթարը բեմադրված է եղել»,-ասաց փաստաբան Բաղդասարյանը: Գործի 107 էջանոց նյութերում մենք չգտանք որևէ տող, որ վերաբերեր պետհամարանիշերին ընկած լինելուն: Գործում պարզապես նշված է Օպելի պետհամարանիշը՝ 06 UL 884:

Այն, որ տուժողի իրավահաջորդ ճանաչված Սաթենիկը չի ունեցել ներկայացուցիչ, պարզ է դառնում քրեական գործի նյութերն ընթերցելիս. նա իր շահերը ներկայացրել է միայնակ՝ չունենալով իրավական գիտելիքներ ու իր խոսքերով ասած՝ սկզբնական փուլում հավատալով, որ իրավապահներն իրենց գործը գիտեն. «Կարճ ժամանակ անց հասկացա, որ հանցագործությունը չի բացահայտվելու, քանի որ տեսնում էի, թե ոնց է Արարատի քննիչ աներձագը անհոգ ապագա ապահովում իր փեսայի համար: Մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է օրենքի մարդը՝ քննիչը (քննիչ Սամվել Անդրեասյանը՝ վարորդ Արարատ Կաֆյանի աներձագն է եղել, ով չի հարցաքննվել դատարանում) մահացած աղջկաս դիակը տեղաշարժել, ի՞նչ իրավունքով»,-ասած Սաթենիկը:

Քրեական գործի նյութերում առկա է Մասիսի հիվանդանոցից ստացված փաստաթուղթ, ըստ որի Սուսաննայի դին հիվանդանոց է տեղափոխվել 23:00-ին (վթարը տեղի է ունեցել 22:45-ին, ըստ մեղադրանքի):

Հիվանդանոց ընդունվելու ժամի վերաբերյալ կան երկու տարբեր գրառումներ: Ըստ դրանցից մեկի՝ 23:00-ին են հիվանդանոց ընդունվել, մյուսի՝ 00:30-ին՝ մեկ ու կես ժամ տարբերություն: Այսպես՝ վարորդ Կաֆյանի դատաբժշկական փորձաքննության մեջ հղում է արված նրա հիվանդության պատմության նկարագրին և նշված է, որ նա Մասիսի հիվանդանոց է ընդունվել 00:30-ին: Սա այն դեպքում, երբ թե՛ Սուսաննայի դին, թե՛ վարորդ Կաֆյանը (վնասված է եղել ուսագլուխը) հվանդանոց են տեղափոխվել վերջինի քննիչ-աներձագի մեքենայով:

«Չգիտեմ՝ արդյո՞ք կհերիքեն տարիներս, որ իմանամ իմ աղջկա մահվան գաղտնիքը... բայց մի բան հաստատ է, եթե ես ունենայի փող, իշխանություն, որոշում կայացնող մարդկանց հետ կապեր, այս գործն այսպես հեշտ չէր փակվի»,-համոզված է աղջկան կորցրած Սաթենիկը:

 

 

Մեկնաբանություններ (1)

Anzhella
Hamperutun kez... Gna michev verch. Shat savumenk kez hamar. Hayastanum orenk chka. Axperes spanvav, voch mek in chen patge.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter