Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

Ինչպե՞ս չխաբվել ՃՈ տեսուչի ու պարեկային մեքենայի արագաչափի կողմից



Շատ վարորդներ բազմիցս բողոքել են Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեղադրված արագաչափ սարքերի ճշտությունից: Այսօր մենք կփորձենք պարզել, թե որքանով են այդ սարքերը հավաստի, երբ դրանք կարող են սխալ տվյալներ արձանագրել  և ինչպես կարող է ոստիկանության տեսուչը խաբել սարքին ու վարորդին:

Դեռևս 2007 թվականից Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենաները սկսեցին զինվել «Իսկրա 1 Դ» տեսակի արագաչափ սարքերով:  Հենց այդ սարքն է, որ այժմ տեղադրված է ՃՈ համարյա բոլոր պարեկային «Toyota»-ներում:

Հակիրճ նշենք, որ սարքը աշխատում է Դոպլերի էֆեկտով: Այն առաքում է 24.15 GHz հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիք, որն անրադառնալով շարժվող օբյեկտներից (մեքենաներից)՝ փոխում է իր հաճախությունը, ինչի շնորհիվ սարքը որոշում է այդ օբյեկտի արագությունը:

Թեև սարքերը արագությունը հաշվարկում են  +/- 2 կմ/ժ ճշտությամբ, միշտ չէ, որ կարելի է դրանց վստահել:

Հարաբերական արագությունը` որպես բացարձակ

«Իսկրա 1Դ» արագաչափն ունի աշխատանքի երկու ռեժիմ` «ստացիոնար» և «շարժման մեջ»: Առաջին վիճակում աշխատելիս այն պետք է գտնվի դադարի վիճակում և պարզապես չափի իր տեսադաշտն ընկնող մեքենաների արագությունները:

Ակնհայտ է, որ երբ պարեկային մեքենան ու արագաչափի կողմից դիտարկվող մեքենան շարժվում են իրար ընդառաջ, ապա սարքը տեսնում է իրենց հարաբերական արագությունը, որը հավասար է երկու մեքենաների արագությունների գումարին: Այդ իսկ պատճառով սարքն ունի «շարժման մեջ»  ռեժիմ: Այդ ռեժիմում արագաչափը նաև հաշվարկում է շարժվող պարեկային մեքենայի արագությունը և հանում այն դիմացից ընդառաջ շարժվող մեքենայի մոտենալու (հարաբերական) արագությունից:

Սակայն կան ՃՈ անբարեխիղճ տեսուչներ, ովքեր սարքը միացնում են «ստացիոնար» ռեժիմի վրա և շարժվում «զոհերին» ընդառաջ: Այս դեպքում արագաչափը շարժվող պարեկային մեքենան ընկալում է որպես կանգնած և իրեն ընդառաջ եկող մեքենայի` իրեն մոտենալու արագությունը ընդունում է որպես այդ մեքենայի բացարձակ արագություն, այլ կերպ ասած՝ «զոհի» արագությանը գումարվում է նաև պարեկային մեքենայի արագությունը:

Այս խաբեության հնարավարության մասին մեր հարցմանը ի պատասխան՝ ՃՈ-ից հայտնեցին, որ դա հնարավոր է: Սակայն եթե արագաչափը աշխատում է «ստացիոնար» ռեժիմում, պարեկային մեքենայի մոնիտորի վրա շարժվող մեքենաների արագության կողքը գրված կլին «S» տառը, իսկ երբ այն «շարժման մեջ» ռեժիմում է աշխատում` «D» տառը:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ հենց դրա շնորհիվ է, որ տուգանված վարորդների բողոքների դեպքում կարողանում են ձայնագրություններով ստուգել, թե արագաչափն այդ պահին որ ռեժիմում է եղել և արդյոք տեսուչը գործել է բարեխղճորեն (այդ «S» կամ «D» տառը տեսախցիկի տեսանյութի հետ ձայնագրվում են նաև սկավառակի վրա, որը վարորդի կողմից բողոքի դեպքում ուսումնասիրվում է):

Այսպիսով, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցված վարորդը կարող է տեղում պահանջել դիտել խախտման տեսանյութը ու տեսնել, թե որ ռեժիմում էր աշխատում այդ պահին արագաչափը… Եվ եթե իրեն նկարելուց պարեկային մեքենան գտնվում էր շարժման մեջ, իսկ արագաչափն աշխատում էր  «ստացիոնար» ռեժիմում (մոնիտորի վրա պատկերված է «S» տառը), ապա վարորդը կարող է վստահությամբ պնդել, որ իրեն խաբում են, չհամաձայնվել խախտման արձանագրության հետ և անգամ չտուգանվելու դեպքում բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն` անբարեխիղճ տեսուչի դեմ:

Ուրիշի արագությունը

«Իսկրա 1Դ» արագաչափերը, երբ ֆիքսում են արագությունը գերազանցած մեքենա, այդ մեքենայի արագությունը 10 րոպե շարունակ պատկերում են էկրանի վրա (եթե այդ ընթացքում տեսուչը չզրոյացնի այն):  Այսպիսով, եթե ձեզանից մի-քանի րոպե առաջ մի մեքենա գերազանցել է արագությունը, իսկ տեսուչը դրանից հետո չի զրոյացրել սարքը, ապա Ձեր մեքենայի՝ տեսուչի տեսախցիկի կողմից նկարվելիս տակը կգրվի ձեզանից առաջ խախտում կատարած մեքենայի արագությունը:

Այս դեպքում խաբեության բացահայտումն էլ ավելի հեշտ է: Պարզապես պետք է տեսուչից պահանջել, որ Ձեր «խախտման» տեսանյութը ետ պտտացնի և ցույց տա, թե որ պահին իր էկրանին հայտնվեց Ձեզ վերագրվող արագությունը…  Եվ եթե դա եղավ Ձեր մեքենան տեսախցիկի տեսադաշտում հայտնվելուց առաջ, ուրեմն դուք անմեղ եք և տեսուչը փորձում է ձեզ խաբել: Իսկ եթե դա հայտնվեց  Ձեր մեքենայի տեսանյութում երևալու պահին, ապա առնվազն այս մասով տեսուչը Ձեզ հետ ազնիվ է:

«Դե լավ, բեր ամրագոտի գրեմ»

Ամեն դեպքում, ՃՈ տեսուչի կողմից թե արագաչափի աշխատանքի ռեժիմի հետ կապված խաբեությունը և թե մի վարորդի խախտումը մեկ այլ վարորդին վերագրելը կբացահայտվի, եթե նման դեպքում զոհ դարձած վարորդը չհամաձայնի խախտման հետ և ՃՈ պետին բողոքարկի տեսուչի որոշումը:

Բայց ցավալին այն է, որ վարորդներից շատերը տեղյակ չեն այս նրբություններից  և անգամ գիտակցելով, որ անմեղ են՝ իրենց անզոր են զգում ու համաձայնվում են տեսուչի կողմից առաջարկվող ավելի մեղմ տուգանքին` կորցնելով բողոքարկելու հնարավորությունը:

Հարկ է նշել, որ ՃՈ մեքենաներում տեղադրված արագաչափ սարքերի խնդիրները այսքանով չեն սահմանափակվում և կան բազմաթիվ իրավիճակներ, երբ դրանք պարզաես սխալ տվյալ են ցուցադրում` անկախ տեսուչի կամքից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (9)
1. Վարդան17:32 - 1 հուլիսի, 2014
Ինձ այս նույն մեթոդով տուգանել են, բայց ձայնագրության վրա չկան ոչ S ոչ էլ D տառերը
2. Մեկը10:53 - 4 հուլիսի, 2014
Հարգելի ընկերներ Երեկ պատահաբար բանկից իմացա, որ իմ հաշիվը սառեցված է 10000 դրամով, զանգահարեցի ՃՈ և պարզվեց, որ մեկ տարի առաջ ինչ-որ խախտում եմ արել, որը ՃՈ-ի կայքում չի երևում, ինձ իբր ծանուցում են ուղարկել, բայց փոստը ինձ չի գտել, փոստում, ի դեպ, ինձ շատ լավ ճանաչում են և ասում են, որ անհնար էր այդպիսի բան, գործերը ուղարկվել են ԴԱՀԿ, որտեղ էլ 5000 դրամի վրա ավելացրել են ևս 5000 դրամ և տեղեկացրել բանկին, որ իմ հաշիվը սառեցվի: Նման աբսուրդ բան որևէ մեկին պատահել է արդյոք և ինչպես պետք է պայքարել նման անարխիայի դեմ: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:
3. Տիգրան01:21 - 5 հուլիսի, 2014
Ես էլ նույն իրավիձակի մեջ եմ ընկել: Հարցը լուծէվեծ միայն հարկադիրում տուգանքը վձառելուց ու բանկում պայմանավորվելուց հետո` ընթազիկ հաշվիս 10000 մուտք արեցի ու հենց այդ հաշիվը մնաց կալանքի տակ (մինչև հարկադիրից արգելանքը հանելու գրությունը կգա, իմ դեպքում դա տևեց 10օր). իսկ մնացած հաշիվները ազատվեցին արգելանկից: Ցավալին նա է որ ես էլ ոչ մի որոշում կամ ծանուցում չէի ստացել ու իմ համար դա լրիվ անսպասելի և տհաճ փաստ էր որի առջև ինձ կանգնացրեցին ՃՈ-ն ու ԴԱՀԿ ծառայությունը:
4. Դանիել Իոաննիսյան12:38 - 5 հուլիսի, 2014
Հարգելի Մեկը, Թեև սա հոդվածիս հետ կապ չունի, սակայն ասեմ, որ խնդիրն իրոք կա ու այժմ նյութեր եմ հավաքում, որպեսզի առաջիկայում այդ հարկադիր մոտեցման մասին հոդված գրեմ:
5. Ավետ17:46 - 15 հուլիսի, 2014
ԻՆՁ ՆՈՒՅՆՊԵՍ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ 40000 Դ․ԲԱՅՑ ՉԵՄ ՄՈՒԾԵԼ ՉԵՄ ՄՈՒԾԵԼՈՒ ,ՆԱև ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ ․․․․ԲԱՅՑ ՀԱՐՑԸ ՆՐԱՆՈՒՄ Է ՈՐ ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ՔԱՆԻ ՈՐ ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՉԵՆ և ՃԱՆԱՊԱՐՀԱ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ ․․․․ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ՞՞՞՞՞՞՞՞՞
6. Vanik12:33 - 20 հոկտեմբերի, 2014
Ճիշտ նույն ձևով ինձ էլ են տուգանել 2013թ ակտ է եղել,ես տեղյակ չեմ եղել,մինչև 2014թ.ՍՄՍ եմ ստացել,հաշիվները սառեցնելու մասին,հետաքրքրվեցի բանկում,ասեցին մուծումների համար է,մտածեցի ոչ մի մուծում էլ չեմ ուշացրել,հետո ասեցին կարող է մեքենայի համար է,այդտեղից էլ իմացա ,որ ակտի համար է ,ու սկսվեց վազքը ՃՈ,հարկադիր,փոստ նամակ գրի ինչու չեն բերել նամակը,հետո էլ փոստի անբարեխիղճ աշխատանքի շնորհիվ ես ստիպված եմ ԴԱՀԿ-ի 5000 դրամը մուծել,մտածում եմ ինչու,եթե ակտը տեղ չի հասել ես որտեղից իմանաի ինչ սխալ եմ թույլ տվել և ինչքան են տուգանել,մեկ տարի անց դա ինչ բան է,գոնե էդպիսի դեպքերում չգանձեն գումարը,մեկ է ինչքան էլ բողոքում ենք մեկը մյուսին չի զիջում,,ուրիշի պատչառով ինչու մենք պետք է տուգանք մուծենք,այն էլ ԴԱՀԿ-ի հետ միասին,թող գումարը գանձեն մեղավորներից,շատ ցավալի հարց է ,որը բոլորի մոտ է պատահում,կարգավորել է հարկավոր ,բողոքելով ոչ ոք իր սխալը չի ընդունում,կամ էլ թեթև խախտումների համար թող 1000դրամ տուգանք լինի,5000-րս որն է,աշխատավարձը միանգամից թող փոխանցեն ՃՈ վերջանա,գնա:....
7. Arto15:26 - 27 նոյեմբերի, 2014
Ինձ հետ վերջերս նույնպիսի մի դեպք պատահեց, Երևան-Սեվան ճանապարհին մեքենաս վարում էի կռուիզ կոնտրոլ ռեժիմով >90
8. Ashot18:33 - 28 սեպտեմբերի, 2015
aragachap@ karox e sxal cuyc tal naev ayn depqum , erb minchev dzer meqenan nkarum er asfalt@ u aveli mot , heto akntartoren tesuch@ pttum u gcum e dzer meqenai vra. . dra hamar eli pahanjeq tox het ta kadr@ en pah@ erb duq der cheq erevum, u parz klini tesuchi katarac koperfildyan hnarq@ . ete ktesneq nman ban chhamadzaynveq urish aveli tetev akti . pahanjeq aragutyan gerazancum@ tox gren u zgushacreq vor boxoqarkelu eq. porcvac bana , chen grum )
9. Narek16:16 - 14 սեպտեմբերի, 2017
իսկ կարող եք ասել ինչ իրավական հիմքով են օգտագործվում տվյալ սարքերը։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ