HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատե՛ք երկկողմանի ծնողազուրկ տղային, նա չէ որդուս սպանողը»

3 տարի առաջ 26-ամյա Գալուստ Մելքոնյանը (լուսանկարում՝ իր նորաստեղծ ընտանիքով), ով աշխատում էր տաքսի ծառայությունում որպես վարորդ, 2011թ. նոյեմբերի 17-ին դուրս է եկել տանից ու այդպես էլ չի վերադարձել: Ծնողներին վերադարձրել են նրա դին՝ դանակի 7 հարվածով, որդու դրամապանակը՝ առանց դրամի ու նրա հագուստից միայն տաբատը: Թեպետ Աջափնյակի բնակիչ, 21-ամյա Հակոբ Բունիաթյանը (դատապարտվել է 8 տարվա ազատազրկման) ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, թե ինքն է դանակահարել Գալուստին, այդուհանդերձ, Գալուստ Մելքոնյանի մայրը՝ Անահիտ Մելքոնյանը, մինչ օրս չի հավաատում, որ նա է իր տղային սպանողը: Սպանության գործիք դանակն, ի դեպ, չի հայտնաբերվել:

«Հետքը» զրուցեց Գալուստի մոր՝ Անահիտ Մելքոնյանի հետ, ով իր կյանքի մնացած տարիները որոշել է նվիրել որդու սպանության բացահայտմանը. «Այդ տղային՝ Հակոբին, կարծում եմ, ստիպել են, որ իր վրա վերցնի սպանությունը: Դե՛, տեսել են, որ մենակ է, թիկունքին մարդ չկա: Նա այս պատմության զոհն է, ինչպես և իմ տղան: Ես շատ եմ հետաքրքրվել, թե ով է նա, ինչ ընտանիքից, ինչպես է ապրել: Եվ պարզել եմ, որ Հակոբը երկկողմանի ծնողազուրկ է, չունի ոչ մեկն այս աշխարհում: Հայրը լքել է ընտանիքը, երբ երեխան 1 տարեկան է եղել, իսկ մայրը մահացել է, երբ տղան 14 տարեկան է եղել: Դատավարություններին գալիս էր հարևանությունը ու պատմում էին, թե ինչպիսի աշխատող, խելացի տղա է Հակոբը: Բացի այդ, ես մայրական բնազդով եմ զգում, որ այդ տղան մեղավոր չէ»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Անահիտը:

Սևազգեստ կինը պատմեց, որ երկու որդիները ծնվել ու մեծացել են Ղարաբաղյան ազատամարտի ակունքներում կանգնած, «Վարդանանք» ջոկատի հիմնադիր-հրամանատար Վանյա Գալստյանի ընտանիքում: Ապրել են երջանիկ, իսկ ողբերգության շղթան սկսվել է 2011թ. նոյեմբերից. «Տղաս «Վալենտին» տաքսի ծառայությունում վարում էր «Լինքոլն» մեքենան: Մի քանի անգամ պատվեր էր ստացվել կահույքի արտադրամասից, որ կարնիզներ տեղափոխի, բայց չէր համաձայնել, համարել էր, որ մարդատար մեքենայով պետք չէ բեռ տեղափոխել: Իսկ այդ արտադրամասում աշխատող Վլադիմիրի եղբայրը՝ Միքայելը, զանգահարել էր տաքսի ծառայության դիսպեչերին ու հայհոյել տղայիս: Դիսպետչերը այս խոսակցության մասին պատմել էր իմ որդուն: Նա էլ դեպքի օրը երեկոյան 9-ի մոտ խոսակցություն է ունեցել Միքայելի հետ, նաև իրար քաշքշել են, այդ ընթացքում էլ տղայիս վարած մեքենայի կողային հայելին ջարդվել է: Սակայն այս ամենին ճիշտ գնահատական չի տվել նախաքննական մարմինը, չի տեսել կապերը, թե ովքեր են հրահրել ծեծկռտուքը»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց տիկին Անահիտը:

Քրեական գործի մասին նյութեր զետեղված են դատական տեղեկատվական համակարգում: Դրանց համաձայն` քաշքշուկից հետո Ռաֆայելյան եղբայրները հավաքել են տղաների, որ հարաբերություններ պարզեն Գալուստի հետ: Նրան հանդիպել են իրենց շենքից մի քանի բակ այն կողմ՝ Խաղաղ Դոնի փողոցում: Ռաֆայելյանները կանչել են նաև իրենց ընկերներին, որոնցից երկուսը գործով անցել են որպես վկա: Կանչել են նաև իրենց հետ նույն կահույքի արտադրամասում աշխատող Հակոբ Բունիաթյանին, ով էլ դանակով, ըստ իր ինքնախոստովանական ցուցմունքի, վիճաբանության ժամանակ հարվածել է Գալուստին:

Ըստ Գալուստի հոր՝ Վանյա Գալստյանի նախաքննական ցուցմունքի, 2011թ. նոյեմբերի 17–ին որդու հանգստյան օրն է եղել, նա ամբողջ օրը գտնվել է տանը, իսկ երեկոյան ժամը 20–ից 21–ի սահմաններում դուրս է եկել տանից: Ժամը 23–ի սահմաններում ինչ–որ մեկը զանգահարել է կրտսեր որդուն` Կարապետին, որից հետո նա նույնպես տանից դուրս է եկել: Դրանից շուրջ 2-3 ժամ անց կրտսեր որդին` Կարապետը, զանգահարել է իրեն և շտապ դուրս կանչել: Ինքն անմիջապես հագնվել, իջել է շենքի բակ և տեսել, որ Գալուստի ավտոմեքենայի ղեկին Կարապետն է նստած: Որդուց հարցրել է, թե որտեղ է Գալուստը, Կարապետը պատասխանել է, որ վիճաբանություն է եղել, Գալուստին դանակահարել են և մատնացույց արել հետևի նստատեղին պառկած Գալուստին, որն ամբողջությամբ արյունոտված է եղել: Ինքը շտապ նստել է մեքենայի ղեկին և գնացել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գալստյանը հայտնել է նաև, որ տղան անգիտակից է եղել, զառանցանքի տեսքով երեք անգամ արտաբերել է «դանակ» բառը:

Ըստ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած դատավճռի` 8 տարվա ազատազրկման է դատապարտվել 21-ամյա Հակոբ Բունիաթյանը: Նա մեղավոր է ճանաչվել ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով): 

ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ) մեղավոր են ճանաչվել երկու եղբայրներ՝ Վլադիմիր ու Միքայել Ռաֆայելյանները (խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին): Վլադիմիրը դատապարտվել է 2 ամսվա կալանքի: Միքայել Ռաֆայելյանը դեռ չմարված դատավարություն է ունեցել 2010թ.-ից, երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, համաձայն որի՝ նա գողության մեղադրանքով դատապարտվել էր 2 տարի 5 ամիս 27 օր ազատազրկման, ապա ՔՕ 70 հոդվածն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Դեպքի պահին՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ին, Միքայել Ռաֆայելյանի՝ պատժի չկրած 8 ամիսը դեռ առկա է եղել: Ուստի գումարման սկզբունքով պատիժը դարձել էր 2 տարի 7 ամիս 27 օր:  

Տիկին Անահիտը համոզված է, որ այն անձն, ով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, մեղավոր չէ. «Հակոբը իմ տղային չի ճանաչել, իրար հետ վեճ չեն ունեցել: Ամեն ինչ նախաձեռնել ու հրահրել են Ռաֆայելյան եղբայրները: Վլադիմիրի աչքերին նայում ու հասկանում եմ, որ նա է սպանության հեղինակը: Բացի այդ, նա վերջերս մի նոր դանակահարություն է կատարել. այս անգամ էլ մի երիտասարդի աչք է հանել դանակով: Գործը դատարանում է»,- պատմեց տիկին Անահիտը:

«Հետքը» դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ ամբողջությամբ ծանոթանալու այս քրեական գործին: Հաջորդիվ կանդրադառնանք նաև այս պատմության առնչվող այլ անձանց հետ մեր զրույցներին:

Շարունակություն

Մեկնաբանություններ (2)

anahit
Հարգելի ՀՀ.դատախազ՝պարոն Կոստանյան,այս հոդվածի դիտարկումը շուտով կհասնի 9000-ի,իսկ ինչ է Ձեր մամուլի խոսնակը Ձեզ չի տեղեկացնում,թե այս գործի բացահայտումը Ձեզ պատիվ չի բերում,բացահայտեք քր.գործ12140711 և Ձեր խիղճն էլ կթեթևանա:Գործում կա բաց թողնված մաս,«Լինքոլն» մեքենայի ձախ կողային հայլի ջարդված և գործում դիտավորյալ բացթողնված:
anahit
11.07.Գալուստս կդառնար 29-ը տարեկան թող երկնային աստված տեսնի իմ ամենօրյա առտասուքը և այն գետին չթողնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter