HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձորում ամեն տարի նորոգվում են նույն փողոցների նույն փոսերը»,- ասում է ավագանու անդամը

Վանաձորի ներհամայնքային ճանապարհները նորոգելու համար, ինչպես տեղեկացրեց Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Կառավարության հրատապ 4 ծրագրերով հատկացվել է 1 մլրդ 107 մլն դրամ: Բացի դրանից, Վանաձորի փողոցներում 2011-2013թթ. մոտ 400 մլն դրամի փոսային նորոգումներ են կատարվել համայնքի բյուջեի միջոցներով: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանի տեղեկացմամբ` այս տարի Վանաձորի փողոցներում կրկին փոսային նորոգումներ կիրականացվեն համայնքի բյուջեի 80 մլն դրամ ներդրումով:

Հրատապ ծրագրի 5-րդ փուլի 100 մլն դրամ հատկացումով 2014թ. կշարունակվեն Վանաձորի եկեղեցամերձ հրապարակից մինչեւ Թումանյան հրապարակ եւ Վարդանանց փողոցի նախորդ տարվա անավարտ մնացած նորոգման աշխատանքները: Կվերանորոգվի նաեւ Լոռվա հրապարակը: Կառավարության հրատապ ծրագրով հատկացված գումարներից 2013թ. կապիտալ ասֆալտապատում է կատարվել միայն Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում:

«Թումանյան հրապարակի վերանորոգման հետ միասին Տիգրան Մեծ պողոտայի կապիտալ վերանորոգման ամբողջ ծախսը կազմել է 196 մլն 872 հազար դրամ»,- ասում է Արմեն Ջանազյանը: Վերջինիս  հավաստմամբ`  անկախության տարիներին  Տիգրան Մեծի պողոտան Վանաձորում միակ կապիտալ վերանորոգման ենթարկված փողոցն է, որի ասֆալտը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի կարծիքով, 10-15 տարի կծառայի:

«Վանաձորի քաղաքապետը եթե այսօր միանգամից 200 մլն դրամ դնի եւ փողոցը կապիտալ նորոգի, դա ավելի էֆեկտիվ կլինի»,- բացատրում է Արմեն  Ջանազյանը:

Նա ասում  է, որ կատարված փոսային նորոգումները Վանաձորում ապահովել են ընդամենը փողոցների ժամանակավոր անցանելիությունը: 

Ժամանակավոր անցանելիության համար էլ Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը վերջին տարիներին ծախսել  են  պետբյուջեից եւ համայնքային բյուջեներից մոտ 1,3 մլրդ դրամ:


Քաղաքապետ Սամվել Դարբինյանի 2013թ. տարեկան հաշվետվության համաձայն` համայնքի բյուջեի 127 մլն դրամով Վանաձորում 14 273,6 քմ մակերեսով 45 փողոց է նորոգվել: «Ես նկատել եմ, որ ամեն տարի նորոգվում են նույն փողոցների անգամ նույն փոսերը»,- ասում է ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:

Մարզկենտրոնում տրանսպորտային միջոցների եւ բնակչության անվտանգ երթեւեկության համար լուրջ դժվարություններ է ստեղծել նաեւ քաղաքի ջրմուղ-կոյուղու կոմունիկացիաները վերանորոգող «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Արամ Խաչատրյանն ասում է, որ մարզպետարանը, քաղաքապետարանն ու «Դորոժնիկ» ՍՊԸ-ն ներհամայնքային ճանապարհների վերանորոգման գործում չեն համագործակցում եւ չունեն նախատեսված աշխատանքների ժամանակացույց:  

«Վարդանանց եւ Մյասնիկյան  փողոցների խաչմերուկում, «Իդեալ» խանութի դիմաց 100 մ երկարությամբ փողոցում մարզպետարանն անցյալ տարի կապիտալ վերանորոգում է կատարել: Հենց այս պահին «Դորոժնիկ» ՍՊԸ-ն քանդում է ճանապարհի այդ հատվածը ջրագծերի կոմունիկացիաները փոխելու համար»,- «Հետքին» հայտնեց ավագանու անդամ Ա. Խաչատրյանը:

Ըստ Արամ Խաչատրյանի` քաղաքապետարանի` ժամանակացույց չսահմանելու պատճառով «Դորոժնիկ» ՍՊԸ-ն ժամանակին չի վերականգնել իր քանդած ճանապարհները, աշխատանքները կուտակվել են եւ առաջացրել վանաձորցիների վրդովմունքը:

«Դորոժնիկ» ՍՊԸ-ի Վանաձորի տեղամասի ղեկավար Կարեն Անտոնյանը «Հետքին» հայտնեց, որ արդեն 1,5 ամիս է` իրենց քանդած ճանապարհահատվածները ասֆալտապատում են: «Ավարտվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի ասֆալտապատումը, ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Լազարյան փողոցում»,-  ասաց  նա:  Մովսես Խորենացի փողոցը Տիգրան Մեծ պողոտայից դեպի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ եւ ավտոկայան տանող ճանապարհն է:  Ճանապարհն ամբողջությամբ  կարկատանածածկ է, իսկ բանուկ մայթերին մնացել  են վաղնջական ժամանակներից հիշողություն դարձած ասֆալտի պատառիկները:

Խորենացի փողոցը

«Ահավոր է, ընդամենը 100 մետրի վրա եմ աշխատում, բայց աշխատանքի գնալ-գալիս տհաճությամբ եմ հատում ճանապարհս: Չէ, մեր քաղաքի ճանապարհների  վիճակը շատ վատ ա, շատ: Մենակ կենտրոնական` Տիգրան Մեծի փողոցն է, որ մի քիչ նորմալ է, մնացած փողոցները քանդված են»,- ասում է վանաձորցի  Արթուր Վանյանը:

«Քաղաքում Ճանապարհ չկա, քանդուքարափ եղած ա: Վանաձորից  ուզում եք դուրս գաք` վատ ա ու վատ: Չէ, բոլոր թաղամասերում էլ վատ ա»,- դժգոհեց տաքսու վարորդներից մեկը: Անանցանելի է Վանաձորի եկեղեցամերձ  հրապարակից դեպի Լոռվա հրապարակ ու այդտեղից Թումանյան փողոց գնացող ճանապարհը: «Չգիտենք` մեր փողոցների նորոգման համար հատկացված փողերն ինչի վրա են ծախսվում»,- ասում է վանաձորցի Գագիկ Վարդանյանը:

Այս տարվա մարտի 18-ին քաղաքապետի տարեկան հաշվետվության ժամանակ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը քաղաքապետ Ս. Դարբինյանին հիշեցրեց քաղաքի 3-րդ համաբուժարան, ինֆեկցիոն հիվանդանոց եւ մյուս հիվանդանոցներ տանող ճանապարհների շատ վատ վիճակի մասին: Մի քանի օր առաջ Գ. Քալանթարյանից տեղեկացանք, որ բուժհիմնարկների ճանապարհները դեռ անանցանելի են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter