HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ պատգամավորները Ալիեւին քննադատում են մարդու իրավունքների ոտնահարումների համար

Հունիսի 23-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում այսօր ելույթ ունեցավ նախագահող երկրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Նստաշրջանի աշխատանքների առաջին իսկ օրվանից Ադրբեջանի հասցեին հնչող քննադատական ելույթները չեն դադարում, բյուրոյի օրակարգում ներառված է իռլանդացի պատվիրակի ներկայացրած բանաձևը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների և սահմանափակումների շուրջ: 

Իր խոսքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը Իլհամ Ալիևին հիշեցրեց իր իսկ խոսքերն այն մասին, թե որքան էլ երկիրը տնտեսապես զարգանա, չի կարող հաջողության հասնել, եթե ժողովրդավարությունը չի գործում: Բրասորը նշեց, որ թեև Ադրբեջանը ԵԽԽՎ-ին անդամակցելու ընթացքում 57 կոնվեցիա է ստորագրել, ամեն դեպքում կան հարցեր՝ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ բնագավառներում: 

ԵԽԽՎ նախագահը նշեց` ուրախ է նրա համար, որ Բաքու կատարած այցի ընթացքում իրենք կարողացան քննարկել Ադրբեջանում ազատ խոսքի, մարդու տեղաշարշի ազատության, մամուլի ազատության հարցերը: Ի. Ալիևն էլ արձագանքեց, թե ինքը ուրախ է, որ Անն Բրասորը մեջբերում է իր հայտարարությունները՝ նշելով, որ Ադրբեջանի կատարած ռեֆորմները ցույց են տալիս, որ իրենք հասնում են հաջողության: 

Ադրբեջանի նախագահը չկարողացավ շարունակել իր խոսքը, որովհետև Բրասորը ընդհատեց նրան՝ խնդրելով լրագրողներին դուրս գալ նիստերի դահլիճից, ապա դիմելով հավանաբար այն պատգամավորներին, ովքեր այս կամ այն կերպ արձագանքում էին Ալիևի հայտարարություններին, սաստեց նրանց՝ ասելով. 

«Հորդորում եմ համաձայնության կամ ոչ համաձայնության նշաններ չհայտնել: Կներեք, պարոն Ալիև, որ ընդհատեցի, բայց ես` որպես ԵԽԽՎ նախագահ, պետք է ապահովեմ նիստի բնականոն աշխատանքը»: Ալիևն էլ արձագանքեց. «Երկու անգամ մեջբերում եք ինձ, երկու անգամ էլ կարող եք ընդհատել: Ես պատրաստ եմ դրան»:

Եվրոպացի պատգամավորների սուր հարցադրումները՝ Ի. Ալիևին

Ապա սկսվեց ԵԽԽՎ պատգամավորների եւ Ալիեւի հարցուպատասխանը: Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարան, ով երեկ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցով էր հանդես եկել, հայտարարեց, որ  Ադրբեջանում կա 39 քաղբանտարկյալ, իսկ վերջին նախագահական ընտրությունները կեղծվել են: Ի պատասխան` Ալիևն ասաց, թե Ադրբեջանում չկա որևէ քաղբանտարկյալ:

Նա նշեց, որ բոլոր այն տեղեկությունները, թե Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, իրականությանը չեն համապատասխանում: «Եթե Դուք նման հայտարարություններ եք անում, ապա դա ձեր կանխակալ մոտեցումն է մեր երկրի նկատմամբ: Դուք մի քանի անգամ փորձում եք վիրավորել մեր երկիրը: Ադրբեջանը պրովոկացիաների զոհ է, որոնք գեոպոլիտիկայի արդյունք են: Ես կրկնում եմ՝ քաղբանտարկյալ մեզ մոտ չկա: Իսկ ձեր երեկվա զեկույցը տապալվեց, որովհետև կեղծիքների, ապատեղեկատվության հիման վրա էր կազմված ու խեղաթյուրում էր իրականությունը»,- նշեց Ալիեւը:

Մեկ այլ պատգամավոր էլ հարցրեց, թե արդյոք կոպիտ չէ՞ իրավապաշտպան Լեյլա Յունուսի հանդեպ ադրբեջանական իշխանությունների ցուցաբերած պահվածքը: Ալիևը վստահեցրեց, թե երկրում խոսքի ազատությունը, մարդու իրավունքները պաշտպանվում են ու չեն տարբերվում եվրոպական երկրներից: Ինչ վերաբերում է Լ. Յունուսին, ապա Ալիևն ասաց, որ իրենք կոպիտ չեն վերաբերվել նրան՝ հավելելով. «Համաձայն չեմ, չկար կոպիտ վերաբումունք, գուցե նրա՞ կողմից կար կոպիտ վերաբերմունք ոստիկանի նկատմամբ, ում վրա նա հարձակվել էր... »:

Մեկ այլ պատգամավոր էլ նկատեց, որ թեպետ Ալիևը խոսում է իր երկրում ազատությունների մասին, բայց իրենք գիտեն, որ հազարավոր մարդիկ ադրբեջանական «սև ցուցակում» են ու չեն կարողանում մուտք գործել երկիր:

ԵԽԽՎ-ում գտնվող հայկական պատվիրակության անդամներից և որևէ մեկը Ալիևին հարց չուղղեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter