HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորը զուր տեղը իրար էր անցել

Սեպտեմբերի սկզբներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու խնդրանքով դիմել էինք ՀՀ Արդարադատության խորհրդին եւ արդարադատության նախարար Հրայր Թովասյանին: Դիմումին կից ներկայացրել էինք այն բոլոր փաստարկները, որոնք հիմնավորում էին դատավորի իրականացրած օրինախախտումները: Այն է` գործը դռնփակ նիստում քննելու մասին դատավորը կայացնում է որոշում, սակայն դատավոր Մ. Հովակիմյանը առանց որոշում կայացնելու «Հետքի» թղթակցին դուրս էր հրավիրել դահլիճից, իսկ կատարվածի մասին մեր հրապարակումից հետո սրբագրումներ էր կատարել արդեն իսկ datalex.am կայքում հրապարակված վճռում` դռնբաց բառը դարձնելով դռնփակ:

Դիմումում նշել էինք. «Ակնհայտ է, որ դատավորը տեսնելով, որ լրագրողը դատական նստերի դահլիճում կատարում է իր մասնագիտական պարտականությունը, կոպիտ և ակնհայտ խախտելով ՀՀ օրենքները, խորհրդային կարգերին և մտածելակերպին հոգեհարազատ ձևով ազատվել է լրագրողից: Այս դատավորի չպատժվելը ավելի լայն ճանապարհ կբացի լրագրողներին դատական նիստերից դուրս հրավիրելուն, որը, ինչպես ակնհայտ է դառնում, լայն տարածում ունի հատկապես մարզային դատարաններում: Ուստի, հուսով ենք, որ Արդարադատության խորհուրդը միջոցներ կձեռնարկի նման արատավոր երևույթները բացառելու համար»:

ՀՀ Արդարադատության խորհրդից եւ արդարադատության նախարությունից օրերս տրված պատասխաններից պարզ դարձավ, որ դատավոր Մուրադ Հովակիմյանը զուր էր իրար անցել եւ սրբագրումներ էր կատարում վճռում` իրավիճակը փրկելու համար: Նրա արարքը վերը նշված մարմիններն արտառոց չեն համարել:

Այսպես` ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը գրությամբ մեզ տեղեկացնում է. «ԱԽ-ն ուսումնասիրելով ներկայացված դիմումը եւ դիմումին կից նյութերը, գտել է, որ Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բավարար չեն»:

Նույն պատասխանը փոքր-ինչ այլ ձեւակերպումով տրվեց նաեւ արդարադատության նախարարությունից: «Դիմումում նշված խախտումն ակնհայտ եւ կոպիտ չէ, հետեւաբար այն չի պարունակում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՀՀ Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքեր»,- պատասխանել է նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանը:

Նշենք, որ նույն խնդիրը հուլիս ամսին ունեցանք նաեւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դարձյալ դատավարության հրապարակայնույթունը խախտելու համար դեռեւս հուլիսի 21-ին դիմել ենք ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանին` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: Դատավոր Ա. Սիսակյանը, ի թիվս մի քանի այլ խախտումների, խախտել էր նաեւ «Դատավորի վարքագծի կանոնների» 18-րդ կետը. «Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումն ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով»:

Էթիկայի հանձնաժողովին ուղղված գրությունից անցել է ավելի քան երեք ամիս, եւ հանձնաժողովը հարկ չհամարեց անգամ համանման մի գրություն ուղարկել, ինչը նշանակում է, որ դատավարությունների հրապարակայնության խնդրին ոլորտի պատասխանատուները կարեւորություն չեն տալիս, չնայած այն ամրագրված է օրենքով:

Իհարկե, միամիտ լավատեսությամբ չենք տառապում, եւ դիմումները ներկայացնելիս այլ պատասխան չէինք էլ ակնկալում, սակայն պարտավոր էինք համակարգում առկա արատներն ի ցույց դնել ոլորտի պատասխանատուներին: Ի տարբերություն նրանց, մենք, ինչպես նաեւ օրենսդիր մարմինը, կարեւորում ենք դատական գործերի հրապարակային քննությունը, հակառակ դեպքում այն չէր ամրագրվի տեղական  օրենսդրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով: Կարծում ենք, որ դատական ակտերի օրինականությունը պետք է կասկածի տակ դրվի հենց այն պահից, երբ դատավորը սահմանափակում է այլ անձանց ներկայությունը նիստերին:

Դատաքննության պատրանք ստեղծելը պետք է որ անհանգստացնի դատական իշխանության ղեկավարներին, եթե իրապես նրանք ցանկանում են հարգանք ստեղծել դատարանի նկատմամբ եւ հանրության վստահությունը շահել: Դատական համակարգի առողջացմանն ուղղված առաջին քայլը տնավարի դատավարություններին վերջ դնելը պետք է լինի, որը միայն մարզային դատարաններին չէ հատուկ: Հույս ունենանք, որ այս ահազանգերը եթե ոչ անմիջական, այնուամենայնիվ, որոշակի հետեւանքներ կարող են ունենալ դատական համակարգի գործունեությունը բարելավելու առումով:

Մեկնաբանություններ (3)

Սոս
Այս հոդվածի իմ նախորդ մեկնաբանությունը Հետքը նպատակահարմար չհամարեց զետեղել, երևի հիմքեր կային` սուր ձևակերպումների պատճառով: Փորձեմ ավելի մեղմ արտահայտել միտքս: Ասելիքս այն էր, որ էս դատավորը միայն զինվորիկ է շատ ավելի մեծ կոռումպացված համակարգում: Մի կողմից կատարվել է ահավոր հանցագործություն` լրագրողին ինչ-որ դատավոր համարձակվել է արգելել կատարելու իր մասնագիտական պարտականությունը, բայց մյուս կողմից էս մարդը մտածել է սեփական գլխի մասին, որ հանկարծ արմատահան չանեն: Լրագրողները կաղմկեն, կանցնի-կգնա, հո չեն մորթի: Մարդ որ չամաչի, ամոթը նրան ի?նչ կարող է անել: Ինձ զարմացնողը Հրայր Թովմասյանի վարքագիծն է. և դու?, Հրայր: Պարզապես 12թ. ընտրություններին հիշեք` թե ով է սրանց` էս կրթված մարդկանց էս օրին գցել` մարդկային վախեցած դեմքով հացկատակներ:
ara
Այսպես ասած դատավոր Արիստակես Սիսակյանին մի բան կասեմ. այն, ինչ դու արեցիր Հրազդանի սահմանափակ հնարավորություններով երեխաների դպրոցի տնօրենի նկատմամբ Աստված դեմդ բերի, ու կբերի: Դու ապօրինաբար մերժեցիր հայցը, և քո կամայականորեն կայացրած վճիռը բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Վստահ եմ արդարությունը կհաղթանակի, սակայն ցանկությունս այն է, որ ՀՀ -ում ի սպառ վերանան/չաշխատեն/ քեզ նման դատավորները: Դու, ըստ իս, հաջողված երգիչ կամ ակորդիոնիստ կլինեիր, քան դատավոր: Աստված երեխայի հացը կտրողին սննկացնում է, հիվանդացնում, հիշեցնում է նրա կողմից կատարված արարքները, նրան տառապանք է տալիս շաքարախտի տեսքով: Թեև ես դա չեմ ուզում, բայց դա լինելու է, թող այս մասին հիշի ամեն մի դատավոր: Ելք կա.... գուցե կարելի է մտածել....
Վահե-2010
Թե այս դատավորը և թե սրբագրումները չնկատող Արդարադատության կոչված խորհուրդն ու Նախարարությունը պետք է ըստ քր. օրենքների պատասխանատվություն կրեն: Իրականում մեր երկրում չի կարող նշանակվել գեթ մկ դատավոր, որը մշտապես, ականջներով /Հեռախոսով/ իր վերադաս Արդարադատի հետ միացված չլինի: Դե հասկանալի է, այս Արդարադատներն էլ իրենց հերթին ավելի Արդարների հետ են նույնպիսի կապի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter