ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գառնիի համայնքապետը վաճառել է մանկապարտեզի տարածքը



Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը 2012թ· հուլիսի 27-ին իրականացրած աճուրդ-վաճառքով համայնքի մանկապարտեզի խաղահրապարակից 53,3 քմ վաճառել է համայնքի ավագանու անդամ Մարատ Պետրոսյանին: Համայնքապետն այն վաճառել է իբրեւ հասարակական կառուցապատման հողատարածք՝ 46,000 դրամով: Մանկապարտեզի տնօրեն Մարինե Բաբայանն ասում է, որ խաղահրապարակը վաճառելու մասին իմացել է մոտ 1,5 ամիս առաջ, երբ սեփականատերը գնացել է մանկապարտեզ, ասել, որ ինքը շինարարական նախագիծ ունի եւ պատրաստվում է շինարարություն սկսել տարածքում:

Մարինե Բաբայանը մոտ մեկ տարի է, ինչ աշխատում է մանկապարտեզում եւ հայտնեց, որ իրեն ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել տարածքը վաճառելու վերաբերյալ: Ինքը դեմ է շինարարությանը, որովհետեւ տարածքն առանց այդ էլ շատ փոքր է 140 երեխա ունեցող մանկապարտեզի համար:

Մանկապարտեզի բակում շինարարություն իրականացնելը զայրացրել է հարեւանությամբ ապրող բնակիչներին: Մարինե Խաչատրյանի ասելով` Մարատ Պետրոսյանը դեռեւս անցած տարի էր հայտարարել, որ խանութ է կառուցելու այդտեղ: «Ասեցի, որ չեմ թողնի մանկապարտեզում խանութ կառուցեն, երեխեքի վրա արե՞ւն էլ են կտրում»,- հայտնեց Մարինեն եւ ավելացրեց, որ դրանից հետո Մ. Պետրոսյանը ուրիշների միջոցով է դիմել, որ համոզեն իրենց: «Ասել ենք, որ չենք թողնելու, նա գալիս նայում է տարածքը ու հեռանում: Մեկ անգամ էլ նրա հորքուրն է եկել ասել, թե ինչո՞ւ չեք թողնում իմ ախպոր տղեն էդտեղ խանութ սարքի»,- տեղեկացրեց Մարինեն:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը ժխտում էր մանկապարտեզի տարածքը վաճառելու փաստը, եւ գյուղում շրջանառվող խոսակցությունները կեղծիք էր համարում: Նրան ներկայացրի աճուրդ-վաճառքի բոլոր մանրամասները, որից հետո այլեւս չկարողանալով առարկել ներկայացված փաստերին պատասխանեց. «Ես ետ եմ վերցրել, չեմ տալիս իրեն, արդեն մի տարի կա, որ ինքը հրաժարվել է»:

Իմ այն պնդմանը, որ ավագանու անդամ Մարատ Պետրոսյանը 1,5 ամիս առաջ է մանկապարտեզում այդ խոսակցություններն ունեցել, Ա. Վարդանյանը հայտնեց. «Հա, բայց Մարատը վերադարձնում է, շինարարություն իրականացնելու թույլտվություն չեմ տալիս, դրա համար էլ վերադարձնում է: Չի արվելու, ես ծածկարան եմ կառուցելու այդտեղ, որը մեզ համար ամառային դահլիճ է ծառայելու»,- պատասխանեց Աշոտ Վարդանյանը:

Վերջինս, սակայն չկարողացավ պատասխանել, թե ավագանու անդամ գնորդից ինչ ընթացակարգով է ետ վերցնում հողատարածքը: Ավելին, նա չխոսեց այն մասին, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով արգելված է մանկապարտեզի վաճառքը եւ հայտնեց, որ աճուրդի մասին հայտարարությունը տարածվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով եւ «բոլորը կարող էին իմանալ, թե որտեղ է գտնվում վաճառվող հողատարածքը»: Նշենք, որ ոչ միայն այդ հայտարարությունը ընթերցողին ոչինչ չէր կարող ասել վաճառվող հողատարածքի մասին, այլեւ Գառնիի համայնքապետարանի աճուրդի հայտարարություններից ոչ մեկը օրենքով սահմանված նկարագրությունը չի պարունակում:

Գառնի համայնքի ղեկավարը 7500 բնակչություն ունեցող գյուղի միակ մանկապարտեզի պայմանները բարելավելու փոխարեն (խաղասենյակները քիչ են, դահլիճը փոքր է հանդեսների համար, խաղահրապարակն ամբողջությամբ անխնամ ու անբարեկարգ վիճակում է գտնվում`պատված է մացառներով ու եղինջով), օտարել է այն:

Գառնիի մանկապարտեզը վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից 2011 թ.-ին Կառավարությունը 28 մլն 500 հազար դրամ գումար է հատկացրել: Աշխատանքներն իրականացնող Կոտայքի մարզպետարանին գումարը հատկացվել է երկու փուլով, առաջին փուլով տրամադրվել է 11 մլն 400 հազար դրամ: Վերանորոգման աշխատանքների պատասխանատուն Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանն էր:

Մանկապարտեզի աշխատակիցների ասելով` մարզպետարանից ուղարկված վերանորոգողները երկհարկանի մանկապարտեզի մի հատվածում որոշակի աշխատանքներ կատարելուց հետո, աշխատանքը կիսատ թողած հեռացել են: Մնացյալը շարունակել է համայնքի ղեկավարը` գյուղի բնակիչների աջակցությամբ: Արդյունքում, էժանագին շինանյութերով մասնակի վերանորոգում է իրականացվել մանկապարտեզում: Խաղասենյակների տասնամյակների վաղեմություն ունեցող հատակը չի փոխվել, եւ փտած մանրահատակը պարզապես ծածկվել է փալասով: Պատերի ծեփն ամբողջությամբ քայքայվել է, որը աշխատակիցների ասելով, խոնավության արդյունք է` «նկուղը ջրով է լցված եղել»: Ասվածը հնարավոր է տրամաբանական համարել առաջին հարկի համար, բայց ոչ` երկրորդ, մինչդեռ այս հարկաբաժինը նույնպես անբարեկարգ վիճակում է:

Ակնհայտ է, որ վերանորոգման անվան տակ ընդամենը կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել` ներկվել են պատերը, սանհանգույցի մոնտաժային աշխատանքները թերի են իրականացվել, ջրահեռացումն ապահովող կոյուղատարներ չեն տեղադրվել, չի վերացվել նկուղում ջուր լցվելու պատճառը եւ այլն:

Մեր այն դիտարկմանը, որ այդքան գումար է հատկացվել մանկապարտեզին, իսկ վերջում այն հանձնվել է կիսավեր վիճակում, Աշոտ Վարդանյանը պատասխանեց. «Ավելի լավ է հիմա, քան նախկինում էր: Ուրեմն տնօրենը լավ չի պահում»: Մեր մյուս հարցին, թե մանկապարտեզի ընդունում-հանձնում կատարվե՞լ է, նա հայտնեց. «Ընդունումը կատարել է մանկապարտեզի վարիչը եւ համայնքը»: Աշոտ Վարդանյանի համարձակությունը չբավարարեց ասելու, որ ինքն է ընդունել մանկապարտեզը, սակայն չթաքցրեց, որ ինքն է շարունակել կիսատ թողնված աշխատանքը:

Ավելացնենք, որ վերջին տարիներին պետական բյուջեից Գառնի գյուղին երկրորդ անգամ է գումար հատկացվում, սակայն դրանցից ոչ մեկը չի ծառայել իր նպատակին: Առաջին ծրագրով նախատեսվում էր խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում իրականացնել` 4 կմ ջրագիծ կառուցել Գառնիում: Կառավարությունը 2007 թ. uեպտեմբերի 6-ի N 997-Ն որոշումով պետական բյուջեից 35 մլն դրամ էր հատկացրել դրա համար, սակայն ջրագիծն այդպես էլ չկառուցվեց:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ