HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիի ու Զվարթնոցի 4 տարիների «փարթիներից» ավելի քան 15 մլն դրամ են ստացել

Հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած «կորպորատիվ փարթիից» հետո «Հետքը» գրավոր հարցերով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարության ««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Խնդրել էինք ներկայացնել, թե վերջին 5 տարիներին քանի միջոցառում է տեղի ունեցել Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարաններում, ովքեր են եղել դրանց կազմակերպիչները, եւ արդյունքում որքան գումար է փոխանցվել բյուջե: 

Հարցերի պատասխանները ներկայացրել է ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Մարինե Ավանեսյանը: Ներկայացնում ենք պատասխաններն ամբողջությամբ.

«Ի պատասխան Ձեր 18.06.2014 թ. գրության, հայտնում ենք, որ 2010-2014 թթ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ 9 արգելոց և արգելոց-թանգարաններում վարձակալությամբ տարածքն օգտագործելու համար դիմել են հետևյալ կազմակերպությունները: Միջոցառումներն անցկացվել են «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում: Մյուս 7 մասնաճյուղերում միջոցառում անցկացնելու հայտ մինչ օրս ՊՈԱԿ-ին չի ներկայացվել: 2010 թ. նախորդող տարիներին նմանօրինակ հայտեր չեն ներկայացվել: Հետևաբար, տեղեկությունները Ձեզ ենք տրամադրում 2010-2014 թթ. կտրվածքով: 

2010 թ.- «Հյուր սերվիս» ՍՊԸ, «Ամիստադ Տուր» ՍՊԸ և «Մեդիակրատ» ՍՊԸ (բոլոր միջոցառումներն էլ՝ Գառնիում)

2011 թ.- «Նիկոմեդ Ավստրիա ԳմբՀ» հայաստանյան ներկայացուցչություն (Գառնի, Զվարթնոց), ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Էլիտար» ՍՊԸ (Գառնի), «Մեդիակրատ» ՍՊԸ (Գառնի), «Բիս Արտ» ՓԲԸ, «Ֆայվ Սթարս Թրավել» ՍՊԸ (Զվարթնոց), «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ (Զվարթնոց):

2012 թ.- ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Մոդդ Իվենց» ՍՊԸ (Գառնի), «Ամիստադ Տուր» ՍՊԸ (Գառնի), Էջմիածնի քաղաքապետարան (Զվարթնոց), «Ռումեա» ՍՊԸ (Զվարթնոց):

2013 թ.- «Նուեվա Վիստա» ՍՊԸ (Գառնի), «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ (Գառնի), «Ֆայվ Սթարս Թրավել» (Զվարթնոց), «Մոդդ Իվենց» (Զվարթնոց), «Էլիտար» ՍՊԸ (Զվարթնոց):

2014 թ.- «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ (Գառնի), ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Էլիտար» ՍՊԸ (Զվարթնոց), «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Զվարթնոց): 

Տեղեկացնում ենք, որ 2010-2014 թթ.. ընթացքում վերը նշված միջոցառումների շրջանակում տարածքի օգտագործման համար վճարված գումարի չափը կազմել է 15 մլն 314 հազար դրամ, որից սահմանված կարգով ավելի քան 3.5 մլն դրամը շահութահարկ և ավելացված արժեքի հարկ է վճարվել պետբյուջե: Մնացած գումարները, «Պահպանության ծառայության» կողմից աշխատանքային ծրագրի համաձայն, ուղղվել են նպատակային ու առաջնահերթություն ներկայացնող խնդիրների լուծմանը: Մասնավորապես կազմակերպվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը, նորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի գլխավոր մուտքի աջ թևը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանում, նորոգվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի դարպասը, եռաֆազ մալուխ է անցկացվել արգելոց-թանգարանի համար, տպագրվել են բուկլետներ, Թորոս Թորամանյանի «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ` Տ. Հոնենց», «Անիի Պահլավունյաց եկեղեցիները», «Անիի Սուրբ Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցի» պրակները, անցկացվել է հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջազգային երեք գիտաժողով»:

«Հետքը» խնդրել էր նաև առանձին՝ ըստ կազմակերպիչների ներկայացնել գումարային տվյալները, ինչին ՊՈԱԿ-ից պատասխանել են. «Ձեր վերջին հարցի առնչությամբ հայտնում ենք, որ երկու կողմի միջև` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և տվյալ կազմակերպության (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) միջև կնքվող պայմանագրով սահմանվող գումարի չափը առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն է, որն արգելվում է հրապարակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այն հրապարակելուց»: 

Մեկնաբանություններ (3)

մանուկ
արդեն երկիրն են վարի տալիս, եթե փրկվի, ապա Գառնիի, Զվարթնոցի ու շատ ուրիշ խնդիրների լուծումը կգտնվի
Արմենակ Եղիայեան
Որևէ անպատեհութիւն չկայ, որ յուշարձաններու շրջափակին մէջ պատշաճ ու վարձովի ձեռնարկներ տեղի ունենան, և եկամուտով ինքնաֆինանսաւորուի յուշարձանը, գէթ մասամբ: Կը խնդրեմ, որ նկատի առնէք նաև հետևեալը՝«1.5 միլիոն դրամ». պէտք է գրել 1,5՝ ստորակէտով.ա՛յս է տասնորդական կոտորակ գրելու հայեցի ոճը:
Varouj
That's great, I don't see why you are upset about this fact.. Many roman and Greek ancient theater complexes are used for concerts regularly... Do you really only see the bad possibility in every incident?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter