HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը միակարծիք է. հոսանքի թանկացումը քաղաքական որոշման արդյունք է

ԱԺ չորս խմբակցություններն այսօր հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով` ամփոփելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի շուրջ ծավալված երեկվա իրադարձությունները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ քառյակի ներկայացուցիչները երեկ մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին և հիմնավոր փաստարկներ են ներկայացրել, թե ինչու հոսանքի գինը չպետք է թանկանա:

Նա ասաց, որ հանձնաժողովի անդամների և արտադրող ընկերությունների ղեկավարների կողմից որևէ հակափաստարկ չհնչեց, ու նրանք միաձայն քվեարկեցին թանկացման օգտին: Մելքումյանը նշեց, որ եթե այս կերպ շարունակվի, էլեկտրաէներգիայի գինը կշարունակի թանկանալ տարեցտարի: «Պետությունը կարող է այս քայլերը իրականացնել` մեղմելու համար, և խնդիրը ոչ թե մասնագիտական դաշտում է, այլ քաղաքական, և մենք երեկ ականտեսը եղանք` որոշումը միայն քաղաքական դաշտում է»,- ասաց Միքայել Մելքումյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ, իր կարծիքով, երեկվա կայացրած որոշումը քաղաքական էր: Ըստ նրա` ՀԾԿՀ «կրակն է ընկել» քաղաքական որոշումների ձեռքին, որն իրականացնում է իշխանությունը: Հակոբյանի խոսքով` քառյակը երբեք չի գնացել կատեգորիկ մերժման, գնացել է այլընտրանքի ճանապարհով, առաջարկել է լուծումներ, ու այս դեպքում էլ իրենք գնալու են նման քայլի, որովհետև տեսնում են, որ կան մութ գործարքներ:

«Կտեսնեք, որ այն ինչ արվում է, նկատի ունեմ էլեկտրաէներգիայի թանկացումը, կարող է ընդհանրապես չարվել, միայն եթե կարողանանք թափանցիկ ապահովել, թե ինչպես է գործում համակարգը: Այո, փակ տարածք է, չկա թափանցիկ հայացք, որ վերահսկենք` ինչ է կատարվում այստեղ: Սա հակաօրինական է, ու քառյակը բավական ուշադիր է սրա նկատմամբ»,- նշեց նա:

Հակոբյանը հավելեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կյանքը մոտավորապես տասը տոկոսով թանկանալու է: «Սա ոչ մեկ չի ժխտում, ու մենք վաղը սրա ականատեսն ենք լինելու: Այն երեք չորս ամիսը, որը մենք մտածում էինք տալ իշխանությանը, իշխանությունը բոլորորովին այլ կերպ է հասկացել ու, օգտագործելով այս պաուզան, նման որոշումներ է պարտադրում ժողովրդին: Եթե իշխանությունը քաղաքական այս պաուզան օգտագործում է, որ նման որոշումներ պարտադրի ժողովրդին, ապա մենք աշնանը համարժեք պատասխան կտանք նման իշխանությանը»,- նշեց Հակոբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, թե իշխանությունները վստահ էին, որ հանձնաժողովը քվեարկելու է էլեկտրաէներգիայի թանկացման օգտին: «Իրենք հարյուր տոկոսով գիտեին, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը խելոք, ղզիկ-մզիկ քվեարկելու է, ու բոլորը հայացքները ներքև քվեարկեցին: Փաստ էր, որ որոշումը քաղաքական էր: Այս անգամ մեր արգումենտները և քաղաքական էին, և ֆինանսական»,- շեշտեց ՀԱԿ պատգամավորը` ավելացնելով, որ ՀԾԿՀ-ն սուսիկ-փուսիկ կատարում է իշխանության պատվերը, ու բացարձակ անկախ մարմին չէ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ իշխանությունները ցանկացած իրավիճակում, որտեղ սոցիալական, քաղաքական հնչեղության հարցեր են առաջանում, բացահայտում են իրենց իսկ սնանկությունը: Նա նշեց, որ մենք ականատես ենք դառնում փլուզվող տնտեսության, ապա հավելեց, որ իշխանությունները ունեն ֆինանսական միջոցների կարիք, որոնց համար կա երկու աղբյուր: «Առաջին աղբյուրը ժողովրդից կորզելն է, ինչ հնարավոր է, ինչ մնացել է, մյուսն էլ՝ դրսից պարտքեր բերելը: Սա հասկանալու համար մեծ խելք չի պահանջվում… Մենք ունենք էներգետիկ համակարգ, որը պետք է տնտեսության շարժիչ ուժը դառնար, բայց այդ համակարգը իր ուժը կորցնում է: Մենք եղել ենք էներգիայի արտահանող, բայց սա էլ հարվածի տակ է, որովհետև պարզվում է, որ մենք էներգիա Վրաստանից ստանում ենք: Ուստի կա տնտեսությունը փրկելու կարիք: Հանրային ծառայությունները կարգավորող մարմինն էլ իր դերի մեջ չէ, չի կատարում իր քայլերը, գործառույթները, և այստեղ հիմք կա Սահմանադրական դատարան դիմելու` օրենքի թերությունները վերհանելու ուղղությամբ: Ճիշտը այն կլիներ, որ հետաձգտվեր քվերակությունը, բայց պատվեր կար վերևից»,- ընդգծեց Ա. Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերել անապահով խավի համար էլէկտրաէներգիայի թանկացման հարցով, Արամ Մանուկյանն ասաց, թե դա փուչ խոստում է: «Գազի գնի թանկացման հետ կապված էլ նման խոստումներ էին արել, բայց չեն արել: Սա քամի է, սա փուչ խոստում է և չի իրականանալու, իսկ եթե անգամ իրականա, ոչ մի խնդիր չի լուծելու, որովհետև գնաճի դեմը չի կարող կանգնեցնել, մարդկանց գնողունակության նվազման վրա չի կարող ազդել»,- նշեց Մանուկյանը:

Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, թե Ս. Սարգսյանի հայտարարությունից տպավորություն ունի, որ նա երեկ նոր է տեղեկացել էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Ըստ նրա` դա պարզապես մարտավարական քայլ է` խնդիր չլուծող:

Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե իրենք անապահով խավ ասելով տարբեր բաներ են հասկանում: «Երբ ասում ենք անապահով խավ, մեր պատկերացմամբ նա է, ով կենսաապահովման նվազագույն բյուջեից պակաս եկամուտ ունի: Իսկ իրենց համար դա բոլորովին այլ է: Մեզ համար անապահով է հասարակության յոթանասուն տոկոսը, որովհետև չունի նվազագույն եկամուտներ»,- նշեց Ռուստամյանը:

Ի դեպ, Արամ Մանուկյանն ասաց, թե քառյակը էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ որոշում չունի, բայց այն, որ կարելի է թանկացում չանել, համոզված է. «Մենք ուզում ենք իշխանությանը համոզել, որ թանկացման չգնան, որովհետև արտագաղթ է տեղի ունենալու, գնաճ: Գուցե անհույս լավատեսություն է` համոզենք հետ կանգնեն այս խնդրից, բայց մենք նպատակ չունենք նրանց խարազանելու»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter