HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը - 3

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբը

2013թ. վերջին, գրեթե ավարտված համարելով արաբական քաղաքակրթական բնագծերի վերաֆորմատավորումը, Արեւմուտքն անցավ արդեն Իրանի և Ռուսաստանի բնագծերը ցանկալի հունով ուղղորդելու գործին: Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի եւ «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան) միջև նախնական համաձայնությունը Արևմուտքի կողմից Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբն ազդարարեց: «Վեցնյակի» հետ բանակցությունների համաժամանակյա ռեժիմում չկարողանալով հաղթահարել արտաքին կողմնորոշման պարտադրված դժվարությունները` Ուկրաինայում բռնկվեց քաղաքական ճգնաժամ, որը վերածվեց հեղափոխության և ապա նաեւ` ռուս-ուկրաինական թեժ հակամարտության: Ռուսաստանը մեծ էնտուզիազմով լծվեց իր և Արևելյան Եվրոպայի միջև եղած սահմանագծերը ապակայունացնելու ու թեժացնելու գործին: Ի տարբերություն Ռուսաստանի` Իրանը իր քաղաքակրթական ծավալման տարածքներում այդուհետ ստանձնելու էր բոլորովին ուրիշ` կայունացնողի դերակատարություն:

Ներկայումս աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա եղած այդ երկու ոչ ստանդարտ իրավիճակները: Թե՛ Իրանը և թե՛ Ռուսաստանը տարածաշրջանային ծավալման իրենց դիապազոններում` «շիիզմի աշխարհում» և «ռուսական լեզվի ու մշակույթի տարածման արեալում», վարում են նախկին դիրքերից բոլորովին տարբերվող քաղաքականություն: Եթե Իրանը Իրաքում Արևմուտքի լուռ համաձայնությամբ և առանց «չարագործի» պիտակ վաստակելու ակտիվ ներգրավվում է «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն» խմբավորման դեմ ծավալվող հակաահաբեկչական գործողություններում, ապա Ռուսաստանը պատերազմի միջոցով Ուկրաինայում հետեւողականորեն ու հիմնավորապես ոչնչացնում է սլավոնական եղբայրության գաղափարական հիմքերը: Արդյունքում կարելի է նկատել, որ մեծանում են Իրանի հնարավորությունները շրջակա աշխարհաքաղաքական չորս ուժերի (ռուսական, թուրքական, հնդկական եւ արաբական աշխարհներ) հետ փոխհարաբերություններում եւ փոքրանում է Ռուսաստանի ազդեցությունը Արեւելյան Եվրոպայում:

Այսօր գրեթե համընդհանուր ճանաչման է արժանացել Արևմուտքի հետ Իրանի հաշտության գնալու ու անգամ հարաբերությունների ջերմացման փաստը: Սակայն, այնուամենայնիվ, մի էական հարց դուրս է մնում քննարկումների շրջանակից: Ինչի՞ դիմաց կողմերը պետք է գնային հարաբերությունների բարելավման. արդյո՞ք նախկինում ակտուալ աշխարհաքաղաքական հակընդդեմ շահերը սպառել են իրենց և հնարավորություն ընձեռել հասնել քիչ թե շատ բնականոն համակեցության Արեւմուտքի եւ Իրանի միջեւ:

Լրահոսում եւ քաղաքական տիրաժավորվող վերլուծականներում ներկայացվում է առաջին հայացքից բոլորովին տրամաբանական բացատրություն` քանի որ Իրանի միջուկային ծրագիրն էր խնդիրը, ուստի դրա շուրջ ձեւավորված երկկողմանի ընդունելի կոնսեսուսի արդյունքում էլ հնարավոր դարձավ գնալ հարաբերությունների բարելավման: Սակայն այդ մակերեսային բացատրությունը խնդրահարույց է դառնում, երբ խորքային առումով դրվում է հենց Իրանի կողմից նպատակային միջուկային ծրագիր գործարկելու հարցը: Ըստ էության, միայն նման ծրագիր գործարկելու նպատակների շուրջ կոնսեսուսի գալու դեպքում հնարավոր կդառնար հասնել Իրանի Արեւմուտքի հետ փոխգործակցության ծավալմանն ու խորացմանը:

Իրանի միջուկային ծրագիրն այդ երկրի անվտանգության առանցքային հենասյունն էր և հանդես էր գալիս իբրև իրանական հանրությունը կոնսոլիդացնող մի յուրահատուկ ազգային գաղափար: Բացի այդ Իրանի ուրանի հարստացման նախագիծը ոչ վաղ անցյալում շրջակա միջուկային տերությունների` Հնդկաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Իսրայելի (իբրեւ տարածաշրջանում Արեւմուտքի «դռան պահապան շան») հետ ռազմաքաղաքական առումով պարիտետային հարաբերությունների պահպանման, ինչպես նաև տարածաշրջանային տերության նրա կարգավիճակի ու ծավալման հնարավորությունների գործնական դրսևորման (այդ թվում` էներգակիրների վաճառքի, տարածաշրջանում նոր շուկաների ձեռք բերման, առեւտրա-տնտեսական կապերի խորացման, շիա համայնքների նկատմամբ վերահսկողության պահպանման եւ այլն) երաշխիքն էր: Ուստի առանց այս խնդիրները լուծելու, առանց համարժեք նոր երաշխիքների, Իրանը երբեք չէր կարող գնալ Արևմուտքի հետ համաձայնության:

Այսօր դեռևս շատ աղոտ պատկերացում կարելի է կազմել թե Իրան-Արեւմուտք նախնական պայմանավորվածություններն ինչ ծավալի ու խորության են: Սակայն այնպիսի փաստեր, ինչպիսիք են իրաքյան «կառավարելի քաոսի» վերածված գործընթացներում Իրանի ակտիվ ներգրավման կապակցությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մոտ «խանդի» բացակայությունը, Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ ոչնչացման սպառնալիքների դադարումը, Արևմուտքի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու կուրսի որդեգրումը ևայլն, ցույց են տալիս, որ Իրանը տարածաշրջանում ձեռք է բերում նոր դիրքեր ու դերակատարություն: Վերջիններս էլ անընդունելի աստիճանի ուրան հարստացնելու (միջուկային զենքի) նախագծից Իրանի հրաժարվելու իրական փոխհատուցումն են դառնում:

Հարկ է այստեղ մի փոքր պարզեցում մտցնել Իրանի կողմից նոր դիրքեր ու դերակատարություն ձեռք բերելու գործընթացում: Անշուշտ, նոր դիրքերը ենթադրում են Արևմուտքի հետ հստակ ու անբեկանելի պայմանավորվածությունների առկայություն: Ըստ էության, Իրանը իր երկրի գլոբալ անվտանգության հարցում սպառնալիքների նվազեցում կարող է դիտարկել այն իրավիճակն ու գնալ պայմանավորվածությունների այն դեպքում, երբ Մերձավոր Արևելքում նրա «իրավասության» տակ ճանաչվի ռազմավարական նշանակության կենսական որոշակի տարածք և այդ  տարածքում առանց խոչընդոտի ռազմաքաղաքական «զորաշարժեր» ու տնտեսական «խաղաղ էքսպանսիաներ» իրականացնելու նրա իրավունքը: Այդ տեսանկյունից որոշակի հստակություն է մտնում, օրինակ, Հարավային Կովկասում Իրանի տնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերն ու նախագծերը, կամ թե Իրաքում առանց որևէ արտաքին խոչընդոտի շիա համայնքի շահերն անսքող պաշտպանելու լրահոսում հայտնված փաստերը, գնահատելիս:

Վերը ներկայացված աշխարհաքաղաքական պատկերը կարեւոր մի հարցադրում է առաջադրում` ո՞րն է Արեւմուտքի շահը տարածաշրջանում Իրանի դիրքերը ամրացնելու եւ նրան նոր դերակատարություն «պատվիրակելու» գործում: Նախորդ հոդվածում մեր կողմից քննության էին առնվել Բալթիկ ծովից մինչեւ Պարսից ծոց հասնող աշխարհաքաղաքական բախումների ներկայիս առանցքն ու խաղասեղանին մասշտաբային շահեր դրված լինելու խնդիրը: Իրան-Արեւմուտք ներկայիս հարաբերությունների խնդիրը հենց այդ համատեքստում դիտարկելու դեպքում կարելի է նկատել, որ ինչպես «Արաբական գարնան» արդյունքում լիարժեք վերահսկելի դարձած արաբական երկրների աղեղը, նմանապես Իրան-Արեւմուտք պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորվող «իրանական միջնաբերդը», Արեւմուտքը չինական վիշապից պաշտպանող երկաթյա վարագույրի հիմնարար բաղադրատարրն է դառնում:

(շարունակություն)  


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter