HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտություն Բաքվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում. Հայոց խորհրդարանական դիվանագիտության թշվառությունը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Հայաստանի հեռուստաընկերություններն ու էլեկտրոնային ԶԼՄ-ները հատվածաբար լուսաբանում են հունիսի 28-ից Բաքվում մեկնարկած ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ պատառիկներ ներկայացնելով հայկական խորհրդարանական պատվիրակության ելույթներից, բայցեւ՝ շրջանցելով առանցքային զարգացումները:

Եթե հետեւենք միայն հայկական լրատվամիջոցներին՝ ապա տպավորություն կստեղծվի, թե հայկական խորհրդարանական պատվիրակությունը Արցախի ինքնորոշման ու այլ հարցերով կատարյալ փոթորիկ է անում Բաքվում եւ սառը ցնցուղ պահում ադրբեջանցիների գլխին: Մինչդեռ, նրանք, ովքեր առցանց հետեւել են վեհաժողովի աշխատանքներին, թերեւս ականատես են եղել ավելի քան խայտառակ պատկերի: 

Այսպես, հունիսի 30-ին ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը Վեհաժողովին մեղադրեց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը անտեսելու մեջ: Սակայն, լրատվամիջոցները լռեցին, թե այդ ի՞նչ քննարկում էր եւ ի՞նչ արժեք ուներ Արտաշես Գեղամյանի ելույթը. այն հաջողված հարձակո՞ւմ էր, թե՞ անհաջող ինքնապաշտպանություն ու ինքնարադարացում:

Այդ օրը ԵԱՀԿ ԽՎ նշված հանձնաժողովը քվեարկությամբ հաստատել է բանաձեւի մի նախագիծ, որը այսօր՝ հուլիսի 1-ին կամ ամենաուշը հուլիսի 2-ին կքվեարկվի ու կընդունվի Վեհաժողովի կողմից: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են տեղեկացնում, դրանում մեծաքանակ փոփոխություններ են առաջարկվել, որոնցից ընդամենը 6-ն են ընդունվել: 

Դեռեւս չխորանալով բանաձեւի մանրամասների մեջ, ասենք, որ հայկական պատվիրակությունը եւս առաջարկություններ ներկայացրել է բանաձեւի նախագծում: Սակայն, դրանք չեն ընդունվել: Ավելին՝ չէին էլ ընդունվելու Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների ելույթների ընդգծված ռուսամետ շեշտադրումների պատճառով: Իսկ Ռուսաստանի վարած քաղաքականությունն Ուկրաինայում Վեհաժողովի ամենագլխավոր հարցերից մեկն էր:

Հայկական լրատվամիջոցները կարող են իրենք մոլորության մեջ լինել կամ փորձել մոլորեցնել հանրությանը՝ մեզ հրամցնելով խրոխտ, բայց գրոշի արժեք չունեցող ելույթներն ու հայ պատգամավորների մուննաթները այս կամ այն վեհաժողովում: Սակայն միջազգային կառույցներից քաջատեղյակ կամ դրանց հետեւողներին նրանք մոլորեցնել չեն կարող:

Անողոք փաստն այն է, որ անցած տասնամյակներում չկա մի միջխորհրդարանական վեհաժողով, որի մակարդակով ընդունված լինի հայկական շահերի հաղթանակն արձանագրող բանաձեւ: Թերեւս մասնակի բացառություն կարող են լինել 2012թ. մայիսին Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւերն ու զեկույցները, որի մասին առաձին կգրենք:

Ի տխրություն մեզ, մյուս կողմից կարելի է թվարկել, թե քանի անգամ են ԵԽԽՎ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովները, Եվրոպական խորհրդարանը ընդունել բանաձեւեր՝ ղարաբաղյան հակամարտությունը դասելով «ծայրահեղական հակամարտություններին», կամ ամրագրելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», «Ադրբեջանական տարածքներում հայերի իրականացրած էթնիկ զտումները», «Ադրբեջանական հողերի օկուպացիան Հայաստանի կողմից» եւ այլն:

Չնայած այդ ամենին, հայ խորհրդարանականնները առիթը բաց չեն թողել հայրենի ԶԼՄ-ներով տարածելու բոցաշունչ եւ կրակոտ ելույթների տեքստերը, որոնք մակերեսայնությունից անդին որեւէ խորություն չեն ունեցել, առավել եւս՝ ընդունված բանաձեւերից հետո դրանք կամ խայտառակությունը քողարկելու հնարք, կամ հուսահատ ճիչ են եղել՝ միջազգային կառույցներին աջուձախ մեղադրելով կողմնակալության մեջ:

Այդպիսին էր նաեւ Արտաշես Գեղամյանի ելույթը, որը նա հունիսի 30-ին ունեցավ ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի ու անվտանգության հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր ֆին Պիա Կաումայի պատրաստած «Հելսինի+40. Դեպի մարդկային անվտանգություն բոլորի համար» բանաձեւի նախագիծը: Այդ բանաձեւի ընդունումը պարզապես հայոց խորհրդարանական դիվանագիտության պարտությունն է:

Ի նշանավորումն 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյա հոբելյանի, որը 2015թ. հանդիսավորությամբ կնշվի, 2013թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը հռչակագիր ընդունեց Հելսինի+40 գործընթացը առաջ մղելու մասին: Այն կոչված է խրախուսել ապագա նախագահություններին՝ գտնելու եւ մշակելու այդ գործընթացին ԵԱՀԿ գործադիր կառույցների ու Խորհրդարանական վեհաժողովի առավել մեծ աջակցության ձեւերը:

Մասնավորապես, վերոնշյալ գործընթացում Խորհրդարանական վեհաժողովի ավելի մեծ դերակատարման հրամայականի մասին հռչակագիր ընունվեց 2013թ. Ստամբուլում՝ ԵԱՀԿ 22-րդ Վեհաժողովի ժամանակ: Ի շարունակություն դրա, Բաքվում ընթացող 23-րդ Վեհաժողովի լիագումար նիստը, ինչպես վերը նշեցինք, հուլիսի 1-ի կեսօրից հետո (կամ հուլիսի 2-ին) կընդունի Քաղաքական հարցերի ու անվտանգության հարցերի հանձնաժողովի հաստատած բանաձեւի նախագիծը:

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված բանաձեւի նախագծի (հանձնաժողովի նիստում ընդունված 6 փոփոխությունների մասին ամբողջական տեղեկատվություն դեռեւս չկա)  23-րդ կետում ամրագրված է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «Ընդգծում է մասնակից պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը հարգումը, ինչպես որ հռչակված է Հելսինկիի եզրափակիչ ակտում»:  

Նախագծում ոչ մի խոսք չկա ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթի մյուս հանրաճանաչ սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հարգելու մասին: Այս առումով հայկական պատվիրակությունը իր առաջադրած 38-րդ ուղղումով առաջարկել է, որպեսզի Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հավասարեցվի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնամխելիության սկզբունքներին, սակայն, ինչպես տեղեկանում ենք, մերժվել է:

Բանաձեւում ներառվել են կետեր Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրի, Վիեննայի փաստաթղթի (1990թ.), Բաց երկնքի պայմանագրի հենքի վրա սովորական սպառազինությունների վերահսկողության մեխանիզմներն ասօրվա ռազմա-քաղաքական իրողություններին համապատասխանեցնելու, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողոթյան օրենսդրական հիմքերը բարելավելու, նոր սպառնալիքներին (կիբեր անվտանգություն, ահաբեկչություն, փոքր զենքերի անօրինական վաճառք եւ այլն) դիմակայելու եւ այլնի մասին դրույթներ: Չի շրջանցվել իրադրությունը Ուկրաինայում, Սիրայում կամ եվրոպական ինտեգրացման տարածքներում:

Իհարկե, առաջին հերթին ենթատեքստում ունենալով Ղրիմի հանրաքվեն, սակայն շատ ավելի լայն համատեքստի համար Վեհաժողովը 24-րդ կետում «կոչ է անում ունենալ ազգային հանրաքվեների ավելի հուսալի եւ կարգավորված իրավական շրջանակ՝ խուսափելու համար դրանց չարաշահումից, եւ հաշվի առնելով ազգային սահմանադրություններն ու համապատասխան միջազգային չափանիշները»:

Իսկ նախագծի 21-րդ կետում Վեհաժողովը «ի գիտություն է ընդունում տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների դերն ու մասնակցությունը հետհակամարտությունային վերականգնման դիպաշարերում»

Բանաձեւի հաստատված նախագծի այս կետերը վկայակոչվեցին՝ ցույց տալու համար, թե ինչպես են բավարարվել Ադրբեջանի մոտեցումներն այն մասին, որ ԼՂ կարգավիճակի շուրջ հանրաքվեն պարտադիր պետք է տեղի ունենա (եթե երբեւեէ տեղի ունենա) միայն իրենց Սահմանադրությանը համապատասխան, այսինքն՝ ողջ Ադրբեջանի տարածքում ու Բաքվի համաձայնությամբ: Կամ՝ ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունները ընդամենը տեղական՝ լոկալ իշխանություններ են, եւ նրանք լավագույն դեպքում կարող են մասնակցել միայն հետհակամարտությունային կարգավորման, բայց ոչ հակամարտության կարգավորման բանակցային շրջանում:

Ադրբեջանական կողմը դեռեւս երեկ չի էլ թաքցրել բանաձեւի վերոնշյալ կետերի այսպիսի մեկնաբանությունները: Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի ու անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ, Ազայ Գուլիեւը նախ տեղեկացրել է, որ ադրբեջանական պատվիրակությունը վերոնշյալ երկու կարեւոր առաջարկությունն արել է դեռեւս Կոպենհագենում՝ Բյուրոյի նիստում: Թե ինչո՞ւ են հայ պատվիրակները մինչեւ այժմ լռել դրա մասին ու հայ հանրությունից թաքցրել, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը:

Գուլիեւը մեկնաբանել է, որ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող դրույթի նպատակը այն է, որ հակամարտությունների կարգավորումը փնտրվի միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանների ու տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ նրա՝ երկրորդ առաջարկի նպատակն այն է, որպեսզի որոշ պետություններ «չճանաչված հանրաքվեների միջոցով չձեւակերպեն այլ պետությունների տարածքների բռնազավթումը». «Ցավոք, այդպիսի իրավիճակի մենք բախվեցինք Ուկրաինայում: Համարում եմ, որ դա պետք է կարգավորվի որոշակի շրջանակներում»:

Նշելով, թե Ադրբեջանը նույնպես բախվել է այդպիսի իրավիճակի, Գուլիեւը նշել է. «Մեր առաջարկը կայանում է նրանում, որ հանրաքվեն պետք է անցկացվի միայն այդ պետությունների օրենքներին ու սահմանադրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան: Դա նշանակում է, որ առանց կենտրոնական կառավարության թույտվության որեւէ երկրում անհնար կլինի հանրաքվե անցկացնել»:

Թերեւս ադրբեջանցի խորհրդարանականը իրավացի է, որ այս հարցը առաջին անգամ է տեղ գտել ԵԱՀԿ ԽՎ բանաձեւում, նաեւ հույս հայտնելով, որ հարցն իր արտացոլումը կգտի Բաքվի հռչակագրում: Սա իսկապես աննախադեպ բան է, որ հայկական խորհրդարանական պատվիրակության անըմբռնելի վարքագծի արդյունքում սեփական հիմնարար սկզբունքների խտրական, անհավասարակշիռ մեկնաբանություն է տեղ գտնում մի կառույցի բանաձեւում, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Ի տարբերություն այլ վեհաժողովների, ԵԱՀԿ ԽՎ-ում նման միակողմանի փաստաթղթերի ընդունումը կասեցնելը բոլոր ժամանակներում ամենահեշտն է եղել, երբ հայկական կողմը հղում կատարել նրան, որ ԵԱՀԿ գործադիր մարմինն զբաղվում է հակամարտության կարգավորմամբ եւ պետք չէ խոչընդոտել, նաեւ վկայակոչել է Հելիսնկյան եզրափակիչ ակտի երեք հավասարազոր սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշումը եւ ուժի կամ դրա սպառնալիքից հրաժարումը: Իսկ այսպիսի փատաթուղթը, որքան է այն իրավաբանորեն պարտադրող չլինի, որքան էլ այն խորհրդարանական ձեւաչափի պատկանի, այդ կառույցի քաղաքական հավասարակշիռ դիրքորոշման խոտորման վկայությունն է:  

Ցնցող է, որ բանաձեւի նախագծի վերջին՝ 28-րդ կետը ամրագրում է հետեւյալը. Վեհաժողովը «կոչ է անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կազմում ստեղծել արբիտրաժի նոր համակարգ, որպեսզի կատարելագործի համագործակցությունը եւ կանխի այնպիսի իրավիճակները, երբ մասնակից պետությունները սույն փաստաթղթի մանրամասներին ու իմաստին տարբեր մեկնաբանություններ կտան»:

Ահա հենց այսպես. հայկական կողմն անգամ չի էլ կարողանալու մեկնաբանել, թե, օրինակ, բանաձեւոմ ամրագրված տարածքային ամբողջականությունը կամ սահմանների անձեռնամխելիությունը վերաբերում է նաեւ ԼՂՀ-ին, որովհետեւ գոնե ԵԱՀԿ-ը դա չի ընդունում... Թե ինչ տեսք կստանա այս վերջին դրույթը, պարզ կդառնա Վեհաժողովի լիագումար նիստում փաստաթղթի սպասվող վերջնական ընդունումից հետո:

Իհարկե, այս ամենում Ադրբեջանը լավագույնս օգտվել է Ղրիմի իրավիճակից, որի հանրաքվեի հանդեպ միջազգային հանրության գերակշիռ մասի վերաբերմունքը բացասական է եղել եւ մնում: Մինչդեռ, Հայաստանը մարտի 27-ին բացահայտ դեմ գնաց աշխարհին՝ Ռուսաստանի հետ հայտնվելով սակավաթիվ ոչ հեղինակավոր երկրների շարքում, որոնց զգալի մասն անգամ ԵԱՀԿ անդամ չէ:

Ընթերցելով բանաձեւի նախագիծը, հասկանում ես, որ Հայաստանը, ԼՂՀ ու նրա շահը բացակա են նաեւ այստեղ: Եւ ամոթալի պարտություն է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի հոբելյանական տարեդարձին ընդառաջ մեզ չի էլ հաջողվել համապատասխան բանաձեւում ամրագրել այդ հիմնարար փաստաթղթի այլ սկզբունքներ: Եւ ահա, երեկ այս մասին է սրտնեղել Արտաշես Գեղամյանը Բաքվում, զայրանալով, թե այն տպավորությունն ունի, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի այլ սկզբունքներ գոյութուն չունեն, եւ կան միայն տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:

Թերեւս սա առաջին հերթին Սերժ Սարգսյանի ղրիմյան քաղաքականությանը հատուցումն է, որը ցավոք շարունակություն ունեցավ Բաքվում՝ հայկական պատվիրակության կատարմամբ, ինչը հաստատապես հաճելի չէր կարող լինել այլ պատվիրակությունների համար:

Ուստի, Հայաստանը չէր կարող ակնկալել, որ Բաքվում զորակցություն կունենա: Հայկական պատվիրակության ելույթները չափազանց հստակ գիծ էին սպասարկում եւ իսպառ զրկում դաշնակիցներ ունենալուց: Այս առումով Արտաշես Գեղամյանի հարցազրույցը www.haqqin.az կաքին որքան էլ լրացնում է ասվածը, սակայն, պատկերացրեք, ամենաանմեղ դրվագն է: Թե ինչ ավելի խորքային գործընթացի հետեւանք էր սա, կանդրադառնանք հաջորդիվ:

Լուսանկարը` haqqin.az-ի

(շարունակելի)

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
Մի նեղացեք, Հարգելի Ստեփան! Ձեր բնագավառում Դուք միշտ էլ ճիշտ եք! Սակայն աշխատող-բնական օրինաչափություններ գոյություն ունեն, որոնք խմբակային մոտեցման պարագայում ուղղակի անտեսվում են, դա էլ բերում է տխուր հետեւնքների: Պնդել, վիճել հարցերի շուրջ, երբ ելակետային դրույթներն անկայուն ու անբնական են, իմ կարծիքով չարժե: Ի՜նչ ապացուցես մարդկանց խմբին, որոնք ասում են - այսպես է ճիշտ, որովհետեւ մենք շատ ենք! (վաղն էլ կարող են հակառակն ասել:) Քաղաքականությունն, իմ կարծիքով, ավելի շուտ սպորտ է քան գիտություն: Իսկ Ղրիմն ռուսներին անցնելու դեպքը արդարացված պետք է համարել, ինչպես եւ Ղարաբաղի անկախացումը կամ Հայաստանին անցնելը (քննելով հանգամանքները), չնայելով այս կամ այն կանոնագրքին!
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Գեւորգ, հասկանում եմ, թե ինչ եք հասկանում նոր պետություններ ասելով, բայց Ղրիմը նոր պետության կազմավորման օրինակ չէ: Այն մի պետություննից մեկ այլ պետության կազմ անցնլու դեպք: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ղրիմյան քաղաքականության հետեւանքներին, ապա պատահական չեմ այդպես օգտագործել, քանի որ հայկական պատվիրակությունը Բաքվում այդ գիծն է սպասարկել, որն ավելի ակնհայտ կտեսնեք հաջորդ մասում:
Գեւորգ
//սա առաջին հերթին Սերժ Սարգսյանի ղրիմյան քաղաքականության հատուցումն է// - Ինձ թվում է սխալ եզրահանգում է Հարգելի Ստեփան: Բանն այն է որ աշխարհը երբեք չի ընդունել ու ղեկավարվել բնական-տրամաբանական օրենքներով, այլ միայն տրիվիալ նկատառումներով: Այս դեպքում պետք է հասկանալ, որ մեծամասնությունն ուղղակի սարսափում է բնական-պատմական օրինաչափություններից միամտորեն ձգտելով ճնշել դրանք! Սակայն ուզենք թե չուզենք, նոր պետություններ միշտ ձեւավորվել են, ուրիշները ոնչնչացել են, իսկ սահմաններն էլ անընդհատ փոփոխվել են՝ անկախ տերերի կամքից: Հայերի մեղքի ու անկարողության վրա այս դեպքում հարկավոր չէ հղում անել - այս դեպքում մեր բախտն ուղղակի չի բերել (այսինքն՝ մեծամասնությունն է «փչացած»)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter