HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են Ստեփանավանի քաղաքապետի ֆինանսական չարաշահումները

Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը  2014թ. ապրիլին վարչական հսկողություն է իրականացրել Ստեփանավանի քաղաքապետարանում: Ֆինանսական ոլորտում քաղաքապետի պարտադիր լիազորությունների կատարումն ուսումնասիրելու ժամանակ վարչական հանձնաժողը բացահայտել  է, որ 2013թ. «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 6 մլն 999 հազար 200 դրամ արժողությամբ վառելիքն ու ավտոպահեստամասերը  համայնքապետարանը ձեռք է բերել առանց ֆինանսական փաստաթղթերի:

Համաձայն բյուջեում առկա տեղեկանքի` Ստեփանավանի 2014թ. բյուջեում գույքահարկի մուտքերը նախատեսվել են 26 մլն 819 հազար դրամ: Քաղաքապետարանի` վարչական հանձնաժողովին ներկայացրած տեղեկատվությամբ` գույքահարկի եկամուտների մեկ տարվա հաշվարկը կազմել է 37 մլն 498 հազար դրամ, որից էլ պարզվել է, որ տարվա հաշվարկից 2014թ.-ին  համայնքում պակաս է նախատեսվել 13 մլն  498,8 հազար դրամ գույքահարկ: Ստեփանավանում թանկարժեք մետաղների առևտրով զբաղվող երեք տնտեսավարողներ 2013թ.  համայնքի բյուջե չեն վճարել  սահմանված տեղական տուրքը, որի արդյունքում բյուջեի վնասը կազմել է 150 հազար դրամ:

Ստեփանավանի ավագանին 2014թ. թանկարժեք մետաղների առևտրով զբաղվելու թույլտվության համար նախատեսել է տարեկան 50 հազար դրամ տեղական տուրք, սակայն դրանք չեն մուտքագրվել բյուջե: Համայնքում տաքսի ծառայության  թույլտվության համար նախատեսվել է 10 հազար դրամ տուրք: Ստեփանավաում գործող տաքսի ծառայությունների մի քանի գրասենյակներից և բազմաթիվ  անհատ ձեռներեցներից այդ տուրքերը նույնպես չեն հավաքագրվել:

Հանձնաժողովը չի ուսումնասիրել, թե համայնքում կոնկրետ քանի տաքսի ծառայություն և անհատ ձեռներեցներ են գործում, և ըստ այդմ որքան է կազմել բյուջեին պատճառված վնասի չափը:

Խանութներում տեխնիկական հեղուկների վաճառքի համար համայնքի ավագանին սահմանել է 30 հազար դրամ տեղական տուրք, դրանք գանձվել են տարեվերջին, այն էլ` նախատեսվածից 202,5 հազար դրամ պակաս: Ստեփանավանի քաղաքապետարանում մի շարք դեպքերում գնման գումարները գերազանցել են գնումների բազային միավորը:

Համայնքի սանիտարական մաքրման և աղբահանության համար մինչև բաց ընթացակարգով մրցույթ հայտարարելը մոտ երկու ամիս բանակցային ընթացակարգով կատարվել են 9 մլն 120 հազար դրամի և ամանորյա տոնակատարության կազմակերպման աշխատանքների համար 4 մլն 65 հազար 400 դրամի գնումներ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ բանակցային ընթացակարգով գնումները, ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն,  թույլատրվում է արտակարգ իրավիճակներից բխող անհետաձգելի պահանջի դեպքում: Միչդեռ վերոնշյալ գնումները, ըստ հանձնաժողովի, հակասել են օրենքին: Ստեփանավանի համայնքապետարանում վարչական հսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև ֆինանսական այլ խախտումներ:

Հիշեցնենք, որ Ստեփանավանի գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը քաղաքապետի իր պաշտոնը ստանձնել է 2012թ. նոյեմբերից (նախորդ քաղաքապետը նրա եղբայրն էր): Մինչ այդ, նա 14 տարի ղեկավարել է սոցիալական ծառայության Ստեփանավանի գործակալությունը: «Հետքը» «Ստեփանավանում առաջադրված քաղաքապետի թեկնածուները» հոդվածում անդրադարձել  է  այն ժամանակ սոցիալական ծառայության Ստեփանավանի  գործակալության պետ Միքայել Ղարաքեշիշյանի կատարած ապօրինություններին, որի մասին ահազանգել էին ստեփանավանցիները: Քաղաքապետ ընտրվելուց հետո  Ստեփանավանի քաղաքապետն իր պաշտոնը հանձնել է որդուն` Ալբերտ Միքայելի  Ղարաքեշիշյանին:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 17.12.2013թ.-ի N 159-Ա հրամանով` Ստեփանավան քաղաքում 2014թ. 1-ին եռամսյակում նախատեսված վարչական հսկողությունը, ըստ մարզպետարանի վարչական հանձնաժողովի 04.04.2014թ.-ի արձանագրության, իրականցվել է 2-րդ եռամսյակում: Արձանագրության վերջում վարչական հանձնաժողովի ստուգումների  արդյունքների վերաբերյալ  քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը որևէ առարկություն չի արձանագրել: Խախտումները վերացնելու համար, օրենքով սահմանված կարգով, Արթուր Նալբանդյանը Ստեփանավանի քաղաքապետին  20-օրյա ժամկետ է տվել:  

Մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ  Ալիկ Սահակյանը «Հետքին» օրեր առաջ  տեղեկացրեց, որ Միքայել Ղարաքեշիշյանը, առանց հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի, ընդամենը մեկ տողով հանձնաժողովին տեղեկացրել է, որ խախտումները վերացվել են:  Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 1997թ.-ի ՆՀ-728 հրամանագրում 2013թ. օգոստոսի 5-ին կատարված ՆՀ-189-Ն լրացումով` վարչական հսկողության գործընթացում  մարզպետի  գործունեության մասին  պահանջները սահմանում են, որ վարչական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները չվերացվելու դեպքում մարզպետը կարող է դիմել դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով տարածքային կառավարման նախարարությանը:

Ստեփանավանում վարչական հոսկողությունն իրականացնելու օրից թեև անցել է 1,5 ամիս, սակայն, Լոռու մարզպետ Արթուր  Նալբանդյանը «Հետքին» հայտնեց, որ  Ստեփանավան համայնքում բացահայտված ֆինանսական խախտումների վերաբերյալ անհրաժեշտ եզրակացության դեռ չի հանգել, քանի որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter