HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայաստանը` թրաֆիքինգի գծով առաջին խմբի երկիր

Արդեն երկրորդ տարին է, որ ԱՄՆ Պետդեպի զեկույցի համաձայն` Հայաստանը ճանաչվում է թրաֆիքինգի դեմ պայքարի գծով առաջին խմբի երկիր:

Լինել առաջին խմբում՝ նշանակում է, որ պետությունը պայքարում է երևույթի դեմ՝ բավարարելով թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշները:

Ըստ ՄԱԿ-ի 2000թ.` «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» (Պալերմոյի արձանագրություն) կոնվենցիայի՝ թրաֆիքինգը սահմանվում է որպես շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելն ու պարտակելը՝ ուժի սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցներով:

Թրաֆիքինգը կարող է լինել աշխատանքային և սեռական:  Փորձագետների կարծիքով` հանցագործության այս տեսակը բավական ճկուն է, ու թրաֆիքյորները շատ արագ փոխում են իրենց աշխատաոճն ու խաբեության ձևերը:

«Թրաֆիքինգը բազմակոմպոնենտ է, և այդ կոմպոնենտներից որևէ մեկի բացակայությունը այդ երևույթը որակում է որպես ոչ թրաֆիքինգ»,- ասում է ԵԱՀԿ թրաֆիքինգի հարցերով փորձագետ Դավիթ Թումասյանը:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ շատ դեպքեր են լինում, երբ Ռուսաստանում կամ այլուր աշխատանքի դիմաց մասնակի վարձատրություն ստանալու համար մարդիկ դիմում են ոստիկանությանը՝ թրաֆիքինիգի ենթարկված լինելու պատճառաբանությամբ. «Սակայն, դա թրաֆիքինգ չէ, քանի որ իրենք կամավոր են գնում աշխատելու»:

Թեպետ Հայաստանը համարվում է թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր՝ Թուրքիա և Արաբական էմիրություններ՝ սեռական և ՌԴ՝ աշխատանքային թրաֆիքինգ  ուղղություններով, սակայն միտում կա այն համարել նաև ընդունող երկիր, քանի որ նախանշանները երևում են:

«Քանի որ ուզբեկների հոսքը Հայաստան գնալով շատանում է,- ասում է Թումասյանը,- Գեղարքունիքի մարզից հայերը գնում են Ռուսաստան, սակայն նրանց աշխատանքը չնչին գումարներով պատրաստ են անելու ուզբեկները, քանի որ Ուզբեկստանի հարավային հատվածում շատ ծանր վիճակ է, ու Հայաստանը, փաստորեն, ուզբեկների համար հանդիսանում է հրապուրիչ երկիր»:

Այժմ զարգացել է նաև ներքին թրաֆիքինգ (Հայաստանի ներսում), որն իրականացվում է ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում:

«Մարզից բերում են աղջկան ու հարկադրում ծառայություն մատուցել Երևանում, իսկ երեխաներին հարկադրաբար ներգրավում են մուրացկանության մեջ,- ասում է Թումասյանը,- հարկադրանքը ենթադրում է ոչ միայն ծեծ, այլև կարող են փակի տակ պահել կամ գցել պարտքային կախվածության մեջ, իսկ երբ զոհը սկսում է գիտակցել, որ իրեն շահագործում են, սկսում է ընդվզել, ու նրան ծեծում են կամ այլ ձեւով են պատժում, այսինքն` մեխանիզմները կան արդեն»:

Պատճառների մասին

Խորհրդային կարգերի փլուզումից հետո սահմանների բացումը և երկրի սոցիալ-տնտեսական վիճակը առիթ հանդիսացավ, որ մարդիկ աշխատանք փնտրեն դրսում, այդ թվում` զբաղվեն առևտրով: Երբ նրանցից ոմանց մոտ առևտուրը չհաջողվեց, կանայք սկսեցին զբաղվել մարմնավաճառությամբ և հասկանալով, որ այն շահութաբեր է, սկսեցին ներգրավել այլոց՝ կիրառելով խաբեության ամենատարբեր մեթոդներ:

«Ամքոր» կազմակերպության հակաթրաֆիքինգային ծրագրերի համակարգող Վիկտորյա Ավակովան ասում է, որ շատ կանայք մանրածախ առևտուր անելու համար գնում-գալիս են Թուրքիա, ինչ-որ մեկից գումար են վերցնում, իսկ հետո ընկնում են պարտքի տակ.  «Ու որպեսզի պարտքերը մարեն, իրենց ստիպում են այլ ձևի աշխատանք կատարել»:

Գործազրկությունն ու սոցիալ-տնտեսական վիճակը թրաֆիքինգի գլխավոր պատճառներն են: Պետության կողմից ոչ բավարար օգնությունը հասարակության խոցելի խավին, որպիսին են, օրինակ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաները, խնամքի տարբեր հաստատություններում պահվող երեխաները կամ հենց  իրավախախտ երեխաները, նույնպես թրաֆիքինգի զարգացման պատճառ կարող են դառնալ:

«Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի հաստատությունների փոխտնօրենները, տնօրենները, մերձավոր ազգականները, ովքեր օրենքով պարտավոր են երեխայի մասին հոգ տանել, օգտագործելով երեխայի նկատմամբ ունենցած իրենց իրավունքները՝ նրանց ենթարկում են թրաֆիքինգի»,- ասում է նա:

Արտերկրում գտնվող անկանոն միգրանտները ևս կարող են թիրախավորվել թրաֆիքյորների կողմից, քանի որ նրանք խուսափում են օրինապահ մարմինների հետ շփվելուց:

Փորձագետները նշում են, որ թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մեծ մասը ենթարկվել է ընտանեկան բռնության, և գենդերային հիմքով բռնության ենթարկված կանայք կարող են թիրախավորվել թրաֆիքյորների կողմից:

«Թրաֆիքինգի զոհերից մեկը հղի ժամանակ սեռական բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից, ով նրան ստիպել էր այդ կերպ պարտքերը մարել,- ասում է Թումասյանը,- այդ կինը տառապում էր ստոկհոլմյան ախտանիշով և ոչ մի ցանկություն չուներ հակադրվելու իրեն ճնշողին և դատարանում հայտարարում էր, որ սիրում է այդ անձին»:

Ավակովան ասում է, որ իրենց թեժ գծին շատ զանգեր են եղել, օրինակ, երեխաներին կրթական ծրագրերում ընդգրկելու մասին, երբ ծնողները կասկածներ են ունեցել:

«Մեր իրավաբանը խորհուրդ տվեց կոնկրետ հարցեր տալ կազմակերպիչներին, որից հետո  ծնողները զանգեցին մեզ ու ասացին, որ այդ հարցերը տալուց հետո կազմակերպիչներն իրենց երեխաներին ցուցակից հանել են,- ասում է նա,- մենք չենք կարող ասել, թե ինչ կարող էր լինել, բայց կարևորը որ մարդիկ տեղեկացված լինեն՝ ուշադիր ու զգոն»:

Առանձնահատկություններ

Թրաֆիքինգի՝ աշխարհում ընդունված պրակտիկաներում գործում է զոհ ընտրելու   տարբերակված մոտեցում: Օրինակ`արդյոք գեղեցի՞կ է կինը, կամ ի՞նչ պայմանով և որտեղ կարելի է նրան շահագործել: Ըստ Թումասյանի՝ Հայաստանում այդպիսի մոտեցում չկա:

«Մենք ունեցել ենք անգամ տարբեր հոգեկան բարդության հիվանդություններով տառապող, գեր կամ կաղ ոտքով կանայք: Ի դեպ, Էմիրաթներում գեր կանայք պահաջված են,- ասում է նա,- այս մոտեցումն աշխարհում ընդունված չէ»:

Ավակովան նշում է, որ իրենց կացարանում մի աղջիկ կար, որին հավաքագրելուց հետո  պարզել են, որ նա առողջական խնդիրներ ունի և չի կարող օգտագործվել մարմնավաճառության համար:

«Ու նրան օգտագործել են որպես ստրուկ, նա այդ կարգավիճակով էլ ապրել է՝ կատարելով նրանց բոլոր ցանկությունները,- ասում է նա,- երբ նա հայտնվեց մեզ մոտ՝ մեր հետևից ման էր գալիս՝ կարծելով, թե պիտի կատարի մեր ցանկությունները»:

«Ամքորի» կացարանում զոհերը հոգեբանական աջակցություն են ստանում: Ավակովան ասում է, որ դա չափազանց կարևոր է. «Եթե զոհը աջակցություն չստանա, հնարավոր է, որ հետագայում ինքը դառնա հավաքագրող»:

Թրաֆիքինգի զոհերի պատմություններում աներևակայելի դեպքեր կան: Օրինակ, երբ մայրն իր անչափահաս դստերը Թուրքիայում շահագործել էր, ու թոռնիկ էր ծնվել:

Փորձագետները նշում են, որ թրաֆիքյորների մեծ մասը կանայք են, որոնք նախկին մարմնավաճառներ են կամ հենց թրաֆիքինգի ենթարկվածներ: Նրանց մեծ մասը  գտնվում է հետախուզման մեջ ու չի կարող գալ Հայաստան, հետևաբար, նոր զոհեր հավաքագրելու համար, ըստ Թումասյանի, նրանք ընտրում են ճարպկությամբ աչքի ընկած աղջիկներից մեկին ու շահագրգռելով ուղարկում Հայաստան:

Հավաքագրումը կարող է լինել տարբեր կերպ: Ավակովան ասում է, որ ինչ-որ գյուղում ինչ-որ մեկի բարեկամի ընկերը կարող է ընտրված թիրախին ասել, թե նրան կտանի լավ տեղ, որտեղ երեխա կպահի կամ մատուցող կաշխատի և լավ գումար կվաստակի:

«Ինչ-որ տիեզերական գումարներ են ասում, ու զոհերը չեն էլ մտածում, թե ոնց են, օրինակ, մատուցող աշխատելու կամ երեխա պահելու, երբ լեզու չգիտեն,- ասում է Ավակովան,- բայց դա իրենց մեղքը չէ, քանի որ շատ բան չեն տեսել, իսկ ընտանիքում էլ ուրախանում են, թե աղջիկը կգնա աշխարհ կտեսնի»:

Երբ զոհը հասկանում է, որ հայտնվել է ոչ այն վիճակում, ինչ սպասում էր՝ սկսվում է մնացածը. նրա անձնագիրը վերցվում է, պահվում է հսկողության տակ, ասում են, որ նրանց համար ծախսեր են արված և այլն:

«Մենք, օրինակ, ունեցել ենք մի բավականին պինդ աղջիկ, որին երբ տարել են, սկզբում խմբակային բռնաբարել են ու ատրճանակը դրել քունքին,- ասում է Ավակովան,- նախ նրանց կոտրում են, որից հետո նրանք ընկնում են հոգեբանական որոշակի վիճակի մեջ ու հետո դժվար է լինում հետ բերելը»:

Հայաստանում դեռևս չի եղել տղամարդկանց սեռական շահագործման դեպք, որը  միջազգային պրակտիկայում կա:

«Իսկ փորձը ցույց է տալիս, որ միջազգային միտումները որոշ հապաղմամբ մեզ մոտ են գալիս»,- ասում է Թումասյանը:

Աջակցություն թրաֆիքինգի զոհերին և վերաինտեգրում

Թրաֆիքինգի զոհերին աջակցում է «Ամքոր» կազմակերպությունը, որը 2004-ից աշխատում է թե́ աշխատանքային և թե́ սեռական թրաֆիքինգի ոլորտում: Նրանք ունեն 8 հոգու համար նախատեսված կացարան, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող է ապրել մինչև 11 մարդ: Ավակովայի խոսքով՝ իրենց մոտ միջինում 4-5 հոգի է լինում:

Պետությունը ևս ունի աջակցության փաթեթ, և 2014թ. պետական աջակցությունը «Ամքորին» կազմում է 12 մլն դրամ:

Աջակցության փաթեթը ենթադրում է կացարանի ապահովում, որտեղ զոհը կարող է մնալ՝ կախված իր ցանկությունից և վերականգնողական պրոցեսներից, մինչև պատրաստ լինի վերադառնալ ընտանիք և հասարակություն:

«Սակայն, լինում են դեպքեր, երբ նա տեղ չունի վերադառնալու,- ասում է Ավակովան,- շատ դեպքեր են լինում, երբ ընտանիքները չեն ընդունում, որովհետև չեն հասկանում, թե ինչ է պատահել զոհի հետ: Պետք է աշխատանք տարվի նաեւ ընտանիքի հետ»:

Վերաինտեգրումը, Ավակովայի խոսքով, ամենաբարդ հարցն է, որովհետև զոհերը ընդհանրապես չեն ուզում շփվել ոչ մեկի հետ, քանի որ այլևս չեն հավատում մարդկանց ու վախենում են. «Շատ կարևոր է, որ իր շրջապատն ու բարեկամներն օգնեն այդ հարցում»:

Սակայն, դեպքեր են լինում, երբ զոհերը, որոնք հիմնականում շրջաններից, գյուղերից են ու որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, ընտանիքը, լինելով հասարակության ազդեցության տակ, շատ հաճախ հրաժարվում է:

Ավակովան ասում է, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ ընտանիքները գիտեն, թե ինչով է զբաղված իրենց տան անդամը Թուրքիայում կամ Էմիրություններում, և դա իրենց չի հուզում, որովհետև իրենց հետաքրքրում է միայն գումարը:

«Բայց երբ հրապարակայնացվում է, արդեն իրենց հետաքրքրում է,- ասում է Ավակովան,- ամուսին կա, որ փոխանակ ինքն աշխատի, թողնում է, որ կինը գնա և դրանով զբաղվի, իսկ հետո էլ չի ընդունում»:

Եթե զոհը մասնակցում է դատին, նրան տրամադրվում է իրավաբան: Ավակովան ասում է, որ դատավորի կամ ամբաստանյալին ներկայացնող փաստաբանի կողմից շատ ագրեսիվ վերաբերմունք է լինում զոհի նկատմամբ:  

«Մինչդեռ դատարանում ցուցմունք տալը կամ ընդհանրապես դատարան մտնելն ու ամբաստանյալին տեսնելը զոհի համար արդեն մեծ սթրես է»:

Աջակցության փաթեթը պարունակում է բժշկական աջակցություն, սակայն Ավակովայի խոսքով Ֆիզիկական հիվանդությունները, այդ թվում՝ սեռավարակները ամենահեշտ լուծվող խնդիրներ են, իսկ ամենաբարդ խնդիրները դրանք հոգեբանական բնույթի են:

«Մենք աշխատում ենք նրանց առողջական խնդիրները լուծել, որովհետև մարդիկ հետո չեն կարողանալու դրանցով զբաղվել,- ասում է նա,- հոգեբանն աշխատում է կացարանում լինել, որովհետև զոհերը հիմնականում իրենց են մեղադրում ստեղծված իրավիճակի համար, ու դա շատ ծանր է, ու դրա համար չեն ուզում դիմեն օգնության, որովհետև  մտածում են, որ կպիտակավորվեն ու բոլորն իրենց կդատեն, որովհետև իրենք արժանի են դրան»:

Օրենսդրություն և վիճակագրական տվյալներ

2003թ. Քրեական օրենսգրքում ավելացավ թրաֆիքինգի մասին 132 հոդվածը: Մի քանի տարի անց ավելացվեցին երկրորդ և երրորդ հոդվածները՝ մարդուն պոռնկության դրդելու և երեխայի ու հոգեկան հիվանդի վիճակից օգտվելով` նրանց շահագործումը դատապարտելու համար: Այս հոդվածները սահմանում են 5-15 տարվա ազատազրկում:

2008թ. ընդունվել է որոշում՝ թրաֆիքինգի ենթարկված ուղղորդման կարգի մասին, իսկ 2013թ. ընդունված չորրորդ Ազգային ծրագրի շրջանակներում նախատեսված է ենթաօրենսդրական բարեփոխումներ իրականացնելով` զոհերի նույնացման և աջակցության բարելավում:  

Հայաստանը 2005թ. վավերացրել է ԵԽ թրաֆիքինգին վերաբերող կոնվենցիա, ինչպես նաև` 2000թ. ՄԱԿ Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան:

Թումասյանի խոսքով` անցած տասը տարիների ընթացքում դեպքերի թվը միանշանակ աճում է, սակայն դա կապված է նրա հետ, որ դեպքեր են բացահայտվում, որոնց հետաքննությունը սկսվել է դեռևս 2007թ.:

«Բացի այդ, եթե մինչև 2008թ. թրաֆիքինգը անդրազգային հանցագործություն էր, ապա դրանից հետո Հայաստանում զարգացել է ներքին թրաֆիքինգը, երբ ՀՀ քաղաքացին, գտնվելով Հայաստանում, այստեղ է շահագործվում, այսինքն` կտրուկ աճ նկատվեց այդ ցուցանիշից ելնելով»,- ասում է Թումասյանը:

Զարգանում են նաև երեխաների շահագործման ձևերը, մասնավորապես` մուրացկանությունը: Մինչև 2008թ. երեխաների մուրացկանության վիճակագրություն չի վարվել:

Զոհերի ամենատարածված տարիքը՝ մոտ 41 տոկոս՝ գտնվում է 30-49 տարեկանի սահմաններում, իսկ ամենաքիչը՝ 16-18 տարեկան՝ 13 տոկոս: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 97 տոկոսը, չի աշխատել, 69 տոկոսն ունեցել է միջնակարգ կրթություն: Բարձրագույն կրթություն ունի մոտ 5 տոկոսը, աշխատել է մոտ 3 տոկոսը:

«Զոհերի մեծ մասն ամուսնացած չէ կամ ամուսնալուծված է, իսկ մոտ 48 տոկոսն ամուսնացած է և հանուն երեխաների պատրաստ է աշխատել որտեղ ասես»,- ասում է Թումասյանը:

Հանցագործների մոտ 63 տոկոսը 30-50 տարեկան անձինքն են, որոնք նույնպես հիմնական գործ կամ զբաղմունք չեն ունեցել:

Թրաֆիքինգի հոդվածով առաջին գործը հարուցվել է 2004թ.: 2013թ. պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 10 գործ (նույնքան նոր գործ է քննվել նաև 2012թ.), որոնց արդյունքում մեղադրանք է ներկայացվել 12 հոգու (2012թ.՝ 18 հոգի):

Ներկա դրությամբ դատական վարույթում գտնվում է 6 գործ, որից 5-ը վերաբերում է սեռական թրաֆիքինգին, մեկը՝ երեխաների մուրացկանությանը:

Պետրոսյանն ասում է, որ քանի դեռ Հայաստանում աշխատանքի հարցը լուծված չէ, ինչքան էլ իրազեկվածությունը բարձր լինի, միևնույն է՝ թրաֆիքինգը լինելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter