HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քիմպրոմում» պահեստավորված են վտանգավոր նյութեր` ամոնիակ, ծծմբաթթու, ջրածին

Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ին այդպես էլ չի հաջողվում  վճարել իր  700-ից ավելի աշխատողների շուրջ մեկ տարվա աշխատավարձը: Աշխատողները պահանջում են հանդիպում ընկերության սեփականատիրոջ հետ:

Ով է «Քիմպրոմի» սեփականատերը և ինչու է նա թաքնվում աշխատողներից: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հավաստիացնում է, որ ինքն անձամբ չգիտի, թե ով է ընկերության սեփականատերը: «Ես չգիտեմ նույնիսկ, թե մի հոգի է, թե մի քանիսը»,- ասում է մարզպետը:  

Վերջինս  երեկ  «Հետքին»  հայտնեց , որ  «Քիմպրոմը» աշխատավարձը չի վճարել վերջին 7-8 ամիսներին:  Գործարանի  օդի բաշխման հերթափոխի պետ  Ալբերտ Իսրայելյանը, սակայն, պնդեց, որ գործարանը  իրեն  չի վճարել  11 ամսվա աշխատավարձ: «Կան աշխատողներ, որոնց ընկերությունը մեկ տարուց ավելի աշխատավարձի պարտքեր ունի»,- հայտնեց  Ալբերտ Իսրայելյանը: 

«Քիմպրոմի» աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն. դրամ, բացի այդ՝ ընկերությունը  «Հայռուսգազարդին» պարտք է  շուրջ 1 միլիարդ դրամ,  մեկ  միլիարդ դրամ է կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը: Ընկերությունը  հողի և  գույքահարկի մեծ պարտքեր ունի նաև Վանաձորի քաղաքապետարանին:

«Քիմպրոմը նաև լուրջ դատական պրոցեսների մեջ է, եթե արդեն կալանք դրված չէ, չի բացառվում, որ նաև վաղը կամ մյուս օրը  կալանք դրվի ընկերության ֆինանսական միջոցների վրա»,- ասաց Արթուր Նալբանդյանը:  Երեկ Լոռու մարզպետարանի  մոտ հավաքված «Քիմպրոմի» աշխատողներին, սակայն, մտահոգում էր  ոչ միայն  աշխատավարձի, նաև ըկերության բնապահպանական անվտանգության խնդիրները, որոնք հատկապես  սպառնալիք են մարզկենտրոն Վանաձորի համար:

«Մեկ շաբաթ հետո մեր պայմանագրերը լրանում են , այլևս իրավունք չենք ունենա աշխատելու: Ի՞նչ է սպասվում  ձեռնարկության ստրատեգիական  օբյեկտներին` ամոնիակի պահեստում 80-90 տոննա ամոնյակ ունենք,  դրա վտանգավորությունը մասնագետները գիտեն: Մենք նույնպես գիտենք՝ դա ինչ է նշանակում: Հինգ հարյուր տոննա ծծմբական թթու ունենք, ջրածին ունենք,  այրվող շատ թեթև գազ, որ  դա բաց թողեցին` տեղով ատոմային ռումբ է: Մի շաբաթ հետո, որ մենք գործարանը թողեցինք  ով պետք է այդ հարցերով զբաղվի»,- մարզպետին  հարցրեց «Քիմպրոմի» ամոնիակի սինթեզի արտադրամասի  հերթափոխի  պետ  Հրաչիկ Մարտիրոսյանը: 

Արթուր Նալբանդյանը «Քիմպրոմի» աշխատողներին լավատեսական որևէ լուր չհաղորդեց: «Համարյա թե բան չի փոխվել:  Նոր բան առայժմ չունեմ ասելու»,- ասաց մարզպետը: Աշխատողները մարզպետին հայտնեցին, որ աշխատավարձ չստանալու պատճառով հայտնվել են աղետալի վիճակում:

«Գոնե մի երկու կոպեկ տան, յոլա գնանք, սովից կոտորվում ենք»,- ասում է   ցուցարարներից Էդիկ Խարազյանը:  

«Ամբողջ կառավարությունն է զբաղվում, ես ձեզ  անկեղծ բան եմ ասում, ամբողջ կառավարությունը: Բայց խնդրի լուծման ճիշտ տարբերակը դեռ չեն գտնում:  Տեսնենք, սեփականատեր է փոխվում. չգիտեմ ինչ միջոցներ են ներդնում, այլ  ֆինանսական խողովակներ կան, որ կարող է ներդրում կատարվի: Էս պահին լուծումը չեն գտնում»,- ցուցարաներին տեղեկացրեց  Արթուր Նալբանդյանը:  

Ցուցարարները պատասխանեցին, որ մինչև  չստանան  դրական պատասխան, չեն ներկայանա աշխատանքի: «Սրա անունը,  պարոն մարզպետ, կարանք դնենք թրաֆիքինգ:  Մեր աշխատանքը շահագործել են, մեզ չեն վարձատրում: Սա գենոցիդ էլ ա, եթե իշխանությունը իրա ժողովրդին սովամահ ա անում, էդ ա նշանակում էլի:  Իշխանությունը եքա պետություն ա,  չի կարում էդ  սեփականատիրոջը գտնի բերի»,- վրդովված ասաց ցուցարարներից մեկը:

«Ինձ ասացին Մոսկվայում է, նույնիսկ ես ասացի՝ պատրաստ եմ մի օրով գնամ Մոսկվա, հետը հանդիպեմ, բայց չգիտես ինչու և ինչ պատճառներով Մոսկվայում էլ չկարողացանք մարդուն հանդիպել»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Աշխատողներն էլ դժգոհեցին, որ դատական կարգով նույնպես չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը, քանի  որ դատարանը  մեկ տարուց ավելի ձգձգում է իրենց հայցերի քննարկումը:

Ըստ ցուցարարների՝ աշխատավարձի խնդրից ձեռքերը լվացել է նաև «Քիմպրոմ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Սնիգիրյովը: «Սնիգիրյովն ասում է՝ ինչ ուզում եք արեք»,- ասաց ամոնիակի սինթեզի արտադրամասի  հերթափոխի  պետ  Հրաչիկ Մարտիրոսյանը:

Անելանելի վիճակում հայտնված Լոռու մարզպետը հուսադրող որևէ լուր ստանալու  համար Հրաչիկ Մարտիրոսյանի հետ բարձրացավ իր աշխատասենյակ` կառավարության հետ խոսելու համար: 

Շուրջ 10 րոպե հետո Հրաչիկ Մարտիրոսյանը վերադարձավ և ցուցարարներին հայտնեց. « Մարզպետը չկարողացավ նրանց հետ խոսել, կոդը զբաղված էր, նրանք աշխատանքի մեջ են, մենք կարանք չաշխատենք»:

Ցուցարանները որոշեցին  հունիսի 25-ին առավոտյան ժամը 9-ին բողոքի ակցիան շարունակել «Քիմպրոմի» բակում: «Չորեքշաբթի գործարան ոչ մեկս չենք մտնի` գործարանի ղեկավարության հետ միասին: Մենակ պահակային ծառայությունը կմտնի և հերթապահները: Ոչ մի աշխատանքային գործունեություն չի կատարվի: Ու մենք էնտեղ էնքան կսպասենք մինչև նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը բարեհաճի գալ մեր հետ հանդիպման: Միակ կանալը, որ գործարանի սեփականատիրոջ հետ կարա մեզ կապի Արմեն Մովսիսյանն է»,- հայտարարեց  Հրաչիկ Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ (2)

GB
Who is that big fat belly in the picture?
Գայանե
Ամոնիակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter