HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

29 ցմահ բանտարկյալ հացադուլ է հայտարարել

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող 29 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Նրանց պատրաստվում են միանալ նաև մյուս խցերից:

Այս մասին հայտնեց ՄԻ պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը: Նա տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալները բողոքի ծայրահեղ քայլին են դիմել երբ չեն ստացել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղղված իրենց նամակի պատասխանը: 40 օր առաջ գրված նամակում նրանք խնդրել էին այցելել «Նուբարաշենի» ցմահ դատապարտյալների հարկաբաժին ու լսել 20 տարվա վաղեմություն ունեցող իրենց խնդիրները:

«Ցմահ դատապարտյալներն առավել շատ բարձրացնում են ոչ թե պահման պայմաններին վերաբերող հարցեր, այլ բողոքում են իրենց դատավճիռներից, գործերի, պատժաչափերի վերանայումներից»,- նշեց ՄԻՊ խորհրդականը:

Մասնավորապես՝ հացադուլի միակ պահանջն է՝ վերանայել 2011թ. մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով 15 տարվա ազատազրկման պատժաչափը փոխարինվեց 20-ով: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում՝ 15-20 տարվա միջակայքում, տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե 97-ն էլ դատապարտվեին մեր օրերում,  բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման: Ըստ ցմահ դատապարտյալների, եթե օրենքում ավելացվի մի կետ, որով հիշյալ փոփոխությունը բարելավում դիտվի ցմահ բանտարկության տեսակետից, ապա իրենց պատժաչափերը կարող են վերանայվել: Նրանց կարծիքով, միգուցե ներկայիս ցմահ բանտարկյալներից ոմանք, մեր օրերում դատապարտվելով, կարող էին ստանալ 16,17, 18… տարվա ազատազրկում, ինչը թույլ է տալիս ներկայիս օրենսդրությունը: Ըստ ցմահ բանտարկյալների, եթե նման փոփոխության գնա օրենսդիրը, և իրենց պատժաչափերն այդ հիմքով վերանայվեն, ապա Հայաստանում առհավետ կվերանա ցմահ դատապարտման խնդիրը, որը 20 տարի լուծում չի ստանում:

«Իդեալական կլիներ, եթե 1990-ականների գործերը՝ նախկինում մահապատժի դատապարտվածների, վերանայվեին, քանի որ շատ վիճահարույց գործեր կան: Կան անձինք, ովքեր մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի են դատապարտվել, սակայն այսօր, օրինակ, նույնատիպ հանգամանքներով գործով դատարանը կարող է նշանակել 15-20 տարիների միջակայքում որևէ պատիժ, ինչը 2011թ. հետո օրենքով է ամրագրվել: Այո՛, սա ցմահ դատապարտման տեսանկյունից բարելավում է, ապա հնարավորություն պիտի տրվի վերանայել ցմահ դատապարտյալների գործեը»,-նշեց Երանուհի Թումանյանցը:

ՄԻՊ բռնությունների կանխարգելման վարչության մասնագետ Ռոբերտ Մեսրոպյանն այսօր հանդիպել է հացադուլ հայտարարած բոլոր 29 ցմահ դատապարտյալների հետ. «Նրանք իրենց խցերում էին, ներկայացրել էին դիմումներ, պահանջում էին, որ նախարարն այցելի իրենց»,-ասաց ՄԻՊ ներկայացուցիչը:

Այսօր արդարադատության նախարարության շենքի դիմաց հավաքվել էին հացադուլ հայտարարած ցմահ բանտարկյալների մի խումբ հարազատեր: Մահապատժի դատապարտված Տիգրան Ավետիսյանի մարզիչն ասաց, որ հասարակությունը հաճախ չգիտի, թե ովքեր են հայտնվել ցմահ բանտարկյալի կարգավիճակում. «Տիգրանը Արցախյան պատերազմի մասնակից, լավ մարտիկ, հայրենիք աշտպանած տղա է, միասին մենք շատ դժվարություններ ենք տեսել: Մի՞թե հնարավոր չէ հիմա շանս տալ այդ մարդկանց, հույս տալ, որ ապրեն ազատության մեջ»:

Այնուհետև հարազատներից մեկին՝ որպես պատվիրակի (մահապատժի դատապարտված Տիգրան Ավետիսյանի քրոջը՝ Սոնա Ավետիսյանին) և լրագրողներին ընդունեց արդարադադության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Մարդիկ 20 տարի նստած են բանտում, օրինակ, իմ եղբայրը, սակայն ես հույս չունեմ, թե մի դրական փոփոխություն կլինի: Այս խնդիրները տարիներով լուծում չեն ստանում, իսկ նրանք շարունակում են անհուսության մեջ մնալ»,-ասաց Սոնա Ավետիսյանը:

Նախարարի տեղակալը լսեց հացադուլի պահանջի մասին՝ ասելով, որ ցմահ դատապարտյալների, մի շարք ՀԿ-ների, լրագրողների բարձրացված հարցերի ուսումնասիրության նպատակով նախարարը հանձնարարել է այս պահին քարտեզագրել ցմահ դատապարտյալների խնդիրները: Փոխնախարարը խնդրեց մեկ ամիս ժամանակ. «Հուլիսի վերջին մենք կունենանք ռեալ ասելիք: Ներկայումս քննարկվում է պայմանական վաղաժամկետ ինստիտուտին, պահման պայմաններին, անհատական գործերին վերաբերող հարցերը, նաև միջազգային փորձը: Պետք է հաշվի առնենք բոլոր կողմերի շահերը: Մեկ ամիս հետո կառաջարկենք լուծման մեխանիզմներ»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Ցմահ դատապարտյալները պարբերաբար դիմում են բողոքի ծայրահեղ միջոց հացադուլի: Նրանք հիմնականում բողոքում են իրենց քրեական գործերից ու դատավճիռներից: Որոշները պնդում են, որ չափազանցված պատիժ են կրում, կան խոշտանգումներով ինքնախոստովանական ցուցմունքներ տված անձինք: Կան դատապարտյալներ, ովքեր պնդում են, որ բացառապես անմեղ են:

Հայաստանում պատիժ է կրում 104 ցմահ դատապարտյալ: Նրանցից 35-ը նախկինում մահապատժի դատապարտվածներն են, ում դատավճիռները կայացվել են մինչև 2003թ. (նոր ՔՕ ընդունումը): 35-ի մահապատժի դատավճիռները ՀՀ նախագահի 2003 թ. օգոստոսի 1-ի հրամանագրով փոխարինվել են ցմահ ազատազրկման՝ առանց գործերի անհատական վերանայման: Ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև 8 մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: 1990-ականների շատերը մահացել են սովից, հիվանդություններով, պահման սոսկալի պայմաններից՝ առանց զբոսանքի իրավունքի ու արևի լույսի:

Ցմահ դատապարտյալների նկատմամբ չի կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատումը (մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից և ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի վերադարձել): Չկա պատժաչափերի անհատական վերանայման նախադեպ: Այս գործերով իրեղեն ապացույցները ոչնչացված են: Համաներման ակտերը մշտապես շրջանցում են դատապարտյալների այս խմբին, ՀՀ նախագահի ներմամբ ևս չկա նախադեպ, որ ցմահ դատապարտյալն ազատություն ստանա: Չեն կիրառվում նաև ռեժիմների փոփոխման օրենսդրական մեխանիզմները՝ անցում կիսափակ ռեժիմի, այնուհետև՝ կիսաբացի: Նրանք 23 ժամ փակ խցերում են՝ փակ ռեժիմում (ունեն 1-ժամյա զբոսանքի իրավունք): Հարազատներին տեսակցում են տարեկան 1 անգամ երկարատև (3 օրով) և 3 կարճատև (1 ժամով): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter