HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնաբարության գործով տուժողը դիմում է մարդու իրավունքների պաշտպանին

Բռնաբարության գործով տուժող Հասմիկը դիմում է մարդու իրավունքների պաշտպանին, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Հարգելի պարոն Անդրեասյան`

դիմում եմ Ձեզ` հուսալով, որ խնդրանքս անհետևանք չեք թողնի և Ձեր միջամտության շնորհիվ ի վերջո իրավապահ և դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք տևական ժամանակ է, ինչ հետևողականորեն կոծկում են իմ նկատմամբ կատարված հանցագործությունը, կիրականացնեն օբյեկտիվ և անկողմնակալ քննություն, որի արդյունքում  հանցագործը կստանա իր արժանի պատիժը:

Շուրջ երկու տարի է, ինչ ես դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի իմ նկատմամբ հանցավոր գործողություններ կատարած Արմենը ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի: Սակայն, վարույթն իրականացնող պաշտոնատար անձինք`  քննիչներ Ա. Կավեյանը, Կ. Հակոբյանը և Վ. Մանուկյանը, նրանց նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, ինչպես նաև ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պարոն Գ.Մելիք-Սարգսյանն իրենց գործելաոճով և անօրինական որոշումներով նպատակ են հետապնդում իրականությունը խեղաթյուրելու և իրավիճակը ներկայացնելու այնպես, իբրև թե ես եմ իմ գործողություններով դրդել Արմենին, որպեսզի նա իմ հետ ունենա սեռական հարաբերություն:

Այսպես.

  1. Իմ բողոքի հիման վրա 2012 թ-ի հունիսի 8-ին ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ *** քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ ես ճանաչվել եմ տուժող:
  2. 2012 թվականի օգոստոսի 08-ին նախաքննական մարմնի կողմից` ի դեմս քննիչ Ա.Կավեյանի, որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին` Արմենի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հետագայում քրեական գործի նյութերում առկա համակարգչատեխնիկական փորձաքննության թիվ 13-1615 եզրակացության ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչ Ա.Կավեյանն ուղղակիորեն շահագրգռված է եղել գործի ելքով, քանի որ գործն իր վարույթում գտնվելու ժամանակ և դրանից հետո եղել է մտերիմ-ընկերական հարաբերությունների մեջ Արմենի հետ և ակնկալել է վերջինիս միջոցով ծառայություններ ստանալ իր անձնական օգտագործման ավտոմեքենայի համար /հիմք` քննիչ Ա.Կավեյանի և Արմենի` միմյանց ուղարկված sms հաղորդագրությունների բովանդակությունը/:
  3. Գործի նախաքննության ընթացքում քննիչ Ա.Կավեյանի անօրինական գործողությունների վերաբերյալ մի շարք բողոքներ եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Ոստիկանություն, որոնք, սակայն, մնացել են անհետևանք: Ավելին, պատժվելու փոխարեն քննիչը նույնիսկ խրախուսվել է և տեղափոխվել ավելի պատասխանատու աշխատանքի՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում:
  4. 4.    Քննիչ Ա.Կավեյանի 08.08.2012 թվականի որոշումն իմ կողմից բողոքարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի 13.02.2013 թվականի որոշմամբ բողոքս բավարարվել է և որոշումը վերացվել է: Դատարանը ևս արձանագրել է, որ  նախաքննական մարմինը չի կատարել մի շարք դատավարական գործողություններ, ուղղակի անտեսել եւ նույնիսկ քննության առարկա չի դարձրել որոշ փաստական հանգամանքներ, գործի քննությունն իրականացրել է թերի և միակողմանի:
  5. Իմ կողմից ներկայացված բողոքների արդյունքում գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչությանը, որտեղ քննությունն իրականացրել են քննիչներ Կ. Հակոբյանը և Վ.Մանուկյանը:
  6. Նշված քննիչները շարունակել են իրականացնել գործի կողմնակալ քննություն /չի բացառվում, որ քննիչ Ա.Կավեյանն, աշխատելով այս քննիչների հետ նույն բաժանմունքում, իր ազդեցությունն է ունեցել գործի քննության ընթացքի նկատմամբ` նպատակ ունենալով կեղծել իրականությունը, վարկաբեկել ինձ և հոգեբանական ճնշում գործադրել իմ նկատմամբ, որպեսզի ես ստիպված լինեմ հրաժարվել իմ բողոքից:
  7. Մասնավորապես, քննիչ Կ.Հակոբյանը հարցաքննության է հրավիրել իմ բազմաթիվ ծանոթների, ծանոթների ծանոթների, համակուրսեցիների, հարևանների, նախկինում ինձ երկրպագող տղաների, որոնք որևէ առնչություն չեն ունեցել գործի հանգամանքների հետ և նրանց ոչ միայն տեղեկացրել է իմ հետ կատարվածի մասին, այլև սուտ տեղեկություններ է հաղորդել: Փոխարենը` գործի ողջ նախաքննության ընթացքում մեղադրվող անձի կողմից քննիչները հարցաքննել են ընդամենը երեք-չորս հոգու, որոնք տվել են ակնհայտ համաձայնեցված և կեղծ ցուցմունքներ:
  8. Այդ կապակցությամբ իմ բազմաթիվ բողոքներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունն` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի, գործի վարույթից հեռացրել է քննիչ Կ.Հակոբյանին և քննությունը հանձնարարել քննիչ Վ. Մանուկյանին:  Հատկանշական է, որ նույն բողոքով, որը բավարարվել էր Մնացական Սարգսյանի կողմից, ես ստացել եմ պատասխան նաև ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ կատարված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, դատախազ Արմեն Մարուխյանից, ով պատասխանի մեջ գրել էր, որ իմ բողոքը անհիմն է և բավարարման ենթակա չէ: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նույն դիմումին տվել է երկու իրարամերժ պատասխաններ, որոնցից մեկով դիմումս բավարարել է, մյուսով` մերժել: Նշվածը վկայում է այն մասին, որ սույն քրեական գործով կայացվելիք որոշումներն ուղղակիորեն ուղղուրդվում և թելադրվում են ՀՀ գլխավոր դատախազության կոնկրետ պաշտոնյայի կողմից:
  9. Քննչական գործողությունների ընթացքում քննիչ Կ.Հակոբյանը հայտնաբերել է, որ քննիչ Ա.Կավեյանը գտնվել է մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ Արմենի հետ, սակայն այդ կապակցությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և ուղղակիորեն անտեսել է այդ հանգամանքը: Գործի վարույթը կարճելուց հետո իմ կողմից բացահայտվել է այդ փաստը և բողոք է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն վերջինս և ՀՀ գլխավոր դատախազությունն իմ բողոքներն առանց հիմնավոր պատճառաբանության մերժել են:

10.  21.10.2013 թվականին քննիչ Վ.Մանուկյանի կողմից հերթական անգամ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ մեջբերում եմ.  Արմենի կողմից տուժողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր գործողություններ կատարելու վերաբերյալ փոխկապակցված բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, իսկ առկա ապացույցները հիմք չեն տալիս անձի մեղավորության մասին հավաստի եզրահանգում անելու համար:

11.  Նշված որոշումը ևս իմ կողմից բողոքարկվել է, ինչի արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2014 թվականի որոշմամբ բողոքս բավարարվել է և արձանագրվել է իմ իրավունքների և ազատությունների խախտված լինելու փաստը: Դատարանը պատճառաբանել է, որ նախաքննական մարմինը գործի վարույթը վերսկսվելուց հետո չի կատարել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժ ստացած որոշմամբ  պարտադիր համարված մի շարք դատավարական գործողություններ:

12.  Դատարանի նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որի քննությունն իրականացրել է դատավոր Գ.Մելիք-Սարգսյանը:

13.  Վերջինս ակնհայտորեն խախտելով դատավարական նորմերի պահանջները, վարույթ է ընդունել և քննել ժամկետանց բերված վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ մանրամասն հիմնավորումները ներկայացրել եմ իմ վճռաբեկ բողոքում:

14.  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտորեն անտեսել է սույն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից թույլ տրված անօրինականությունները, թերի և կողմնակալ քննություն իրականացնելու հանգամանքը և հաշվի չի առել, որ չեն կատարվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ արձանագրված դատավարական գործողությունները:

15.  Վերաքննիչ դատարանը միակողմանիորեն հիմք է ընդունել վերաքննիչ բողոքում բերված փաստարկները և հիմնավորումները` առանց դրանք համադրելու գործի փաստական հանգամանքների և ձեռք բերված ապացույցների հետ և անհիմն հետևություն է կատարել, թե իբրև իմ իրավունքները և ազատությունները չեն խախտվել: Արդյունքում, վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացվել է դատարանի 24.03.2014 թվականի որոշումը:

16.  Հատկանշական է այն, որ դատավոր Գ.Մելիք-Սարգսյանը բողոքի դատական քննության ժամանակ միտումնավոր տպավորություն է ստեղծել, թե իբրև լիովին համամիտ է իմ և փաստաբաններիս կողմից բերված փաստարկների` այդ թվում, գործով միակողմանի և սուբյեկտիվ քննություն իրականացված լինելու հանգամանքի հետ, որից հետո անակնկալ կերպով որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը բավարարելու մասին:

17.  Հիմքեր ունեմ ենթադրելու, որ վերաքննիչ բողոքի բավարարման միակ պատճառն այն  է եղել, որ բողոքը ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, որը և միանշանակ ճնշում է գործադրել դատավորի վրա:

18.  Վերը նշվածը հիմք է տալիս հետևություն կատարելու, որ իրավապահ և դատական համակարգի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ շահագրգռված են սույն գործի ելքով և ցանկանում են կոծկել իմ նկատմամբ կատարված հանցագործության դեպքը` պատասխանատվությունից ազատելով հանցագործին:

19.  Թեև այն հանգամանքին, որ առկա են բավարար ապացույցներ և փաստական տվյալներ այն մասին, որ Արմենն իմ նկատմամբ կատարել է հանցավոր գործողություններ, մինչ օրս ես չեմ կարողանում արդարության հասնել և պաշտպանել իմ իրավունքները:

20.  Ներկայումս լուրջ մտավախություններ ունեմ, որ կսպառեմ դատական ատյանների միջոցով արդարության հասնելու իմ բոլոր հնարավորությունները և հանցագործը կմնա անպատիժ:

Նշվածից ելնելով` խնդրում եմ հանձնարարել ստուգել բողոքիս մեջ նշված փաստերը և միջոցներ ձեռնարկել սույն քրեական գործով օբյեկտիվ և անկողմնակալ քննություն իրականացնելու, կարգազանց քննիչներին պատասխանատվության ենթարկելու և իմ իրավունքները պաշտպանելու համար:

Պատրաստ եմ Ձեզ տրամադրելու բոլոր փաստաթղթերը եւ նյութերը, որոնք ապացուցում են իմ խոսքերի ճշմարտացիությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter