HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին տարիներին Սեւանն օգտագործվում է որպես տարանցիկ զբոսաշրջային կետ

Արմինե  Ղուկասյան

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2013թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 9.7%-ով` կազմելով 924.965 մարդ: Հրապարակված թվային տվյալի մեջ փոքր թիվ չեն կազմում նրանք, ովքեր քարտեզի վրա նախընտրում են Սեւանը:

Զբոսաշրջություն հասկացությունը վաղուց դուրս է եկել նեղ, դասական շրջանակից եւ  պահանջում է առավել ընդգրկուն մոտեցում: Պայմանավորված սրանով եւ Սեւանի տարածաշրջանային առանձնահատկություններով` Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ով Սեւանի ապագան կապում է զբոսաշրջության զարգացման հետ, նշում է. «Ես նկատի չունեմ միայն ամառային 2-3 ամիսը, որը մենք անվանում ենք լճափնյա հանգիստ: Չպետք է շրջանցել գյուղական, առողջապահական, ձմեռային եւ էկոտուրիզմը, որոնց զարգացման համար մեր տարածաշրջանում առկա են մարդկային, բնական, նյութական բավարար ռեսուրսներ»:

Ի դեպ, 2001թ.-ից ի վեր զբոսաշրջիկների թիվը մեր երկրում աճ է գրանցում: Աճն ապահովվել է նաեւ էկոտուրիզմի սիրահարների, զբոսաշրջության այդ ճյուղը նախընտրողների հաշվին:

Էկոտուրիզմի եւ Սեւանում զբոսաշրջության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին պատմում է Սեւանում զբոսաշրջային գործի համակարգող, տուրիստական կենտրոնի աշխատակից Դավիթ Թորոսյանը: «Միայն այն փաստը, որ Սեւանա լիճ այցելողների քանակը տարեցտարի ավելանում է, էկոտուրիզմը զարգացնելու փորձերը հաստատ կարող են դրական ազդեցություն ունենալ համայնքի զարգացման վրա»: Դ. Թորոսյանը նկատել է, որ զբոսաշրջիկների մեծ մասն այսօր նախընտրում է ճամփորդություններ բնության արահետներով, հետաքրքրվում է ճարտարապետական յուրօրինակ կոթողներով, իր լիարժեք հանգիստը գտնում բնության գրկում հանգստանալով: Սեւանի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնն այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարել: «Ֆրանսիացի մեր գործընկերների հետ ուսումնասիրվել եւ ընտրվել են մի քանի ուղղություններ, որոնք կհետաքրքրեն էկոտուրիզմի այս ձեւը նախընտրող զբոսաշրջիկներին, տպագրվել են ուղեցույցներ, բուկլետներ»,- ասում է արդեն տասը տարի զբոսաշրջային գործի նրբություններն ուսումասիրող Դ. Թորսյանը:

Վերջինս ներկայացնում է նաեւ 2010-2014թթ. տուրիստական կենտրոն դիմած օտարերկրացիների վերաբերյալ թվային վիճակագրությունը: Եթե 2010թ.-ին ընդամենը 114 հոգի է կենտրոնի օգնությանը դիմել, ապա 2013-14թթ.-ին այդ թիվը հասել է 270 է: Իհարկե, սա  շատ չէ, սակայն դինամիկան զգալի  է:

«Կարեւոր է տարանջատել տուրիստական կենտրոն եւ Սեւանա լիճ այցելողներին: Մի փոքր մասն է այցելուների, ովքեր իրենց հետաքրքրությունները փորձում են լրացնել հավելյալ միջոցներով` ճանապարհորդություն բնության գրկում, ծանոթություն ազգային սովորույթներին, մշակույթին, որի համար այցելում են արդեն Սեւան քաղաք: Ի տարբերություն Դիլիջանի եւ Ծաղկաձորի` զբոսաշրջիկները քաղաքում մեծ մասամբ օգտվում են հյուրընկալվող տներից` միաժամանակ փորձելով ավելի մոտիկից ծանոթանալ հայկական սովորույթներին: Հետաքրքիր է, որ զբոսաշրջիկը տնային պայմաններում մասնակցելով հացաթխման գործընթացին, պանրով ու մեկ գավաթ կարմիր գինով այն համտեսելուց հետո հասկանում է, որ հյուրանոցում հյուրընկալվելիս դժվար թե նման բանի ականատեսը լիներ»,- ներկայացնում է Թորոսյանը:

Սեւան-Գրենոբլ տասնամյա համագործակցության արդյունքում, որի ուղղություններից մեկն էլ զբոսաշրջությունն է, Ֆրանսիացի զբոսաշրջիկների աճը նկատելի է տարածաշրջանում: Ֆրանսիական կողմը մեծ ներուժ է տեսնում մեր տարածաշրջանում տուրիզմի կազմակերպման եւ զարգացման գործում: Ֆրանսիացի զբոսաշրջիկը (եւ ոչ միայն) առավել շատ կարիք ունի ոչ թե բարձրակարգ հյուրանոցային համալիրների, այլ բնության եւ գյուղական միջավայրի:

Հետեւելով զբոսաշրջիկների այցի դինամիկային, Դավիթ Թորոսյանը նկատում է. «Որպես կանոն, 2004թ.-ից սկսած կենտրոն այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Այցելուների գերակշիռ մասը` 65-70%-ը, տարբեր երկրների ֆրանկոֆոններն են, 10%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 5-6%-ը` Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից ժամանածներին, մնացած 15%-ը այլ պետություններից են»:

Սեւանա լճի ափին հանգստացողներին առաջարկվող ծառայությունների որակն ու քանակը մեծ մասամբ սահմանափակ է: Իրականում օտարերկրացին ավազից ու տաղավարից, խորովածի բույրից ու տնակներից, բազմամբոխից զատ աշխատում է լինել այնպիսի վայրերում, որտեղ էլ ավելի մերձ կլինի բնությանն ու բնականին, կօգտվի էկոլոգիապես մաքուր սննդից ու կվայելի օրը իր պատկերացումների սահմաններում եւ իր նախատեսածի պես: «2004թ.-ից մինչեւ 2011թ.-ը այցելուները 3- 4 օր մնում էին Սեւանում, իսկ 2012թ.-ից սկսած այդ միտումը փոխվեց, եւ այժմ նրանք գերադասում են Սեւանն օգտագործել որպես տարանցիկ զբոսաշրջային կետ: Սա այն բազմաթիվ պատճառներից մեկն է, որը խոչընդոտում է տուրիզմի զարգացումն այս տարածաշրջանում»,- պարզաբանում է Դ. Թորոսյանը:

Այս եւ այլ հիմնախնդիրների կոնտեքստում պետք է ռեալ գնահատել էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները եւ օգտագործել արդեն առկա փորձը:

 Սեւանա լճի ափամերձ տարածքում ծառայություններ են առաջարկում բարձրորակ, միջին, նույնիսկ ցածրորակ հյուրանոցներ, տնակներ, հանգստյան տներ ու քոթեջային համալիրներ: Համատարած բազմազանության մեջ, իհարկե, առանձնանում են մի քանիսը, որոնք համապատասխանում են զբոսաշրջիկների պահանջներին: Սակայն իրողություն է այն, որ բազմաբնույթ ծառայություններից (գիշերակաց, տաքսի, կրպակ եւ այլն) օգտվելիս օտարերկրացիների համար «սահմանվում» է գների յուրօրինակ սանդղակ: Երբեմն միայն պահի մասին մտածելով ու այդ պահին կլորիկ գումար աշխատելու մեծ ցանկությամբ տարված տեղացիները չեն էլ մտածում, որ մեզ մոտ նոր ոտք դրած զբոսաշրջիկի համար երեւույթը տհաճ է, որը նաեւ կարող է անդրադառնալ քաղաքի դիմանկարի, զբոսաշրջիկների թվի վրա:

Սեւանն էլ անմասն չէ եւ ունի լուրջ նախադրյալներ զբոսաշրջային գործի կազմակերպման ոլորտում: Անելիքները շատ են ռեսուրսների առումով: Անհրաժեշտ է հանպատրաստից, թեթեւ միջոցառումներին հակակշռել ծրագրավորված եւ հանգստի համար մշակված քայլեր:

«Մինչ այսօր գովազդի կարիք չունեցող խոշոր պետությունների մայրաքաղաքներն ու մշակույթ ունեցող քաղաքները, ծովափնյա վայրերը, պատմական կոթողներով հարուստ վայրերն ունեն իրենց տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների կայուն ու զգալի թիվը, սակայն ժամանակն է նաեւ փոքր քաղաքներն ու գյուղական վայրերն առաջադրել որպես տուրիստական կենտրոններ: Սեւանա լիճն ու նրա ավազանը եւս չեն առանձնանում այս ցուցակում ընդգրկվելուց: Ու եթե որոշ համայնքներ զբոսաշրջիկին գրավելու նպատակով կառուցում են նոր տեսարժան վայրեր, ապա լիճն արդեն իսկ այցեքարտ է ե’ւ տեղի, ե’ւ օտարերկրացի հյուրի համար»,- ասում է Թորոսյանը: Վերջինս հայտնեց, որ ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ նկարահանվել է «Ուղղությունը` Հայաստան» ճանաչողական ֆիլմը, որտեղ բացահայտվում են մեր հանրապետության էկոտուրիզմի հնարավորությունները, գրավչությունը, թաքնված  ծալքերը. այն կարող է զբոսաշրջիկի համար լինել ուղղորդող եւ նրան բերել Հայաստան:  

Սեւանի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը փորձում է լուծել մի շարք  խնդիրներ: Մինչ գլոբալ ծրագրերին անցնելը, կան առաջին հայացքից աչքի չընկնող, սակայն եղանակ ստեղծող քայլեր, որոնցից էլ պիտի սկսել: Քաղաքում զբոսաշրջության զարգացման համար առաջնային եմ համարում կենտրոնի հետ զբոսարջիկների անմիջական շփումը, կենտրոնի տեղեկատվական բազայի համալրումը քաղաքի, տարածաշրջանի, մարզի մասին տվյալներով, շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ համագործակցությունը: Շատ տուրիստական երկրների բազմամյա փորձը ցույց է տվել, որ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններն իսկապես առաջնային ու կարեւոր են, սակայն չի ժխտվում այն փաստը եւս, որ դրանք տասնամյակների ընթացքում են հասել կատարելության:

«Սեւան-Գրենոբլ քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում տուրիստական տեղեկատվական կենտրոնը զգալի զարգացում է ապրել, սակայն, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, կենտրոն այցելողների թիվը բավարար չէ: Հիմնական պատճառն այն է, որ կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում` տուրիստական հոսքերից հեռու: Ուսումնասիրելով համայնքի տեսարժան վայրերը ֆրանսիական կողմը` «Աֆրատ» կազմակերպությունը,  առանձնացրեց մասնավորապես թերակղզին: Լողափերը,  Սեւանավանքը, սննդի եւ գիշերակացի կետերը, ժամանցի հնարավորություններն այս վայրը դարձնում են ամենամարդաշատներից մեկը Հայաստանում: Փաստորեն, այս վայրն անշրջանցելի է Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Պայմանավորված այս հանգամանքով` զբոսաշրջային նոր գրասենյակ է տեղադրվելու թերակղզում, որը թույլ կտա տուրիստական հոսքերին մոտ գտնվելով, նպաստել տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը»:

Գրասենյակն ունենալու է որոշակի գործառույթներ. սկսած տուրիստների ֆիզիկական ընդունելությունից` տեղեկատվության տրամադրում, ուղղորդում, տարածաշրջանի մասին ինֆորմացիայի հաղորդում, հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, միջոցառումների կազմակերպումից մինչեւ մասնագիտացված կառույցների հետ աշխատանք: Դ. Թորոսյանի փոխանցմամբ` ստեղծվող  զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակը դառնալու  է հսկայական մշակույթի ցուցափեղկ եւ տուրիստական զարգացման միջոց:

Անհիշելի ժամանակներից շատ ճանապարհորդությունների հիմքում պարզ հետաքրքրություններն էին. ինչ կա հազարավոր կիլոմետրեր այն կողմ: Սա այսօր դարձել է զբոսաշրջության մի ճյուղը, ու զբոսաշրջիկների մի ստվար հատված նախընտրում է հենց այս ճյուղը: Գլխավոր խնդիրն էլ եղել եւ մնում է հետեւյալը` ապահովել նրանց մշտական հոսքը, ստեղծել էկոտուրիզմի սիրահարների եւ այն նախընտրողների համար գրավիչ, իր բազմազանությամբ աչքի ընկնող միջավայր, որի շնոհիվ էլ կհատվեն Սեւանի տարածաշրջան բերող ճանապարհները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter