HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի համայնքապետը թաքցրել է հարկերը

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը տեղական տուրք վճարողների ցանկում չի հաշվառել գյուղում գործող երկու բենզալցակայանները եւ մեկ գազալցակայանը: Գազալցակայանի համասեփականատերը համայնքի ղեկավարն է, չնայած, պետական ռեգիստրում գազալցականը գործարկող «Հին Գառնի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր է ներկայանում միայն նրա քրոջ որդին՝ Արտաշես Մկրտչյանը:

Ա. Վարդանյանը նաեւ գյուղում գործող բենզալցակայաններից մեկի համասեփականատերն է, որը Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է Սպարտակ Ստեփանյանի անունով: Վերջինս համայնքի ղեկավարի ազգականն է եւ բենզալցակայանում սպասարկող է աշխատում:

Բենզալցակայաններից երկրորդը պատկանում է Գառնի համայնքի ավագանու անդամ Եղիազար Բաղդասարյանին:

2013թ. դեկտեմբերի 23-ին ավագանին թիվ 50-Ա որոշումով սահմանել է տեղական տուրքերի դրույքաչափերը, համաձայն որի` «համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար» տեղական տուրք է սահմանել 150 000 դրամը: Սակայն, համայնքի ղեկավարը 2014թ.-ի բյուջեում եկամուտներ չի նախատեսել համայնքում գործող երկու բենզալցակայաններից եւ մեկ գազալցակայանից:

Նշված առեւտրի տեսակի համար մուտքեր չեն նախատեսվել նաեւ համայնքի նախորդ տարիների բյուջեներում: Մինչդեռ բենզալցակայանները գործում են ավելի քան 17 տարի, իսկ գազալցակայանը՝ ավելի քան 7 տարի: Դրանք հաշվառված են հարկային մարմիններում եւ պետական ռեգիստրում, սակայն այս տարիներին, փաստորեն, համայնքապետարանում չեն հաշվառվել որպես տեղական տուրք վճարողներ, որի արդյունքում համայնքի բյուջեին տարեկան ավելի քան 450 000 դրամի վնաս է պատճառվել:  Աշոտ Վարդանյանը Գառնիի համայնքապետն է 1996թ.-ից անընդմեջ, այսինքն, իր գործունեության ողջ ընթացքում նա սեփական բիզնեսից տուրքեր չի գանձել համայնքային բյուջե:

Աշոտ Վարդանյանն ընդունեց, որ ինքը բենզալցակայնի եւ գազալցակայանի համասեփականատերն է, բայց կտրուկ առարկում էր, որ ինքը տեղական տուրքեր չի գանձում, իսկ երբ նրան առաջարկեցինք բյուջեի տողերով հիմնավորել ասածը, խոստովանեց, որ տեղական տուրք չի գանձում իր բիզնեսից: Փոխարենը, նրա ասելով, գազալցակայանի տնօրեն Արտաշես Մկրտչյանը բարեգործություն է անում: «Իսկ դուք գիտե՞ք, թե ես գազի համար ինչքան նեղություն եմ տալիս տնօրենին, ամսական նա 150 000 դրամի գազ է լիցքավորում երեխաներին դպրոց տեղափոխող եւ ուսանողներին Երեւան տանող ավտոբուսները: Հիմա ինքը կբերի կմուծի եւ մեզ կվնասի միլիոններ: Ես այլեւս թույլ չեմ տա, որ միլիոններ ծախսի»,- սպառնաց Գառնիի համայնքապետը:

Վերջինս չանդրադարձավ այն հարցին, թե իր եւ ավագանու անդամ Եղիազար Բաղդասարյանի բենզալցակայաններից տուրքեր չգանձելու մոտիվացիան որն է:

Տարածքային կառավարման նախարարության տվյալներով՝ 2013թ.-ին Գառնի գյուղում հաշվառվել է 41 առեւտրի եւ 4 հանրային սննդի օբյեկտ, այդ թիվը հաստատեց նաեւ համայնքապետարանի աշխատակցուհին: 2013 թ.-ին Աշոտ Վարդանյանը ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառք իրականացնելու համար ընդամենը 23 թույլտվություն է տվել: Եվս մեկ թույլտվություն տրվել է տաքսի ծառայություն իրականացնող մեկ անհատ ձեռներեցի, մինչդեռ գյուղում 4-5 տաքսի ծառայություն է գործում:

Առեւտրի օբյեկտներում ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվության համար ավագանին 2500-ական դրամ տեղական տուրք է սահմանել յուրաքանչյուր եռամսյակի համար: Այսինքն, դրանցից յուրաքանչյուրի վաճառքը թույլատրելու համար տարեկան պետք է գանձվի 10 000 ական դրամ տուրք, իսկ երկուսի դեպքում` 20 000-ական դրամ: 41 օբյեկտներից տուրքերը գանձելու դեպքում այն կկազմի 820 000 դրամ:

2014թ.-ի առաջին կիսամյակում Գառնի համայնքի ղեկավարը ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառք իրականացնելու 15 թույլտվություն է տվել: Համաձայն օրենքի՝ ծխախոտի, ոգելիչ խմիչի վաճառք իրականցնողները, ինչպես նաեւ տաքսի ծառայությունները կարող են գործունեություն ծավալել միայն սահմանված չափով տեղական տուրքը նախապես վճարելու դեպքում, որից հետո միայն համայնքի ղեկավարը թույլտվություն է տալիս` որոշման մեջ նշելով թույլտվության ժամկետը: Ընդ որում, տուրքի այս տեսակում հաշվառված անհատ ձեռներեցների անուններն անփոփոխ են, որը դարձյալ նշանակում է, որ ոչ բոլորն են հաշվառված տեղական տուրքեր վճարողների ցանկում:

Այդ է պատճառը, որ չնայած գյուղում վերջին տարիներին փոքր եւ միջին բիզնեսի թվի ավելացմանը, համայնքի բյուջեում տեղական տուրքերի մասով նախատեսված մուտքերը մշտապես մնացել են անփոփոխ՝  550 հազար դրամ:

Կոտայքի մարզպետարանը երեք տարին մեկ անգամ վարչական հսկողություն է իրականացնում  համայնքներում: Գառնի գյուղում վերջին անգամ մարզպետարանը հսկողություն իրականացրել է 2012թ.-ին: Վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը համայնքապետարան տանող ճանապարհին անցել է գործող գազալցակայանի եւ բենզալցկայանների կողքով, սակայն հսկողությունն իրականացնելիս չնկատելու է տվել այն փաստը, որ դրանք չեն հաշվառվել որպես տեղական տուրք վճարողներ, որ 41 առեւտրի օբյեկտներից եւ գործող տաքսի ծառայություններից ընտրովի է գանձվել տուրքը:

Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, որը հաճախ էր լինում գյուղում, չէր կարող չնկատել ներկայացված փաստերը, սակայն նրա հրամանով վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը ոչինչ չի արձանագրել այդ մասին: «Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով uահմանված կարգով համապատաuխան միջոցների կիրառում» օրենսդրական պահանջի շրջանակում  հանձնաժողովը դիտարկումներ է ներկայացրել ոչ թե տեղական տուրք վճարողներին չհաշվառելու եւ տուրքերը չգանձելու, այլ՝ հողի հարկի և գույքահարկի գծով հարկային պարտավորություններում թերանալու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter